ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մարտի 11-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին հոդվածով.
«Հոդված 103.1. | Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը և քննարկումը |
1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ և մեկամսյա ժամկետում ընդգրկում Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
1) մինչև 1 ժամ տևողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) հաղորդման քննարկումն ավարտվում է Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. մարտի 21 Երևան ՀՕ-3-Ն |