ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 25 մայիսի 1994 թ. Հ.Ն-1058-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
11 հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1109-I
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից է:
Ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից Հայաստանի Հանրապետությունը կիրառում է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել և վերացնել մթնոլորտային օդի աղտոտումը, դրա վրա մյուս վնասակար ներգործությունները, ինչպես նաև իրականացնել միջազգային համագործակցություն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում:
Գ Լ ՈՒ Խ I
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան |
(վերնագիրը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առարկան մթնոլորտային օդի մաքրության ապահովման, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների նվազեցման ու կանխման բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումն է:
Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
(1-ին հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
(վերնագիրը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսին և տարածվում մինչև մերձերկրային տիեզերական տարածություն.
2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է բնակելի, արտադրական և այլ տեսակի շենքերից դուրս.
3) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդի վրա վնասակար նյութերի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործություն.
4) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում, և որը որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
5) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.
6) մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություն` աղմուկի, վիբրացիայի, իոնիզացնող ճառագայթման, ջերմային և այլ ֆիզիկական գործոնների վնասակար ազդեցություն, որի հետևանքով կարող են փոփոխվել մթնոլորտային օդի ջերմային, էներգետիկական, ալիքային, ռադիոակտիվ և այլ ֆիզիկական հատկությունները` ազդելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
7) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում.
8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.
9) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով կազմակերպված և անկազմակերպ արտանետման աղբյուր.
10) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող արտանետման աղբյուր.
11) մթնոլորտային օդի մոնիթորինգ (դիտանց)` մթնոլորտային օդի վիճակի, նրա բաղադրության և նրանում կատարվող բնական երևույթների, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտի վրա ֆիզիկական ներգործությունների դիտարկման, գնահատման և ուսումնասիրության գործընթաց.
12) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (խտություն)` մթնոլորտային օդում աղտոտող առանձին նյութի այն առավելագույն կոնցենտրացիան, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա սույն օրենքի իմաստով.
13) սահմանային թույլատրելի արտանետում` արտանետում, որի հետևանքով արտանետված աղտոտող (վնասակար) նյութի գետնամերձ կոնցենտրացիան չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
14) մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործության նորմատիվ` նորմատիվ, որի դեպքում վնասակար ֆիզիկական ներգործությունը չի հանգեցնում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցման.
15) մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակ` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործության այն առավելագույն մակարդակը, որի դեպքում այդ ներգործությունը բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային ռեսուրսներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործությունը.
17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
18) օդի պահանջվող օգտագործում` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութերի արտանետումները մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.
19) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից արտանետվող վնասակար նյութերի վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում.
20) աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ (չափաքանակների տիրույթներ)՝ արտանետումներ, որոնք առաջանում են լավագույն հասանելի տեխնոլոգիայի կիրառման դեպքում:
(2-րդ հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն, խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-56-Ն)
Հոդված 3. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
(հոդվածն ուժը կորցրել է 20.03.01 ՀՕ-158)
Հոդված 4. |
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 5. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են`
- մթնոլորտային օդի պահպանության համալիր միջոցառումների ծրագրի հաստատումը,
- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների սահմանումը,
- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման ու հաստատման կարգի սահմանումը,
- արտանետումների պետական հաշվառման կարգի սահմանումը,
- Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների սահմանումը, մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների սահմանումը,
- օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.01 ՀՕ-158, փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-56-Ն)
Հոդված 5.1. |
Լիազորված մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասություններն են`
մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը,
մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
արտանետումներ կատարելու հայտ ներկայացրած կազմակերպություններին մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների տրամադրումը,
մթնոլորտային օդի պահպանության նորմատիվամեթոդական փաստաթղթերի ձևավորումը,
մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և արտանետումների պետական հաշվառումը,
մթնոլորտային օդի վիճակի մոնիթորինգի (դիտանցի) կազմակերպումը և վարումը,
իր իրավասությունների սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը,
օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
(5.1-ին հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 5.2. |
Տարածքային կառավարման պետական մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման պետական մարմինների իրավասություններն են`
մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության բաղադրիչի մշակումը և իրականացման ապահովումը,
մարզերի ազդակիր համայնքներում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը,
օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
(5.2-րդ հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 6. |
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 7. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 8. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 9. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ |
Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:
(պարբերությունն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 10. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ:
Այդ նորմատիվները պետք է համապատասխանեն բնության պահպանության ու մարդկանց առողջության շահերին:
Հոդված 11. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ:
Այդ նորմատիվները և դրանք որոշելու մեթոդները հաստատվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 12. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
Մթնոլորտային օդի պահպանության նպատակով սահմանվում են աղտոտման անշարժ և շարժական աղբյուրներից աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ:
Այդ նորմատիվները սահմանվում են արտանետումների անշարժ և շարժական յուրաքանչյուր աղբյուրի համար:
Հոդված 13. |
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները սահմանելու սկզբունքը |
(վերնագիրը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի ֆիզիկական վնասակար ներգործությունների նորմատիվները սահմանվում են այնպես, որ, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից և այլ տարածքներից աղտոտող նյութերի արտանետումները և ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցման:
Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այն արտանետման աղբյուրների կամ դրանց խմբերի համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը:
Արգելվում են մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները, որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:
Մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(13-րդ հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 14. |
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները ընդունվում կամ մերժվում են լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվը համարել ընդունված:
(14-րդ հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 15. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են տեխնիկական, տնտեսական, կազմակերպական և այլ կարգի միջոցառումներ իրականացնել արտանետման թույլտվություններում նախատեսված պայմանների և պահանջների կատարումն ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, ապահովել բնապահպան կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները` ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը չպետք է հանգեցնի բնության մյուս ոլորտների աղտոտմանը:
(15-րդ հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 16. | ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ, ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել, ընդհատել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչև առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, եթե խախտվել են թույլտվություններով նախատեսված պայմաններն ու պահանջները, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:
(16-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 17. |
ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ և ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները գերազանցելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են այդ մասին անհապաղ հաղորդել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին և սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել մթնոլորտային օդի պահպանության և դրա աղտոտման պատճառներն ու հետևանքները վերացնելու համար:
(17-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158)
Հոդված 18. |
Ավտոտրանսպորտային միջոցներԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների և կայանքների նախագծումը, արտադրությունն ու շահագործումը իրականացնող պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են մշակել և իրականացնել այդ փոխադրամիջոցներից ու կայանքներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կանխման միջոցառումներ:
Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտանետումներում աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանված թույլատրելի նորմատիվները:
Շահագործման մեջ գտնվող բոլոր փոխադրամիջոցներն ու կայանքները պետք է վերահսկման ենթարկվեն աղտոտող նյութերի սահմանված թույլատրելի արտանետումների նորմատիվները պահպանելու առումով:
(պարբերությունն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-98-Ն)
(18-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-98-Ն)
Հոդված 181. |
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների պահպանման կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-235-Ն)
Հոդված 19. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
Արգելվում է այնպիսի փոխադրամիջոցների և կայանքների արտադրությունն ու շահագործումը, որոնց արտանետումներում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները:
Պետական կառավարման տեղական մարմինները և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները կարող են մթնոլորտային օդի պահպանության նպատակով ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել փոխադրամիջոցների մուտքը որոշակի գոտիներ, բնակելի զանգվածներ, հանգստի և տուրիզմի վայրեր:
(19-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20. |
Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին |
(վերնագիրը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:
(20-րդ հոդվածը խմբ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
Հոդված 21. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման լիակատար բացառումը, մթնոլորտային օդի պահպանության մյուս պահանջների կատարումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների արտանետումները, ինչպես նաև ֆիզիկական վնասակար ներգործությունները միասին չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների գերազանցմանը:
Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների՝ շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիները դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են`
ա) պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով.
բ) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ.
գ) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով.
դ) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս.
ե) հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ.
զ) սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով.
է) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:
Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունները, կառույցները տեղաբաշխելու վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող բոլոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրությունը և դրանց կառուցման ու վերակառուցման նախագծերն էկոլոգիական փորձաքննության են ենթարկվում բնության պահպանության բնագավառում լիազոր մարմինների կողմից` հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը լրաց. 20.03.07 ՀՕ-139-Ն, 08.04.09 ՀՕ-97-Ն, փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն, լրաց. 14.09.11 ՀՕ-250-Ն)
Հոդված 22. |
ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ |
Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում:
Սանիտարապաշտպանական գոտիները և դրանց պահպանման ռեժիմը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 23. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների շահագործման հանձնումը:
Հոդված 24. |
ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾմԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
Պետական կառավարման մարմինները վերահսկողություն են իրականացնում մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ VI
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 25. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ և ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԾՐԱԳՐԱՎՈՐԵԼԻՍ |
Քաղաքների և այլ բնակավայրերի տեղաբաշխման ու զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնվեն մթնոլորտային օդի վիճակը, դրա փոփոխության կանխատեսումը և վնասակար ներգործություններից մթնոլորտային օդի պահպանությունը:
Հոդված 26. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ |
Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով պետական իշխանության տեղական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն բնակավայրերի, իսկ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` իրենց զբաղեցրած արտադրական և մյուս տարածությունների բարեկարգման համար: Այն վայրերում, որտեղ մթնոլորտային օդի վրա ներգործում են մի քանի ձեռնարկություններ, անկախ սեփականության ձևից, սահմանված կարգով մշակվում և իրականացվում են մթնոլորտային օդի առողջացման համալիր միջոցառումներ:
Գ Լ ՈՒ Խ VII
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՅՈՒՏԵՐ, ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼԻՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ
Հոդված 27. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՅՈՒՏԵՐ, ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼԻՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ |
Արգելվում է հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, նոր տեխնիկական համակարգերի, առարկաների և նյութերի կիրառումը, ինչպես նաև արտասահմանյան երկրներից տեխնոլոգիական սարքավորումների և այլ օբյեկտների ձեռքբերումը, եթե դրանք չեն բավարարում մթնոլորտային օդի պահպանության Հայաստանի Հանրապետությունում սահմանված պահանջները և ապահովված չեն մթնոլորտային օդ կատարվող արտանետումների վերահսկման տեխնիկական միջոցներով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ
Հոդված 28. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ և ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ |
Բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների ցանկը, որոնց կիրառումը թույլատրվում է տնտեսության մեջ, ինչպես նաև դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինների հետ:
Նշված նպատակներով կիրառվող պատրաստուկների ստեղծման դեպքում պետք է մշակվեն մթնոլորտային օդում այդ պատրաստուկների սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները և դրանց մնացորդային քանակների որոշման մեթոդները:
Հոդված 29. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ |
Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են կատարել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները:
Գ Լ ՈՒ Խ IX
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՇԵՂՋԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 30. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ և ՀԱՆՔԱՇԵՂՋԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաև մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 31. |
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ, ՀԱՆՔԱԿՈՒՅՏԵՐԻ ՈՒ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը:
Գ Լ ՈՒ Խ X
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 32. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ և ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ապահովել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և թափոնների անվտանգ դուրս տանելը և փոխադրումը այն ձեռնարկությունները, որտեղ դրանք օգտագործվում են որպես հումք, ինչպես նաև դրանց փոխադրումը մասնագիտացված աղբավայրեր:
Գ Լ ՈՒ Խ XI
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 33. |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ XII
ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 34. |
ԵՂԱՆԱԿԻ և ԿԼԻՄԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները տնտեսական նպատակներով մթնոլորտային օդի և մթնոլորտային երևույթների արհեստական փոփոխություններ հետապնդող գործողություններ կարող են իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների թույլտվությամբ և միայն այն պայմանով, որ դա չհանգեցնի եղանակի և կլիմայի վրա անբարենպաստ ներգործության:
(34-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ XIII
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ
Հոդված 35. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ և ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների նյութական ու բարոյական խրախուսման միջոցներ, որոնք խթանում են մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը:
Գ Լ ՈՒ Խ XIV
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 36. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
Մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակը, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների տեսակներն ու չափերը ենթակա են պետական հաշվառման:
Օբյեկտների և մթնոլորտային օդի վիճակի վրա դրանց վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ XV
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 37. |
ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Մթնոլորտային օդի վիճակի նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացվում է բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, որոնումն ու մշակումը կատարվում է միասնական համակարգով: Բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունների վրա է դրվում պետական և հասարակական շահագրգիռ մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին մթնոլորտային օդի աղտոտման մակարդակների վերաբերյալ անընդմեջ տեղեկատվության անվճար ապահովումը:
Հոդված 38. |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՅՆՊԻՍԻ ՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ XVI
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 39. |
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը, պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների պայմանների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների կիրառումը:
Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները` օրենքով սահմանված կարգով:
(39-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158, 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ XVII
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 40. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ |
Մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերը լուծում են այդ բնագավառի պետական կառավարման մարմինները, իսկ անհամաձայնեցման դեպքում` դատարանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(40-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն)
Գ Լ ՈՒ Խ XVIII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 41. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության.
- մթնոլորտային օդի պահպանության բնագավառում անհրաժեշտ հսկողություն և վերահսկողություն չապահովելու,
- մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները իրականացնելիս հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը խոչընդոտելու,
- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման,
- մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների և պահանջների խախտման,
- առանց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների թույլտվության մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման,
- մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների, սարքավորումների շահագործման կանոնները խախտելու, ինչպես նաև դրանք չունենալու և չօգտագործելու,
- մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելու և շահագործելու,
- ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտադրության ու շահագործման համար, որոնց արտանետումների մեջ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները,
- մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական վերահսկողությունը խոչընդոտելու, ինչպես նաև այդ բնագավառին վերաբերող տվյալները կեղծելու կամ չներկայացնելու,
- այնպիսի հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, նոր տեխնիկական համակարգերի, առարկաների և նյութերի ներդրման, ինչպես նաև արտասահմանյան երկրներից այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ և այլ օբյեկտներ ձեռք բերելու համար, որոնք չեն բավարարում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում սահմանված պահանջները և ապահովված չեն մթնոլորտային օդ կատարվող արտանետումների վերահսկման տեխնոլոգիական միջոցներով,
- արդյունաբերական և կենցաղային թափոնների պահեստավորման, բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, քիմիական նյութերի, հանքային պարարտանյութերի և այլ պատրաստուկների արտադրության, փոխադրման, պահպանության ու կիրառման կանոնները խախտելու համար, որոնք առաջ են բերել կամ կարող են առաջ բերել մթնոլորտային օդի աղտոտում,
- մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կարգագրերը չկատարելու,
-աղտոտման պատճառով սահմանված վարձերը չվճարելու,
- բնակավայրերում արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտը փոշով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման,
- (պարբերությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-235-Ն)
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խախտումների համար:
(41-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-98-Ն, լրաց. 08.04.09 ՀՕ-97-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-235-Ն, 14.09.11 ՀՕ-249-Ն)
Հոդված 42. |
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ խախտված պատճառված վնասը պարտավոր են հատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ XIX
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 43. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա գործում է միջազգային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 նոյեմբերի 1994 թվականի, |