Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.07.2014-17.10.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045) Հոդ.503
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.05.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.06.2014
Дата вступления в силу
05.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի մայիսի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում՝

1) «ժա» ենթակետը «հանդիսացող անձը,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը,» բառերով.

2) «իա» ենթակետի առաջին նախադասությունը «ավտոմեքենան» բառից առաջ լրացնել «մեկ» բառով, իսկ երկրորդ նախադասության «վերջին անգամ հաշվառումից հանված լինի» բառերը փոխարինել «նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«իզ) ռիսկ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ժամանակ որևէ դեպք տեղի ունենալու հավանականությունը, որը կապված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային մարմինների կողմից կիրառվող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտման հետ, ինչպես նաև խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության անվտանգության, ներքին շուկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը.».

իէ) ռիսկերի կառավարում է համարվում ռիսկերի ծագման հավանականությունը նվազեցնող ու կանխարգելող միջոցների համալիր կիրառումը.

իը) մաքսային հայտարարագրում է համարվում այն գործողությունը, որով հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահայտում է ապրանքները որոշակի մաքսային ռեժիմով հայտարարագրելու իր մտադրությունը.

իթ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող է համարվում այն անձը, որը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կամ փոխադրման իր կողմից իրականացվող գործողություններով ներգրավված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերություններում.

լ) լիազորված տնտեսական օպերատորը սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց մաքսային մարմինների կողմից տրամադրվող կարգավիճակ է, որը հաստատվում է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող` լիազորված տնտեսական օպերատորների միասնական էլեկտրոնային գրանցամատյանում այդ անձանց հաշվառմամբ, և որի տրամադրման դեպքում անձը լիազորված է կիրառելու կամ նրա նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով կիրառվում են հատուկ (այդ թվում՝ պարզեցված) ընթացակարգեր.

լա) նախնական որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից տրամադրվող` ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը, որոնց սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

 

«3. Մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելը, տեղափոխողի կամ նրա լիազորած անձի կողմից վերադաս մաքսային մարմին էլեկտրոնային ձևով կարող է ներկայացվել նախնական տեղեկատվություն տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Նախնական տեղեկատվության ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17.

Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումը

 

1. Յուրաքանչյուր անձ կարող է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով դիմում ներկայացնել վերջինիս` մաքսային օրենսդրության կիրառման ընթացակարգերի վերաբերյալ նախնական որոշում ստանալու նպատակով: Նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կարող է չտրամադրվել, եթե կապված չէ կոնկրետ գործարքի հետ: Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումն իրականացվում է վճարովի` սույն օրենսգրքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում: Այն դեպքերում, երբ մաքսային մարմինն իրականացնում է նախնական որոշման տրամադրման հետ կապված ծախսեր, դիմումատուն մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, վճարում է նաև մաքսային մարմնի կողմից իրականացված ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

2. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է մաքսային մարմնի և այդ տեղեկատվությունը տնօրինողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծածկագրերին համապատասխան:

3. Մաքսային մարմնի նախնական որոշումը կիրառվում է միայն տեղեկատվության տրամադրման պահից հետո իրականացվող գործարքների մասով:

4. Մաքսային մարմնի նախնական որոշումը գործում է տրամադրման օրից՝ երեք տարի:

5. Մաքսային մարմնի նախնական որոշումը դադարում է գործել, երբ՝

ա) օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվում են որոշման մեջ ներկայացված տեղեկատվությանն առնչվող դրույթները.

բ) փոփոխություն է կատարվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում.

գ) փոփոխություններ են կատարվում միջազգային պայմանագրերի անդամակցության շրջանակներում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են նախնական որոշմանը:

6. Սույն հոդվածի 5-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերում նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է օգտագործվել առավելագույնը դրա վերաբերյալ պաշտոնական հրապարակումից կամ դիմումատուին տեղեկացումից հետո ևս վեց ամիս, եթե մինչև տեղեկատվության գործողության դադարման վերաբերյալ պաշտոնական հրապարակումը կամ տեղեկացումը դիմումատուի կողմից կնքվել է համապատասխան ապրանքների ձեռք բերման կամ իրացման պայմանագիր: Նախնական որոշման տնօրինողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է այդպիսի որոշման գործողության դադարեցման վերաբերյալ:

7. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը կարող է կիրառվել հետևյալ նպատակներով՝

ա) արտահանման կամ ներմուծման ժամանակ վճարման ենթակա վճարների որոշման համար.

բ) արտահանման ժամանակ գերավճարները վերադարձնելու համար.

գ) մաքսային ձևակերպումների նպատակներով պահանջվող ոչ սակագնային կարգավորման միջոցների որոշման համար:»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 171.

Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների կայացումը

 

1. Սույն օրենսգրքի իմաստով նախնական որոշում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան տրամադրվող փաստաթուղթը, որն իրավական ուժ ունի ինչպես որոշումը ստացող, այնպես էլ այն անձանց համար, որոնք մաքսային մարմնից նախնական որոշում ստանալու համար ներկայացնում են նույն տեղեկատվությունը: Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նախնական որոշումների ստացման համար դիմում ներկայացրած անձը պետք է տրամադրի բոլոր այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք պահանջվում են մաքսային մարմինների կողմից այդ որոշման տրամադրման համար:

2. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմին դիմումը ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում: Եթե մաքսային մարմինը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում չի կարող տրամադրել համապատասխան որոշում, ապա ներկայացված դիմումի ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով: Այդ դեպքում մաքսային մարմինը մինչև ժամկետի ավարտը տեղեկացնում է դիմումատուին ժամկետի երկարաձգման և դրա պատճառների մասին, ինչպես նաև տեղեկացնում է որոշման կայացման նոր ժամկետի վերաբերյալ:

3. Մաքսային մարմինների տրամադրած նախնական որոշումը պետք է գրավոր հիմնավորված լինի և կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով` ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Մաքսային մարմնի կայացրած նախնական որոշումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն ընդունվել է ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա և՝

ա) առկա է հիմնավորված ապացույց, որ դիմումատուին հայտնի է եղել կամ պետք է հայտնի լիներ տեղեկությունների ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք լինելը.

բ) այդպիսի որոշում չէր կարող ընդունված լինել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության հիման վրա:

5. Անվավեր ճանաչված որոշման գործողությունը դադարում է այն օրից, երբ ընդունվել է որոշում նախնական որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

6. Նախնական որոշումն անվավեր ճանաչելու դեպքում մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է այն անձին, որին տրամադրվել է այդ որոշումը:

7. Մաքսային մարմնի տրամադրած նախնական որոշումն անվավեր է ճանաչվում նաև սույն հոդվածով թվարկված դեպքերից բացի այլ դեպքերում, եթե այդպիսի որոշման ընդունման համար չեն պահպանվել սույն օրենսգրքով սահմանված նախապայմանները, կամ այդ նախապայմանները չեն կարող պահպանվել:

 

Հոդված 172.

Մաքսային մարմինների ընդունած որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը

 

Մաքսային մարմնի և մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ընդունած որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 471 -ին հոդվածի 1-ին կետից հանել «այդ տարածքից ապրանքներ արտահանելը,» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 472 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Ներմուծում ազատ տնտեսական գոտի ռեժիմով բաց թողնված», իսկ 473 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Ներմուծում ազատ տնտեսական գոտի ռեժիմով» բառերը փոխարինել «Ազատ տնտեսական գոտում» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. Միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց ստացումից Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված կարգով հրաժարվել են առաքողը և նրա կողմից լրացված հայտարարագրում նշված անձինք, ձևակերպվում են «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ռեժիմներով` փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված կարգի և ձևի համապատասխան հայտարարագիր լրացնելու միջոցով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 674 -րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ազատ տնտեսական գոտու սահմանագծով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաև շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները հաշվառվում են ազատ տնտեսական գոտու շահագործողի և կազմակերպչի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով, և ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասներորդ օրը ներկայացվում են վերադաս մաքսային մարմին:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 675 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության ներքին շուկա կարող են մուտք գործել միայն «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպվելուց հետո:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 68. Մաքսային միջնորդը (բրոքերը)

 

1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը հանդես է գալիս իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

2. Մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` տարեկան առնվազն՝

ա) 150 մլն դրամի չափով` 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը իրականացվող գործունեության համար.

բ) 300 մլն դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար:

3. Մաքսային միջնորդն իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա կարող է հանդես գալ՝

ա) ուղղակի` երբ միջնորդը գործում է ապրանքներ տեղափոխող անձի անունից և նրա հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու, իսկ հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն է կրում տեղափոխողը.

բ) անուղղակի` երբ միջնորդը գործում է իր անունից և տեղափոխողի միջոցների հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու և պատասխանատվություն է կրում հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար:

4. Նախքան մաքսային հսկողության հետ կապված գործողություններ իրականացնելը միջնորդը մաքսային մարմիններ հայտարարում է իր` ուղղակի կամ անուղղակի հանդես գալու հանգամանքը` հաստատելով դա համապատասխան լիազորագրով: Մաքսային մարմիններին լիազորագիրը չներկայացնելու դեպքում միջնորդը համարվում է իր անունից և իր միջոցների հաշվին գործող:

5. Ուղղակի հանդես գալու դեպքում միջնորդի կողմից իրականացվող մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեության ընթացքում ի հայտ եկած մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը, իսկ անուղղակի հանդես գալու դեպքում պատասխանատվությունը կրում է միջնորդը, ինչպես սույն օրենսգրքով նախատեսված` բանկային կամ վարկային կազմակերպության երաշխիքի կամ ապահովագրական ընկերության տրամադրած ծածկույթի, այնպես էլ դրանցով նախատեսված միջոցների սպառման դեպքում` սեփական միջոցների հաշվին:

6. Մաքսային միջնորդի (բրոքերի) և ապրանքներ տեղափոխող անձի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նրանց միջև կնքված պայմանագրով:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «զ» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «գ», «դ» և «ե» ենթակետերը լրացնել «, եթե միջնորդը հանդես է գալիս սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգավիճակով.» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

 

«ե) ունենալ բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիք կամ ապահովագրական ընկերության տրամադրած ծածկույթ` տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով:»:

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  11.1

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 731. Լիազորված տնտեսական օպերատորները

 

Լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակ ստացած անձինք իրավունք ունեն կիրառելու սույն օրենսգրքով սահմանված` արտահանման և ներմուծման պարզեցված ընթացակարգեր, ինչպես նաև օգտվում են մաքսային վճարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից:

 

Հոդված 732. Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կարգը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնի դիմում և նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի նախորդ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը, որի արդյունքում բացահայտված տվյալները համադրվում են անձի ներկայացրած ինքնագնահատման թերթիկում ներառված տեղեկատվության հետ, և կայացվում է որոշում՝

ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ` եթե դիմում ներկայացրած անձը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին.

բ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողից լրացուցիչ տվյալներ պահանջելու, իսկ ներկայացված տվյալների թերի կամ կեղծ լինելու վերաբերյալ մաքսային մարմնի կասկածի առկայության դեպքում` ստուգում իրականացնելու վերաբերյալ:

Սույն կետի «բ» ենթակետով նախատեսված գործողությունների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, մաքսային մարմինը որոշում է կայացնում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում է կայացվում նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից մաքսային մարմինների պահանջած տվյալների տրամադրումից հրաժարվելու դեպքում:

 

Հոդված 733. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու չափանիշները

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրվում է այն անձանց, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ունեն արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.

բ) անձի կողմից դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում մաքսային կանոնների խախտումների կամ հանցագործությունների դեպքերի բացակայություն.

գ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների բացակայություն.

դ) մաքսային հսկողության արդյունքում նախորդ երեք տարիների ընթացքում մաքսային վճարների գծով չմարված պարտավորությունների, տույժերի և (կամ) տուգանքների վճարման պարտավորության ժամկետի խախտման բացակայություն.

ե) վերջին երեք տարիների ընթացքում անձի կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կազմում է 50 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ.

զ) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:

 

Հոդված 734. Լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը

 

Լիազորված տնտեսական օպերատորները կարող են օգտվել հետևյալ պարզեցված ընթացակարգերից՝

ա) մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման դեպքում` մաքսային հսկողության իրականացման վայրի ընտրություն.

բ) նախնական տեղեկատվության տրամադրման դեպքում՝ մաքսային հայտարարագրի լրացման ժամկետի հետաձգում տասն օրով.

գ) մաքսային հայտարարագրերի, դիմումների և այլ փաստաթղթերի ընդունում առաջնահերթության կարգով.

դ) բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` վճարման ենթակա մաքսային վճարների չափով երաշխիքի ներկայացման և տեղափոխվող ապրանքների վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին տրամադրված նախնական տեղեկատվության հիման վրա ապրանքների բաց թողնման հնարավորություն.

ե) մաքսային վճարների վճարման՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետների հետաձգում քսան օրով.

զ) մաքսային մարմիններում համապատասխան պաշտոնատար անձից մաքսային ընթացակարգերին առնչվող հարցեր պարզաբանելու հնարավորություն:

 

Հոդված 735. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման հիմքերը

 

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը կասեցվում է՝

ա) մաքսային մարմինների կողմից` ինքնագնահատման թերթիկում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության հայտնաբերման դեպքում` երեք ամիս ժամկետով.

բ) լիազորված տնտեսական օպերատորի կողմից վերադաս մաքսային մարմին իր կարգավիճակի կասեցման վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում` դիմումում նշված ժամկետով.

գ) տուգանքների և (կամ) ժամկետանց մաքսային վճարների վճարման պարտավորության ծագման դեպքում` այդ պարտավորությունների կատարման ժամկետով.

դ) եթե ընկերության բաժնետերերի կամ մասնակիցների նկատմամբ տնտեսական գործունեության բնագավառին վերաբերող մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել` ուժի մեջ մտնելու օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը.

ե) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային կանոնների խախտման առկայության դեպքում՝ մաքսային կանոնների խախտման արդյունքում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տարի ժամկետով, եթե նոր վարչական իրավախախտում չի կատարվել.

զ) մաքսային մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում` մինչև այդ պարտավորությունների կատարումը:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման որոշումն ընդունում է վերադաս մաքսային մարմինը: Կասեցման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է լիազորված տնտեսական օպերատորին առձեռն կամ պատվիրված փոստով:

 

Հոդված 736. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը դադարեցվում է՝

ա) անձի դիմումի հիման վրա.

բ) անձի գործունեության դադարեցման դեպքում.

գ) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում.

դ) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցումից հետո՝ սույն օրենսգրքի 735-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և պահանջվող գործողությունները չիրականացնելու դեպքում:

 

Հոդված 737. Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը

 

Մաքսային մարմիններն իրականացնում են լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

 

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար որպես մաքսային արժեք հիմք է ընդունվում միջազգային պայմանագրերով սահմանված ձևով առաքողի լրացրած փոստային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքը: Եթե նշված փաստաղթուղթը չի կարող ներկայացվել, ապա մաքսային արժեքի որոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 82-րդ հոդվածն առաջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող կամ նրա լիազորած անձը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 86-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենսգրքի 96-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի արժանահավատությունը կամ դրա որոշման եղանակի ճշտությունը մաքսային մարմինների կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքով (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչև 60 օր ժամկետով բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու պայմանով:».

2) 2.1-ին կետի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 972-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետի «սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարատուի կողմից մաքսային վճարների և սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար երաշխիքի ժամկետով հաշվարկված տույժերի վճարման բանկային կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում՝ մաքսային վճարների վճարումն իրականացվում է ապրանքների բաց թողնումից հետո՝ երաշխիքի գործողության ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բաց թողնման պահից 20 օրացուցային օրվա ընթացքում, որի դեպքում տույժեր չեն գանձվում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ կետերով.

«3. Բանկային կամ վարկային կազմակերպությունների երաշխիքում նախատեսված կամ սույն հոդվածի 2-րդ կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կամ 165-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում տրամադրված երաշխիքի ժամկետը լրանալու օրը մաքսային մարմինները գրավոր դիմում են երաշխիքը տրամադրած բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպություններին, որի հիման վրա բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են մաքսային վճարների և դրանց՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերի վճարումը:

4. Բանկային կամ վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերության կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մաքսային վճարների և դրանց՝ սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը գանձվում են օրենքով սահմանված կարգով:

5. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքում մաքսային վճարների վճարման պարտավորությունը կրում է փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

 

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝

ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.

բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, բայց չի գերազանցում 300 հազ. դրամը.

գ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը, բայց ձեռք բերման արժեքը չի գերազանցում 300 հազ. դրամը:

Սույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:

2. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով՝

ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը.

բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 300 հազ. դրամը:

Սույն կետի «բ» ենթակետով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի և սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:».

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենսգրքի 110-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

 

«9. Մաքսային մարմնի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30 000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր նախնական որոշման համար:»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

 

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) սույն օրենսգրքի 1281-ին հոդվածով նախատեսված դրույթների շրջանակներում հայտարարագրված ապրանքները:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` թղթային, բանավոր, էլեկտրոնային եղանակներով, կամ գործողությամբ` ներկայացնելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև՝ մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Թղթային եղանակով հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած հայտարարագրի ձևի լրացված օրինակը մաքսային մարմին ներկայացնելու միջոցով: Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի և պարունակի բոլոր այն տեղեկությունները, որոնք պահանջվում են ընտրված մաքսային ռեժիմի շրջանակներում:

Բանավոր եղանակով հայտարարագրման ժամանակ անձանց կողմից մաքսային մարմիններին բանավոր հայտարարվում են տեղեկություններ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ: Բանավոր եղանակով հայտարարագրված տեղեկությունները հաշվառվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած դեպքերում և կարգով:

Գործողությամբ հայտարարագրումն իրականացվում է մաքսային սահմանը հատելու պահին առանց հայտարարատուի կողմից որևէ հայտարարության ներկայացման` վերադաս մաքսային մարմին ներկայացված՝ սույն օրենսգրքով սահմանված նախնական տեղեկատվության հիման վրա: Եթե տեղափոխվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն չի ներկայացվել, ապա գործողությամբ հայտարարագրումն իրականացվում է սահմանային անցակետում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ պահանջվող մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ: Գործողությամբ հայտարարագրման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում:

Էլեկտրոնային հայտարարագրումը մաքսային մարմիններ վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով և կարգով տեղեկատվության ներկայացումն է:».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ապրանքները հայտարարագրվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ընդգրկված` իրենց նկարագրին համապատասխանող ծածկագրերով: Եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ հայտարարատուի կատարած հաշվարկի համաձայն դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով այն ապրանքի ծածկագրին, որի համար սույն օրենսգրքով նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն պարբերությամբ սահմանված դրույթի կիրառման դեպքերը և հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Էլեկտրոնային հայտարարագրի ներկայացման ժամանակ մաքսային հսկողության ձևերի ընտրության նպատակով մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված ընտրողականության սկզբունքը:»:

 

Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1281-ին հոդվածով.

 

«Հոդված 1281.

Գործողությամբ հայտարարագրման դեպքերը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող բոլոր այն տրանսպորտային միջոցները (այդ թվում՝ երկաթուղային), որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ, հայտարարագրվում են գործողությամբ:

2. Իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 15 հազ. դրամ կամ դրան համարժեք ձեռք բերման արժեք ունեցող ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:

3. Սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և 2-րդ կետի «ա» ենթակետերով նախատեսված դրույթների շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրականացվող տեղափոխման դեպքում ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բոլոր ապրանքները մինչև համապատասխան մաքսային ռեժիմով ձևակերպումների իրականացումը համարվում են գործողությամբ հայտարարագրված:

5. Վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային մարմիններն իրականացնում են գործողությամբ հայտարարագրված տեղեկությունների հաշվառում:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) անկախ սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետից, միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ապրանքներ ներմուծելիս դրանց հասցեատիրոջը Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված ժամկետում ծանուցելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար հայտարարագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ձևով՝ միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից` առաքողի լրացրած հայտարարագրի հիման վրա, ընդ որում՝ որպես հայտարարատու հանդես է գալիս փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը, եթե ապրանքներ տեղափոխողը ցանկություն չի հայտնում ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը: Եթե ապրանքներ տեղափոխողը ցանկանում է ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը, ապա իրականացնում է դա սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով հայտարարագրման դեպքում կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:

Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, որի կապակցությամբ թղթային եղանակով հայտարարագրման դեպքում մաքսային մարմնի, իսկ էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից մաքսային հայտարարագրի վրա նշվում են գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գրանցված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` թղթային եղանակով հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում: Գրանցված հայտարարագրում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը բանավոր կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով տեղեկացնում է հայտարարատուին նշվածի վերաբերյալ, որի կապակցությամբ հայտարարատուն ներկայացնում է ուղղված հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ:

Հայտարարատուի ստորագրած թղթային կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է ընդունման հերթական համար, և նշվում են ամսաթիվը, ամիսը և տարին: Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի ներկայացման ժամանակ ավտոմատ հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնել մաքսային մարմին` հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:

Հայտարարագրի ընդունումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:

Թղթային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 28. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1341-ին հոդվածով.

 

«Հոդված 1341.

Ապրանքների բաց թողնման ժամկետները

 

1. Ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինների կողմից, երբ հայտարարատուն վճարել է հայտարարագրման արդյունքում առաջացած մաքսային վճարները, պետք է իրականացվի ոչ ուշ, քան հայտարարագրի ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Արտահանում` ազատ շրջանառության համար» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով արտահանվող ապրանքների բաց թողնումն իրականացվում է մաքսային հայտարարագրի ընդունման պահից ոչ ուշ, քան չորս ժամվա ընթացքում: Եթե մաքսային հայտարարագրի ընդունումն իրականացվել է աշխատանքային օրվա ավարտին նախորդող չորս ժամվա ընթացքում, ապա բաց թողնումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից չորս ժամվա ընթացքում:

Սույն կետում նշված ժամկետները ներառում են նաև մաքսային զննման տևողությունը:

2. Նախնական հայտարարագրման դեպքում ապրանքների բաց թողնումն իրականացվում է ոչ ուշ, քան ապրանքները նախնական հայտարարագիրը ընդունած մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

3. Անկախ սույն հոդվածով սահմանված դրույթներից, հայտարարագրի ընդունումից հետո սույն հոդվածով սահմանված ժամկետները մաքսային մարմնի կողմից կարող են կասեցվել, եթե հայտարարատուն չի իրականացրել ապրանքների բաց թողնման համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ միջոցառումները` մինչև մաքսային հսկողության համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետի առաջին նախադասությունը «ընդունումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված դեպքերում` ընդունումից հետո» բառերով, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչև մաքսային հսկողության ուղու ընտրությունը հայտարարագրի մեջ սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտարարատուն կարող է միջնորդություն ներկայացնել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին` հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար և կատարել փոփոխությունները: Մաքսային հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգը և փոփոխման ենթակա տվյալների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:».

2) 2-րդ կետում «Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն, ապա՝» բառերը փոխարինել «Եթե մաքսային մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքներով պարզվում է, որ տեղափոխվող ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա`» բառերով.

3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) մաքսային մարմինները կարող են որոշում կայացնել մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին:».

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Մաքսային հայտարարագիրը կարող է փոփոխվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կամ հայտարարատուի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, կամ հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում անվավեր ճանաչվել մաքսային մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:».

5) 8-րդ կետից հանել «կամ այդպիսի ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար» բառերը.

6) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բաց թողնումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել (ամբողջությամբ կամ մասնակի), փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 148.

Մաքսային ռիսկերի կառավարումը

 

1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգ։

2. Ռիսկերի կառավարման համակարգ է համարվում համապատասխան միջոցների համախումբը, որն ապահովում է ռիսկերի կառավարման գործընթացի անընդհատությունը և ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են տվյալների և տեղեկատվության հավաքումը, ռիսկի նույնականացումը, վերլուծությունն ու գնահատումը, ռիսկերի պրոֆիլավորումը, ընտրողականությունը, ինչպես նաև գործընթացի և վերջինիս արդյունքների պարբերական վերահսկումն ու վերանայումը։

3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության խախտումների կանխարգելմանը և նվազեցմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

4. Ռիսկերի կառավարման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի կառավարման գործընթացը:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ այդ ապրանքների դասակարգումն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի իրականացնում է մաքսային մարմինը» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգրքի 159-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 159.

Ապրանքի ծագման որոշումը

 

1. Ապրանքներին ըստ ծագման տրամադրվում է ոչ արտոնյալ ծագման կարգավիճակ կամ արտոնյալ ծագման կարգավիճակ:

2. Ապրանքների ոչ արտոնյալ ծագումը նշանակում է՝

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնությունների կիրառման դեպքերը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառություն.

գ) ապրանքների ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրում:

3. Ապրանքների արտոնյալ ծագումը նշանակում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակներում:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման հավաստագրերի կամ վկայականների տրամադրման նպատակով:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «քան 30 օր» բառերը փոխարինել «քան ապրանքների բաց թողնումից հետո՝ 20 օր» բառերով:

 

Հոդված 34. Օրենսգրքի 182-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը մյուս տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրվում է հայտարարատուի կողմից:

Ապրանքների դասակարգումն իրականացվում է միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների և վերադաս մաքսային մարմնի սահմանած ապրանքների դասակարգման հիմնական կանոնների հիման վրա` ապրանքներն արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի խմբերին վերագրելու միջոցով:

Հայտարարագրված ապրանքների ծածկագրերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում ծածկագրի վերջնական որոշման լիազորությունը վերապահվում է վերադաս մաքսային մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովին:»:

 

Հոդված 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 36. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դրույթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-46-Ն