ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերը փոխարինել «Միգրացիոն ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «հանցավորության և հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` Ոստիկանություն)» բառերը՝ «Ոստիկանության» բառով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`
1) Կառավարությունը.
2) լիազոր մարմինը.
3) Ազգային անվտանգության ծառայությունը.
4) Ոստիկանությունը.
5) արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).
6) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).
7) կրթության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).
8) առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).
9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).
10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ).
11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ):»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. | Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը |
1. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):
2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
3. Լիազոր մարմնի ղեկավարն ունի տեղակալ, որին լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:
4. Լիազոր մարմինը`
1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն.
2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ և իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.
3) իրականացնում է ապաստանի դիմումին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը և ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.
4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.
5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաև Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.
6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.
7) իր իրավասության լիարժեք իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.
8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների և ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաև հաշվառման վերցված ապաստան հայցողների և փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների և փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.
9) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.
10) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն և այլն).
11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.
12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.
13) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով.
14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, կրթական, առողջապահական, իրավական օգնության և այլ հարցերում.
15) մասնակցում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակմանը.
16) իր իրավասության սահմաններում մասնակցում է անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:»:
Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-292-Ն |