ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների և արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.
մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար.
գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
բացառիկ լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.
«Հոդված 2.1. | Սահմանափակումները արտաքին առևտրի ոլորտում |
1․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:
3․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։
4․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-229-Ն |