ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետն առաջին «բնապահպանական» բառից հետո լրացնել «հարկ» բառով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.»,
գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վճարների» բառը փոխարինել «հարկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման» բառերը փոխարինել «բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի փաստացի ծավալների, դրանց չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանման» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը՝ անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը (այդ թվում՝ ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները համապատասխան կոորդինատային նիշերով և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (գծագրված լինելու դեպքում) ընդերքօգտագործողին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին է տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:
Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝
1) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածում ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-302-Ն |