Սույն օրենքի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի սկիզբը 2016 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) մայրության նպաստը.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փաստացի» բառը:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «8-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 6.1
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ
Հոդված 23.1. |
Մայրության նպաստի իրավունքը |
1. Մայրության նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):
4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
Հոդված 23.2. |
Մայրության նպաստը նշանակելը և վճարելը |
1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե՝
1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ
2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ
3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի և վճարի գործատուն, կամ
4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
5. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում նպաստի իրավունքը դադարում է:
6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:
7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):
8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):»:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի «քանակը» բառը փոխարինել «թիվը» բառով.
3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաշվին» բառը փոխարինել «հաշիվ մուտքագրված» բառերով, 28-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետը «աշխատելու» բառից հետո լրացնել «բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու (ծառայություններ մատուցելու)» բառերով, իսկ 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:»:
Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «տրվող» բառը.
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:
4. Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:
5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:
Հոդված 13. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):
2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «դեպքում» բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:»:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.
«Հոդված 32.1. |
Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները |
1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:»:
Հոդված 15. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների:
Սույն օրենքի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի սկիզբը 2016 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-207-Ն |