ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հանրային ծառայությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
Հոդված 2. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները և կարգավորվում են քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման և քաղաքացիական ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, կատարողականի գնահատման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
(2-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 3. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
ա) քաղաքացիական ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.
բ) քաղաքացիական ծառայության պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
գ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
դ) քաղաքացիական ծառայող` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի, սույն օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.
ե) համապատասխան մարմին` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմին.
զ) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր` տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
է) քաղաքացիական ծառայության դասային աստիճան` քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
ը) աշխատակազմի ղեկավար` սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձ.
թ) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-104-Ն)
թ1) քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատում՝ համապատասխան մարմնի կողմից քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը և խրախուսմանը (պարգևատրմանը) ուղղված միջոցառում.
ժ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում` քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
ժա) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց հանրույթ.
ժբ) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
ժգ) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժդ) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժե) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժզ) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը.
ժ1) ամփոփիչ գնահատում` քաղաքացիական ծառայողի կատարողականի և վերապատրաստման արդյունքների գնահատում:
2. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
(3-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-44-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-63-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-159-Ն, 22.12.10 ՀՕ-29-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-174-Ն, լրաց. 19.03.13 ՀՕ-15-Ն, լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 4. | Սույն օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում.
գ1) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների, բացառությամբ կենտրոնական բանկի, աշխատակազմերում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ չեն համարվում:
(4-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն)
Հոդված 5. | Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները |
Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքներն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.
բ) քաղաքացիական ծառայության կայունությունը.
գ) քաղաքացիական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև քաղաքացիական ծառայողների իրավահավասարությունը.
դ) քաղաքացիական ծառայության հրապարակայնությունը.
ե) քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածությունը.
զ) քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.
է) քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.
ը) քաղաքացիական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.
թ) քաղաքացիական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
ժ) քաղաքացիական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը:
Հոդված 6. | Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, քաղաքացիական ծառայության խորհրդի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
3. Քաղաքացիական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 7.
Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Հոդված 8. | Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները |
1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան.
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Համապատասխան մարմիններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը:
5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:
Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայողը դասային աստիճանը ստանալուց հետո երեք տարի անընդմեջ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն, ներառյալ` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:
Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու և քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակվելու միջև ընկած ժամանակահատվածը գերազանցել է մեկ ամիսը:
Քաղաքացիական ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
51 . (մասն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «գ.2», «դ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժէ» և «ի» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:
7. (մասն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
(8-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.02.04 ՀՕ-38-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-44-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 04.12.08 ՀՕ-199-Ն, խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-36-Ն)
Հոդված 9. | Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը) |
(վերնագիրը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն)
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
3. Համապատասխան մարմինների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների անձնագրերը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատման (փոփոխման) և այդ անվանացանկում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության խորհուրդ համաձայնեցման են ներկայացվում միաժամանակ:
5. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:
Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Այն դեպքում, երբ համապատասխան մարմնի կազմում գործում է օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմին, ապա տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած հաստիքացուցակը ներառվում է համապատասխան մարմնի հաստիքացուցակում:
(9-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, 14.12.04 ՀՕ-30-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց. 04.12.08 ՀՕ-199-Ն, 07.04.16 ՀՕ-36-Ն)
Հոդված 10. | Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը |
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվում (փոփոխվում) են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ , կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում).
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:
2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում).
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-44-Ն, փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 11. | Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք |
Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 12. | Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը |
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
Հոդված 121. | Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը |
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
(121-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հոդված 122. | Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը |
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝
ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
բ) համարվում է քաղաքացիական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն.
գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.
դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
2. Մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:
(122-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հոդված 13. | Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին քաղաքացիական ծառայության խորհրդին տեղեկացնելը |
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու և սույն օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում աշխատակազմի ղեկավարը, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդին:
(13-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-36-Ն)
Հոդված 14. | Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 122-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:
2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար` համապատասխան մարմնի աշխատակազմը:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)
դ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)
զ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:
Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:
8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:
Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
91. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:
Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո` նույն օրը:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին: Համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:
101. Սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև քաղաքացիական ծառայության խորհրդի` սույն հոդվածի 91-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:
11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել առնվազն յոթանասունհինգ տոկոս ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:
Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
111. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով առնվազն երեք ամիսը մեկ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած բնագավառներում ստուգելու համար:
Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել հաջորդ թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:
Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը և քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց., փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն, խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն)
Հոդված 15. | Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը |
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «գ.2», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
գ1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետը, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը:
21. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2.2. Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է մարմնի ղեկավարը:
3. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «գ.1», «գ.2», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում, բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ կետի, նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
գ1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը:
3.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:
3.2. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
3.3. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո Քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, փոփ., լրաց. 07.06.10 ՀՕ-104-Ն, լրաց., խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-255-Ն, 07.04.16 ՀՕ-36-Ն)
Հոդված 151. | Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը |
1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
2. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, նրանց վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ:
(151-ին հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-443-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 02.03.11 ՀՕ-65-Ն, 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 16. | Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը |
1. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձի և քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:
2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:
4. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
(16-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, 19.11.02 ՀՕ-443-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն)
Հոդված 17. | Քաղաքացիական ծառայության ստաժը |
1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
3. (մասն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
5. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված հիմքով` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:
(17-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց., խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ., լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հոդված 18. | Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը |
(վերնագիրը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)
1. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`
ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
բ) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաև հավաստագիր ունեցող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների և 24-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
Չի թույլատրվում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «գ.1», «գ.2», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(18-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, լրաց. 07.06.10 ՀՕ-104-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
(վերնագիրը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 19. | Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 20. | Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը և ամփոփիչ գնահատումը |
(վերնագիրը խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 21.06.14 ՀՕ-104-Ն)
1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համագործակցելով համապատասխան մարմինների հետ:
2. Քաղաքացիական ծառայողը կատարողականի գնահատման և վերապատրաստումների արդյունքում սահմանված միավորների (կրեդիտների) նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում ենթակա է ամփոփիչ գնահատման, որը անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
2.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:
3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի, իսկ տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարի հայտի հիման վրա:
4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերով:
6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
7. Վերապատրաստման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝
ա) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը:
8. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ամփոփիչ գնահատման կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(20-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն. լրաց. 07.04.16 ՀՕ-36-Ն, խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 20.1. | Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը |
1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:
2. Անմիջական ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրն իրականացնում է քաղաքացիական ծառայողի տվյալ կիսամյակի կատարողականի գնահատում:
3. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 21. | Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը |
1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են`
ա) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.
բ) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:
2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի`
ա) «զ» և «ժթ» ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
բ) «ժգ» ենթակետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարները.
գ) «իա» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
3. Քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`
ա) սույն հոդվածի 4-րդ կետում նշված` կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 07.06.10 ՀՕ-104-Ն)
գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի այն մասնակիցները, ովքեր հարցազրույցի փուլում ստացել են առնվազն յոթանասունհինգ տոկոս, սակայն պաշտոնի չեն նշանակվել.
դ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:
4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
5. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի համաձայն:
(21-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ., խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 22. | Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները |
Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`
ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
դ) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.
ե) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
զ) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
է) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
ը) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.
թ) քաղաքացիական ծառայության դասային աստիճանի` սահմանված կարգով բարձրացումը.
ժ) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
ժա) մրցույթի արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.
ժբ) քաղաքացիական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:
Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
(22-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 23. | Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները |
1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
ե) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
ը) քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.
թ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.
ժ) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել վերապատրաստմանը:
Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
2. (մասը հանվել է 03.07.02 ՀՕ-399-Ն)
(23-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 24. | Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`
ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից.
բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
դ) իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.
ե) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
է) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
ը) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:
(24-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-170-Ն, 19.03.12 ՀՕ-113-Ն)
Հոդված 25. | Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները |
1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
բ) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:
2. Սույն հոդվածի 1-ին կետի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել քաղաքացիական ծառայության խորհրդին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:
(25-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հոդված 26. | Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները |
1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`
ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.
գ) ամենամյա վճարովի արձակուրդ.
դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.
զ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
ը) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:
2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
Հոդված 27. | Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը |
1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող, առանց որևէ խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Քաղաքացիական ծառայողը, այդ թվում` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը, ստանում է վարձատրություն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
(27-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-180-Ն)
Հոդված 28. | Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը |
Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. | Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ |
(վերնագիրը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)
1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:
2. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:
(29-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հոդված 30. | Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը |
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:
2. Քաղաքացիական ծառայողների մասին տեղեկություններն ընդգրկվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանում, որը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
3. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 31. | Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
ա) շնորհակալության հայտարարում.
բ) միանվագ դրամական պարգևատրում.
գ) հուշանվերով պարգևատրում.
դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.
զ) կարգապահական տույժի հանում:
Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:
2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխանաբար` նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի առաջարկությամբ:
(31-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն)
Հոդված 32. | Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.
ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:
2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:
Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:
Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:
Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը համապատասխանաբար` նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի առաջարկությամբ:
Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:
Սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
5. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:
6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:
(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց., խմբ., փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն)
Հոդված 33. | Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը |
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
գ1) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
գ2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
դ) սույն օրենքով նախատեսված ամփոփիչ գնահատմանը երեք անգամ չներկայանալը.
ե) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-104-Ն)
զ) հաստիքների կրճատումը.
է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
ը) քաղաքական, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ.
ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.
ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.
ժե) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
ժթ) համապատասխան մարմնի լուծարումը.
ի) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը.
իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.
իբ) սույն օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:
2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:
5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» և «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:
(33-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, խմբ., լրաց. 04.12.08 ՀՕ-199-Ն, խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 34. | Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը |
1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
Քաղաքացիական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համաձայնությունն ստանալու նպատակով` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության խորհուրդ` քաղաքացիական ծառայողի` սույն հոդվածի 1-ին կետում նշված առավելագույն տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:
3. Քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:
(34-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 27.10.09 ՀՕ-191-Ն)
Հոդված 35. | Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը |
1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու, որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
(35-րդ հոդվածը փոփ. 18.04.03 ՀՕ-543-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 36. | Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները |
Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են`
ա) քաղաքացիական ծառայության խորհուրդը.
բ) աշխատակազմերի ղեկավարները:
Հոդված 37. | Քաղաքացիական ծառայության խորհուրդը |
1. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը`
ա) իրականացնում է համապատասխան մարմինների կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
բ) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար դիմում է դատարան.
գ) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է քաղաքացիական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.
ե) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.
զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.
է) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ը) հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.
թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
թ1) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը և նրանց գործառույթները.
ժ) ընդունում է սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.
ժա) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:
4. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը:
5. Քաղաքացիական ծառայության խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Քաղաքացիական ծառայության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Քաղաքացիական ծառայության խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերի նախահաշվի նախագիծը):
Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Պետական բյուջեի ծախսային մասում քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:
6. Քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը և հաստիքացուցակը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
7. Քաղաքացիական ծառայության խորհրդի գործողությունները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են բողոքարկման դատական կարգով:
8. Քաղաքացիական ծառայության խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
(37-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-15-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-180-Ն)
Հոդված 38. | Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմը |
1. Քաղաքացիական ծառայության խորհուրդը կազմված է յոթ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ:
2. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
3. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները, բացառությամբ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի, նշանակվում են վեց տարի ժամկետով:
4. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և տիրապետում են հայերենին:
5. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:
6. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնավարման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:
7. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
8. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամը պաշտոնից ազատվում է`
ա) անձնական դիմումի հիման վրա.
բ) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
գ) երեք ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
ե) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
զ) դատարանի կողմից անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
է) այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում.
ը) օրենքի խախտման դեպքում:
Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
9. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամին պաշտոնից վաղաժամկետ ազատելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակում կատարվում է այդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Եթե պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա քաղաքացիական ծառայության խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է վեց տարի` գումարած պաշտոնավարման չլրացած ժամկետը:
Հոդված 39. | Աշխատակազմի ղեկավարը |
1. Աշխատակազմի ղեկավարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, քաղաքացիական ծառայող է:
2. Աշխատակազմի ղեկավարը, քաղաքացիական ծառայության կազմակերպման մասով, ղեկավարվում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ:
3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, համապատասխան մարմնի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
Հոդված 40. | Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները |
(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները։
2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:
3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:
4. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.
- մեկ երրորդը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ,
- մեկ երրորդը՝ համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում՝ նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ,
- մեկ երրորդը՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
5. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային հանձնաժողովների համար:
(40-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն, 21.06.14 ՀՕ-104-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 41. | Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար |
1. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
2. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 42. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հոդված 43. | Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատասխանեցնել քաղաքացիական ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:
Հոդված 44. | Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմավորումը |
1. Քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են`
ա) մեկ անդամի համար` մեկ տարի.
բ) երկու անդամի համար` երկու տարի.
գ) մեկ անդամի համար` երեք տարի.
դ) մեկ անդամի համար` չորս տարի.
ե) մեկ անդամի համար` քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` հինգ տարի.
զ) մեկ անդամի համար` քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ` վեց տարի:
Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից քսանօրյա ժամկետում:
2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմը հաստատելու օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելը քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր:
Հոդված 45. | Աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանելը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատակազմերի ղեկավարների հաստիքային միավորները սահմանվում և համապատասխան նշանակումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
Աշխատակազմերի ղեկավարները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց պաշտոնների համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ` 2002 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում:
(45-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)
Հոդված 46. | Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հոդված 47. | Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը |
Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ութերորդ ամսվա ամսի 1-ից:
Հոդված 48. | Համապատասխան մարմինների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը |
1. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):
2. Համապատասխան մարմիններում հաստիքների կրճատման դեպքում այդ մարմինների աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 49. | Համապատասխան մարմինների հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները |
Համապատասխան մարմիններում սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո` երկամսյա ժամկետում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատողները:
Հոդված 50. | Համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը |
1. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից:
2. Համապատասխան մարմինների աշխատողները, սույն հոդվածով սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողներ են համարվում` հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի պահանջները:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու հետ միաժամանակ:
4. Համապատասխան մարմիններում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից հետո, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:
(50-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 51. | Համապատասխան մարմիններում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը |
Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:
Հոդված 52. | Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը, սույն օրենքով սահմանված կարգով, անցկացվում և համապատասխան նշանակումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամսվա ընթացքում:
Հոդված 53. | Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-104-Ն)
Հոդված 54. | Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.06.14
ՀՕ-104-Ն)
Հոդված 55. | Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 04.12.08 ՀՕ-199-Ն)
Հոդված 56. | Քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները պահպանելը |
Քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 57. | Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքի ընդունման ժամկետը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-180-Ն)
Հոդված 58. | Հանրապետական գործադիր առանձին մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները կարգավորող օրենքների ընդունման ժամկետները |
(վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)
1. Հարկային և մաքսային հանրապետական գործադիր մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները ենթակա են առանձին օրենքներով կարգավորման` մինչև 2002 թվականի հունվարի 1-ը:
2. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արտաքին գործերի և փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները ենթակա են առանձին օրենքներով կարգավորման` մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված օրենքներով կարող են սահմանվել նաև քաղաքացիական ծառայության հետ կապված առանձնահատկություններ:
(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|