ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 412-Ն
ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 3.1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշման |
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու ընթացակարգերն ու պայմանները:
2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված նշանակությունները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում J59.11 կամ J59.12 տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ունեցող ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ համաձայն կարգի և սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափով:
2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Ներդրումների մասնակի վերադարձը ստանալու նպատակով ֆիլմարտադրողը պետք է կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնի՝
1) հայտ (ձևը մշակում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը և հրապարակում իր պաշտոնական կայքում).
2) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի տված պետական գրանցման վկայականի պատճենը.
3) ֆիլմի սցենարը՝ նշելով ֆիլմի արտադրման ժամկետները.
4) դերասանական կազմի վերաբերյալ տվյալներ (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը/առկայության դեպքում/ և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն).
5) ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի ցանկը (որը կազմվում է սույն որոշման N 2 հավելվածի սահմանված ցանկի հիման վրա) և դրանք հիմնավորող փաստաթղթերը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
5. Հայտերի ներկայացման ժամանակացույցը և հայտերի ընդունման պարբերականությունը սահմանում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը:
6. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից ստեղծված և կից գործող մասնագիտական խումբը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու բովանդակությունը:
7. Ներկայացված փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև դրանցում թերություններ կամ տեխնիկական սխալներ հայտնաբերելու պարագայում կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը առաջարկում է ֆիլմարտադրողին 10 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել առկա թերությունները՝ դրա մասին Էլեկտրոնային ծանուցումների միասնական հարթակի միջոցով կամ գրավոր կամ էլեկտրոնային փոստով ֆիլմարտադրողին ծանուցելու միջոցով:
8. Կարգի 7-րդ կետով սահմանված գործընթացը ֆիլմարտադրողի կողմից չապահովվելու դեպքում ներկայացված հայտը մերժվում է:
9. Կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետը կասեցվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից ֆիլմարտադրողին ներկայացված փաստաթղթերը համալրելու կամ շտկելու ծանուցում ուղարկելու օրվանից մինչև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից այդ փաստաթղթերի ստացման օրը։
10. Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո իրականացվում է կարգի 6–րդ կետով սահմանված գործընթացը, որի ավարտից հետո մեկօրյա ժամկետում մասնագիտական խումբը կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենին է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքը՝ հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույթները:
11. Ամփոփելով մասնագիտական խմբի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքը կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ներդրումների մասնակի վերադարձը բավարարելու կամ մերժելու մասին եզրակացությունը և ֆիլմարտադրողի կողմից հայտին կից ներկայացված փաստաթղթային փաթեթի հետ միասին ներկայացնում է լիազորված պետական մարմնին:
12. Լիազորված պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու կամ մերժելու մասին:
13. Լիազորված պետական մարմինը հաստատում է ներդրումների մասնակի վերադարձի տրամադրումը օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների համաձայն:
14. Լիազորված պետական մարմնի կողմից ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու մասին որոշում կայացվելուց հետո կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում ֆիլմարտադրողի հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են ֆիլմարտադրողի պարտավորությունները հայտով ներկայացված ֆիլմարտադրության բովանդակային և արտադրական պայմանների ապահովման վերաբերյալ և նշված պայմանները խախտելու դեպքում համապատասխան կարգավորումների վերաբերյալ:
15. Լիազորված պետական մարմինը հայտը մերժում է օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համաձայն:
16. Ֆիլմերը, որոնց վերաբերյալ լիազորված պետական մարմնի կողմից որոշում է կայացվել ներդրումների մասնակի վերադարձը մերժելու մասին, չեն կարող այլևս հայտ ներկայացնել այն ստանալու նպատակով։
17. Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը օրենսդրությամբ սահմանված վերահսկողության տվյալների կամ այլ հիմնավորված փաստերի հիմքով իրավասու է իր կողմից տրված դրական եզրակացությունը փոփոխել և լիազորված պետական մարմնին ներկայացնել բացասական եզրակացություն, որի հիման վրա լիազորված պետական մարմնի որոշման համաձայն ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում, իսկ հատկացված միջոցները հետ են գանձվում պետական բյուջե:
18. Լիազորված պետական մարմնի կողմից որոշում է կայացվում ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու, իսկ հատկացված միջոցները պետական բյուջե հետ գանձելու մասին՝ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշման |
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ՝ հավելված) սահմանվում են ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները:
2. Հավելվածում օգտագործվող հասկացություններն ունեն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված նշանակությունները:
3. Ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություններն ու աշխատանքները ֆիլմարտադրողները պետք է ձեռք բերեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։
4. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում դրամագլխի հաշվին տվյալ ֆիլմարտադրությանը հատկացված ֆինանսական միջոցների չափով կատարված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ծախսերը:
5. Ներդրումների մասնակի վերադարձի նվազագույն չափ է սահմանվում հավելվածում սահմանված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման դիմաց ֆիլմարտադրողի կողմից հավելվածի 3-րդ կետում նշված մատակարարներին (ծառայություն մատուցողներին) վճարված գումարի ոչ պակաս, քան 25 (քսանհինգ) տոկոսը:
6. Հայաստանի Հանրապետությունը որպես նպատակակետ հանրահռչակելու համար (հանրահռչակման ենթակա տարրերը սահմանվում են լիազորված պետական մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի առաջարկությունների հիման վրա) կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել հավելվածի 5–րդ կետով սահմանված գումարից ավելի գումար, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիլմարտադրողի դեպքում չի կարող ավելի լինել, քան օրենքով և սույն որոշմամբ սահմանված վերադարձման ենթակա գումարի 5 (հինգ) տոկոսը, իսկ ոչ ռեզիդենտ ֆիլմարտադրողների կամ համատեղ ֆիլմարտադրության դեպքում՝ 10 (տասը) տոկոսը:
7. Լիազորված պետական մարմնի կողմից հաստատված հայտերի դեպքում գումարի հետվերադարձը տրամադրվում է հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված չափով՝ ըստ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և կինոարտադրողի միջև կնքված պայմանագրով սահմանված ժամկետների և պայմանների:
8. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերը հիմնավորող փաստաթղթերն են՝
1) հարկային հաշիվ.
2) ճշգրտող հարկային հաշիվ.
3) հաշիվ վավերագիր.
4) ճշգրտող հաշիվ վավերագիր.
5) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում` էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն), որի վրա նշված է ապրանք ձեռք բերողի, աշխատանք ընդունողի և (կամ) ծառայություն ստացող հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
9. Տեսաձայնային նյութերի օգտագործման իրավունքի ձեռքբերման ծախս՝
1) կինոֆոնդերից և կինոարխիվներից նյութերի օգտագործման իրավունքի ձեռքբերում.
2) էլեկտրոնային հարթակներից և գրադարաններից նյութերի (ֆուտաժների և երաժշտության) օգտագործման իրավունքի ձեռքբերում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտավոր սեփականության իրավունքի ձեռքբերում.
4) գրական նյութի, հեղինակային և գույքային իրավունքների ձեռքբերում:
10. Սցենարի խմբի ծախս՝
1) սցենարիստ.
2) սցենարի և սցենարի հակիրճ բովանդակության ձեռքբերում՝ (լոգլայններ (logline), անոտացիաներ, սինոփսիսներ (synopsis), թրիթմենթներ (treatment), տեսարանների նկարագրություն).
3) արտասահմանյան գրական նյութերի ձեռքբերում․
4) գրական հիմքի և սցենարի խմբագրում:
11. Ռեժիսորական խմբի ծախս՝
1) երկրորդ ռեժիսոր.
2) քասթինգ-տնօրեն.
3) դերասանական գործակալությունների ծառայություններ.
4) դերասանական փորձերի և քասթինգի ծառայություններ.
5) դերասանների գծով օգնական.
6) սցենարի մասով ռեժիսորի օգնական՝ սկրիպտսուպերվայզեր (script supervisor).
7) կադրավորողներ.
8) մոնտաժման մասնագետ:
12. Դերասանական կազմի հետ կապված ծախս՝
1) դերասանների, զանգվածային տեսարանների մասնակիցների, դերասանների խմբավորումների, դուբլյորների, կրկնօրինակման դերասանների հոնորարներ.
2) զանգվածային տեսարանների մասնակիցների բրիգադավարների ծառայություններ.
3) դերասանների համար հատուկ հմտությունների ուսուցում/վերապատրաստում:
13. Վարչական խմբի ծախս՝
1) գծային պրոդյուսեր.
2) գործադիր պրոդյուսեր.
3) նկարահանող խմբի տնօրեն.
4) նկարահանող խմբի փոխտնօրեն.
5) արտադրության համակարգող.
6) արտադրության ադմինիստրատոր.
7) պրոդյուսերի մասնագիտական օգնական:
14. Նկարչական խմբի ծախս՝
1) բեմադրող նկարիչ.
2) գեղարվեստական ղեկավար.
3) դեկորատոր.
4) բեմադրող.
5) ռեկվիզիտների, բուտաֆորիայի, դեկորացիաների, էսքիզների ստեղծում, սխեմաների կազմում, ճարտարագիտական հաշվարկներ, տաղավարների դասավորման ստեղծում.
6) տեխնիկական, ճարտարագիտական, էլեկտրոնային, մեխանիկական հարմարանքների ստեղծում:
15. Նկարահանման վայրերի ընտրության ծախս՝
1) նկարահանման օբյեկտների անձնակազմ (ադմինիստրատոր, էլեկտրիկ, հրշեջ, հավաքարար, բեռնիչ).
2) նկարահանման վայրերի ընտրության մասնագետ (լոքեյշն մենեջերներ/location manager, լոքեյշն սքաութներ/location scout).
3) նկարահանման թույլտվություն.
4) նկարահանման վայրի արգելափակում և շրջափակում:
16. Ռեկվիզիտային խմբի ծախս՝
1) ռեկվիզիտոր.
2) գեղանկարիչ.
3) բուտաֆորիստ.
4) ռեկվիզիտներ և մուլյաժներ:
17. Կասկադյորական անձնակազմի և հատուկ էֆեկտների ծախս՝
1) կասկադյորների համակարգող, կասկադյորների մարզիչ և կասկադյորական թիմի մասնագետ.
2) հատուկ էֆեկտների բեմադրող, ինժեներ և այլն.
3) հնարքների բեմադրում.
4) հրատեխնիկական սարքավորումներ.
5) կասկադյորական սարքավորումներ։
18. Դիմահարդարման և հագուստի ծախս՝
1) դիմահարդարման նկարիչ.
2) դիմահարդար.
3) պլաստիկ դիմահարդարման մասնագետ.
4) պոստիժոր.
5) զգեստների նկարիչ.
6) զգեստապահ.
7) դերձակ.
8) իմիջի ստեղծում (վարսահարդար, ոճաբան, դիմահարդար).
9) զգեստների պատրաստում, վարձույթ.
10) պոստիժերական ապրանքներ:
19. Օպերատորական խմբի ծախս՝
1) բեմադրող օպերատոր.
2) օպերատոր, քամերամեն (cameraman).
3) ֆոկուս ասիստենտ (ֆոկուս պուլլեր/ focus puller).
4) օպերատորի օգնական.
5) տեսախցիկի մեխանիկ.
6) փլեյբեքեր (playback).
7) DIT մասնագետ.
8) սթեդիքամ (steadicam) օպերատոր.
9) կվադրոկոպտերների օպերատոր և օդաչու:
20. Լուսավորության խմբի ծախս՝
1) լուսավորող բրիգադավար (գաֆեր/gaffer).
2) բրիգադավարի օգնականներ.
3) լուսավորող.
4) գեներատորի մասնագետ:
21. Տեխնիկական անձնակազմի ծախս՝
1) ավագ մեխանիկ-աշխատող (քեյ-գրիպ/key grip).
2) մեխանիկ-աշխատող (գրիպ/grip).
3) օպերատորական սայլակի օպերատոր (դոլի/dolly).
4) օպերատորական կռունկի օպերատոր:
22. Ձայնի ռեժիսորական խմբի ծախս՝
1) ձայնային ռեժիսոր.
2) ձայնային օպերատոր.
3) խոսափողի օպերատոր (բում օպերատոր):
23. Տրանսպորտի ծախս՝
1) տրանսպորտային համակարգող.
2) խաղարկային տրանսպորտի համակարգող.
3) բեռների փոխադրման (փոխադրման ցանկացած եղանակով), մաքսային բրոքերների, լոգիստիկ ընկերությունների, մաքսային և ուղեկցող փաստաթղթերի ու թույլտվությունների ձևակերպման ծառայություններ.
4) ավտոկայանատեղիի ծառայություններ.
5) հատուկ տրանսպորտի վարձակալություն.
6) ավտոտրանսպորտի, այդ թվում՝ մարդատար, բեռնատար, խաղային տրանսպորտի, հատուկ տեխնիկայի (ներառյալ սքայլիֆտներ/skylift, սիզռլիֆտներ/scissor lifts, ավտոմոբիլային աշտարակներ, էվակուատորներ, կռունկներ), անիվների վրա գտնվող տների, մասնագիտացված կամ վերասարքավորված մեքենաների (գրիմվագեններ, կոստյումվագեններ, կցասայլեր, տուալետվագեններ, անիվների վրա գրասենյակներ, բուֆետվագեններ, փլեյբեքվագեններ, գեներատորներ), ջրցան մեքենաների, ջրատարների վարձակալություն:
24. Գործուղման և արշավախմբային/էքսպեդիցիոն ծախս՝
1) ավիատոմսեր, երկաթուղային և ջրային տրանսպորտի տոմսեր այն պայմանով, որ նպատակակետը կամ մեկնման կետը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) ֆիլմի զարգացման, արտադրության և հետ արտադրության ժամանակահատվածի համար նկարահանման անձնակազմի բնակության վճար:
25. Նկարահանման սարքավորումների ծախս՝
1) լուսավորող սարքավորումների և բաղադրիչների վարձակալություն.
2) ձայնագրման սարքավորումների և բաղադրիչների վարձակալություն.
3) օպերատորական տեխնիկայի և համալրիչների վարձակալություն.
4) կապի հատուկ միջոցների վարձակալություն.
5) հատուկ տեխնիկական հարմարանքների (կռունկների, ավտոռոբոտների, կայունացման գլուխների, ֆերմաների, դինամիկ լույսի, դոլլիների, սահնակների (սլայդերի), քոփտերների, օպերատորական լաստերի և ակվաբոքսերի, քրաշբոքսերի) վարձակալություն:
26. Նկարահանման համար անհրաժեշտ տարածքների ծախս՝
1) տաղավարների և կից տարածքների, այդ թվում՝ անցագրերի, տաղավարների վերելակների, կոմունալ ծառայությունների, մասնագիտացված սենյակների՝ հանդերձարանների, զգեստապահարանների, դերասանական և կինոյի խմբի համար տարածքների վարձակալություն.
2) գրասենյակային, պահեստային տարածքների, խաղային տրանսպորտի ավտոտնակների, զգեստների, հանդերձարանների, ռեկվիզիտորների, նկարչական, դերասանական, ռեժիսորական սենյակների վարձակալություն:
27. Անձնակազմի և լրացուցիչ ծառայությունների ապահովման ծախս՝
1) լուսանկարիչ.
2) մաքրման (քլինինգային) ծառայություններ.
3) նկարահանման հրապարակում սննդի ապահովման ծառայություն (քեյթրինգ).
4) իրավապահ մարմինների ծառայություն.
5) շտապօգնության ծառայություն.
6) հրշեջների ծառայություն.
7) սանիտարական նորմերի ապահովում.
8) կենդանիներ վարժեցնող.
9) ռազմական տեխնիկայի վարձակալություն.
10) թարգմանչական ծառայություն.
11) լեռնագնացների ծառայություն.
12) ջրասուզակների ծառայություն.
13) մարզիչների ծառայություն.
14) կոսմետոլոգների ծառայություն.
15) ֆոտոստուդիայի ծառայություն։
28. Անիմացիայի և համակարգչային գրաֆիկայի ստեղծում՝
1) տեսողական էֆեկտների, անիմացիա և համակարգչային գրաֆիկայի պրոդյուսեր.
2) տեսողական էֆեկտների, անիմացիա և համակարգչային գրաֆիկայի սուպերվայզեր.
3) տեսողական էֆեկտների, անիմացիա և համակարգչային գրաֆիկայի համակարգող.
4) մենեջերներ.
5) կադրավորման, լեյաութների, անիմացիայի, եզրագծային, ֆազավորման, լցոնման նկարիչ.
6) կերպարների, ֆոների, ռեկվիզիտների (պրոպսերի), մոդելների, տիկնիկների պատրաստում.
7) հյուսվածքի նկարիչ.
8) կոմպոզիտինգի նկարիչ.
9) նյութերի կարգավորման (շեյդինգի) և լուսավորման (լայթինգի) նկարիչ.
10) տեսողական էֆեկտների նկարիչ.
11) տեխնիկական տնօրեն.
12) տեսողական էֆեկտների մոնտաժող.
13) տեսողական էֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ.
14) անիմացիայի մշակման և ստեղծման ծառայություն՝ էսքիզներ (կոնցեպտարտի), մոդելներ, գունային էքսպլիկացիա, սյուժեներ, անիմատիկա, հնչյունավորում, լեյաուտ, պատկերի մշակում, կոմպոզիցիա, ֆազավորում, ուրվագծում, գծագրություն, լցոնում, լայն-թեստավորում, սկանավորում, ռենդերինգ, մոնտաժում, հնչյունագրերի վերծանում, ֆոների, կերպարների, ռեկվիզիտի (պրոպսերի), գրաֆիկական օբյեկտների, գրադարանների, կեցվածքների, դեմքի արտահայտության (միմիկայի) մշակում.
15) տիկնիկների պատրաստման (կոնստրուկցիաներ, քանդակներ, փաթաթում, ներկում, զգեստների կարում), տեխնիկական հարմարանքների օգտագործման ծառայություններ.
16) համակարգչային գրաֆիկայի պատրաստման ծառայություններ, (ռոտոսկոպիա, մաքրում (քլինափ), 2D/3D մեթչմուվինգ, քեյինգ, կոմպոզիտինգ, կոնցեպտ-արտ, մեթ փեյնթինգ, նախավիզուալիզացման արտադրություն, հետվիզուալիզացման արտադրություն, մոդելավորում, սքուլփթինգ, մոդելի և տեսարանի փոխակերպում, հյուսվածքավորում, ռիգինգ/սեթափ, շեյդինգ, լայթինգ (թվային լուսավորություն), լեյաութ, ասսեթ արտադրություն, անիմատիկայի արտադրություն, տեխնիկական անիմացիա, կերպարային անիմացիա, թրեքքինգ, տեսախցիկների բեմադրություն և անիմացիա, պինդ/փափուկ մարմինների, հեղուկների, ծխի/կրակի, բուրդ/մազերի դինամիկա լրացուցիչ սիմուլյացիա, 3D ռենդերինգ, ստերեոգրաֆիա և այլն.
17) մոուշն-դիզայնի պատրաստում.
18) շարժման գրավման և նյութի հետագա մշակում.
19) համակարգչային մշակում, տիտրերի ստեղծում.
20) համակարգչային գրաֆիկայի պատրաստում:
29. Հետարտադրական շրջան՝
1) ժապավենների լաբորատոր մշակում.
2) նեգատիվ, պոզիտիվ և կոնտրատիպային ժապավենի մատակարարում.
3) ձայնային մշակում.
4) ձայնային սուպերվայզինգ.
5) երկխոսության մաքրում, ձայնագրում, տեղադրում.
6) սինխրոն աղմուկի ձայնագրում և տեղադրում.
7) սաունդ-դիզայն.
8) պրեմիքսներ.
9) վերաձայնագրում (5.1).
10) նվագախմբի ձայնագրում և համախմբում (ներառյալ դիրիժորը, նվագախմբի ձայնագրման ստուդիայի վարձակալությունը, ձայնագրության ձայնային ինժեները, գործիքների կարգավորումը, գործիքների վարձակալությունը, պարտիտուրների ստեղծումը).
11) երաժիշտ.
12) ձայնագրման ստուդիաներ.
13) երաժշտական պրոդյուսեր.
14) երաժշտական խմբագիր.
15) նկարահանված նյութերի արխիվացում LTO կրիչների վրա.
16) մոնտաժային ստուդիաների վարձակալություն.
17) պատկերի փոխարկում և համաժամացում աուդիոյի հետ.
18) գունաշտկում.
19) հավաքագրում (կոնֆորմա).
20) համակարգչային գրաֆիկայի համար ելակետային նյութերի թողարկում (տեսողական էֆեկտներ).
21) համակարգչային գրաֆիկայի (տեսողական էֆեկտների) փոխարինում.
22) ստերեո փոխարկում.
23) վերահաշվարկ (ռենդեր).
24) DCP-ի մասթերինգ և այլ ելակետային նյութերի պատրաստում ըստ պահանջի.
25) հետարտադրության պրոդյուսեր.
26) հետարտադրության մենեջեր.
27) հետարտադրության օգնական.
28) մոնտաժի ռեժիսուրա.
29) մոնտաժող.
30) նյութերի փոխարկման, համապատասխանության և գույնի շտկման մասնագետ.
31) վաճառքի մենեջեր.
32) ենթագրերի թարգմանում և ստեղծում.
33) տիֆլոմեկնաբանություն կամ ձայնային ներկայացում (աուդիոդեսքրիպցիա):
30. Տվյալների փոխանցում, պահպանում և մշակում՝
1) տեղեկատվության պահպանման համար կոշտ սկավառակներ, հիշողության սարքեր, ինչպես նաև դրանց պահպանման և տեղափոխման համար մասնագիտացված արկղերի ձեռքբերում.
2) համակարգչային ծրագրերի կամ լիցենզիաների ձեռքբերում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
