ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1. |
Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը |
1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. |
Կոմիտեի լիազորությունները |
1. Կոմիտեն`
ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ներկայացնում է համապատասխան նախարարին.
բ) իրականացնում է Կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.
գ) կնքում է Կառավարության անունից մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.
դ) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.
ե) Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, ներգրավում է փորձագետներ.
զ) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից և այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.
է) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.
ը) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման և դատական մարմիններից.
թ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.
ժ) պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի` սահմանված կարգով մասնավորեցումը.
ժա) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավում է փորձագետներ, ինչպես նաև մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով.
ժբ) համակարգում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման և վերագնահատման) աշխատանքները.
ժգ) իր կնքած պայմանագրով իրականացնում է վերահսկողություն մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ.
ժդ) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը.
ժե) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները:»:
Հոդված 3. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-303-Ն |
|