ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը «բնագավառներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պետությունը սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում առաջին պարբերությունը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 Երևան ՀՕ-51-Ն |