ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու և արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (գործել է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած՝ մինչև այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն կետով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացրած՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը:
Հոդված 4. Հարկային մարմնի կողմից վերահսկվող՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամուտների մասով առաջացած պարտավորությունների բռնագանձման կամ սնանկության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկված հայցապահանջի (պահանջի) չափով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-339-Ն |