ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1382-Ա |
«14» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Ապավեն Հարությունյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Գառնիկ Ստեփանյանի 2025 թվականի մարտի 14-ի թիվ Դ-27098-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 11-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և լսումներին ներկայացել են Ապավեն Հարությունյանը և փաստաբան Գառնիկ Ստեփանյանը:
Ուսումնասիրելով Ապավեն Հարությունյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Գառնիկ Ստեփանյանի 2025 թվականի մարտի 14-ի թիվ Դ-27098-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, վարույթի լսումների մասին 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի մարտի 13-ի թիվ Դ-27098-25 դիմումով (այսուհետ՝ Դիմում) Ապավեն Հարությունյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Գառնիկ Ստեփանյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/2164/05/22 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 27-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մարտի 31-ին տրված թիվ 22-001Պ փորձագետի՝ ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ իրավաչափ ճանաչված վարչական ակտի հիման վրա Ապավեն Հարությունյանի կողմից կառուցված շինությունը քանդելու արդյունքում վերջինիս պատճառված նյութական վնասը, որը կազմում է 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշման 1-ին կետով որոշվել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բետոնե հիմքով, մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով կառուցված շինությունը։
Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշման 2-րդ կետով որոշվել է հանձնարարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բետոնե հիմքով, մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով կառուցված շինությունն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 2022 թվականի հունվարի 24-ի թիվ 51/6736 գրության համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ իրականացվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինության քանդման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշմամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/2164/05/22 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 27-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) Ապավեն Հարությունյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, այն է՝ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշումը և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, Վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումներ ըստ էության չեն իրականացվել, և Ապավեն Հարությունյանը նման լսումների մասին չի ծանուցվել, հաստատված է համարել, որ Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշմամբ խախտվել է Ապավեն Հարությունյանի՝ վարչական վարույթով լսված լինելու իրավունքը:
«Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մարտի 31-ին տրված թիվ 22-001Պ փորձագետի՝ ապրանքագիտական եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցին քանդման հետևանքով պատճառված վնասի չափի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների շուկայական արժեքը, գնահատման օրվա՝ 2022 թվականի փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ նույն օրենքի յոթերորդ բաժնի դրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյո՞ք դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ.
1) Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների հետևանքով Ապավեն Հարությունյանը կրել է վնաս,
2) Ապավեն Հարությունյանի կրած վնասը կազմում է 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումար,
3) Ապավեն Հարությունյանի կրած՝ 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը հանդիսանում է Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը,
4) Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների անվավերության և 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից:
Քննարկվող իրավահարաբերությունների ծագման ժամանակահատվածում (ինքնակամ կառույցի իրականացում և քանդում) գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաև արգելք չէ նույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հետևանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև այն դեպքերում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի վարձած վարչական ակտին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դիմումով ներկայացված՝ վնասի հատուցման պահանջի հիմքում դրված Վճռով Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշումն անվավեր է ճանաչվել վարույթով լսված լինելու իրավունք սահմանող օրենսդրական պահանջը չկատարելու հիմքով, ինչից հետևում է, որ Վճռով գնահատվել է Ապավեն Հարությունյանի՝ վարույթով լսված լինելու իրավունքը և հաստատվել է այդ իրավունքի խախտումը, ինչը չի կարող նույնացվել գույքային իրավունքի, առավել ևս՝ սեփականության իրավունքի խախտման (գույքի կորուստ կամ վնասվածք) փաստը հիմնավորող ապացույցի հետ, հետևաբար կարելի է փաստել, որ Վճռով չի հիմնավորվում վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտի և Դիմումով պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, առավել ևս չի հիմնավորվում ենթադրյալ վնասը ոչ իրավաչափ վարչական ակտի անմիջական, անխուսափելի և ուղղակի հետևանքը հանդիսանալու փաստական հանգամանքը:
Ապավեն Հարությունյանի կողմից Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ շինությունը կառուցված է եղել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ ինքնակամ, որպիսին, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված նորմերի կիրառմամբ, կարող էր ճանաչվել բացառապես Երևան համայնքի սեփականությունը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Վճռով չի հաստատվել Ապավեն Հարությունյանի կողմից Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունն Օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով օրինական ճանաչման ենթակա լինելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որպես վնաս դիտարկել է խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսը, գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները (բաց թողնված օգուտ), հետևաբար Դիմումով ներկայացված պահանջի քննարկման շրջանակներում ենթակա է պարզման, թե Ապավեն Հարությունյանը ո՞ր իրավունքի վերականգնման նպատակով որքա՞ն ծախս է կրել, ի՞նչ գույք կամ գույքային իրավունք է ունեցել, որը կորսվել է Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշման արդյունքում, ի՞նչ ապացույցներով է հիմնավորվում խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսի առկայությունը, վնասված կամ կորսված գույքի կամ գույքային իրավունքի օրինականությունն ու պատկանելիությունը:
Դիմումում նկարագրված փաստարկներից պարզվում է, որ դիմումատուի կողմից, որպես վնասված կամ կորսված (քանդված) գույք ներկայացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի, այն է՝ ինքնակամ կառուցված շինությունը, ինչը թույլ է տալիս փաստելու, որ այն չի համապատասխանել նոր անշարժ գույք ստեղծելու, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու և այն պետական գրանցման ենթարկելու, այն է՝ անշարժ գույքի կարգավիճակն ու պատկանելությունը որոշելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի պահանջներին, հետևաբար դրա քանդման արդյունքում Ապավեն Հարությունյանը նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով գույքի կորուստ կամ վնասվածք (իրական վնաս) չի ունեցել:
Դիմումի բովանդակությունից հետևում է, որ դիմումատուի ընդհանրական դիրքորոշումը հանգում է նրան, որ պահանջվող վնասն առաջացել է իր կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրենքի խախտմամբ, այն է՝ առանց հողօգտագործման և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ շինությունը հողամասի սեփականատիրոջ կողմից քանդելու արդյունքում, մինչդեռ գործելով օրենքի խախտմամբ, այդ թվում՝ խախտելով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը, Ապավեն Հարությունյանի մոտ չէր կարող առաջանալ ողջամիտ համոզմունք, որ իր կողմից ստեղծվում է օրինական նոր գույք, որի նկատմամբ ձեռք է բերվելու սեփականության իրավունք, այսինքն՝ Ապավեն Հարությունյանը, թույլ տալով համայնքի՝ հողամասի սեփականության իրավունքը սահմանող և քաղաքաշինական գործունեություն իրականացնելուն առաջադրված իրավանորմերի խախտումներ, գիտակցել է կամ կարող էր (պարտավոր էր) գիտակցել իր կողմից կատարվող ծախսերի կորստի ռիսկը, որպիսին վնասի առաջացման և փոխհատուցման իրավական հետևանքի չի կարող հանգեցնել:
Ինչ առնչվում է դիմումատուի կողմից պահանջված ենթադրյալ վնասը 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ներկայացնելուն, ապա այն անհրաժեշտ է գնահատման ենթարկել Եզրակացության հետ միասին, քանի որ նշված գումարը ձևավորվել է փորձագետի կողմից Եզրակացության մեջ նշված հետազոտության և հաշվարկների արդյունքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ Դիմումով ներկայացված՝ 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորվել է Եզրակացությամբ, հետևաբար նշված պահանջի իրավաչափությունը ենթակա է գնահատման ներկայացված Եզրակացության ապացուցողական նշանակությունը պարզելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Եզրակացության 2-րդ էջի 2-րդ պարբերության համաձայն՝ փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետևյալ հարցը. «Որոշել վստահորդիս կողմից Երևան քաղաքի, Շերամի փողոցի 51/2 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի քանդման հետևանքով պատճառված վնասի չափի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների և նյութածախսի շուկայական արժեքները, հաշվի առնելով նաև մեր կողմից Ձեզ ներկայացված աշխատանքների ու նյութածախսի ամփոփ ցուցակը և թվով երկու լուսանկարները:»:
Եզրակացության «Հետազոտություն» բաժնի 3-րդ պարբերության համաձայն՝ զննության ժամանակ մասնակիցները (Ապավեն Հարությունյանը և վերջինիս լիազորված անձ՝ Գառնիկ Ստեփանյանը) պարզաբանել են իրենց կողմից կատարված շինարարական և հողային աշխատանքների և շինարարության ավարտի ժամկետները, ինչից հետևում է, որ փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալներն իրենցից ներկայացնում են գործով շահագրգիռ անձ հանդիսացող Ապավեն Հարությունյանի բանավոր հայտարարություններն ու տեղեկատվությունը:
Եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցին քանդման հետևանքով պատճառված վնասի չափի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների շուկայական արժեքը, գնահատման օրվա՝ 2022 թվականի փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: Նշված արժեքը որոշելու նպատակով փորձագետն օգտվել է անձնական բազայում ունեցած նյութերի և վերանորոգման աշխատանքների արժեքների վերաբերյալ տվյալներից, շուկայում նմանատիպ աշխատանքներ իրականացնող կազմակերպություններից ստացված բանավոր տեղեկատվությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N 41-Ն հրամանով հաստատված` գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ինտերնետային կայքում հրապարակված՝ «Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների կողմնորոշիչ գների մասին» 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների տվյալներից:
Եզրակացության բովանդակության հետազոտությամբ պարզվում է, որ 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասն իրենից ներկայացնում է Երևան քաղաքի, Շերամի փողոցի 51/2 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի քանդման հետևանքով, այդ կառույցին պատճառված վնասի չափի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքների և նյութածախսի շուկայական արժեքները, հետևաբար՝ նախքան Եզրակացության ապացուցողական նշանակության գնահատմանն անդրա-դառնալը, անհրաժեշտ է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 97-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերի լույսի ներքո դիտարկել և դրանցով սահմանված պահանջներից ելնելով բացահայտել ինքնակամ կառույցի քանդման հետևանքով դրան պատճառված վնասի վերականգնման իրավական թույլատրելիությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 97-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումը հանգում է նրան, որ եթե իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, իսկ քննարկվող պարագայում Դիմումով պահանջվում է ինքնակամ կառույցի քանդման հետևանքով պատճառված վնասի չափի վերականգնման համար անհրաժեշտ գումարը և ենթադրվող վերականգնումը պահանջում է համապատասխան հողօգտագործման իրավունքի և քաղաքաշինական փաստաթղթերի առկայություն, որոնց դիմումատուն չի տիրապետում, ապա հարկ է փաստել, որ ինքնակամ կառույցը վերականգնելն ուղղակիորեն հակասում է քաղաքաշինական գործունության ոլորտում հանրային հարաբերությունները կարգավորող իրավանորմերին և առկա փաստական հանգամանքների հաշվառմամբ ակնհայտ է ակնկալվող վերականգնումն իրավական հիմքերով անհնար լինելու օրենսդրական պայմանի առկայությունը, որի պարագայում՝ բացառվում է նախկին դրությունը վերականգնելու եղանակով ենթադրյալ վնասի հետևանքները վերացնելու տարբերակը: Նշվածի համատեքստում՝ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Ապավեն Հարությունյանը, չհանդիսանալով Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությամբ զբաղեցված հողամասի սեփականատեր, չի կարող հանդես գալ այդ հողամասի կառուցապատման սուբյեկտ:
Ինչ վերաբերում է Դիմումով պահանջված վնասի հատուցումը դրամական միջոցներով հատուցելուն, ապա Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի, ամբողջական, օբյեկտիվ, այդ թվում՝ միմյանց հետ համադրելու եղանակով գնահատելու արդյունքում պարզվում է, որ Ապավեն Հարությունյանը, չհանդիսանալով խնդրո առարկա հանդիսացած ինքնակամ կառույցի նկատմամբ որևէ գույքային իրավունք ունեցող անձ, դրա քանդման արդյունքում չի կրել գույքի կորստի կամ վնասվածքի ձևով դրսևորված վնաս, հետևաբար ենթադրյալ վնասը դրամական միջոցներով հատուցելու փաստական և իրավական հիմքեր առկա չեն: Ավելին՝ Վճռով չի հաստատվել Ապավեն Հարությունյանի որևէ գույքային իրավունքի խախտումը, ինչ առնչվում է ինքնակամ կառույցի իրավական կարգավիճակի պարզմանն ուղղված վարույթին, ապա դրա շրջանակներում ևս չի ծագել վերջինիս գնման նախապատվության իրավունքը, քանի որ տվյալ կառույցն օրինական ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտով ճանաչված չէ օրինական:
Ի հիմնավորումն վնասի հատուցման պահանջի ներկայացված Եզրակացությունը հանդիսանում է ոչ վերաբերելի ապացույց, քանի որ դրա գնահատման առարկան հանդիսացել են ապագայում ստեղծվելիք գույքի համար անհրաժեշտ աշխատանքների և նյութածախսի շուկայական արժեքները, ինչից հետևում է, որ Եզրակացության ուսումնասիրության առարկան չի հանդիսացել քանդված ինքնակամ կառույցը, ավելին՝ փորձաքննությունն իրականացվել է ինքնակամ կառույցը քանդված լինելու և ոչ հավաստի (պայմանական) տվյալներ հաշվի առնելու պայմաններում, ինչից հետևում է, որ Եզրակացության գնահատման առարկան նույնական չէ Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա որոշման հիման վրա քանդված՝ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 51/2 հասցեի հարևանությամբ կառուցված շինության հետ, իսկ Եզրակացությամբ ներկայացված հետևությունները զուրկ են օբյեկտիվությունից:
Եզրակացությունը հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց, քանի որ դրա հիմ-քում դրվել են փորձաքննությանը դիմած կողմի բանավոր հայտարարությունները, որպիսիք ամրապնդված չեն այլ հիմնավոր ապացույցներով, Եզրակացությունը կազմված է համե-մատական սկզբունքով, որի կիրառմամբ, սակայն առանց կառուցապատման նախագծի, շինարարության նախահաշվի, շինարարության վարման մատյանի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետազոտման, կատարված եզրահանգումները չեն կարող արտացոլել օբյեկտիվ իրականությունը, ինչից հետևում է, որ փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալները զուրկ են հավաստիությունից, ինչը բացասական է անդրադառնում նաև Եզրակացության փաստարկվածության աստիճանի և օբյեկտիվության վրա:
Այսպիսով՝ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում ստացված ապացույցների և Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգա-մանքների ամբողջական գնահատման և հետազոտման արդյունքում կարելի է փաստել, որ Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների անվավերությունն Ապավեն Հարությունյանի համար չի առաջացրել գույքի կորստի կամ վնասվածքի, ինչպես նաև խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսի տեսքով և 9.100.000 (ինը միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնաս, քանի որ վարույթով չի ապացուցվել Դիմումով պահանջված վնասը Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների անվավերության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու, ինչպես նաև ոչ իրավաչափ վարչական ակտերի և Դիմումով պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վարչարարությամբ չի հիմնավորվել Դիմումով ներկայացված պահանջի իրավաչափությունը, չի ապացուցվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/2164/05/22 վարչական գործով 2023 թվականի մարտի 31-ի վճռով անվավեր ճանաչված որոշումների և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի ապացուցվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 4501-Ա և 2022 թվականի փետրվարի 25-ի N 669-Ա որոշումների ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի, 172-րդ հոդվածի 1-ին մասի, 173-րդ հոդվածի, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ և 98-րդ հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Ապավեն Հարությունյանի ներկայացուցիչ Գառնիկ Ստեփանյանի` վնասի հատուցման պահանջի մասին 2025 թվականի մարտի 14-ի թիվ Դ-27098-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
