ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 405-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10- րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 405-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ
1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն որոշմամբ սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի (այսուհետ՝ մասնագետ) էթիկայի կանոնները:
2. Էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:
3. Մասնագետն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է՝
1) հաշվի առնել շրջակա միջավայրին ուղղված հանրային կարծիքը.
2) տեղեկացնել կառուցապատողին հասարակության նկատմամբ սոցիալական լարվածություն կամ դժգոհություն առաջացնող հնարավոր նախագծային լուծումների իրականացման մասին.
3) քաղաքաշինության բնագավառում սահմանված նորմատիվ պահանջներին համապատասխան հավաստի և սպառիչ տեղեկություն տրամադրել պետական կառավարման համակարգի մարմիններին (այսուհետ՝ պետական մարմիններ), հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ պահպանելով ազնվության և բարեխղճության սկզբունքները.
4) չընդունել նվեր կամ չտալ համաձայնություն այն հետագայում ընդունելու վերաբերյալ, եթե կան հիմնավոր հիմքեր կարծելու, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների կատարման հետ և կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ օբյեկտիվության վրա.
5) պարտականությունների կատարման ընթացքում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են մոլորության մեջ գցել և խաթարել գործընկերների վստահությունը.
6) ձեռնպահ մնալ այնպիսի իրավիճակների կամ գործողությունների մասնակից լինելուն, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման.
7) որոշումները կայացնել գործող նորմերի հիման վրա՝ առանց հաշվի առնելու արտաքին ազդեցությունը.
8) պահպանել անկողմնակալություն՝ զերծ մնալ խտրականության բոլոր ձևերից.
9) քաղաքաշինական օբյեկտների շինարարական լուծումների պլանավորման և իրականացման փուլերում հաշվի առնել բնակչության սակավաշարժ խմբերի, երեխաների, տարեցների և սոցիալապես անապահով խմբերի կարծիքը.
10) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ կամ պայմանագրով հատուկ կարգ նախատեսված լինելու դեպքում տեղեկություններն օգտագործել միայն մասնագիտական գործունեության շրջանակներում՝ պարտականությունների կատարման նպատակով:
4. Մասնագետը գործընկերոջ հետ իր հարաբերություններում պարտավոր է՝
1) քաղաքաշինական գործունեություն իրականացնել առողջ մրցակցության, մասնագիտական էթիկայի և բարեխղճության սկզբունքներով.
2) չսահմանել մասնագիտական ծառայությունների համար անհիմն ցածր գներ՝ մրցակցային առավելություններ ստանալու նպատակով, որը կարող է վնաս հասցնել ծառայությունների որակին և շուկայի կայուն զարգացմանը.
3) չտարածել գործընկերների գործունեության, որակավորման կամ մասնագիտական հեղինակության վերաբերյալ բացասական, կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
4) չվարկաբեկել գործընկերոջ բարի համբավն ու հեղինակությունը.
5) հարգել գործընկերոջ ներդրումը մասնագիտական գործունեության զարգացման գործում.
6) ազնիվ և արդար վերաբերմունք ցուցաբերել գործընկերոջ նկատմամբ՝ հարգելով նրա իրավունքները.
7) հետևել իր ենթակա աշխատակիցներին իրենց պարտականությունները էթիկայի կանոններին համապատասխան կատարելու համար.
8) նպաստել գործընկերոջը՝ զարգացնելու իր մասնագիտական ունակությունները:
2. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
5. Սույն կետի իմաստով՝ շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ մասնագետի` հասարակության կամ շրջակա միջավայրի կամ համայնքի կամ պետական մարմնի կամ գործընկերոջ կամ պատվիրատուի շահերից գործելու պարտականությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել կամ որևէ այլ կերպ ներազդեցություն ունենալ՝ ելնելով մասնագետի, նրան փոխկապակցված անձանց և երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերություններից: Սույն կետի իմաստով՝ փոխկապակցված են համարվում մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր, տատ, պապ, թոռ) կապված անձինք:
6. Մասնագետն իր մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
