ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14 2025 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14 | |||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Վ ․ ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հունվարի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի` Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 18.05.2018 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.05.2018 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի որոշմամբ Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.03.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2022 թվականի որոշմամբ Դատարանի 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հակոբյանը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4‑րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սույն գործով թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման։
Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված, չպատճառաբանված և անօրինական դատական ակտ, որով խաթարվել է արդարադատության բուն էությունն այնքանով, որքանով խախտվել են իր՝ որպես գործին մասնակից չդարձված անձի արդյունավետ դատական պաշտպանության ու արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը մասնակից չի դարձվել Դատարանի 25.05.2018 թվականի դատական ակտի կայացմանը, որը վերաբերում է իր սեփականության հիմնարար իրավունքին։ Այդ դատական ակտով որոշվել է իրացնել այն գույքը, որի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատվել էր վարչական ակտով և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով։ Մասնավորապես՝ ինքը 09.01.2017 թվականին հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներով կնքված առուվաճառքի պայմանագրով գնել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը գործին մասնակցող անձի՝ պարտատիրոջ կարգավիճակ է ձեռք բերել 15.11.2021 թվականին պահանջների վերաբերյալ կառավարչի վարած գրանցամատյանում կատարված փոփոխությունների հիման վրա, իսկ բողոքարկվող դատական ակտը կայացվել է 25.05.2018 թվականին՝ առանց իր մասնակցության, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը գործին մասնակցող անձ չէր և որևէ կարգավիճակով չէր մասնակցում գործի քննությանը։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ ինքը վերաքննիչ բողոք բերելու պահին արդեն իսկ ձեռք էր բերել գործին մասնակցող անձի կարգավիճակ, միևնույնն է, Դատարանի 25.05.2018 թվականի՝ վերաքննության կարգով բողոքարկվող դատական ակտի կայացման պահին ինքը գործին մասնակցող անձ՝ դատավարության մասնակից չէր։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 02.09.2014 թվականին Համայնքը դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու մասին դիմում (հավելված 1-ին, գ.թ. 5-8).
2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ (հավելված 2-րդ, գ.թ. 57-64).
3) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ, ի թիվս այլնի, գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով (հավելված 2-րդ, գ.թ. 85-87).
4) Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 18.05.2018 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Արմեն Ստամբոլցյանին պատկանող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելը թույլատրելու մասին (հավելված 2-րդ, գ.թ. 89-123).
5) Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարվել է՝ թույլատրվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին հրապարակային սակարկություններով վաճառել «Լոտ 1 - քաղաք Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի մակերեսը 4․5հա, շինության մակերեսը՝ 9․278,95քմ անշարժ գույքը 702․400․000 ՀՀ դրամ մեկնարկային գնով» (հավելված 2-րդ, գ.թ. 124-126).
6) 08.11.2021 թվականին Արա Հակոբյանը դատարան է ներկայացրել պարտատեր գրանցվելու և գրանցված պարտատիրոջը փոխարինելու մասին դիմում, որով խնդրել է իր ու Գագիկ Ղևոնդյանի միջև 03.11.2021 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Գագիկ Ղևոնդյանի փոխարեն իրեն գրանցել որպես պարտատեր: Արա Հակոբյանի պահանջը՝ 510․000 ՌԴ ռուբլու չափով, նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված «է» հերթի պահանջ (հավելված 3-րդ, գ.թ. 35-37 և 02.08.2022 թվականին թիվ ԴԴ7-17053 ելքային համարով ուղարկված հավելված հատոր 5-րդ, գ.թ. 39, 40).
7) 03.11.2021 թվականին Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրի համաձայն՝ պայմանագրով սահմանված փոխառության գումարը Փոխառուի կողմից Փոխատուին չվերադարձնելու դեպքում Փոխառուն (այսուհետ՝ Ցեդենտ) որպես թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ գրանցված չապահովված «է» հերթի պահանջատեր, Փոխատուին (այսուհետ՝ Ցեսիոնար) զիջում է Արմեն Ստամբոլցյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև 18.11.2010 թվականին կնքված պարտավորագրից ու Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/1591/02/11 գործով 01․08․2013 թվականի վճռից բխող թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով վարույթում պարտապան Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ Ցեդենտի ունեցած 510,000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը, իսկ Ցեսիոնարն ընդունում է պահանջի իրավունքն ամբողջությամբ։ Նույն պայմանագրի 3.2 կետով սահմանվել է, որ իրավունքը Ցեսիոնարին է անցնում փոխանցման պահին առկա ծավալով և պայմաններով, ներառյալ՝ պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները (հավելված 3-րդ, գ.թ. 38-41).
8) 09.01.2017 թվականին Արա Հակոբյանի և ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի միջև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 26.12.2016 թվականի թիվ 824/11-11/03 արձանագրության հիման վրա կնքվել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը 5․423.472 ՀՀ դրամով վաճառելու մասին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (հավելված 3‑րդ, գ.թ. 95-97).
9) Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 28․12․2018 թվականին անցկացվել է պարտապան Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը, որտեղ նշված անշարժ գույքը 272․124․151 ՀՀ դրամով վաճառվել է «Արդանե» ՍՊԸ-ին (հավելված 3-րդ, գ.թ. 86).
10) Արա Հակոբյանը 26.11.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դիմում (հավելված 3‑րդ, գ.թ. 81-84).
11) Արա Հակոբյանը 07.12.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է պահանջից հրաժարվելու և սնանկության վարույթն ավարտելու մասին դիմում (հավելված 3‑րդ, գ.թ. 128,129).
12) Արա Հակոբյանը 15.12.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է պահանջից հրաժարվելու, սնանկության վարույթն ավարտելու մասին 06․12․2021 թվականի դիմումն առանց քննարկման թողնելու և պահանջի չափն ավելացնելու մասին դիմում, որով պնդել է իր՝ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջը, ինչպես նաև խնդրել է ավելացնել պահանջի չափը (հավելված 4‑րդ, գ.թ. 46,47)․
13) Արա Հակոբյանը 22.11.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու մասին դիմում (հատոր 6‑րդ, գ.թ. 80).
14) Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի՝ որպես սնանկության վարույթով պարտատիրոջ կողմից 30․11․2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․12․2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16․03․2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․12․2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Այնուհետև՝ սույն գործով Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանը որպես գործին մասնակից չդարձված անձ 11․02․2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշմամբ մերժվել է (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերը որպես գործին մասնակից չդարձած անձ բողոքարկելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ բողոք բերող անձը սնանկության վարույթում ներգրավված է որպես պարտատեր և որպես պարտատեր արդեն իսկ օգտվել է նույն դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությանը, արդեն իսկ նշել է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող որոշումների բողոքարկելիության հնարավորությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերի բողոքարկումը։ Ընդ որում, վերը նշված հոդվածով օրենսդիրը հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի քննության ընթացքում կայացվող ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը (տե՛ս ըստ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան սահմանված չլինելու հիմնավորմամբ սնանկության գործի վարումը` տվյալ դեպքում գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը պարզելու հարցը, ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1‑ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, դատարանի մատչելիության և այն սահմանափակելու մասով կիրառման ենթակա միջոցների ու հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն ապահովելու հանգամանքի հաշվառմամբ անդրադառնալով Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշումն Արա Հակոբյանի կողմից որպես գործին մասնակից չդարձված անձ լինելու հիմքով բողոքարկելու իրավունք ունենալուն, արձանագրում է հետևյալը․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը,
2) երրորդ անձինք,
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտերը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կախված իրավահարաբերության էությունից և դատական քննության ենթակա վիճելի նյութաիրավական պահանջից դատավարության մասնակիցների կազմը կարող է փոփոխվել, այնուհանդերձ որպես ելակետ պետք է ընդունվի սուբյեկտի շահագրգռվածությունն ու գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտերի ազդեցությունը վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: (…):
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պարտավորական հարաբերություններում պարտատիրոջ փոփոխվելու դեպքում զիջվող իրավունքները նոր պարտատիրոջն են անցնում (փոխանցվում) որոշակի՝ անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով։ Ընդ որում, այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Շարադրվածի համատեքստում անդրադառնալով սնանկության վարույթի մասնակիցներին և նրանց կազմը որոշելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս վարույթի կենտրոնական ու հիմնական մասնակիցներն են պարտապանը, պարտատերը և սնանկության կառավարիչը։ Այնուհանդերձ սնանկության վարույթը բարդ և տարաբնույթ նյութաիրավական պահանջներ պարունակող վարույթ է, ուստիև կախված վարույթի ընթացքում քննության ենթակա հարցից՝ նյութաիրավական պահանջից, վարույթի մասնակիցների շրջանակը ևս կարող է ընդլայնվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1‑ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4‑րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև նույն օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ (տե՛ս Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ու պարտականությունների վրա: Այլ կերպ ասած՝ դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքները և պարտականությունները, այլև խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի և ուրիշների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական որոշակիության, մասնավորապես՝ res jսdicata սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մաuնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող ու գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը (տե՛ս Հովհաննես Վարդազարյանը և Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի ու Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը դատական ակտերի բողոքարկման հնարավորություն նախատեսել է երկու խումբ անձանց պարագայում` գործին մասնակցող այն անձանց, որոնց համար կայացված դատական ակտն անբարենպաստ է, և գործին մասնակից չդարձած անձանց, որոնց իրավունքներին ու օրինական շահերին է առնչվում դատական ակտը, սակայն վերջիններս մասնակից չեն դարձվել այդ գործի կամ հարցի քննությանը։ Ընդ որում, գործին մասնակից չդարձած անձի կողմից դատավարությանը ներգրավվելու և համապատասխան դատավարական կարգավիճակ ստանալու արդյունքում վերջինս ձեռք է բերում գործին մաuնակցող անձանց իրավունքներն ու նրանց համար uահմանված պարտականությունները։
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքի նախատեսումը ենթադրում է վիճելի իրավահարաբերության ամբողջ սուբյեկտային կազմի ներգրավում, որոնց իրավունքների և օրինական շահերի վրա կարող է ազդել գործի քննությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն այդ պարագայում կարող է ապահովվել գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ ու արդյունավետ քննություն։ Այսինքն՝ գործին մասնակից չդարձած անձն իր իրավունքների պաշտպանության նպատակով ներգրավվում է գործի քննությանը, ձեռք է բերում դատավարական իրավունքներ, որի արդյունքում էլ իրացնում է արդար դատաքննության և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքները։ Հետևաբար գործին մասնակից չդարձած անձին գործի քննությանը մասնակից դարձնելով՝ կանխվում է վիճելի իրավահարաբերության բոլոր մասնակիցներին գործի քննությանը մասնակից չդարձնելու հետևանքով առաջացող դատական սխալը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 02.09.2014 թվականին Համայնքը դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու մասին դիմում։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է, ու Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ, ի թիվս այլնի, գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով։
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 18.05.2018 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Արմեն Ստամբոլցյանին պատկանող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելը թույլատրելու մասին։ Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին հրապարակային սակարկություններով վաճառել «Լոտ 1 - քաղաք Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի մակերեսը 4․5ՀԱ, շինության մակերեսը՝ 9․278,95քմ անշարժ գույքը 702․400․000 ՀՀ դրամ մեկնարկային գնով»։
08.11.2021 թվականին Արա Հակոբյանը դատարան է ներկայացրել պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին դիմում, որով խնդրել է իր և Գագիկ Ղևոնդյանի միջև 03.11.2021 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Գագիկ Ղևոնդյանի փոխարեն իրեն գրանցել որպես պահանջատեր: Արա Հակոբյանի պահանջը՝ 510․000 ՌԴ ռուբլու չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15․11․2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված «է» հերթի պահանջ։ Դիմումին կից ներկայացվել է 03․11․2021 թվականին Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագիրը, որի համաձայն՝ պայմանագրով սահմանված փոխառության գումարը Փոխառուի կողմից Փոխատուին չվերադարձնելու դեպքում Փոխառուն (Ցեդենտ) որպես թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի 08․12․2017 թվականի որոշմամբ գրանցված չապահովված «է» հերթի պահանջատեր, Փոխատուին (Ցեսիոնար) զիջում է Արմեն Ստամբոլցյանի ու Գագիկ Ղևոնդյանի միջև 18.11.2010 թվականին կնքված պարտավորագրից և Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/1591/02/11 գործով 01․08․2013 թվականի վճռից բխող թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով վարույթում պարտապան Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ Ցեդենտի ունեցած 510,000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը, իսկ Ցեսիոնարն ընդունում է պահանջի իրավունքն ամբողջությամբ։ Նույն պայմանագրի 3.2 կետով սահմանվել է, որ իրավունքը Ցեսիոնարին է անցնում փոխանցման պահին առկա ծավալով և պայմաններով, ներառյալ՝ պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները։
09.01.2017 թվականին Արա Հակոբյանի և ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի միջև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 26.12.2016 թվականի թիվ 824/11-11/03 արձանագրության հիման վրա կնքվել է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը 5․423.472 ՀՀ դրամով վաճառելու մասին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։
Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից 28․12․2018 թվականին անցկացվել է պարտապան Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը, որտեղ նշված անշարժ գույքը 272․124․151 ՀՀ դրամով վաճառվել է «Արդանե» ՍՊԸ-ին։
Արա Հակոբյանը 26.11.2021 թվականին թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության վարույթի շրջանակներում ներկայացրել է հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դիմում, 07․12․2021 թվականին՝ պահանջից հրաժարվելու և սնանկության վարույթն ավարտելու մասին դիմում, 15.12.2021 թվականին՝ պահանջից հրաժարվելու, սնանկության վարույթն ավարտելու մասին 06․12․2021 թվականի դիմումն առանց քննարկման թողնելու ու պահանջի չափն ավելացնելու մասին դիմում, որով պնդել է իր՝ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջը և խնդրել է ավելացնել պահանջի չափը, իսկ 22.11.2021 թվականին՝ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու մասին դիմում:
Դատարանի 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի՝ որպես սնանկության վարույթով պարտատիրոջ կողմից 30․11․2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչպես նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանելով, որ «Բողոքարկվող դատական ակտը կայացվել է 25.05.2018 թվականին, հետևաբար այդ ակտի դեմ բողոք կարող էր ներկայացվել 15 օրյա ժամկետում, մինչդեռ սնանկության վարույթի մասնակիցները՝ այդ թվում՝ նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանը, ում պահանջը հետագայում զիջվել է Արա Հակոբյանին, դատական ակտը չեն բողոքարկել: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, որ բողոքարկվող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու Արա Հակոբյանի՝ որպես պարտատիրոջ իրավունքը ծագել է սնանկության գործով պարտատեր գրանցվելու պահից՝ 15.11.2021 թվականից, և երբ վերջինիս փաստացի հասանելի է դարձել բողոքարկվող դատական ակտը՝ 23.11.2021 թվականից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արա Հակոբյանի պահանջը չի գրանցվել որպես ինքնուրույն պահանջ, այլ դեռևս 08.12.2017 թվականի որոշմամբ գրանցված պարտատեր Գագիկ Ղևոնդյանը փոխարինվել է Արա Հակոբյանով, հետևաբար Գագիկ Ղևոնդյանի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են սնանկության վարույթի ընթացքում մինչև Արա Հակոբյանի՝ սնանկության վարույթի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին Գագիկ Ղևոնդյանի համար, որին փոխարինել է Արա Հակոբյանը» 22․12․2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16․03․2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․12․2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Այնուհետև՝ Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանը որպես գործին մասնակից չդարձված անձ 11․02․2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը Վերաքննիչ դատարանի 20․05․2022 թվականի որոշմամբ մերժվել է։
Վերոգրյալ փաստերի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 03.11.2021 թվականին Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, որի հիմքով Արա Հակոբյանը դարձել է սույն սնանկության գործով պարտատեր ու համապատասխանաբար սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է պարտատեր գրանցվելու և գրանցված պարտատիրոջը փոխարինելու մասին, հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու պահանջի մասին, պահանջից հրաժարվելու ու սնանկության վարույթն ավարտելու մասին, պահանջից հրաժարվելու, սնանկության վարույթն ավարտելու մասին 06․12․2021 թվականի դիմումն առանց քննարկման թողնելու և պահանջի չափն ավելացնելու մասին, ինչպես նաև Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու մասին դիմումներ: Հարկ է նաև նշել, որ Արա Հակոբյանը Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ որպես սնանկության վարույթով պարտատեր։
Այսինքն՝ Արա Հակոբյանը սույն սնանկության գործի շրջանակներում վերը նշված դիմումները ներկայացնելուց զատ Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշումը բողոքարկել է նաև արդեն որպես դատավարության մասնակից հանդիսացող անձի իրավահաջորդ, այսինքն՝ դատավարության մասնակից, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ դարձած չլինելու հանգամանքը և այդ հիմքով դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունը:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Արա Հակոբյանի պահանջը չի գրանցվել որպես ինքնուրույն պահանջ, այլ՝ 08.12.2017 թվականի որոշմամբ պարտատեր գրանցված Գագիկ Ղևոնդյանը փոխարինվել է Արա Հակոբյանով (պահանջի զիջում), որպիսի հանգամանքի հաշվառմամբ պետք է փաստել, որ Գագիկ Ղևոնդյանի բոլոր գործողությունները, որոնք կատարվել են սնանկության վարույթի ընթացքում մինչև Արա Հակոբյանի սնանկության վարույթի մեջ մտնելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին Գագիկ Ղևոնդյանի համար:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը 20.05.2022 թվականի որոշմամբ «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» 25․05․2018 թվականի որոշման դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ «(…) բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է գործին մասնակից չդարձվելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն հետևության, որ Արա Հակոբյանը մասնակցել է սույն սնանկության գործի քննությանը, մասնավորապես դառնալով պարտատեր՝ վերջինս սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է դիմում, միջնորդություններ, այսինքն՝ իր գրավոր դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, բողոքարկել է դատական ակտը, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ չդարձվելու հանգամանքը: Մասնավորապես սույն գործով բողոքարկվող դատական ակտի՝ 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի անունից 30.11.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22․12․2021 թվականին կայացրել է որոշում՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին։ Ընդ որում ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ Արա Հակոբյանի պահանջը չի գրանցվել որպես ինքնուրույն պահանջ, այլ դեռևս 08.12.2017 թվականի որոշմամբ գրանցված պարտատեր Գագիկ Ղևոնդյանը փոխարինվել է Արա Հակոբյանով (պարտքի զիջում), հետևաբար Գագիկ Ղևոնդյանի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են սնանկության վարույթի ընթացքում մինչև Արա Հակոբյանի՝ սնանկության վարույթի մեջ մտնելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին Գագիկ Ղևոնդյանի համար, որի իրավահաջորդն է Արա Հակոբյանը: Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույն դատական ակտի դեմ նույն անձը չի կարող վերաքննիչ բողոք ներկայացնել որպես գործին մասնակից չդարձված անձ այն պայմաններում, երբ վերջինս լինելով դատավարության մասնակցի իրավահաջորդ բողոքարկել է դատական ակտը որպես դատավարության մասնակից։ Այսինքն, դատավարությանը մասնակից հանդիսացող անձը չի կարող իրավունք ունենալ բողոքարկելու դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արա Հակոբյանը, իրացնելով իրեն պատկանող քաղաքացիական իրավունքներն իր հայեցողությամբ իրականացնելու [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետ] և սեփական հայեցողությամբ իր դատավարական իրավունքներն իրականացնելու ու դատական պաշտպանության միջոցները և եղանակները տնօրինելու [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս] օրենքով երաշխավորված հնարավորությունները, 15.11.2021 թվականին դարձել է պարտատեր, վերջինիս պահանջը գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում, հետևաբար Արա Հակոբյանը ներգրավվել է սնանկության վարույթում՝ ձեռք բերելով գործի քննությանը մասնակցող անձի կարգավիճակ:
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանգրում է, որ Արա Հակոբյանը պարտատեր դառնալու արդյունքում կատարել է մի շարք դատավարական գործողություններ, մասնավորապես՝ ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վերջինս ներկայացրել է պարտատեր գրանցվելու և գրանցված պարտատիրոջը փոխարինելու մասին, հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու պահանջի մասին, պահանջից հրաժարվելու ու սնանկության վարույթն ավարտելու մասին, պահանջից հրաժարվելու, սնանկության վարույթն ավարտելու մասին 06․12․2021 թվականի դիմումն առանց քննարկման թողնելու և պահանջի չափն ավելացնելու մասին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու մասին դիմումներ, ինչպես նաև Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ որպես սնանկության վարույթով պարտատեր ներկայացրել է վերաքննիչ բողոք: Այսինքն՝ Արա Հակոբյանը, դառնալով սնանկության վարույթի մասնակից, արդեն իսկ ձեռք է բերել այն իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված ու սահմանված են գործին մասնակցող անձանց համար, ավելին՝ վերջինս որպես սնանկության վարույթով պարտատեր Դատարանի 20.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արա Հակոբյանի պարտատեր հանդիսանալու արդյունքում արդեն իսկ բացակայում է ենթադրյալ գործին մասնակից չդարձած անձ Արա Հակոբյանին գործի քննությանը ներգրավվելու անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արա Հակոբյանի կողմից սնանկության վարույթում ներգրավվելուց հետո վերանում է վերջինիս կողմից որպես գործին մասնակից չդարձած անձ դատավարական իրավունքների, այդ թվում՝ դատական ակտերը բողոքարկելու իրավունքի իրացման հնարավորությունը՝ անկախ վարույթին ներգավվելու փուլից։ Հակառակ պարագայում կիմաստազրկվեն գործին մասնակից չդարձած անձին գործի քննությանը մասնակից դարձնելու վերը նշված իրավական նպատակները և երաշխիքները, ինչպես նաև հնարավոր չի լինի երաշխավորել գործին մասնակից դարձած ու գործի քննությանը մասնակից չդարձած անձանց իրավունքների միջև հավասարակշռությունը։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, քանի որ Արա Հակոբյանը չի կարող համարվել գործին մասնակից չդարձած անձ և այդ հիմքով բողոք ներկայացնել այն պայմաններում, երբ վերջինս, լինելով դատավարության մասնակցի իրավահաջորդ, արդեն իսկ օգտվել է դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից՝ որպես դատավարության մասնակից։ Այսինքն՝ դատավարությանն արդեն իսկ մասնակից դարձած անձը՝ տվյալ դեպքում Արա Հակոբյանը, չի կարող որպես գործին մասնակից չդարձած անձ բողոքարկել դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ, վերջինս մասնակցել է գործի քննությանը և արդեն իսկ օգտվել է բողոքարկման իր իրավունքից։
Հաշվի առնելով Արա Հակոբյանի կողմից Դատարանի 25․05․2018 թվականի «Գույքի վաճառքի հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշումը բողոքարկելու իրավասության բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանն Արա Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի այլ հիմքերին և հիմնավորումներին չի անդրադառնում։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 20․05․2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ս. Մեղրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:
