ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 1970 թվականի N 28
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Պետշինի ներկայացրած` Հայկական ՍՍՀ Գյուղական բնակավայրերի կառուցապատման առդիր կանոնները
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թ. հունվարի 23-ի N 28 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
Գյուղական բնակավայրերի կառուցապատման սույն Կանոնները նպատակ ունեն գործող օրենքների, դրույթների, շինարարական նորմաների ու կանոնների և գյուղերի վերակառուցման աշխատանքի առաջավոր փորձի ընդհանրացման հիման վրա`
սահմանել գյուղական բնակավայրերում շինարարության տեղաբաշխման և նախագծային փաստաթղթերի ձևակերպման կարգը.
սահմանել հողամասերի առանձնացման և օգտագործման կարգը.
կոնկրետացնել այն պահանջները, որ ներկայացվում են գյուղական բնակավայրերի շինարարությանը և արտադրական տերիտորիաների կառուցապատմանը, բարեկարգմանն ու կանաչապատմանը,
որոշել կառուցապատողների և գյուղական վայրերում կառուցապատման նկատմամբ վերահսկողություն իրագործող մարմինների իրավունքներն ու պարտականությունները:
I. Ընդհանուր դրույթներ
1. Գյուղական բնակավայրերի կառուցապատման սույն Կանոնները պարտադիր են գյուղական բնակավայրերում ամեն տեսակ շինարարություն և բարեկարգում իրագործող բոլոր պետական, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների համար, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, ինչպես նաև անհատական կառուցողների համար:
2. Գյուղական բնակավայրերի կառուցապատման Կանոնները հիմնական ղեկավար փաստաթուղթ է գյուղական բնակավայրերի հատակագծում, կառուցապատում, բարեկարգում և կանաչապատում կատարող մարմինների և պաշտոնատար անձանց համար:
3. Գյուղական բնակավայրերի կառուցապատման ընդհանուր ղեկավարումն իրագործում է Հայկական ՍՍՀ Պետշինը` համապատասխան գյուղատնտեսական մարմինների մասնակցությամբ:
4. Գյուղական բնակավայրերի նախագծա-հատակագծման փաստաթղթերի մշակման, շինարարության, բարեկարգման և կանաչապատման ղեկավարությունը, շինարարության և հողամասերի առանձնացման թույլտվություններ տալու նկատմամբ հսկողությունը, շինարարությունը ճիշտ տեղաբաշխելու և հողամասերի առանձնացման փաստաթղթերը ձևակերպելու գործի վերահսկողությունը և հողամասերի օգտագործման վերահսկումը իրագործում են աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմները:
5. Շրջանի տերիտորիայում շինարարության բոլոր տեսակները (արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքացիական, կոմունալ և այլն) թե բնակավայրերի սահմաններում, թե դրանց սահմաններից դուրս, ինչպես նաև բարեկարգման միջոցառումները կարող են կատարվել աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի գիտությամբ` շրջանային ճարտարապետի վերահսկողության ներքո և սույն Կանոններով նախատեսված պահանջների անպայման կատարմամբ:
6. Գյուղական բնակավայրերի կառուցապատման և բարեկարգման նկատմամբ վերահսկողությունն իրագործում են աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական (ավանային) սովետների գործկոմները:
Գյուղական բնակավայրերը հաստատված նախագծերին համապատասխան ճիշտ կառուցապատելու և բարեկարգելու համար ամբողջ պատասխանատվությունը կրում են շրջանային ճարտարապետները և Պետական ճարտարապետական-շինարարական վերահսկողության ինժեներ-տեսուչները:
7. Գյուղական բնակավայրերի հատակագծման, կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման հետ կապված բոլոր հարցերի լուծման համար աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին կից ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործկոմի նախագահը կամ նրա տեղակալը (հանձնաժողովի նախագահ), շրջանային ճարտարապետը, գլխավոր (ավագ) հողաշինարարը և Պետական ճարտարապետական-շինարարական վերահսկողության շրջանային օղակի, շրջանային կոմունալ մարմինների, շրջանային սանէպիդկայանի և հրշեջ հսկողության տեսչության ներկայացուցիչները:
Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվում են աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական (ավանային) սովետների դեպուտատներ և ներկայացուցիչներ, շահագրգռված գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարներ և մասնագետներ: Ճարտարապետության համար տերիտորիա ընտրելիս հանձնաժողովի կազմի մեջ մտցվում է նախագծային կազմակերպության ներկայացուցիչը:
8. Հիմնական նախագծա-հատակագծման փաստաթղթերը, որոնց համապատասխան կատարվում են գյուղական բնակավայրերի շինարարության տեղաբաշխումն ու կառուցապատումը, հետևյալներն են.
ա) վարչական շրջանների շրջանային հատակագծման նախագծերը.
բ) գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը.
գ) առանձին շենքերի կամ կոմպլեքսների տիպային, անհատական և փորձարարական նախագծերի տեղակապման նախագծա-նախահաշվային նյութերը (աշխատանքային գծագրերի փուլում):
Շրջանի տերիտորիայում արդյունաբերական, արտադրական, բնակելի և հասարակական շենքերի ու կառուցվածքների, ինչպես նաև ինժեներական ցանցերի և կոմունիկացիաների առանց նախագծերի ամեն մի շինարարություն արգելվում է:
9. Վարչական շրջանների շրջանային հատակագծման նախագծերը և գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերը, որպես կանոն, մշակվում են գյուղական շինարարության բնագավառում մասնակցող նախագծային կազմակերպությունների ուժերով, այդ աշխատանքներին մասնակից դարձնելով քաղաքացիական շինարարության գծով հանրապետական նախագծային կազմակերպություններին, Գյուղատնտեսության մինիստրության սիստեմի հողաշինարարական ինստիտուտներին և այլ նախագծային կազմակերպությունների:
Առանձին շենքերի կամ կոմպլեքսների տիպային և անհատական նախագծերի տեղակապման նախագծա-նախահաշվային նյութերը մշակվում են գյուղատնտեսության գծով նախագծմամբ զբաղված նախագծային կազմակերպությունների ուժերով, իսկ փորձարարական նախագծերինը` կենտրոնական նախագծային ինստիտուտների ուժերով:
Սույն կետում թվարկված նախագծային փաստաթղթերի քննարկման և հաստատման կարգը սահմանում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:
Վարչական շրջանների շրջանային հատակագծման նախագծերում, գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերում և առանձին շենքերի կամ կոմպլեքսների տիպային, անհատական և փորձարարական նախագծերի տեղակապման նախագծա-նախահաշվային նյութերում փոփոխություններ կարող են կատարվել միայն դրանք հաստատած մարմնի թույլտվությամբ և նախագծային փաստաթղթերը մշակած նախագծային կազմակերպության հետ համաձայնեցնելով:
Գյուղական բնակավայրերի համալիր կառուցապատում կատարելիս և առանձին առավել բարդ շենքերի և կառուցվածքների (խոշոր դպրոցներ, հիվանդանոցներ, կոոպերացված հասարակական շենքեր և այլն) կառուցելիս, որոնք կարիք ունեն փորձարարական ստուգման, նախագծային փաստաթղթեր մշակած նախագծային կազմակերպությունը հեղինակային հսկողություն է իրագործում:
Ծանոթություն: Սահմանափակ զարգացմամբ բնակավայրերի ու հետագա զարգացման հեռանկար չունեցող, բայց հաշվարկային ժամկետում պահպանվող բնակավայրերի շինարարությունը և անհրաժեշտ բարեկարգումը պետք է կատարվեն յուրաքանչյուր առանձին դեպքում միայն աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի թույլտվությամբ, Հայկական ՍՍՀ Պետշինի հետ համաձայնեցնելով, շրջանային հատակագծման հաստատված նախագծերին համապատասխան:
10. Նախագծային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում նախագծման որակի, վարչական շրջանների շրջանային հատակագծման նախագծերի, գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերի, գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերի, շենքերի և կառուցվածքների, տեղակապման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի տեխնիկական ու տնտեսական նպատակահարմարության և սահմանված ժամկետներում դրանց մշակման համար, իսկ նախագծային փաստաթղթերի պատվիրատուները` նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի հավաստելիության և դրանք նախագծային կազմակերպությունների ժամանակին ներկայացնելու համար (տես Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսական տերիտորիաների շրջանային հատակագծման սխեմաներ և նախագծեր կազմելու հրահանգը և Հայկական ՍՍՀ Գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծեր մշակելու հրահանգը):
11. Գյուղական բնակավայրի հատակագծման և կառուցապատման նախագիծ չլինելու դեպքում շինարարության բոլոր տեսակների տեղաբաշխումը պետք է իրագործվի նախագծային կազմակերպության կողմից կազմված շինարարական զոնավորման սխեմայով, ընդ որում ավանի շինարարության համար տերիտորիա ընտրելիս անհրաժեշտ է պահպանել СНиП II К. 2-62-ի և Գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերի մշակման հրահանգի պահանջները:
Շինարարական զոնավորման սխեման կազմվում է վարչական շրջանի շրջանային հատակագծման նախագծի առաջարկներին համապատասխան, համաձայնեցվում է շինարարության ու ճարտարապետության մարմինների, շրջանի շահագրգռված մյուս կազմակերպությունների և Հայկական ՍՍՀ Պետշինի հետ և քննարկվում է աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի կողմից:
Շինարարական զոնավորման սխեման մշակվում է 1:5000 կամ 1:2000 մասշտաբով:
Սխեմայում մատնանշվում են տնամերձ, բազմահարկ և խառը կառուցապատման նախագծվող տերիտորիաները, կարևորագույն փողոցներն ու անցուղիները, հասարակական կենտրոնը, կուլտուր-կենցաղային հիմնարկությունների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի կառուցվածքների տեղամասերը, արտադրական կոմպլեքսները (անասնապահական ֆերմաներ, մեքենանորոգման խումբ, շինարարական բակ, պահեստների սեկտոր և այլն), ինչպես նաև առաջնահերթ շինարարության բոլոր օբյեկտները: Սխեմայի մշակման համար օգտագործվում են 1:5000 և ավելի խոշոր մասշտաբով վերերկրյա գծահանման կամ աէրոլուսանկարահանման նյութերը: Այդպիսի նյութեր չլինելու դեպքում օգտագործվում է հողօգտագործման հատակագիծը կամ այլ մանրամասշտաբ քարտեզագրական նյութեր (1:10000, 1:25000), որոնց անհրաժեշտ մասը մեծացվում է մինչև 1:5000 մասշտաբի և կիսագործիքային եղանակով ճշտվում է բնականում (գծագրվում են գոյություն ունեցող բնակելի, կուլտուր-կենցաղային և արտադրական շինությունները, փողոցները, անցուղիները, կոմունիկացիաները և այլն):
II. Շինարարության իրագործումը
12. Բոլոր շենքերի և կառուցվածքների շինարարությունը պետք է իրագործվի գործող տիպային նախագծերով, որոնք հանձնարարված են հանրապետությունների պետշիններին և մտել են ՍՍՀՄ Պետշինի հաստատած տիպային նախագծերի ցանկերի և կատալոգների մեջ: Անհատական և փորձարարական նախագծերով շենքերի ու կառուցվածքների շինարարությունը կատարվում է սահմանված կարգով թույլտվությամբ:
Գյուղական բնակավայրերի շինարարության և բարեկարգման ժամանակ անհրաժեշտ է ապահովել բնակչության աշխատանքի, կենցաղի և հանգստի լավագույն պայմաններ, որոնք համապատասխանում են բարձր սանիտարա-հիգիենիկ և էսթետիկական պահանջներին:
13. Գյուղական շինարարության համար բնակելի տների և հասարակական շենքերի տիպային նախագծերը, որպես կանոն, մշակում են հանրապետական նախագծային կազմակերպությունները և հաստատվում են Հայկական ՍՍՀ Պետշինի կողմից` Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով:
Գյուղական առավել բարդ քաղաքացիական շենքերի (խոշոր դպրոցների, հիվանդանոցների, կոոպերացված խոշոր շենքերի) տիպային նախագծերը, փորձարարական ստուգման կարիք ունեցող նախագծերը և գյուղական քաղաքացիական շենքերի փորձարարական նախագծերը, համաձայն գործող կարգի, մշակում են կենտրոնական նախագծային կազմակերպությունները և հաստատվում են ՍՍՀՄ Պետշինին առընթեր Քաղաքացիական շինարարության և ճարտարապետության պետական կոմիտեի կողմից` ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով: Գյուղատնտեսական (արտադրական) շենքերի և կառուցվածքների տիպային նախագծերը մշակում են մասնագիտացված ինստիտուտները և հաստատվում են ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության կողմից` ՍՍՀՄ Պետշինի հետ համաձայնեցնելով: Գյուղատնտեսական (արտադրական) շենքերի և կառուցվածքների ճշտված տիպային նախագծերը կարող են հաստատվել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության կողմից` Հայկական ՍՍՀ Պետշինի հետ համաձայնեցնելով:
14. Գյուղական վայրերում բարեկարգ ավաններ նախագծելիս և կառուցելիս պետք է հաշվի առնել գյուղատնտեսական արտադրության տարբեր պայմանները, բնակչության ազգային առանձնահատկությունները, շրջապատող լանդշաֆտը: Գյուղական վայրերում ավանները պետք է ունենան հրապուրիչ ճարտարապետական տեսք, և դրանց նախագծման ու կառուցապատման ժամանակ պետք է ստեղծագործաբար օգտագործել արդի ճարտարապետության լավագույն նվաճումներն ու ժողովրդական ստեղծագործության հարուստ ժառանգությունը:
15. Բնակելի տների, կուլտուր-կենցաղային և արտադրական նշանակության օբյեկտների, ինժեներական ցանցերի ու կառուցվածքների շինարարության համար նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև կանաչապատման և բարեկարգման նախագծերի մշակումը իրագործվում է ճարտարապետական-հատակագծման առաջադրանքների հիման վրա:
Ճարտարապետական-հատակագծման առաջադրանքներ տալու և ձևակերպելու կարգը սահմանում է Հայկական ՍՍՀ Պետշինը: Արգելվում է փոփոխել ճարտարապետական-հատակագծման առաջադրանքները առանց համաձայնեցնելու այդ առաջադրանքները տված մարմնի հետ: Ճարտարապետական-հատակագծման առաջադրանքը տրվում է մեկ տարի ժամկետով:
Ծանոթություն: Տիպային նախագծերի կիրառմամբ շինարարության օբյեկտների նախագծման համար ճարտարապետական-հատակագծման առաջադրանքը պետք է լուսաբանի հետևյալ հարցերը.
ա) տիպային այն նախագծերի բնութագիրն ու համարները, որոնցով պետք է իրագործվի շինարարությունը.
բ) նշումներ` տեղական բնապայմանները (կլիման, երկրաբանությունը, հիդրոերկրաբանությունը, ռելյեֆը և այլն) հաշվի առնելու, կարմիր գծերի մասին, ջրմուղին, կոյուղուն, գազամուղին, կապի, ռադիոյի և էլեկտրամատակարարման գծերին միանալու պայմանների մասին.
գ) շինարարության բոլոր տեսակների, ինչպես նաև կառուցապատման տեղամասի և առբերման ուղիների ու փողոցների սահմանակից հատվածների (ճանապարհների, փողոցների, մայթերի երթևեկելի մասերի վրածածկի տիպերը, արտաքին էլեկտրալուսավորում, ցանկապատումների տիպերը, կանաչ տնկարկներ) բարեկարգման պարտադիր աշխատանքների ծավալները և կատարման ժամկետները.
դ) այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ պետք է համաձայնեցվեն նախագծային փաստաթղթերը:
16. Անհատական բնակելի տներ և դրանց տնտեսական շինություններ կառուցելիս ճարտարապետական-հատակագծման առաջադրանք չի տրվում:
Այդ օբյեկտների տեղաբաշխումը և կառուցումը կատարվում է ըստ նախագծերի` գյուղական բնակավայրի հատակագծման ու կառուցապատման նախագծին կամ շինարարական զոնավորման սխեմային խիստ համապատասխան: Բնակելի տան նախագիծը և տեղամասում նրա կառուցման տեղը համաձայնեցվում է շրջանային ճարտարապետի հետ:
17. Աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական սովետների գործկոմները պարտավոր են դադարեցնել կամ ընդհատել շինարարությունը, երբ խախտվել է գյուղական բնակավայրի հատակագծման և կառուցապատման նախագիծը, շինարարական զոնավորման սխեման և ճարտարապետական-հատակագծման առաջադրանքը, իսկ ինքնագլուխ շինարարության մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել օրենքով սահմանված կարգով:
18. Հաստատված նախագծա-հատակագծման փաստաթղթերը խախտելու համար, որի հետևանք է հանդիսացել կապիտալ շինարարության ոչ նպատակահարմար տեղաբաշխումը, ինչպես նաև բնակավայրերի տերիտորիայի բարեկարգման ուղղությամբ պահանջները չկատարելու համար գյուղատնտեսական ձեռնարկությունների և գյուղական բնակավայրերում գտնվող մյուս կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվության են ենթարկվում:
19. Գյուղական բնակավայրերում շինարարություն վարող պետական, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունները, ձեռնարկություններն ու հիմնարկությունները բաժնային մասնակցություն են ունենում ավանի ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման և գազաֆիկացման ընդհանուր ցանցերի կառուցման, փողոցների, անցուղիների շինարարության և կանաչապատման գործում:
20. Երբ գյուղում միաժամանակ շինարարություն են կատարում տարբեր մինիստրությունների և գերատեսչությունների կազմակերպություններ, աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական սովետների գործկոմները նախատեսում են այդ կազմակերպությունների միջոցների կոոպերացում և գյուղական բնակավայրի համալիր կառուցապատում ու բարեկարգում:
21. Քաղաքի սահմանագծում կամ քաղաքամերձ և կանաչ գոտում, ինչպես համապետական և հանրապետական նշանակության երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներին հարող տերիտորիաներում գտնվող գյուղական բնակավայրերի (որոնք չունեն հատակագծման և կառուցապատման նախագծեր) շինարարությունը և բարեկարգումը իրագործվում է համապատասխան պահանջների և կանոնների պահպանումով:
22. Աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական սովետների գործկոմները պետք է ապահովեն հողամասեր առանձնացնելու մասին կառուցապատողների դիմումների ժամանակին քննարկումը և շինարարական աշխատանքներ կատարելու համար թույլտվություն տալը:
III. Հողամասի առանձնացման և օգտագործման կարգը
23. Շինարարության համար պետական հիմնարկություններին և ձեռնարկություններին, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին հողամասերի առանձնացումը կատարվում է ինչպես պետական հողային և անտառային ֆոնդերի հողերից, այնպես էլ հողօգտագործողների բոլոր կատեգորիաներից հողեր վերցնելու միջոցով:
24. Ինչպես պետական անտառային ֆոնդի հողերից, այնպես էլ պետական, հասարակական հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների օգտագործման տակ գտնվող հողերից, այլև գյուղատնտեսական ձեռնարկությունների հողերից պետական, հասարակական և այլ կարիքների համար հողամասեր առանձնացնելու մասին միջնորդությունների հարուցումը և քննարկումը կատարվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1954 թվականի հուլիսի 13-ի Պետական հասարակական և այլ կարիքների համար հողերի առանձնացման հարցերի քննարկման կարգի մասին» N Б-409 որոշմանը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հունիսի 9-ի N 280 որոշման 12-րդ կետին համապատասխան:
25. Հողեր վերցնելու հետ կապված վնասների հատուցումը կատարվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հունիսի 9-ի N 280 որոշմանը համապատասխան:
26. Բնականում հողամասերի առանձնացումը կատարվում է միայն այն բանից հետո, երբ հաստատվել է գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագիծը կամ քննության է առնվել շինարարական զոնավորման սխեման, իսկ այդպիսիք չլինելու դեպքում` օբյեկտների շինարարության նախագծային առաջադրանքները:
Բնականում հողամասերի առանձնացումը և գյուղական բնակավայրերում շինարարության համար կարմիր գծերի նշումը կատարվում է շրջանային ճարտարապետին առընթեր տնտհաշվարկային խմբի կողմից:
Նախագծային կազմակերպությունները և հողամասերը առանձնացնող, նախագծման ճարտարապետական-հատակագծման առաջադրանքներ տվող և նախագծային փաստաթղթերը հաստատող մարմինները պատասխանատվություն են կրում արժեքավոր հողանդակները շինարարության տակ օգտագործելու, արգելանոցներում շինարարություն տեղադրելու համար և այլն: Նախագծվող ավանի տերիտորիայի հաշվեկշռում արժեքավոր հողանդակներ մտցվելու դեպքում նախագծային կազմակերպությունը պարտավոր է տալ կառուցապատման համար արժեքավոր հողեր վերցնելու անհրաժեշտության խիստ հիմնավորում և նախատեսել փոխհատուցում` ի հաշիվ նոր հողերի յուրացման:
27. Հետագա զարգացման համար հեռանկարայինների շարքին դասված գյուղական բնակավայրերի հողերը սահմանազատվում են մյուս հողերից, որոշելով բնակավայրերի սահմանագծերը` դրանց հատակագծման և կառուցապատման նախագծերին համապատասխան: Հեռանկարայինների շարքին չդասված գյուղական բնակավայրերի հողերը մյուս հողերից սահմանազատվում են ներտնտեսային հողաշինարարության կարգով:
Գյուղական բնակավայրերի սահմանագծում աշխատավորների դեպուտատների գյուղական սովետի գործկոմը վերահսկողություն է իրագործում բոլոր հողամասերի հատկացման նկատմամբ և որոշումներ է ընդունում հողամասեր հատկացնելու մասին այն հողերից, որոնք չեն մտնում կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս տնտեսությունների հողօգտագործման կազմի մեջ:
Գյուղական բնակավայրի սահմաններում կոլտնտեսություններին, սովխոզներին և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին ամրացված հողամասերը օգտագործվում են բնակելի, կուլտուր-կենցաղային, արտադրական շինությունների և կառուցվածքների կառուցապատման, ինչպես նաև տնամերձ հողօգտագործման համար` սույն կանոնների 24-րդ կետում նշված կարգով: Այդ հողերում բնակելի, կուլտուր-կենցաղային, արտադրական շինությունների և կառուցվածքների տեղադրումը կատարվում է աշխատավորների դեպուտատների գյուղական սովետների գործկոմների հետ համաձայնեցնելով:
28. Աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական (ավանային) սովետների գործկոմների աշխատողները, որոնց հանձնարարված են և հողերի պահպանության հարցերը, գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարները և մյուս հողօգտագործողները, որոնք թույլ են տվել շինարարության նպատակով նախագծային կազմակերպությունների կողմից արժեքավոր հողանդակների չհիմնավորված օգտագործում, պատասխանատվության են ենթարկվում:
29. Ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկություններին և մյուս հողօգտագործողներին չի թույլատրվում շինարարության համար նրանց հատկացված հողերը հանձնել ուրիշներին, հողամասերի փոխանակում կատարել և դրանք տալ անհատ կառուցապատողների` առանց այն մարմինների թույլտվության, որոնք հաստատել են հողամասերի առանձնացումը:
30. Գյուղական բնակավայրերում անհատական շինարարության համար հողամասերի առանձնացումը կատարվում է գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերին և շինարարական զոնավորման սխեմաներին համապատասխան:
31. Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասերի չափեր են սահմանվում`
կոլտնտեսականների համար` Կոլտնտեսության օրինակելի կանոնադրությանը համապատասխան.
գյուղական վայրերում ապրող բանվորների և ծառայողների համար` Կառավարության որոշումներին համապատասխան:
Ծանոթություն: Կոլտնտեսային գյուղերում տնամերձ հողամասերի երկու մասի բաժանումը կատարվում է կոլտնտեսականների ընդհանուր ժողովի որոշմամբ:
32. Բնականում առանձնացումից հետո կառուցապատողների կողմից երկու տարվա ընթացքում, իսկ անհատական կառուցապատողների կողմից մեկ տարվա ընթացքում չյուրացվող կամ ոչ ուղղակի նշանակությամբ օգտագործվող հողամասերը պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով ետ վերցվեն:
33. Շինարարության բոլոր տեսակների համար առանձնացված հողամասերի ուղղակի նշանակությամբ օգտագործման վերահսկողությունը իրագործում են աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական սովետների գործկոմները:
VI. Շինարարության ձևակերպման կարգը
34. Շինարարական աշխատանքներ կատարելու իրավունքի թույլտվություն տալը, պետական, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից իրագործվող շինարարության բոլոր տեսակների գրանցումը և դրանց շինարարության նկատմամբ վերահսկողությունը կատարում են շրջանային ճարտարապետները:
35. Շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ստանալու համար պետական, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունները, ձեռնարկություններն ու հիմնարկությունները պետք է ներկայացնեն.
ա) հողամաս հատկացնելու մասին որոշումը
բ) հողամասի հատակագիծը և բնականում դրա առանձնացման ակտը.
գ) օբյեկտների շինարարության հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերը.
դ) տեղեկանք` օբյեկտի շինարարության համար ֆինանսավորում բացելու մասին:
36. Սույն Կանոնների 35-րդ կետում թվարկված փաստաթղթերի ներկայացումից հետո շրջանային ճարտարապետները 10-օրյա ժամկետում կառուցապատող կազմակերպություններին տալիս են շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն:
Գյուղական բնակավայրերում կառուցապատման գործի մեջ կարգ հաստատելու և ինքնագլուխ շինարարությունը դադարեցնելու նպատակով Պետբանկի և Շինբանկի բաժանմունքները ֆինանսավորման չպետք է ընդունեն այն օբյեկտները, որոնք չունեն աշխատանքներ կատարելու մասին շրջանի ճարտարապետի թույլտվությունը:
37. Բնակելի տներ և տնտեսական շինություններ կառուցելու թույլտվություն ստանալու համար անհատական կառուցապատողները պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը.
ա) աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի որոշում` հողամաս հատկացնելու մասին.
բ) բնակելի տան նախագիծ.
գ) տնամերձ հողամասի կառուցապատման հատակագիծ.
դ) բնականում հողամասի առանձնացման ակտ:
Նշված փաստաթղթերի բացակայությամբ կառուցված անհատական տունը և տնտեսական շինությունները հանդիսանում են ինքնագլուխ կառուցումներ և ձևակերպման ենթակա չեն, իսկ կառուցապատողները սահմանված կարգով պատասխանատվության են ենթարկվում:
Ծանոթություն: Անհատական կառուցապատողները իրավունք ունեն շինարարության պրոցեսում նախագծի մեջ փոփոխություններ մտցնել միայն շրջանային ճարտարապետների թույլտվությամբ:
38. Տնամերձ հողամասերի կառուցապատման նախագծերով և հատակագծերով անհատական կառուցապատողների ապահովումը դրվում է շրջանային ճարտարապետների վրա (տնտհաշվարկային խմբեր, կառուցապատողի միջոցների հաշվին):
39. Գյուղական վայրերում շինարարությունն ավարտած օբյեկտների շահագործման ընդունումը կատարում են աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմների կողմից նշանակված պետական ընդունող հանձնաժողովները, և դրանց շահագործման հանձնումը կատարվում է հաստատված նախագծերով նախատեսված բոլոր շինարարական աշխատանքների ավարտումից, ինչպես նաև կառուցապատման համար հողամաս առանձնացնելիս սահմանված բոլոր պայմանների կատարումից հետո, աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմների կողմից ընդունման ակտի հետագա հաստատմամբ:
Բնակելի և հասարակական շենքերի ու կառուցվածքների շահագործման ընդունող պետական հանձնաժողովների կազմի մեջ մտցվում են պետական ճարտարապետական-շինարարական վերահսկողության ներկայացուցիչներ (հանձնաժողովի նախագահներ), կառուցապատողների (պատվիրատուների), կազմակերպությունների, որոնց վրա դրվում է շենքերի կամ կառուցվածքների շահագործումը, գլխավոր կապալառուների, նախագծային կազմակերպությունների, պետական հրշեջ հսկողության մարմինների և սանէպիդկայանների ներկայացուցիչներ:
40. Շինարարության որակի և ժամկետի նկատմամբ վերահսկողությունը իրագործում են շրջանային ճարտարապետները, պետական ճարտարապետական-շինարարական վերահսկողության ինժեներները` աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ:
41. Բոլոր կատեգորիաների կառուցապատողները, որոնք թույլ են տվել գյուղական բնակավայրի կամ նրա առանձին տեղամասի հատակագծման և կառուցապատման նախագծի, շինարարական զոնավորման սխեմայի և շինարարության իրավունք տվող այլ նախագծային փաստաթղթերի խախտումներ, ինչպես նաև ովքեր ինքնագլուխ շինարարություն են կատարում, շրջանային ճարտարապետի համապատասխան գրավոր պահանջն ստանալուց հետո պարտավոր են մեկամսյա ժամկետում իրենց միջոցների հաշվին վերացնել թույլ տրված խախտումները, իսկ ինքնագլուխ կառուցապատման դեպքում` դադարեցնել շինարարությունը, քանդել առանց թույլտվության կառուցված շինությունները, եթե դրանք խախտում են հատակագծման ու կառուցապատման նախագիծը, և հողամասը համապատասխան կարգի բերել:
V. Գյուղական բնակավայրերում կառուցապատմանը և բարեկարգմանը ներկայացվող հիմնական պահանջները
42. Գյուղական բնակավայրերի կառուցապատումը և բարեկարգումը պետք է անցկացնել հատակագծման և կառուցապատման հաստատված նախագծերին համապատասխան, որոնք մշակված են հաշվի առնելով СНиП II-К. 2-62-ի պահանջները, Գյուղական բնակավայրերի հատակագծման ու կառուցապատման նախագծերի մշակման հրահանգը և այլ շինարարական նորմաներ ու կանոններ:
43. Հատակագծման և կառուցապատման նախագիծ չլինելու դեպքում, սույն կանոնների 11-րդ կետին համապատասխան, պետք է մշակել շինարարական զոնավորման սխեմաներ: Ընդ որում պետք է պահպանվեն գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծի մշակմանը ներկայացվող հետևյալ հիմնական պահանջները.
գյուղական բնակավայրերի շինարարության հիմնական ուղղությունը պետք է լինի վերակառուցել գոյություն ունեցող գյուղը, որը շրջանային հատակագծման նախագծով ընտրված է որպես հեռանկարային գյուղ, և միայն առանձին դեպքերում` կառուցել նոր ավաններ.
գյուղական բնակավայրի շինարարության համար տերիտորիան պետք է ընտրվի միաժամանակ ինչպես բնակելի, այնպես էլ արտադրական գոտու համար` շրջանային հատակագծման նախագծով դրսևորված հեռանկարային բնակավայրի սահմաններում: Ընտրված տերիտորիան պետք է ապահովի բնակելի և արտադրական գոտիների տրանսպորտային և մյուս հարմարությունների փոխադարձ հարմար դասավորությունը, դրանց միջև սանիտարա-պաշտպանական գոտիների ստեղծումը, ունենա շինարարության բոլոր տեսակների տեղադրման համար բավարար չափեր, հաշվի առնելով զարգացման հեռանկարները, ինչպես նաև ունենա բարենպաստ ռելյեֆ, գրունտներ և ավանի կառուցման ու բարեկարգման համար այլ պայմաններ, համապատասխանեն սանիտարա-հիգիենիկ պայմաններին և բնակչության հարմարավետ կյանքին.
նոր ավանի շինարարությունը թույլ է տրվում միայն հետևյալ դեպքերում.
ա) նոր հողերի յուրացման և խոշոր հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարության շրջաններում.
բ) շինարարության համար անբարենպաստ գրունտների ու ռելյեֆի դեպքում` որպես հեռանկարային ընտրված գոյություն ունեցող գյուղական բնակավայրի սահմաններում.
գ) հեռանկարում ավանի ջրամատակարարման անհնարինության դեպքում.
դ) հեռանկարում ավանի զարգացման համար տերիտորիայի բացակայության դեպքում.
ե) արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների տեղադրվածություններ հայտնաբերվելու դեպքում` որպես հեռանկարային ընտրված գոյություն ունեցող բնակավայրի սահմաններում կամ դրան հարող հողերի վրա, և այլ օբյեկտիվ ու հիմնավորված պայմանների դեպքերում:
Ծանոթություն: Սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը կարող են կիրառվել միայն այն դեպքերում, երբ որևէ հնարավորություն չկա շրջանային հատակագծման սխեմայով որպես հեռանկարային ընտրված գոյություն ունեցող բնակավայրը փոխարինելու գյուղատնտեսական ձեռնարկության սահմաններում գտնվող գոյություն ունեցող (ոչ հեռանկարային) բնակավայրերից մեկով.
հարող հողերի հաշվին ավանի ընդհանուր տերիտորիան հեռանկարում զարգացնելու անհրաժեշտության դեպքում կամ (որպես բացառություն) նոր ավանի կառուցման համար հողամաս ընտրելու դեպքում պետք է զբաղեցնել գյուղատնտեսական նշանակություն չունեցող կամ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր կամ ավելի վատ որակի գյուղատնտեսական հանդակներ.
գոյություն ունեցող գյուղական բնակավայրերում, որոնք ունեն երկայնաձիգ և նոսր կառուցապատված ծայրամասեր, փողոցների ինժեներական կառուցվածքների երկարությունը կրճատելու և կառուցապատման խտությունը բարձրացնելու համար հարկավոր է որոշել բնակելի շինարարության համար պիտանի տերիտորիայի նոր, ավելի փոքր սահմաններ, որոնց ներսում այսուհետև թույլատրել շինարարությունը.
հրապարակ չպետք է ընտրել տրանսպորտային կառուցվածքների հեռանկարային զարգացման գոտիներում, ինչպես նաև ոչ բավարար տարածությամբ այն տեղամասերում, որոնք ընկած են երկաթուղային և ավտոմոբիլային առաջին, երկրորդ և երրորդ կատեգորիայի ճանապարհների միջև.
չպետք է թույլ տրվի կառուցապատման համար ընտրված տերիտորիայում տրանզիտային հաղորդակցությունը, ինչպես նաև կառուցապատման տեղադրումը սանիտարա-պաշտպանական և արդյունաբերական ձեռնարկությունների հատուկ գոտիներում, արգելանոցների և կուլտուրայի հուշարձանների պահպանական գոտիների տերիտորիաներում.
շինարարության համար տերիտորիա ընտրելիս, բացի СНиП 11-К. 2-62-ի պահանջներից, հարկավոր է հաշվի առնել սանիտարական և հրշեջ հսկողության հատուկ պահանջները, ինչպես նաև անասնապահական և այլ արտադրական կոմպլեքսների նախագծման տեխնոլոգիական նորմաները:
VI. Ավանի կառուցապատումը
44. Գյուղական բնակավայրեր կառուցապատելիս անհրաժեշտ է ապահովել արտադրության զարգացման և բնակչության կյանքի առավել բարենպաստ պայմաններ, խիստ սահմանազատելով բնակելի և արտադրական գոտիները` պահպանելով տեխնոլոգիական, հակահրդեհային և սանիտարական պահանջները, տերիտորիայում ռացիոնալ տեղադրելով շինարարության օբյեկտները, պարտադիր կերպով անցկացնելով բարեկարգման և բնակչությանը անհրաժեշտ կոմունալ ու կուլտուր-կենցաղային սպասարկմամբ ապահովելու միջոցառումներ:
45. Գյուղական բնակավայրի կառուցապատումը պետք է կատարվի հատակագծման ու կառուցապատման հաստատված նախագծին համապատասխան:
46. Գյուղական բնակավայրը շինարարական զոնավորման սխեմայով կառուցապատելիս անհրաժեշտ է ապահովել.
ա) սանիտարական, հակահրդեհային և տեխնոլոգիական պահանջների պահպանումը.
բ) գոյություն ունեցող շինարարական ֆոնդի ու կանաչ տնկարկների առավելաչափ պահպանումը.
գ) բլոկավորված և կոոպերացված հասարակական շենքերի (ճաշարանի հետ խանութ, հյուրանոցի հետ կուլտուր-կենցաղային օբյեկտներ, աշխատավորների դեպուտատների տեղական սովետի շենք` կապի բաժանմունքով, խնայդրամարկղով և այլ վարչական շենքերով) նախագծերի կիրառումը:
Հասարակական շենքերի բլոկավորումն ու կոոպերացումը ոչ միայն կրճատում է շինարարական և շահագործման ծախսերը, այլ նաև առաջացնում է զգալի ճարտարապետական ծավալներ, որոնք նպաստում են հասարակական կենտրոնի արտահայտիչ ճարտարապետական տեսքի ստեղծմանը.
դ) գյուղական վայրերում կառուցվող հարկերի թիվը և բնակելի տների տիպը որոշվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի սահմանած կարգով:
Այդ տներում բնակարաններն իրենց հատակագծման հատկություններով պետք է համապատասխանեն ժողովրդագրական պահանջներին, ունենան սենյակների լավ համամասնություններ, առանձին հարմարությունների բարեհարմար փոխադարձ կապ, քաղաքային տիպի համեմատությամբ ավելի զարգացած օժանդակ մասեր (խոհանոցներ, մթերանոցներ և այլն):
47. Բնակելի, հասարակական և անասնապահական շենքերը տեղաբաշխելիս հարկավոր է ապահովել դրանց հիմնական մասերի (բնակելի սենյակների, դպրոցների դասասենյակների, մանկական հիմնարկությունների խմբային սենյակների և այլն) ամենաբարենպաստ դասավորությունը ըստ լույսի կողմերի, ընդ որում հաշվի առնելով տեղանքի ռելյեֆն ու բնական պայմանները (անտառներ, զբոսայգիներ, այգիներ, ջրամբարներ, գետեր):
Երկու մակարդակի բնակարաններով բլոկավորված բնակելի տների և տնամերձ տիպի տների համար անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր բնակարանի համար կապը բնակարանամերձ տեղամասի հետ:
48. Արգելվում է տնտեսական շինությունների տեղադրումը փողոցների և անցուղիների ճակատագծին:
49. Անհատական բնակելի տան տնամերձ տեղամասի կառուցապատումն ու բարեկարգումը անհրաժեշտ է կատարել շրջանային ճարտարապետի տված տեղամասի հատակագծին խիստ համապատասխան:
Տեղամասի հատակագիծը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել СНиП 11-К. 2-62-ի հետևյալ պահանջները.
թաղամասերով տնամերձ կառուցապատման դեպքում բնակելի տունը պետք է գտնվի փողոցի կարմիր գծից առնվազն 6 մետր հեռավորության վրա: Նշված չափերից շեղումներ կատարել թույլատրվում է վերակառուցվող գյուղերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դա նախատեսված է ավանի գլխավոր հատակագծով (օգտագործված են ազատ հատակագծման, փակուղու, հովհարի, հանգույցի և այլ ճարտարապետական-հատակագծման եղանակներ).
տնտեսական շինությունները (սարայներ, բակային զուգարաններ) պետք է տարվեն տնամերձի ներսը` բնակելի տնից առնվազն 12 մետր հեռավորությամբ, իսկ զանազան մնացուկներից պարարտանյութերի բաղադրյալներ պատրաստելու հորերը` ոչ պակաս 15 մետր հեռավորությամբ.
տնամերձի մուտքը պետք է պատրաստվի այն հաշվով, որ հարմար լինի կապը տան և տնտեսական շինությունների հետ:
50. Մեկ բնակարան ունեցող տների տնամերձ տեղամասերի և բազմաբնակարան տների բնակարանամերձ տեղամասերի, ինչպես նաև հասարակական շենքերի տեղամասերի լայնությունը փողոցների ճակատում պետք է լինի հակահրդեհային և սանիտարական նորմաներով թույլատրվող նվազագույն չափի:
51. Գյուղական բնակավայրերը վերակառուցելիս առավելագույն չափով պահպանվում են գոյություն ունեցող կապիտալ կառուցապատումը և կանաչ տնկարկները. գոյություն ունեցող շենքերի ու կառուցվածքների և առաջին հերթին հնախարխուլ և շահագործման համար ոչ պիտանի շինությունների քանդումը թույլատրվում է համապատասխան տեխնիկա-տնտեսական հիմնավորման դեպքում:
Քաղաքացիներին պատկանող քանդման ենթակա շինությունների և մրգի-հատապտղի տնկարկների համար նրանց ծախսերի հատուցումը կատարվում է գործող օրենսդրությանը համապատասխան:
52. Դպրոցները, մանկական հիմնարկությունները և տեղամասային հիվանդանոցները պետք է տեղադրել կարմիր գծից ոչ պակաս 25 մետր հեռավորությամբ: Նշված հիմնարկությունները կարմիր գծերից ետ դնելու չափը թույլատրվում է նվազեցնել 10 մետրից ոչ ավելի` բնակավայրերը վերակառուցելու դեպքում կամ այդ շենքերում օժանդակ շինությունները կարմիր գծերի կողմը դասավորելու դեպքում:
Նշված շենքերի տեղամասերի սահմանների և մուտքեր ունեցող բնակելի տների պատերի միջև անջրպետը պետք է լինի 10 մետրից ոչ պակաս, իսկ մուտքեր չունեցողներինը` 5 մետրից ոչ պակաս, մինչև կոմունալ նշանակության և հրշեջ դեպոները` 50 մետրից ոչ պակաս:
53. Ստադիոնը կամ կոմպլեքսային մարզահրապարակը պետք է տեղավորել հասարակական կենտրոնի սիստեմում, ցանկալի է ակումբի և զբոսայգու (այգու) կողքին կամ գետի մոտ:
Մարզական փակ կառուցվածքները (դահլիճները, ջրավազանները և այլն) որպես կանոն պետք է տեղավորել բնակավայրի մարզական կենտրոնի կառուցվածքների կոմպլեքսում, առանց ավելացնելու մարզական կենտրոնի ընդհանուր տարածությունը:
Դպրոցամերձ մարզահրապարակները պետք է տեղավորվեն դպրոցական շենքերից առնվազն 15 մետր հեռավորությամբ. խորհուրդ չի տրվում դրանք տեղադրել դասասենյակների և ուսումնական կաբինետների պատուհանների կողմը:
54. Կուլտուր-կենցաղային շենքերի և կառուցվածքների (մանկական պարտեզ-մսուրներ, դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրի, հասարակական սննդի ձեռնարկություններ, ակումբներ, ֆիզկուլտուրային և մարզական կառուցվածքներ և այլն) համար տեղամասերի տարաձայնությունները որոշվում են СНиП 11-К. 2-62-ի պահանջներին համապատասխան:
55. Մեքենանորոգման և շինարարական բակերի, պահեստային խմբերի, անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների, ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և շինանյութերի արտադրության ներտնտեսային և միջտնտեսային ձեռնարկությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների այլ արտադրական կոմպլեքսների տեղադրումն ու կառուցումը կատարվում է բնակավայրի արտադրական գոտու սահմաններում, հաշվի առնելով սանիտարական, հակահրդեհային և տեխնոլոգիական նորմաները:
Թվարկված արտադրական կոմպլեքսները և ձեռնարկությունները տեղաբաշխելիս հարկավոր է նախատեսել միասնական համաավանային ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղու ցանցերի կազմակերպման, ճանապարհների և այլ կոմունիկացիաների կառուցման հնարավորությունը:
56. Վառելանյութերի և քսանյութերի պահեստները (նավթի բազաները), թունաքիմիկատների, հանքային պարարտանյութերի պահեստները և համանման մյուս կոմպլեքսները տեղադրվում են մեկուսի հրապարակներում` բնակելի, հասարակական և արտադրական շենքերից փչող քամու կողմը, ավելի ցածր ռելյեֆով և ճանապարհներին մոտ վայրերում, պահպանելով սահմանված հակահրդեհային, սանիտարական և անասնաբուծական-անասնաբուժական նորմաները:
VII. Գյուղական բնակավայրերի բարեկարգումը
57. Գյուղական բնակավայրերի բարեկարգումը պետք է կատարել բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցման հետ միաժամանակ:
58. Ավանը (բնակելի և արտադրական գոտիները) բարեկարգելիս, հաշվի առնելով շինարարության հերթականությունը, անհրաժեշտ է նախատեսել հրապարակների, փողոցների, անցուղիների և մայթերի սալարկում, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման, հեռախոսավորման, ռադիոֆիկացման, կառուցվածքների ու ցանցերի և այլ կոմունիկացիաների շինարարություն, ինչպես նաև աղբից ու թափոններից տերիտորիայի մաքրում:
59. Երեք և ավելի հարկանի բնակելի շենքերով կառուցապատումը, ինչպես նաև վարչական և կուլտուր-կենցաղային նշանակության շենքերը պետք է ապահովվեն կենտրոնացված ջրամատակարարմամբ, կոյուղով և ջեռուցմամբ:
60. Գյուղական բնակավայրերում տեղանքի համապատասխան բարենպաստ (երկրաբանական և հիդրոերկրաբանական) պայմանների դեպքում անհրաժեշտ է կողմնորոշվել կեղտաջրերի բնական-կենսաբանական մաքրում կիրառելու ուղղությամբ:
Ոռոգելի հողագործության դաշտերը պետք է նախագծվեն և կառուցվեն գյուղատնտեսական ձեռնարկությունների հողերում (առանց այդ հողերը գյուղատնտեսական շրջանառությունից հանելու և օտարելու)` կեղտաջրերը ամբողջ օրվա և տարվա ընթացքում անընդհատ ընդունելու համար, այդ ջրերն օգտագործելով գյուղատնտեսական կուլտուրաների պարարտացման և ոռոգման համար:
61. Օրական մինչև 15 խոր. մետր կեղտաջրերի առկայության դեպքում (առանձնապես շինարարության առաջին հերթի համար) գյուղական բնակավայրերում կարող են կառուցվել կոյուղու տեղական սիստեմներ: Կոյուղու տեղական սիստեմներ նախագծելիս և կառուցելիս պետք է կատարվեն ՍՍՀՄ Պետշինին առընթեր Քաղաքացիական շինարարության և ճարտարապետության պետական կոմիտեի կողմից 1965 թվականի հոկտեմբերի 28-ին հաստատված «Ժամանակավոր ցուցումներ տեղական կոյուղու մաքրման կառուցվածքների նախագծման ուղղությամբ» СН 337-65 շինարարական նորմաների պահանջները:
62. Ջրառ կառուցվածքների, կոյուղու մաքրման կառուցվածքների և կենտրոնական կաթսայատների շուրջ և սանիտարա-պաշտպանական գոտիները սահմանվում են սանիտարական և շինարարական նորմաներին համապատասխան:
63. Մեկհարկանի բնակելի կառուցապատումը պետք է ապահովվի ջրամատակարարմամբ, էլեկտրականությամբ, ռադիոտրանսլյացիայով և կոյուղով:
64. Անհրաժեշտ է նախատեսել փողոցների և անցուղիների երկայնությամբ փողոցային լուսավորում:
65. Գլխավոր փողոցները, ինչպես նաև երկու և ավելի հարկով կառուցապատված փողոցները, որտեղ նախատեսվում է տրանսպորտի երթևեկություն, պետք է ունենան մայթեր և հետիոտնի անցումներ:
66. Բնակավայրի տերիտորիան պետք է ապահովված լինի բաց և փակ ջրհեռ վաքերի, խրամառուների և ջրանցքների սիստեմով` հորդ անձրևի և հալվող ձյան ջրերը հեռացնելու համար:
Եթե բնակավայրի սահմաններում կան սողվածքային երևույթների ենթարկված տերիտորիաներ, նայած սողվածքների շրջանի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններին, կարող են անցկացվել հետևյալ հակասողվածքային միջոցառումները.
մակերեսային ջրհոսի կարգավորում և գրունտային հոսանքի կտրումը իջնող կամ իջնելու տենդենց ունեցող հողազանգվածի (լանջի) վրա.
թեքլանջի կայունության արհեստական բարձրացում մեխանիկական և ֆիզիկո-քիմիական միջոցներով.
լանջերի դարավանդում.
ծառերի տնկում և ճիմածածկի վերականգնում:
Անմիջականորեն սողվածքային զանգվածներում (լանջերին) նոր կառուցապատման տեղաբաշխում չի թույլատրվում:
67. Երկու և ավելի հարկերով բնակելի կառուցապատման թաղամասերում անհրաժեշտ է նախատեսել կենցաղային աղբի հեռացում:
Աղբահավաքներ տեղադրելու հրապարակները պետք է ունենան ամուր վրածածկ, հարմար մատույցներ և տեղավորված լինեն տան ամենահեռավոր մուտքից ոչ ավելի 10 մետր և բնակելի ու հասարակական շենքերի պատուհաններից ոչ պակաս 20 մետր հեռավորությամբ:
68. Բնակելի տների, հասարակական շենքերի և արտադրական կոմպլեքսների տեղամասերը կարող են փողոցներից և հարևան տեղամասերից ցանկապատվել 1,2 մետրից ոչ ավելի բարձրությամբ պատնեշներով: Խորհուրդ է տրվում պատնեշներ պատրաստել սաղարթախիտ թփուտների կանաչ ցանկապատերի ձևով:
Ամբողջովին խուլ պատնեշների կառուցումն արգելվում է: Փողոց դուրս եկող ցանկապատեր և ցցապատեր պատրաստելու անհրաժեշտության դեպքում դրանց նյութը և կոնստրուկցիան անհրաժեշտ է համաձայնեցնել շրջանային ճարտարապետի հետ:
69. Շենքերի և կառուցվածքների մուտքերը ջրածածկումից կանխելու համար առաջին հարկի հատակի նիշերը պետք է գոյություն ունեցող և նախագծվող ճանապարհների (փողոցների) նիշերից առնվազն 50 սանտիմետր բարձր լինեն:
70. Կոշտ աղբը և հեղուկ աղտեղությունները դուրս կրելու համար անհրաժեշտ է նախատեսել (սանիտարական պահանջների պահպանմամբ) աղբանոցներ, թաղելու դաշտեր և աղբահանության դաշտեր:
71. Գերեզմանատունը պետք է տեղադրել չոր, բարձրադիր տեղամասում, բնակելի շինարարության տերիտորիայից առնվազն 500 մետր հեռավորության վրա: Գերեզմանատան տերիտորիան ընտրում է աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի կողմից հաստատված հատուկ հանձնաժողովը:
VIII. Կանաչապատում
72. Գյուղական բնակավայրերի տերիտորիան պետք է կանաչապատված լինի, նպատակ ունենալով ստեղծել բնակչության կյանքի և հանգստի բարենպաստ պայմաններ, սանիտարական-պաշտպանական և հակահրդեհային գոտիներ, քամուց պաշտպանվելու և ջրապահպան գոտիներ:
73. Սանիտարա-պաշտպանական, հակահրդեհային, ջրապահպան և մյուս գոտիները բարենպաստ կլիմայական և հողային պայմաններում պետք է օգտագործել բազմամյա (պտղատու) տնկարկների համար:
74. Կազմակերպությունները, հիմնարկությունները, ձեռնարկությունները և առանձին անձինք, որոնց օգտագործմանն են տրվում հողամասեր շինարարության համար, պարտավոր են ապահովել այդ տեղամասերում գոյություն ունեցող կանաչ տնկարկների պահպանումը: Շինարարության համար տարածություն ազատելու նպատակով ծառեր կտրելու անհրաժեշտության դեպքում կառուցապատողը պետք է կտրված մեկ ծառի փոխարեն տնկի առնվազն 10 ծառ` աշխատավորների դեպուտատների տեղական սովետի որոշած տեղերում:
75. Արգելվում է պուրակներում, բուլվարներում և զբոսայգիներում շենքեր կառուցել, որոնք կապ չունեն բնակչության հանգստի հետ:
Կանաչ մեծ տարածություններում թույլատրվում է տեղադրել մանր տիպի հավաքովի-քանդովի կոնստրուկցիայով առևտրական տաղավարներ, ատրակցիոններ, տեսլարանային ձեռնարկություններ և փոքր ճարտարապետական ձևեր:
76. Բնակավայրի տերիտորիայում գետի կամ ջրամբարի առկայության դեպքում դրանց ափերը և առափնյա գոտին պետք է օգտագործվեն զբոսայգի, այգի, լողափ և մարզական կառուցվածքներ պատրաստելու համար:
77. Կանաչապատման միջոցառումներում նախատեսվում են.
հրապարակների, փողոցների և անցուղիների կանաչապատում.
բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և կառուցվածքների տեղամասերի կանաչապատում.
սանիտարա-պաշտպանական, քամուց պաշտպանվելու, ջրապահպան, հակահրդեհային, հակաէրոզիոն և մյուս գոտիների ու տեղամասերի կանաչապատում.
հանրային զբոսայգիների և այգիների ստեղծում.
IX. Կուլտուրայի հուշարձանների մասին
78. Գյուղական բնակավայրի հատակագծման և կանաչապատման նախագիծը կամ շինարարական զոնավորման սխեման մշակելիս անհրաժեշտ է նախատեսել կուլտուրայի գոյություն ունեցող հուշարձանների, հիշարժան վայրերի, մարտական փառքի և նման այլ վայրերի պահպանման և օգտագործման միջոցառումներ:
79. Եթե կառուցապատվող բնակավայրերում կան կուլտուրայի հուշարձաններ, հիշարժան վայրեր, մարտական փառքի և նման այլ վայրեր, դրանք պետք է մտցվեն ավանի կանաչապատման համակազմի մեջ:
80. Անհրաժեշտ է նախատեսել հարմար մատույցներ և ուղիներ դեպի կուլտուրայի հուշարձանները, հիշարժան վայրերը, մարտական փառքի վայրերը և այլն:
81. Կուլտուրայի հուշարձանների, հիշարժան վայրերի, մարտական փառքի և նման այլ վայրերի անմիջականորեն մոտերքին կատարվող ամեն տեսակ շինարարություն պետք է սահմանված կարգով համաձայնեցվի:
82. Կուլտուրայի հուշարձանների, հիշարժան վայրերի, մարտական փառքի և նման այլ վայրերի պահպանությունը, ինչպես նաև դրանց պահելու հսկողությունը դրվում է աշխատավորների դեպուտատների շրջանային և գյուղական (ավանային) սովետների գործկոմների վրա:
