ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 24-ի նիստի առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 27 Երևան ՆԿ-229-Ն |
|
Հավելված ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրության |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից պատերազմի պայմաններում մեծանում է բնակչության և տնտեսության պաշտպանության կարևորությունը, քանի որ ժամանակակից ռազմական գործողությունների բնույթն ու օգտագործվող ազդեցության միջոցները պահանջում են քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) խնդիրների լուծման համար նոր մոտեցումների և մեթոդների կիրառում:
Աշխարհում ձևավորված ռազմաքաղաքական գործոնների ազդեցության տակ զարգացած երկրների մեծ մասում ի հայտ են եկել ՔՊ զարգացման որոշակի ընդհանուր միտումներ: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև տեղի են ունենում ՔՊ ոլորտում ծախսերի, պատասխանատվության, իրավասությունների վերաբաշխման գործընթացներ: Մեծանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը: Կատարվում է պետական և ոչ պետական սեկտորներին հատկացվող ծախսերի վերաբաշխում, քանի որ նույնիսկ շատ հարուստ երկրները սեփական բյուջեից չեն կարող լիովին ծածկել ՔՊ ծախսերը: Պետական անվտանգության ապահովման բնագավառում, որում ներառվում է նաև ՔՊ-ն, բնութագրական է դառնում ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառման գործընթացը: Վերջին տարիներին ՔՊ ոլորտում կատարվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ, որոնցից են` խնդիրների և գործընթացների ընդլայնումը, ինչպես նաև ուժերի և միջոցների կիրառումը ոչ միայն պատերազմական, այլև լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների (այսուհետ` ԱԻ) հետևանքների վերացման համար, ներառյալ տեխնոլոգիական ահաբեկչության հետևանքների վերացումը: ՔՊ համակարգերը դարձել են ավելի շարժունակ և ճկուն: ՔՊ արդյունավետությունը մեծանում է նրա միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործընթացում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և պետական կառույցների մասնակցության շնորհիվ: Օտարերկրյա պետություններում ձգտում են ՔՊ-ն դարձնել հասարակության բնականոն կյանքի բաղկացուցիչ մասը, ուր յուրաքանչյուր քաղաքացի մասնակցում է ՔՊ միջոցառումներին: ՔՊ զարգացման միջազգային փորձի վերլուծությունից երևում է, որ ՔՊ-ն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում:
Գ Լ ՈՒ Խ 1
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
1.1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության դեմ դեռևս առկա է պատերազմական ագրեսիայի վտանգը, սակայն նվազել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի մեջ ներքաշվելու հավանականությունը: Պահպանվում, իսկ առանձին ուղղություններով ուժեղանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունում: Չի բացառվում, որ տարածում կգտնեն հարձակման ոչ ավանդական տեսակները, որոնց դեպքում հակամարտող կողմերը ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ նպատակների կարող են հասնել տեղեկատվական, հոգեբանական և պայքարի այլ միջոցների կիրառմամբ, որոնք չեն բացառում բնակչության կյանքի և առողջության վրա վտանգավոր ազդեցությունների ուժեղացումը:
2. Ժամանակակից պատերազմին բնորոշ գծերն են`
1) կոալիցիոն բնույթը,
2) ակտիվ տեղեկատվական հակամարտության իրականացումն ազդեցության բոլոր մակարդակներում, հասարակական կարծիքի ապակողմնորոշումն առանձին պետություններում և համաշխարհային հանրության շրջանում ամբողջությամբ,
3) պետական և ռազմական կառավարման համակարգի ապակազմակերպումը,
4) սպառազինության և ռազմական տեխնիկայի բարձր արդյունավետության համակարգերի օգտագործումը (այդ թվում` նոր ֆիզիկական սկզբունքների կիրառմամբ),
5) ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների լայնամասշտաբ օգտագործումը,
6) աերոմոբիլ ուժերի, դեսանտների և հատուկ նշանակության զորքերի լայն կիրառումը,
7) օդային լայնամասշտաբ գործողությունների և օպերացիաների անցկացումը,
8) տնտեսության օբյեկտների և կենսապահովման ենթահամակարգերի վնասումը` հակամարտող կողմերի տարածքի ողջ խորությամբ,
9) էներգետիկայի (առաջին հերթին՝ ատոմային), քիմիական և այլ վտանգավոր ձեռնարկությունների, կենսապահովման ենթահամակարգերի, հաղորդակցության ուղիների խոցման (կործանման) աղետալի հետևանքները,
10) նոր պետությունների ներգրավման մեծ հավանականությունը, կիրառվող միջոցների մասշտաբների ընդարձակումը, ներառյալ՝ զանգվածային խոցման զենքի կիրառումը,
11) ռազմատնտեսական ներուժի և ենթակառուցվածքների լայնամասշտաբ կործանումը, բնակչության և զինված ուժերի անձնակազմի զգալի կորուստները:
3. Ժամանակակից պատերազմի հավանական թիրախներ կարող են լինել`
1) պետական մարմինների տեղակայման վայրերը, կառավարման (ղեկավարման) կետերը, կապի հանգույցները, հեռուստակենտրոնները, ռադիոկենտրոնները, տրանսպորտային հանգույցները, կամուրջները,
2) օդանավակայանները, մայրուղային խողովակաշարերի պոմպակայանները, պետական պահուստի պահեստները, ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները և ջերմաէլեկտրակայանները,
3) բարձրավոլտ էլեկտրական ենթակայանները, վառելիքաքսուքային նյութերի պահեստները, նավթաբազաները, նավթավերամշակման և նավթաքիմիական, պաշտպանության, արդյունաբերության, կոմունալ տնտեսության օբյեկտները, մայրուղային գազատարները և գազի ստորգետնյա պահեստները,
4) քիմիական, պայթյունավտանգ օբյեկտները և խմելու ջրի համակարգերը:
4. Հեռանկարում շարունակում է պահպանվել ժամանակակից գերճշգրիտ խոցման զինատեսակներից բնակչության ու կարևոր օբյեկտների պաշտպանության անհրաժեշտությունը: Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունը՝ բնակչության պաշտպանության միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցներ` հավանական կորուստները նվազեցնելու համար: Կենսապահովման օբյեկտների խոցման բարձր հավանականությունն իր հերթին արդիական է դարձնում բնակչության կենսագործունեության ապահովման լուրջ նախադրյալների ստեղծումը ռազմական դրության ժամանակ:
1.2. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
5. Պետության տնտեսական հնարավորությունները ոչ միայն թույլ չեն տվել ապահովել ՔՊ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութական անհրաժեշտ մակարդակը, այլև միջնաժամկետ հեռանկարում պետական միջոցների հաշվին հնարավոր չի լինելու ողջ ծավալով ապահովել ՔՊ ոլորտին անհրաժեշտ ֆինանսանյութական միջոցների հատկացումները:
6. Տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը և խաղաղ պայմաններում լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը պարտադրում են պահպանել ՔՊ ուժերի և միջոցների պատրաստության բարձր մակարդակ` ապահովելով ՔՊ համակարգի զարգացման միջոցառումների արդյունավետությունը, ներգրավելով պետական և օրենքով չարգելված ռեսուրսները:
1.3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
7. Երկրում ներկայումս իրականացվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, որոնք առաջացնում են նաև ՔՊ ոլորտում պետական կառավարման մարմինների իրավասությունների հստակեցման անհրաժեշտություն` ելնելով միասնական գործունեության ապահովման իրականացման կարևորությունից:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
8. Քաղաքացիական պաշտպանությունը ժամանակակից պատերազմի պայմաններում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիրն է: ՔՊ բնագավառում ներկայումս հիմնականում ձևավորված է նորմատիվ իրավական հիմքը: Իրականացվում են ՔՊ համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահպանման համալիր միջոցառումներ: Ընթացքի մեջ են արտակարգ իրավիճակների և ՔՊ հարցերի կառավարման միասնական մարմնի ստեղծման, ՔՊ ուժերի կատարելագործման հարցերը:
9. Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերին: Ժամանակակից պահանջներից ելնելով՝ իրականացվում է բնակչության կենտրոնական ազդարարման համակարգի արդիականացում: Անցկացվում է բնակչության ուսուցում, ղեկավար կազմի, մասնագետների մասնագիտական պատրաստականության բարձրացում` լայնորեն կիրառելով ժամանակակից ուսուցման մեթոդները և տեխնիկական միջոցները:
10. ՔՊ համակարգում առկա են մի շարք չլուծված խնդիրներ`
1) տնտեսության փոփոխված պայմանները պահանջում են տարածքային, տեղական և օբյեկտային մակարդակներում ՔՊ միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմների հետագա կատարելագործում, ՔՊ կազմակերպչական հիմքերի հստակեցում, ՔՊ բնագավառում պատասխանատվության հստակեցում և կառավարման մարմինների միջև ՔՊ պարտավորությունների սահմանազատում,
2) առաջացել է տարածքային վթարափրկարարական կազմավորումների հիմնման, խաղաղ և պատերազմական պայմաններում զինվածության և նյութատեխնիկական ապահովման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման անհրաժեշտություն,
3) ՔՊ ուժերի ստեղծումը, տեխնիկական վերազինվածությունն ու նյութատեխնիկական հիմքի ամրապնդումն ընթանում է ոչ բավարար մակարդակով,
4) պահանջվում է բնակչության տեղեկացման և կառավարման համակարգերի հետագա տեխնիկական կատարելագործում, կապի միջոցների արդիականացում և նորագույն կապի համակարգերի և տեխնիկական միջոցների կիրառում,
5) պատերազմական ժամանակաշրջանում զորահամալրումից հետո մնացող ինժեներական տեխնիկան լիովին չի կարող ապահովել ՔՊ խնդիրների իրականացումը,
6) բավարար չէ բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության մակարդակը,
7) ոչ բավարար մակարդակով է իրականացվում ՔՊ կարիքների համար անհրաժեշտ շինությունների, տրանսպորտային, տեխնիկական միջոցների հաշվառումը, որոնք չեն օգտագործվելու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և կարող են օգտագործվել ՔՊ խնդիրների լուծման նպատակով:
11. Պահանջվում է ՔՊ ուժերի և կառավարման մարմինների օպերատիվ պատրաստվածության մակարդակի բարձրացում: Վարժանքների, ուսումնավարժությունների և մարտավարատեխնիկական պարապմունքների անցկացման մեթոդները պետք է հաշվի առնեն ՔՊ գործունեության նոր պայմանները: Տևական ժամանակ չեն անցկացվել փորձահետազոտական վարժանքներ, ինչը դժվարացնում է տեսական մոտեցումների ստուգումն ու նոր մոտեցումների մշակումը:
12. Լուրջ կատարելագործման կարիք ունի ՔՊ կառավարման համակարգը: Անհրաժեշտ է ստեղծել ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոն` իր տարածքային (մարզային ու համայնքային) և գերատեսչական ենթահամակարգերով, որը թույլ կտա օգտագործել տեղեկությունների հավաքման, վերլուծության և որոշումների կայացման ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
13. ՔՊ բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք պատերազմական և բնական կամ տեխնածին բնույթի ԱԻ-ների առաջացման ժամանակ, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների դեպքում, կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտները:
14. ՔՊ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
1) նորմատիվ իրավական բազայի զարգացումը,
2) ՔՊ կառավարման ժամանակակից համակարգի հիմնումը, վերջինիս հնարավորությունների մեծացումը` հատկապես մարզային մակարդակով, տեղեկատվական և ազդարարման համակարգերի կատարելագործումը,
3) բնակչության պաշտպանության, նյութական և մշակութային արժեքների պահպանության արդյունավետության բարձրացումը,
4) ՔՊ ուժերի ստեղծումը և զարգացումը,
5) բնակչության ուսուցումը և կառավարման մարմինների նախապատրաստումը,
6) պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) պարտականությունների իրականացման ապահովումը, արդյունավետ կառավարման իրականացումը,
7) ՔՊ կազմակերպման և անցկացման, բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության, տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը,
8) ՔՊ բնագավառում գիտելիքների համակարգված ձևավորումն ու զարգացումը,
9) ՔՊ բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը,
10) ՔՊ միջոցների և ռեսուրսների հաշվառումը:
15. ՔՊ համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի`
1) ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը,
2) մասնակցելու բնական և տեխնածին բնույթի լայնամասշտաբ ԱԻ-ներում տարածքների և բնակչության պաշտպանությանը:
16. Խաղաղ պայմաններում ՔՊ հիմնական խնդիրներն են`
1) ՔՊ կառավարման մարմինների և ՔՊ ուժերի ստեղծումը, նրանց նախապատրաստումը, բնակչության ուսուցումը, պաշտպանական միջոցների հետագա զարգացումն ու արդիականացումը, ռեսուրսների պլանային կուտակումը, ուժերի և միջոցների օպերատիվ տեղաբաշխումը,
2) բնական և տեխնածին բնույթի լայնամասշտաբ ԱԻ-ների, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների ժամանակ ՔՊ ուժերի և միջոցների կիրառման ապահովումը:
17. Պատերազմական պայմաններում ՔՊ հիմնական խնդիրներն են`
1) բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը,
2) տնտեսության կայուն գործունեության ապահովումը,
3) նյութական և մշակութային արժեքների պահպանությունը,
4) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն ու դրանց բազմակողմանի ապահովումը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
4.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
18. ՔՊ բնագավառը ներկայումս կանոնակարգված է հետևյալ իրավական ակտերով`
1) «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է ՔՊ սկզբունքները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում,
2) «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է ՀՀ ՔՊ ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը և կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները,
3) ՀՀ Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը,
4) ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշումը,
5) ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշումը,
6) ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշումը,
7) ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 633-Ն որոշումը,
8) ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1532-Ն որոշումը,
9) ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշումը,
10) ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը,
11) ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշումը,
12) ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշումը:
4.2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարումը (անկախ կազմակերպաիրավական ձևից) իրականացնում են այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
20. ՔՊ կազմակերպչական հիմքը կազմում են`
1) կառավարման մարմիններն ու կետերը,
2) տարհանման մարմինները,
3) պատերազմի ժամանակ տնտեսության և կազմակերպությունների գործունեության կայունության ապահովման նպատակով ստեղծված ժամանակավոր մարմինները (հանձնաժողովները),
4) ՔՊ բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները,
5) ՔՊ ուժերը:
21. ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների լիազորությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները ՔՊ բնագավառում սահմանվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:
22. ՔՊ համակարգի բարեփոխումների արդյունքում կառավարման մարմինների գործունեությունը պետք է ուղղված լինի հետևյալ խնդիրների լուծմանը`
1) ՔՊ և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման պլանավորումը և կազմակերպումը,
2) ՔՊ ղեկավար կազմի նախապատրաստումը,
3) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի մշտական պատրաստականության ապահովումը,
4) տարհանման միջոցառումների ապահովման, պաշտպանական կառույցների, անհատական պաշտպանության միջոցների և ՔՊ այլ գույքի ֆոնդերի ստեղծումն ու պահպանման հսկողությունը,
5) իրավիճակի ամենօրյա դիտարկման, ՔՊ հետախուզության բոլոր տեսակների կազմակերպումը, իրադրության վերաբերյալ տվյալների հավաքումն ու ամփոփումը,
6) բնակչության ազդարարման կազմակերպումը,
7) փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ընթացքում ՔՊ ուժերի կառավարման ապահովումը,
8) կառավարման մարմինների, ինչպես նաև ուժերի միջև փոխգործողությունների կազմակերպումը, այդ թվում` զինված ուժերի հետ,
9) ՔՊ ուժերի ստեղծման և պատրաստության ապահովումը:
23. ՔՊ համակարգի զարգացման արդյունքում լիազորված պետական մարմինը պետք է ունակ լինի ողջ ծավալով իրագործելու հետևյալ լիազորությունները`
1) ՔՊ զարգացման և կատարելագործման հիմնական ուղղությունների մշակումը,
2) ՔՊ հանրապետական պլանի մշակումն ու ճշգրտումը,
3) ՔՊ բնագավառում օրենքների և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպումը,
4) ՔՊ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման կազմակերպումը,
5) ՔՊ ստորաբաժանումների և կազմավորումների կառուցվածքի մշակումը, հաշվեցուցակային գույքով ապահովման կազմակերպումը,
6) ՔՊ հարցերով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կազմակերպումը,
7) ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից) ՔՊ պլանավորման մեթոդական ղեկավարման իրականացումը,
8) կառավարման մարմինների միջև փոխգործողությունների կազմակերպումը,
9) ՔՊ ոլորտում դիտարկման, կանխատեսման, գնահատման համակարգումը,
10) նյութատեխնիկական, պարենային, բժշկական և այլ պահուստների կուտակման, պահպանման և օգտագործման կարգի մշակումը,
11) պահուստների ստեղծման, պահպանման, օգտագործման և համալրման մեթոդական ղեկավարման իրականացումը,
12) ՔՊ զորահավաքային միջոցառումներին մասնակցությունը,
13) ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ՔՊ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված կարգով,
14) ՔՊ ուժերի, կառավարման մարմինների և միջոցների մշտական պատրաստականության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
15) պետական պատվերի շրջանակներում ՔՊ համակարգի ապահովման նյութատեխնիկական միջոցների գնման պետական պատվիրատուի գործառույթների իրականացումը,
16) փրկարարական, վթարավերականգնողական աշխատանքների վարման արդյունավետության բարձրացման նպատակով գիտատեխնիկական, կոնստրուկտորական և փորձարարական աշխատանքների կազմակերպումը,
17) պատերազմի ժամանակ տնտեսության օբյեկտների գործունեության կայունության բարձրացման, բնակչության պաշտպանության նոր մեթոդների և միջոցների մշակման, փրկարարական, վթարավերականգնողական աշխատանքների և հնարավոր կորուստների կրճատման նպատակով իրականացվող գիտական հետազոտությունների կազմակերպումն ու համակարգումը,
18) ՔՊ պաշտպանական կառույցների նախագծման և շինարարության համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի մշակման կազմակերպումը,
19) ՔՊ պաշտպանական կառույցների հիմնման տիպային նախագծերի՝ սահմանված կարգով ուսումնասիրությունն ու համաձայնեցումը,
20) ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի և ՔՊ ուժերի համատեղ ուսումնավարժությունների կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում՝ միջազգային ոլորտում:
4.3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
24. ՔՊ ուժերն ընդգրկում են` ՔՊ բնագավառում խնդիրների իրագործման համար նախատեսված ստորաբաժանումները, կազմավորումները և հրշեջ-փրկարարական ջոկատները, փրկարարական, վթարավերականգնողական ծառայությունները և արտահաստիքային վթարափրկարարական կազմավորումները:
25. Պատերազմական պայմաններում ՔՊ ուժերի առաջադրանքների ծավալները պետք է համապատասխանեն ժամանակակից պատերազմների պայմաններում փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների կանխատեսվող ծավալներին և պետության նյութատեխնիկական ապահովման իրական հնարավորություններին:
26. Համակարգի զարգացման և կատարելագործման նպատակով իրավական դաշտում կատարվելիք փոփոխությունները պետք է ապահովեն ՔՊ պլաններում ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի ներգրավումը ՔՊ միջոցառումների իրագործմանը, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ստորաբաժանումների կողմից իրականացվելիք գործողությունները:
27. Լայնամասշտաբ ԱԻ-ների խոցման օջախների վերացմանը կարող են ներգրավվել գերատեսչական պատկանելության մասնագիտացված փրկարարական, վթարավերականգնողական կազմավորումներն ու ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ուժերը:
4.4. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
28. Բնակչության պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով ՔՊ համակարգի բարեփոխումների արդյունքում պետք է ապահովվի պատերազմական գործողությունների, ԱԻ-ների առաջացման, ահաբեկչական գործողությունների հետևանքների վերացման միջոցառումների նախապատրաստման և անցկացման նկատմամբ լիազոր մարմնի պետական վերահսկողության իրականացման հստակ մեխանիզմների սահմանումը:
29. Համակարգի զարգացման և կատարելագործման արդյունքում ՔՊ բնագավառի պետական վերահսկողության մեխանիզմները պետք է ապահովեն`
1) ՔՊ պատրաստությունն ապահովող և վիճակը բնութագրող չափորոշիչ փաստաթղթերի մշակումը և ՔՊ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների համապատասխանությունն այդ փաստաթղթերի պահանջներին,
2) քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի դրույթների համապատասխանեցումը ՔՊ պահանջներին:
Գ Լ ՈՒ Խ 5
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
30. ՔՊ խնդիրների իրականացումն ապահովող միջոցառումները մշակվում և իրականացվում են նախապես` խաղաղ ժամանակ՝ հաշվի առնելով խոցման ժամանակակից միջոցների զարգացումը, դրանց կիրառման ձևերը, ահաբեկչության սպառնալիքները, ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների առկայությունը:
31. Այն միջոցառումները, որոնք, ելնելով դրանց բնույթից և ծավալից, չեն կարող իրականացվել խաղաղ ժամանակ, պետք է անցկացվեն անմիջական սպառնալիքի առկայության դեպքում:
32. ՔՊ միջոցառումների բնույթը, ծավալները և անցկացման ժամկետները սահմանվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից` հաշվի առնելով տարածքների և կազմակերպությունների վարչական, տնտեսական և պաշտպանական նշանակությունը:
33. ՔՊ միջոցառումների արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար կատարվում է տարածքների և կազմակերպությունների դասակարգում ըստ նշանակության:
34. ՔՊ ուժերի համալրումն անձնակազմով և տեխնիկայով պետք է ապահովի`
1) տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնության ցուցաբերումը,
2) փրկարարական և անհետաձգելի աշխատանքների արդյունավետ իրականացումը,
3) մարդկանց սանիտարական և գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական մշակումը:
35. ՔՊ համակարգի բարեփոխումների արդյունքում, բնակավայրերում և տնտեսության օբյեկտների գործառութային կայունությունը բարձրացնելու նպատակով, համայնքների և կազմակերպությունների (օբյեկտների) ՔՊ պետերը պետք է ունակ լինեն լրիվ ծավալով և ժամկետներում ապահովելու լուսաքողարկման կազմակերպական և ինժեներատեխնիկական անհրաժեշտ միջոցառումների կատարումը:
36. ՔՊ համակարգի զարգացման գործընթացը պետք է ապահովի ՔՊ նախապատրաստական միջոցառումների «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգերի և մեխանիզմների ողջ համալիրի իրականացումը և ընդգրկի`
1) ՔՊ միջոցառումների պլանավորումը,
2) ազդարարման, կապի և կառավարման համակարգերի, հատկապես՝ մարզային մակարդակում, ստեղծումը և պատրաստականության ապահովումը, ժամանակակից կառավարման կետերի հիմնումը և կատարելագործումը,
3) ՔՊ առկա պաշտպանական կառույցների նախապատրաստումը, կահավորումը, պահպանումը, բարեկարգումն ու արդիականացումը,
4) անհատական պաշտպանության միջոցների և հատուկ սարքավորումների պահուստների ստեղծումն ու դրանց պահպանումը,
5) բնակչության, գյուղատնտեսական կենդանիների, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտիներ տարհանման նախապատրաստման կազմակերպումը,
6) տնտեսության կայուն գործունեությունն ապահովող միջոցառումների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը,
7) ՔՊ ուժերի ստեղծումն ու նախապատրաստումը,
8) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը,
9) կառավարման մարմինների նախապատրաստումը և բնակչության ուսուցումը,
10) տուժած բնակչության և գյուղատնտեսական կենդանիների առաջնահերթ կենսապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստումը,
11) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի ստեղծումը:
37. Բնակչության ազդարարման համակարգը ներառում է`
1) կենտրոնացված ազդարարման համակարգը,
2) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում ստեղծված ազդարարման լոկալ համակարգերը:
38. ՔՊ համակարգի բարեփոխումների արդյունքում գոյություն ունեցող`
1) կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգը պետք է արդիականացվի՝ հաշվի առնելով հանրապետությունում կապի զարգացման հեռանկարային ծրագրերը և ներդրվող կապի տեսակները,
2) ազդարարման լոկալ համակարգերը պետք է վերակառուցվեն և արդիականացվեն` ապահովելով կազմակերպությունների անձնակազմի ժամանակին և արդյունավետ ազդարարումը:
39. Ազդարարման ժամանակակից համակարգը պետք է ապահովի`
1) կենտրոնացված ազդարարումը` հանրապետական, մարզային, տեղական և լոկալ մակարդակներում, երկրի ողջ տարածքում,
2) մշտական կապն ու փոխգործակցությունը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգի հետ,
3) վտանգի մասին ազդանշանների հաղորդման հնարավորությունն ու ստեղծված իրավիճակի և բնակչությանը վարքականոնների մասին անհրաժեշտ ծավալով տեղեկատվության մատուցումը,
4) զանգվածային լրատվամիջոցների իրազեկումն ու դրանց հնարավորությունների օգտագործումը:
40. Պաշտպանական կառույցների ֆոնդը ստեղծվում է նախապես` խաղաղ ժամանակ ապաստարանների շինարարության հաշվին, գոյություն ունեցող կառույցների հարմարեցման, վերակառուցման և նոր կառուցվող շենքերի և շինությունների առանձին տարածքների, որպես պաշտպանական կառույցներ, հարմարեցման հաշվին, քաղաքների և բնակավայրերի ստորգետնյա տարածությունների իրացման ընթացքում հատուկ նախագծային լուծումների իրականացման հաշվին:
41. Ռազմական գործողությունների հրահրման անմիջական սպառնալիքի ժամանակ նախատեսվում է արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցում:
42. Պաշտպանական կառույցները խաղաղ ժամանակ կազմակերպությունների կողմից կարող են սահմանված կարգով օգտագործվել տնտեսական նպատակներով:
43. Բնակչությանն անհատական պաշտպանական միջոցներով ապահովման նպատակով խաղաղ ժամանակ ստեղծվում է անհատական պաշտպանական միջոցների պահուստ, որը նախատեսված է կանխատեսվող վտանգավոր վարակված գոտիներում ապրող բնակչության, ինչպես նաև փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի, ճառագայթային և քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմի համար:
5.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ
44. Խաղաղ ժամանակ ՔՊ ուժերը և միջոցները ընդգրկվում են բնական աղետների և տեխնածին վթարների, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներում:
5.2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ (ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ
45. ՔՊ համակարգի զարգացմանն ուղղված իրավական դաշտի փոփոխությունների և իրականացվելիք բարեփոխումների արդյունքում պետք է ապահովվի ՀՀ ՔՊ համակարգը ռազմական դրության (պատերազմի ժամանակի) աշխատանքային ռեժիմի բերման միջոցառումների անցկացումն ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ նրա առանձին տարածքներում:
5.3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
46. Բարեփոխումների արդյունքում ՔՊ համակարգը և համակարգի բոլոր մարմինները պետք է ունակ լինեն սահմանված կարգով պատերազմի հայտարարման, հավանական հակառակորդի հարձակման կամ ռազմական դրության հայտարարման պահից ապահովելու ՔՊ պլանով նախատեսված միջոցառումների կատարումը:
5.4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
47. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ՔՊ միջոցառումները բարեփոխումների արդյունքում ֆինանսավորվում են համայնքային բյուջեների միջոցների հաշվին` օրենքով սահմանված կարգով:
48. ՔՊ համակարգի զարգացումն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետք է ապահովվի կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) միջոցներից ՔՊ հետևյալ միջոցառումների ֆինանսավորումը`
1) լոկալ ազդարարման համակարգերի ստեղծումն ու պահպանումը,
2) պաշտպանական կառույցների շինարարությունն ու պահպանումը,
3) սեփական անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ ՔՊ անհատական պաշտպանության միջոցների, ինչպես նաև օբյեկտի գործունեության համար անհրաժեշտ այլ գույքի ձեռքբերումը,
4) ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ կազմավորումների անձնակազմի պատրաստումը և աշխատողների ուսուցումը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
49. ՔՊ վիճակը բնութագրվում և գնահատվում է հիմնական ցուցանիշներով, որոնք են`
1) բնակչության ազդարարման ժամկետները,
2) բնակչության ընդհանուր տարհանման կազմակերպման անցկացման ժամկետները,
3) պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարման ծավալները,
4) զորահավաքային պահուստներում անհատական պաշտպանության միջոցների առկայությունն ու դրանց ծավալները,
5) նյութական և մշակութային արժեքների տեղափոխման կամ պատսպարման ժամկետները,
6) փրկարարական և անհետաձգելի աշխատանքների կատարման պատրաստվածության ժամկետները,
7) նյութատեխնիկական, պարենային, բժշկական և այլ միջոցների պահուստների ծավալները,
8) ՔՊ ուժերի առկայությունը, դրանց ապահովվածության մակարդակը հատուկ գույքով և տեխնիկայով,
9) կարևոր օբյեկտների մասնաբաժինը, որոնցում իրականացվել են դրանց գործունեության կայունությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ,
10) տարբեր մակարդակի կառավարման կետերի առկայությունը և պատրաստվածությունը,
11) ժամանակակից տեխնիկական պահանջներին բավարարող կենտրոնացված ազդարարման համակարգի առկայությունը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50. Ազդարարման համակարգի կատարելագործման բնագավառում ՔՊ զարգացման հիմնական ուղղություններն են`
1) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներին հարող տարածքներում բնակչության ազդարարման լոկալ համակարգերի ստեղծումը,
2) ազդարարման ապահովումը թվային կապի հանգույցներով, հեռուստատեսությամբ, այդ թվում նաև մալուխային ցանցերով,
3) ազդարարման ապահովումը ռադիոհեռարձակման միջոցով, այդ թվում նաև փողոցային բարձրախոսներով,
4) բնակչության ազդարարման համակարգի ստեղծումն ընդհանուր օգտագործման բջջային ռադիոկապի համակարգի օգտագործմամբ,
5) էլեկտրաշչակներով բնակչության ազդարարման համակարգի վերականգնումը:
51. Ինժեներական պաշտպանության կատարելագործման հիմնական ուղղություններն են`
1) պաշտպանական կառույցների վիճակի մշտական մոնիտորինգի կազմակերպումը, դրանց վերանորոգումը և համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին,
2) քաղաքաշինության նորմատիվ փաստաթղթերի դրույթների համապատասխանեցումը ՔՊ պահանջներին,
3) ստորգետնյա տարածքներում գործող օբյեկտների օգտագործման կարգի ընդունումը,
4) պաշտպանական կառույցների կառուցումն օբյեկտներում և բնակելի զանգվածում,
5) ժամանակակից կենսապահովման միջոցներով պաշտպանական կառույցների կահավորումը,
6) տիպային պաշտպանական կառույցների նախագծումն ու շինարարության նախատեսումը,
7) պատերազմի ժամանակ արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցման պլանավորումը, ինչպես նաև արագ կառուցվող ապաստարանների տիպային նախագծերի կազմումը և հավաքովի դետալների նախապատրաստումը:
52. Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հիմնական ուղղություններն են`
1) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի և մոնիտորինգային հնարավորությունների զարգացումը,
2) ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների անձնագրավորումը,
3) վտանգավոր օբյեկտներում ազդարարման և հսկողության համակարգի ստեղծումը,
4) սանիտարական մշակման, ապագազացման և ապաակտիվացման աշխատանքների համար հարմարեցված օբյեկտների գույքագրումը,
5) սանիտարական մշակման և ապաակտիվացման աշխատանքների անցկացման պահանջված մակարդակի ապահովումը,
6) անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ պաշարների ստեղծումը:
53. Բժշկական պաշտպանության հիմնական ուղղություններն են`
1) բժշկական պաշտպանության կազմակերպումը,
2) օրենսդրական հիմքերի կատարելագործումը,
3) շարժական բժշկական կազմավորումների ձևավորումը և կահավորումը հատուկ գույքով,
4) անհատական պաշտպանության բժշկական միջոցների անհրաժեշտ պաշարների ստեղծումը:
54. Բնակչության առաջնահերթ կենսապահովման ուղղություններն են`
1) բնակչության առաջնահերթ կենսապահովման նորմատիվ իրավական փաստաթղթերի ընդունումը և առաջնահերթ կենսապահովման միջոցների պահուստային ֆոնդերի ստեղծումը,
2) բնակչության կենսապահովման օբյեկտների անձնագրավորումը,
3) բնակչության կենսապահովման օբյեկտների տեղաբաշխման գլխավոր սխեմայի մշակումը,
4) կենսապահովման տեսանկյունից գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման համար նախագծային որոշումների մշակումը:
55. Փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման պատրաստականության բարձրացման հիմնական ուղղություններն են`
1) ՔՊ ուժերի խմբավորման ստեղծումը,
2) հանրապետական գործադիր մարմինների ուժերի միջև փոխգործողությունների պլանի մշակումը,
3) ուսումնավարժությունների և վարժանքների ընթացքում ՔՊ օբյեկտային և տարածքային ուժերի փոխգործողությունների ապահովումը,
4) ՔՊ ուժերի տեխնիկական հագեցվածության բարձրացումը,
5) ՔՊ ուժերի տեխնիկական միջոցների սպասարկման և վերանորոգման համակարգի ստեղծումը,
6) փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ վառելիքաքսուքային նյութերի պահուստների ստեղծումը,
7) փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների կատարման գործում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:
56. ՔՊ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններն են`
1) ՔՊ միջոցառումների պլանավորման կատարելագործումը,
2) ՔՊ կազմավորումների և կառավարման մարմինների, ՔՊ ղեկավար աշխատողների ամրագրման ապահովումը,
3) պահեստային կառավարման կետերի (այդ թվում՝ մարզային) ստեղծումը և կահավորումը ժամանակակից տեխնիկական միջոցներով,
4) կառավարչական որոշումների ընդունման աջակցության ժամանակակից տեղեկատվական ծրագրերի ներդրումը,
5) կառավարման մարմինների կապի ապահովման շարժական կետերի ստեղծումը, ՔՊ կազմավորումների կողմից օգտագործվող կապի միջոցների արդիականացումը, այդ թվում` ռազմական ընդհանուր օգտագործման ժամանակակից կապի միջոցներով:
57. Մոնիտորինգի համակարգի կազմավորման և զարգացման հիմնական ուղղություններն են`
1) մոնիտորինգային խնդիրների լուծման հնարավորություն ունեցող բոլոր կազմակերպությունների գույքագրումն ու ներառումը միասնական համակարգում,
2) մոնիտորինգի ժամանակակից կենտրոնի հիմնումը և ապահովումը ճառագայթային, քիմիական, կենսաբանական, ճարտարագիտական, հրդեհային, հիդրոդինամիկական իրավիճակի մոնիտորինգի իրականացման տեխնիկական միջոցներով,
3) իրավիճակի կանխատեսման և գնահատման ծրագրերի մշակումն ու ներդրումը:
58. Նյութական և մշակութային արժեքների պաշտպանության ապահովման հիմնական ուղղություններն են`
1) պաշտպանության ենթակա նյութական և մշակութային արժեքների հաշվառման չափորոշիչների մշակումը,
2) նյութական և մշակութային արժեքների տարհանման երթուղիների, շրջանների և պահեստների սահմանումը,
3) նյութական և մշակութային արժեքների պաշտպանության պլանավորումը,
4) նյութական և մշակութային արժեքների փաթեթավորման, պահպանման և տարհանման համար հատուկ տարաների ստեղծումը,
5) նյութական և մշակութային արժեքների տարհանման համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների նախապատրաստումը:
59. Բնակչության ուսուցման, կառավարման մարմինների, մասնագետների նախապատրաստման զարգացման հիմնական ուղղություններն են`
1) ՔՊ հարցերով կառավարման մարմինների, մասնագետների նախապատրաստման և բնակչության ուսուցման նպատակային համալիր ծրագրերի իրականացումը,
2) ՔՊ հրամանատարաշտաբային և համալիր ուսումնավարժությունների, շտաբային և օբյեկտային վարժանքների, հատուկ մարտավարական ուսումնավարժանքների պարբերական անցկացումը,
3) ուսումնամեթոդական նոր բազաների ստեղծումն ու գոյություն ունեցողների կատարելագործումը,
4) նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը,
5) պատանիների համար ամառային մասնագիտացված ճամբարների կազմակերպումը,
6) ժամանակակից ուսումնամեթոդական և հանրամատչելի գրականության, դիդակտիկ նյութերի մշակումն ու հրատարակումը,
7) հասարակական շարժումների, կազմակերպությունների ստեղծումը և զարգացումը,
8) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը,
9) փորձահրապարակների հիմնումը:
60. Տուժած շրջաններում հետաղետային վերականգնման նախապատրաստման բարձրացման հիմնական ուղղություններն են`
1) ուժերի խմբավորումների ստեղծումը,
2) զոհվածների հուղարկավորության վայրերի որոշումը, հուղարկավորության համար մասնագիտացված կազմավորումների ստեղծումն ու դրանց ապահովումը լրացուցիչ հատուկ միջոցներով և արտահագուստով,
3) հասարակական կարգի պահպանման ուժերի համար լրացուցիչ անհատական պաշտպանական միջոցների պաշարների ստեղծումը,
4) զոհվածների նույնականացման (իդենտիֆիկացման) և նրանց հուղարկավորության կարգի մշակումը,
5) գյուղատնտեսական կենդանիների լեշերի հավաքման և հուղարկավորության կարգի մշակումը:
61. ՔՊ զարգացման հիմնական ուղղություններն են`
1) բնակչության և օբյեկտների հնարավոր զանգվածային վարակվածության կանխատեսումների իրականացումը տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների դեպքում,
2) տարհանման միջոցառումների անցկացման մեթոդաբանության մշակումը,
3) ՔՊ զորահավաքային համակարգի կատարելագործումը,
4) ՔՊ նշանակության տեսանկյունից տարածքների դասակարգման մեթոդոլոգիայի մշակումը,
5) պատերազմի ժամանակ տարածքների, օբյեկտների պահպանման, բնակչության կենսապահովման մեթոդների մշակումը,
6) փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների անցկացման արդյունավետ ձևերի մշակումը,
7) բնակչության և գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության արդյունավետ մեթոդների մշակումը,
8) տեղեկատվական ապահովման և կառավարման ժամանակակից համակարգի ստեղծումը:
62. ՔՊ զարգացման հիմնական միջոցառումներն իրականացվում են փուլերով` ելնելով երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից և հնարավորություններից:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |