ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուրիրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Դ. Բալայան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ1/1136/01/23 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
Հ. Գրիգորյանի Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
14 մարտի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Անդրանիկ Սերգեյի Ազատյանի և Արտաշ Ստյոպայի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 396–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14161323 քրեական վարույթը։
2023 թվականի մարտի 29-ին Անդրանիկ Սերգեյի Ազատյանը և Արտաշ Ստյոպայի Պողոսյանը ձերբակալվել են։
2023 թվականի մարտի 30-ին Ա.Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և 2023 թվականի մարտի 31-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
2023 թվականի մարտի 30-ին Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և 2023 թվականի մարտի 31-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 31-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով, և բացակայելու արգելք։
2023 թվականի օգոստոսի 9-ին Ա.Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում և 2023 թվականի օգոստոսի 10-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
2023 թվականի օգոստոսի 9-ին Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում և 2023 թվականի օգոստոսի 10-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ թիվ 14161323 քրեական վարույթից անջատվել է մաս, որին շնորհվել է 14847123 համարը։
Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Ավդալյանի՝ 2023 թվականի օգոստոսի 22–ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցներից տնային կալանքը վերացվել է, իսկ բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։
2023 թվականի օգոստոսի 22-ին քրեական վարույթը՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Առաջին ատյանի դատարան։
1.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ազատյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոց։
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով մեղադրյալ Ա.Ազատյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ազատյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 6 (վեց) ամիսը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Նույն դատավճռով Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պողոսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 4 (չորս) ամիս 24 (քսանչորս) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 6 (վեց) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
3. Դատախազ Ե.Աբովյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձը գտել է, որ, մեղադրյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել վերջիններիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չեն տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն։
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալներին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:
Բողոքաբերն արձանագրել է նաև, որ խոշոր չափերով՝ ընդհանուր 46.47 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի և մանր չափերով՝ 0.62 գրամ «Տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցները նախատեսված են եղել շուրջ հինգ տասնյակ տարբեր անձանց իրացնելու համար:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալների նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չեն։ Անդրադառնալով մեղադրյալների անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես՝ երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն, անկեղծորեն զղջալուն, հանցագործության բացահայտմանն աջակցելուն, Ա.Ազատյանի կնոջ 4 շաբաթական հղիություն ունենալուն և Ա.Պողոսյանի խնամքին 2 մանկահասակ երեխայի առկայությանը, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրանց նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Անդրանիկ Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) նա, խախտելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, Արտաշ Ստյոպայի Պողոսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից 2023 թվականի մարտի 28-ին Երևան քաղաքի Նորագավիթում՝ ստույգ չպարզված վայրում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել ընդհանուր խոշոր չափերով՝ 46.47 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 0.62 գրամ քաշով «տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, որոնք 2023 թվականի մարտի 28-ին հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում կատարված վերջիններիս անձնական խուզարկությամբ և Ծիծեռնակաբերդի խճուղու ու «Կորեայի Ձոր» կոչվող վայրի տարածքում կատարված ցուցմունքը տեղում ստուգելու գործողություններով»1։
7.1. Արտաշ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) նա, խախտելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է` չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, Անդրանիկ Սերգեյի Ազատյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից 2023 թվականի մարտի 28-ին Երևան քաղաքի Նորագավիթում՝ ստույգ չպարզված վայրում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել ընդհանուր խոշոր չափերով՝ 46.47 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 0.62 գրամ քաշով «տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, որոնք 2023 թվականի մարտի 28-ին հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում կատարված վերջիններիս անձնական խուզարկությամբ և Ծիծեռնակաբերդի խճուղու ու «Կորեայի Ձոր» կոչվող վայրի տարածքում կատարված ցուցմունքը տեղում ստուգելու գործողություններով»2։
8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալներ Ա.Ազատյանին և Ա.Պողոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը մեղադրյալների նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրանց կատարած հանցագործության բնույթը, եղանակն ու նպատակը, դիտավորության աստիճանը, հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի վրա ազդեցությունը, այնպես էլ նրանց անձը բնութագրող տվյալները. այն, որ երկուսն էլ երիտասարդ են, դատված չեն եղել, հարևանների կողմից բնութագրվում են բացառապես դրական հատկանիշներով: «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնից տրված փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Ա.Ազատյանի կինը՝ Էլեն Տոնոյանն ունի 4 շաբաթական հղիություն: Բացի այդ, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փաստաբան Արթուր Պետրոսյանին հասցեագրված գրության համաձայն՝ Անդրանիկ Ազատյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն նրա վերաբերյալ իրականացվող թիվ ԵԴ1/1136/01/23 քրեական վարույթով պայմանավորված նա չի զորակոչվել (...):
Դատարանը (...) որպես մեղադրյալ Արտաշ Պողոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում նրա խնամքին գտնվող երկու մանկահասակ երեխաների՝ 08.07.2022 թվականին ծնված՝ Օվսաննա Արտաշ Պողոսյանի և 22.02.2024 թվականին ծնված՝ Տաթև Արտաշ Պողոսյանի առկայությունը: Բացի այդ, թե՛ Արտաշ Պողոսյանը, թե՛ Անդրանիկ Ազատյանն աջակցել են հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն, ինչն արտահայտվել է նրանով, որ վարույթն իրականացնող մարմնին հայտնել են այն տելեգրամյան կայքէջը, որի միջոցով իրացման նպատակով ձեռք են բերել թմրանյութը, մատնացույց են արել այն բոլոր վայրերը, որտեղ տեղադրել են թմրանյութ, ինչի արդյունքում հայտնաբերվել է թմրանյութի 10 փաթեթ, հայտնել են իրենց պատկանող բջջային հեռախոսների և դրանցում առկա հավելվածների գաղտնաբառերը, ինչի շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը լրացուցիչ ջանքեր չի գործադրել այդ ուղղությամբ: Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի վերոնշյալ գործողությունները վկայում են նաև այն մասին, որ վերջիններս անկեղծորեն զղջացել են իրենց կատարած արարքների համար (...):
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք առկա չեն:
(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ Անդրանիկ Ազատյանը բնութագրվում է որպես խելացի, համեստ, կենսուրախ, հավասարակշռված, կարգապահ երիտասարդ, օժտված է մարդկային բարձր արժեքներով՝ հարգանք թե՛ մեծերի և թե՛ փոքրերի նկատմամբ, շրջապատում վայելում է բոլորի սերն ու հարգանքը, իսկ Արտաշ Պողոսյանը բնութագրվում է որպես դրական անձնավորություն, հարգանք է վայելում հարևանների կողմից, ինչը վկայում է, որ նրանց վերասոցիալականացմանը կարելի է հասնել առանց պատիժը կրելու: Սրա հետ մեկտեղ դատարանը կարևորում է նաև մեղադրյալների կողմից հանցագործությունից հետո դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ մեղադրյալները ներկայացված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել են խոստովանական ցուցմունքներ, մասնակցել են ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողությանը և մատնացույց են արել այն վայրերը, որտեղ տեղադրել են թմրամիջոցները, ինչի շնորհիվ հայտնաբերվել է 10 փաթեթ թմրամիջոց, զղջացել են կատարածի համար, ազատության մեջ գտնվելու ընթացքում որևէ կերպ չեն խոչընդոտել գործի քննությանը, որպիսի հանգամանքները նույնպես կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Ուշադրության է արժանի նաև այն, որ մեղադրյալ Արտաշ Պողոսյանի խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխա, իսկ մեղադրյալ Անդրանիկ Ազատյանի կինը՝ Էլեն Տոնոյանն ունի հղիություն, հետևաբար մեղադրյալների նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց ընտանիքի կյանքի պայմանների վրա:
Հիշյալ հանգամանքները համադրելով մեղադրյալներից յուրաքանչյուրի անձին վերաբերող մյուս տվյալների հետ, դատարանը գտնում է, որ առաջին անգամ 19 տարեկան հասակում հանցագործություն կատարած և դրա մասին անկեղծորեն զղջացող Անդրանիկ Ազատյանի և 20 ամյա՝ Արտաշ Պողոսյանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Տվյալ դեպքում կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (...)»3։
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով մեղադրյալ Անդրանիկ Ազատյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն, զղջացել է կատարած արարքի համար), անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (երիտասարդ է, դատված չի եղել, բնութագրվում է դրականորեն, կինն ունի 4 շաբաթական հղիություն, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը։
Անդրադառնալով մեղադրյալ Արտաշ Պողոսյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն, զղջացել է կատարած արարքի համար, վերջինիս խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաներ), անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (երիտասարդ է, դատված չի եղել, բնութագրվում է դրականորեն), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը։
Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալներ Արտաշ Պողոսյանի և Անդրանիկ Ազատյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրանց կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալներ Արտաշ Պողոսյանի և Անդրանիկ Ազատյանի նկատմամբ նշանակված պատժում և նման պարագայում վերաքննիչ բողոքի փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (…)»4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1-ին մասի ուժով, անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի ինչպես հանցագործության բնույթը, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, այնպես էլ հանցավորի տարիքից բխող բարոյահոգեբանական առանձնահատկությունները, նրա կյանքի և դաստիարակության պայմանները:
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝ «1.Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` (...)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) շահադիտական դրդումներով,
3) խոշոր չափերով,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրանց մեղադրանք է ներկայացվել8:
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Անդրանիկ Ազատյանի և Արտաշ Պողոսյանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին9։
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ10։
14. Սույն վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալների կամ նրանց կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալների կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալներին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով,
բ) հանցավորների հոգեբանական վերաբերմունքն իրենց արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալները գործել են ուղղակի դիտավորությամբ,
գ) մեղադրյալների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված, երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքների կատարումը, մասնավորապես այն, որ մեղադրյալներն ապօրինի ձեռք են բերել, պահել և տեղափոխել թմրամիջոցները,
դ) մեղադրյալների արարքում միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երեք ծանրացնող հանգամանքների առկայությունը, մասնավորապես արարքները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խոշոր չափերով կատարելը։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցագործության և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի բարձր լինելու մասին է վկայում անձի արարքում հանցակազմը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքների առկայությունը, հետևաբար դա նույնպես պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս ու այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս11։
ե) հանցագործության առարկաները և դրանց չափը, մասնավորապես այն, որ մեղադրյալներին մեղսագրվում է երկու տեսակի՝ «մարիխուանա» և «տետրահիդրոկանաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով, որոնցից «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի քաշը՝ 46.47 գրամը, առավել մոտ է թմրամիջոցի տվյալ տեսակի խոշոր չափի վերին շեմին,
զ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալները տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից Երևան քաղաքի Նորագավիթում՝ ստույգ չպարզված վայրում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել, ապօրինի պահել և ապօրինի տեղափոխել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են վերջիններիս անձնական խուզարկությամբ, Ծիծեռնակաբերդի խճուղու ու «Կորեայի Ձոր» կոչվող վայրի տարածքում կատարված ցուցմունքը տեղում ստուգելու գործողություններով։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։
17․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
18. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, այդ թվում նաև՝ մեղադրյալների տարիքը (հանցանքը կատարելու պահին Ա.Ազատյանը եղել է 19 տարեկան, Ա.Պողոսյանը՝ 20 տարեկան), նախկինում դատված չլինելը, Ա.Պողոսյանի խնամքին երկու մանկահասակ երեխայի առկայությունը, Ա.Ազատյանի կնոջ հղի լինելը, ներկայացված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր ճանաչելը, հանցագործությունը բացահայտելուն, գործով ապացույց ձեռք բերելուն աջակցելը, կատարած արարքների համար զղջալը, քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են բացառիկ այնպիսի հանգամանքներ, որոնք այն աստիճան են նվազեցրել մեղադրյալների հանրային վտանգավորության աստիճանը, որ վերջիններիս նկատմամբ անհրաժեշտ է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 84-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատժի և այն պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ազատյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով անհրաժեշտ է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, որին ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ պետք է հաշվակցել Ա.Ազատյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 6 (վեց) ամիսը, և թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։
Միևնույն ժամանակ, Ա.Պողոսյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով անհրաժեշտ է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, որին ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ պետք է հաշվակցել Ա.Պողոսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 4 (չորս) ամիս 24 (քսանչորս) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 6 (վեց) օր ժամկետով՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։
Ա.Ազատյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժների կրման սկիզբն անհրաժեշտ է հաշվել վերջիններիս փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Անդրանիկ Սերգեյի Ազատյանի և Արտաշ Ստյոպայի Պողոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 16-ի որոշումը փոփոխել։
2. Անդրանիկ Սերգեյի Ազատյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, որին ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով հաշվակցել անազատության մեջ գտնվելու ժամկետը` 6 (վեց) ամիսը, և Անդրանիկ Սերգեյի Ազատյանին թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Պատժի կրման սկիզբը հաշվել Անդրանիկ Սերգեյի Ազատյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Արտաշ Ստյոպայի Պողոսյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, որին ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով հաշվակցել անազատության մեջ գտնվելու ժամկետը` 4 (չորս) ամիս 24 (քսանչորս) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 6 (վեց) օր ժամկետով։
Պատժի կրման սկիզբը հաշվել Արտաշ Ստյոպայի Պողոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 72-73։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 74-75։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 135-145։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 40-52։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-7.1-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոստամ Բրոյանի և մյուսների գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԱՐԱԴ1/0023/01/15 որոշման 17-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. Գրիգորյան |
Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
