Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-260-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.43
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
09.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն), հարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք (անհատ ձեռնարկատիրոջ մասով` անհատ ձեռնարկատիրոջ անունով հաշվառված) և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել:

Սույն հոդվածի կիրառման առումով կազմակերպության և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ համար 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մինչև տասը հազար դրամի չափով ընդհանուր հարկային պարտավորությունը դադարում է և համարվում է, որ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունի:

 

Հոդված 2. Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը

1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերը կազմելուց հետո հարկային մարմինը մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ`

1) ծանուցում է հարկ վճարողներին լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված լինելու մասին.

2) լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկը ներկայացնում է գույքի գրանցում (հաշվառում վարող) և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմիններ:

2. Հարկ վճարողները սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին գրավոր տեղեկացնում են լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերից իրենց հանելու մասին:

3. Գույքի գրանցում (հաշվառում վարող) և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ցանկերը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին տրամադրում են տեղեկատվություն լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված այն հարկ վճարողների վերաբերյալ, որոնց մասով առկա է տեղեկատվություն իրենց անվամբ գույք հաշվառված (գրանցված) լինելու մասին:

4. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կազմում է լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը:

Լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը` կազմված հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան, հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը:

6. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերն ստանալուց հետո` մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հttp://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական` հttp://www.e-register.am ինտերնետային կայքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո՝ մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը, ցանկում ընդգրկված հարկ վճարողները (գործադիր մարմնի ղեկավարները) կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի առկայության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողներին հանում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում ցանկում նշված հարկ վճարողները կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմիններ կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երկու ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը հանում է պետական հաշվառումից:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը չի լուծարում տվյալ կազմակերպությունը և հարկ վճարողների պարտատերերից ստացված առարկությունը համապատասխան փաստաթղթերի հետ վերադարձնում է հարկային մարմին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

 

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու կամ կազմակերպությունների լուծարման դեպքում պետական ռեգիստրը մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում հարկային մարմնին: Հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրում է իր պաշտոնական կայքում:

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով և հիմքով սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ցանկերում ներառված` լուծարման ենթակա կազմակերպությունների և պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ցանկերում ներառվելուց հետո հարկային հաշվետվություն չներկայացնելու համար վարչական վարույթ չի հարուցվում, իսկ հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման:

 

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելը վերականգնելու համար, ապա այդ հարցերը լուծվում են դատական կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-260-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան