Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-273-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (03.12.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.23/63(866) Հոդ.1564
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.11.2011
Дата вступления в силу
03.12.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ հասկացություններով.

«ջրաղբյուր` Հայաստանի Հանրապետության գետերի ջրերը, ստորերկրյա ջրերը, մակերեսային տեղական հոսքի ջրերը, որոնք հավաքվում են բնական կամ արհեստական ջրամբարներում, չորացման համակարգի ցամաքուրդային (դրենաժային) ջրերը.

ոռոգման ջուր` ոռոգման նպատակով օգտագործվող և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջրային ռեսուրս, որը կարող է լինել ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա.

ոռոգման համակարգ` Հայաստանի Հանրապետության ջրային համակարգի մի մասը, որն ընդգրկում է ոռոգման և ցամաքուրդային (դրենաժային) ջրատարներ, ջրանցքներ, ջրանցույցներ, դյուկերներ, ստորասրահներ, արագահոսներ, թունելներ, ջրանկումներ, հեղեղատարներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, արտեզյան և շատրվանող հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ծառայողական ճանապարհներն իրենց օտարման գոտիներով, շենք-շինություններով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

 

«Հոդված 55.1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը

 

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը կարող է իրականացվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մի մասը` անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով, այդ գույքը նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնական մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակը` վերադարձնելու պայմանով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 61-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.

 

«Հոդված 61.1. Պետական և համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգը

 

Ոռոգման համակարգը ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգվում է`

1) մայրուղային ոռոգման համակարգ` ջրային աղբյուրից սկիզբ առնող միջհամայնքային, տնտեսային կամ ներտնտեսային ոռոգման համակարգերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (առաջին կարգի (հիմնական) ջրատարներ և պոմպակայաններ, մայր ջրանցքներ).

2) ոռոգման միջհամայնքային (միջտնտեսային) համակարգ` մայրուղային ոռոգման համակարգից սկիզբ առնող մեկից ավելի համայնքների ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երկրորդ կարգի ջրանցքներ և պոմպակայաններ).

3) ոռոգման տնտեսային համակարգ` մայրուղային կամ միջտնտեսային ոռոգման համակարգերից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երրորդ կարգի ջրանցքներ).

4) ոռոգման ներտնտեսային համակարգ` տնտեսային ոռոգման համակարգերից, ինչպես նաև տեղական ջրաղբյուրներից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողատարածքներին ոռոգման ջուր բաշխող համակարգ (չորրորդ կարգի ջրանցքներ կամ բաշխիչ ցանցեր):

Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական սեփականություն համարվող երրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին:

Պետական սեփականություն համարվող չորրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքին, ջրամատակարարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 61.2. Ոռոգման համակարգի կառավարումը

 

Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի և (կամ) մասնավոր կառավարման միջոցով:

Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել մասնակցային կառավարման միջոցով Ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով:

Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման համակարգի օգտագործման նախապատվության իրավունք:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 9-րդ գլխի վերնագրում «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 71-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71.1-ին հոդվածով.

 

«Հոդված 71.1. Ոռոգման համակարգի մասնակցային կառավարումը

 

Ոռոգման ջրամատակարարման մասնակցային կառավարումն իրականացվում է Ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների միջոցով:

Ջրօգտագործողները կարող են միավորվել` օրենքով սահմանված կարգով հիմնադրելով Ջրօգտագործողների ընկերություններ, իսկ Ջրօգտագործողների ընկերությունները` Ջրօգտագործողների ընկերությունների միություններ:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2011 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-273-Ն