ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
գանգատ թիվ 69464/14
Արտաշես ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի փետրվարի 6-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1962 թվականին ծնված և Վանաձորում բնակվող, Վանաձորում գործող իրավաբան պրն Վ. Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ Հայաստանի քաղաքացի պրն Արտաշես Արտաշեսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՝ 2014 թվականի հոկտեմբերի 8-ին Դատարան ներկայացված (թիվ 69464/14) գանգատը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի և հետագայում՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի ճանաչելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ որպես մաքսային ծառայող, իր աշխատանքային գործունեության դադարեցման կապակցությամբ բողոքարկելու համար դատարանի մատչելիության ենթադրյալ մերժմանը։ Նա բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն։
2. 2011 թվականի հունիսի 30-ի հրամանով (Հրաման) Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահն աշխատանքից ազատել է դիմումատուին՝ աշխատատեղերի թվի կրճատման հիմքով: 2011 թվականի օգոստոսից մինչև 2012 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դիմումատուի և ՊԵԿ-ի միջև ընթացել է գրավոր հաղորդակցություն դիմումատուի դիմումների առնչությամբ, որոնցում, inter alia (ի թիվս այլնի), պահանջվում էր կատարել վերջնահաշվարկի վերահաշվարկ և տրամադրել ՊԵԿ-ի աշխատակազմի կրճատման մասին Կառավարության համապատասխան որոշման օրինակը:
3. 2012 թվականի փետրվարի 17-ին դիմումատուն վարչական հայց է ներկայացրել 2011 թվականի հունիսի 30-ին արձակված Հրամանի դեմ, որով ՊԵԿ-ի նախագահին խնդրել է չեղարկել այն՝ անօրինական լինելու հիմքով: 2012 թվականի փետրվարի 27-ի գրությամբ (գրություն) դիմումատուն տեղեկացվել է, որ իր դիմումի քննությունը չի գտնվում ՊԵԿ-ի իրավասության ներքո:
4. 2012 թվականի մարտի 27-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով չեղարկել տվյալ գրությունը և պարտավորեցնել ՊԵԿ-ին քննել իր 2012 թվականի փետրվարի 17-ի բողոքը: Սույն հայցը բավարարվել է Վարչական դատարանի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ, որն անփոփոխ է թողնվել Վերաքննիչ վարչական դատարանի 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ՝ ի պատասխան ՊԵԿ-ի բողոքարկման:
5. ՊԵԿ-ը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով մերժել դիմումատուի հայցը: Այն պնդել է, որ դիմումատուին աշխատանքից ազատելիս ինքը գործել է որպես գործատու, այլ ոչ որպես պետական մարմին: Դիմումատուի հայցը վերաբերում էր աշխատանքային վեճին և հետևաբար ենթակա էր քննության ընդհանուր իրավասության դատարաններում:
6. Վճռաբեկ դատարանն ընդունել է ՊԵԿ-ի վճռաբեկ բողոքը և 2013 թվականի հուլիսի 4-ի իր նախադեպային որոշմամբ մասնակի բավարարել է ՊԵԿ-ի հայցը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ վարչական դատարանի 2013 թվականի հունվարի 24-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) և կարճել գործով վարույթը: Այն նշել է, որ ՊԵԿ-ի վճռաբեկ բողոքն ընդունելու պատճառը եղել է հանրային ծառայության նկատմամբ վարչական և քաղաքացիական օրենսդրության միատեսակ կիրառման ապահովման և հանրային ծառայության հետ կապված վեճեր քննող դատարանների իրավազորության նկատմամբ միատեսակ գործելակերպի ապահովման անհրաժեշտությունը: Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված այն հարցերը, որոնք չեն բխում նրա հանրային կարգավիճակից, իրենց բնույթով զբաղվածության հետ կապված հարցեր են և պետք է կարգավորվեն Աշխատանքային օրենսգրքով և հանրային ծառայությանը վերաբերող համապատասխան օրենսդրությամբ: Ինչ վերաբերում է իրավազորության հարցին, ապա այն նշել է, որ հանրային ծառայության հետ կապված ոչ բոլոր վեճերն են գտնվում վարչական դատարանների իրավազորության ներքո, և որ համապատասխան դատարանը պետք է ուսումնասիրի վեճի բնույթը տվյալ հարցի շուրջ որոշում կայացնելիս: Մասնավորապես իրենց բնույթով աշխատանքային համարվող վեճերը գտնվում են ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության ներքո: Ինչ վերաբերում է դիմումատուի գործին, ապա Վճռաբեկ դատարանը գտել է, որ նրա հայցը վերաբերել է սովորական աշխատանքային վեճին, որը ենթակա է եղել ընդհանուր իրավասության դատարանների կողմից քննության:
7. 2013 թվականի հուլիսի 31-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (այսուհետ՝ Շրջանային դատարան) վիճարկելով նշված Հրամանը և ցանկանալով փոխհատուցում ստանալ կորցրած եկամտի դիմաց՝ մինչև իր պաշտոնում վերականգնվելը: Նա, ի թիվս այլնի, պնդել է, որ մինչև Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 4-ի նախադեպային որոշումը հանրային ծառայությանն առնչվող վեճերը հավասարապես քննվել են վարչական դատարանների կողմից: Նա հղում է կատարել աշխատակազմի կրճատման պատճառով հանրային ծառայողի՝ աշխատանքից ազատվելուն վերաբերող թիվ 6/0001/05/12 վարչական գործին, որը ավելի վաղ՝ նույն տարվա ընթացքում, քննվել էր վարչական դատարանների կողմից՝ երեք ատյանների մակարդակով:
8. 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆինանսների նախարարությունը (դատավարությունում՝ երրորդ կողմ) դիմել է Վարչական շրջանի դատարան՝ պահանջելով դիմումատուի հայցի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ կիրառել՝ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (աշխատանքային վեճի վերաբերյալ դատական հայց ներկայացնելու համար մեկամսյա ժամկետի սահմանում՝ աշխատողի կողմից համապատասխան անհատական որոշումը ստանալու պահից սկսած):
9. 2013 թվականի հոկտեմբերի 17-ի իր որոշմամբ Շրջանային դատարանը մերժել է դիմումատուի հայցը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
10. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի պատասխան դիմումատուի բողոքի, անփոփոխ է թողել Շրջանային դատարանի որոշումը: Ի պատասխան դիմումատուի այն փաստարկին, որ եղել է իրավազորության հետ կապված կանոնների վերաբերյալ անորոշություն, և նա իր քաղաքացիական հայցը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ հարցի պարզաբանման շուրջ որոշման կայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները), Քաղաքացիական վերաքննիչ դատարանը պնդել է հետևյալը. դիմումատուն, որը գտել է, որ իր աշխատանքային իրավունքների խախտում է տեղի ունեցել և տեղյակ է եղել այդ մասին 2011 թվականի հուլիսին, դիմել է Շրջանային դատարան 2013 թվականի հուլիսի 31-ին (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Գրությունը չեղյալ հայտարարելու մասին պահանջը չի կարող դիտարկվել որպես ենթադրաբար խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջ: Դիմումատուն ազատվել է իր պաշտոնից 2011 թվականի հունիսի 30-ին, և նա պետք է պահանջեր Հրամանի դատական վերանայում մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը։ Նույնիսկ ենթադրելով, որ Շրջանային դատարան ներկայացված հայցը կարող էր դիտարկվել որպես դիմումատուի ենթադրաբար խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջ, նա դատարան է դիմել միայն 2012 թվականի մարտի 27-ին (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), այսինքն՝ աշխատանքից ազատվելուց ավելի քան ութ ամիս անց:
11. 2014 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի վճռաբեկ բողոքը։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
12. Հղում կատարելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին՝ դիմումատուն պնդել է, որ տեղի է ունեցել դատարանի մատչելիության իր իրավունքի խախտում, քանի որ նա չի կարոողացել ստանալ 2011 թվականի հունիսի 30-ի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանի դատական վերանայման հնարավորություն։ Նա պնդում էր, որ այն իրավիճակում, երբ այդ պահին անորոշություն կար հանրային ծառայողների մասնակցությամբ աշխատանքային վեճերը վարչական դատարանների կամ ընդհանուր իրավասության դատարանների կողմից քննվելու վերաբերյալ, օրենքով սահմանված վաղեմության ժամկետների կիրառումը իր հետագա քաղաքացիական հայցի նկատմամբ ներկայացնում էր դատարանի մատչելիության իր իրավունքի չարդարացված սահմանափակում: Դիմումատուն ներկայացրել է հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված ներպետական գործերի օրինակներ, որոնք նախկինում քննվել են վարչական դատարանների կողմից։
13. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուի բողոքը ներկայացվել է ժամկետի խախտմամբ, քանի որ նա չի դիմել Դատարան Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 4-ի որոշման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, եթե նա համարում էր, որ իր բողոքը պետք է քննվեր վարչական դատարանների կողմից: Ինչ վերաբերում է բողոքի էությանը, Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն չի կարողացել սահմանված ժամկետում վիճարկել Հրամանը (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը): Փոխարենը, նա գրավոր հաղորդակցվել է ՊԵԿ-ի հետ վերջնահաշվարկի վերաբերյալ և առաջին անգամ Հրամանը վիճարկել է 2012 թվականի փետրվարի 17-ին՝ ներկայացնելով վարչական հայց: Այնուհետև նա դիմել է վարչական դատարաններ՝ ցանկանալով պարտավորեցնել ՊԵԿ-ին այդ բողոքի վերաբերյալ որոշում կայացնել: Այսպիսով, նույնիսկ եթե վարչական դատարանները բավարարեին այդ հայցը, դա կնշանակեր, որ ՊԵԿ-ը պարտավորված էր լինելու վարչական կարգով քննել նրա բողոքը՝ Հրամանը չեղարկելուն հակառակ: Դիմումատուն պահանջել է դատական կարգով վերանայել Հրամանը դրա ընդունումից ավելի քան երկու տարի անց, և ընդհանուր իրավասության դատարանները պետք է կիրառեին օրենքով սահմանված վաղեմության ժամկետները, եթե կողմերից մեկը միջնորդություն էր ներկայացրել այդ առնչությամբ:
14. Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետի պահպանման առնչությամբ Կառավարության առարկության վերաբերյալ, քանի որ գանգատն ամեն դեպքում անընդունելի է հետևյալ պատճառներով:
15. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի ([ՄՊ] [Zubac v. Croatia] ([GC], թիվ 40160/12 գործում, §§ 76-79, 2018 թվականի ապրիլի 5): Ինչ վերաբերում է հատկապես վաղեմության ժամկետներին, ապա Դատարանը որոշել է, որ դրանք ուղղված են արդարադատության պատշաճ իրականացմանը և մասնավորապես՝ իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը (տե՛ս Կամենովան ընդդեմ Բուլղարիայի [Kamenova v. Bulgaria], թիվ 62784/09 գործը, § 47, 2018 թվականի հուլիսի 12): Դատավարության մասնակիցները պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կիրառվելու են (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Միրագալ Էսկոլանոն և այլք ընդդեմ Իսպանիայի [Miragall Escolano and Others v. Spain] թիվ 38366/97 գործը և 9 այլ գործեր, § 33, ՄԻԵԴ 2000-I):
16. Առաջին հերթին, ներպետական դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական օրենսդրությունը։ Սա վերաբերում է մասնավորապես դատարանների կողմից դատավարական բնույթի կանոնների մեկնաբանությանը: Դատարանի դերը սահմանափակվում է նրանով, որ այն պետք է պարզի, թե արդյոք այդպիսի մեկնաբանության արդյունքները համապատասխանում են Կոնվենցիային (տե՛ս, օրինակ, Կլաուզն ընդդեմ Խորվաթիայի [Klauz v. Croatia] թիվ 28963/10 գործը, § 86, 2013 թվականի հուլիսի 18):
17. Դիմումատուն ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 2011 թվականի հունիսի 30-ին ընդունված Հրամանի հիման վրա (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը): Ի սկզբանե դիմումատուն փորձել է վիճարկել Հրամանը՝ վարչական հայց ներկայացնելով ՊԵԿ-ի նախագահին, և երբ ՊԵԿ-ը հրաժարվել է քննել իր բողոքը, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ցանկանալով պարտավորեցնել ՊԵԿ-ին քննելու իր բողոքը և կայացնելու պաշտոնական որոշում (տե՛ս վերևում՝ 3-րդ և 4-րդ պարբերությունները): Դատաքննության վերջին փուլի շրջանակներում Վճռաբեկ դատարանն ի վերջո գտել է, որ ՊԵԿ-ում դիմումատուի աշխատանքից ազատման վերաբերյալ վեճը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանների կողմից և կարճել է գործով վարույթը՝ իրավազորության բացակայության հիմքով (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը):
18. Այնուհետև՝ 2013 թվականի հուլիսի 31-ին, դիմումատուն դիմել է ընդհանուր իրավասության դատարաններ՝ Հրամանը վիճարկելու համար, այսինքն՝ դրա ընդունումից ավելի քան երկու տարի անց (տե՛ս վերևում՝ 2-րդ և 7-րդ պարբերությունները), և այն իրավիճակում, երբ աշխատանքային վեճերով դատարան հայցեր ներկայացնելու համար օրենքով սահմանված ընդհանուր ժամկետը մեկ ամիս էր (Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մաս. տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), որը, ի վերջո, կիրառվել է քաղաքացիական դատարանների կողմից, երբ իր հայցը մերժել են վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (տե՛ս վերևում՝ 9-րդ և 10-րդ պարբերությունները)։
19. Դիմումատուի հիմնական պնդումն այն էր, որ նրա քաղաքացիական հայցը պետք է վարույթ ընդունվեր այդ պահին իրավազորության կանոնների անորոշության պատճառով: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ թեև քննարկվող ժամանակահատվածում, ըստ երևույթին, առկա է եղել անորոշություն այն իրավական և իրավազորության կանոնների վերաբերյալ, որոնք պետք է կիրառվեին հանրային ծառայության հետ կապված վեճերի նկատմամբ, սակայն հաշվի առնելով ներքին իրավական իրականությունը, երբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նախադեպային որոշում կայացնել հարցերի պարզաբանման նպատակով (տե՛ս վերևում՝ 6–րդ պարբերությունը), հիմք չկա ենթադրելու, որ գոյություն է ունեցել որևէ անորոշություն հանրային ծառայության դադարեցումը վիճարկող հայցերի նկատմամբ կիրառվող ժամկետների շուրջ։ Փաստորեն, դիմումատուի կողմից ներկայացված ներպետական դատական նախադեպերի բոլոր օրինակները (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) վերաբերում են այն դեպքերին, երբ վարչական դատարանները քննել են հանրային ծառայողների կողմից ներկայացված հայցերը նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
20. Իսկապես, ինչպես նշել է քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը, դիմումատուն չի պահանջել տվյալ Հրամանի դատական կարգով վերանայում դրա կայացման պահից մեկ ամսվա ընթացքում, և նույնիսկ ենթադրելով, որ վարչական դատարաններին ուղղված նրա հայցը կարող է դիտվել որպես իրավական հայց, որն ուղղված է նրա ենթադրաբար խախտված աշխատանքային իրավունքների վերականգնմանը, այնուամենայնիվ, նա այն ներկայացրել է միայն 2012 թվականի մարտի 27-ին, ինչը կրկին համարվում է Հրամանը բողոքարկելու համար նախատեսված վաղեմության ժամկետի խախտում (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։
21. Հաշվի առնելով այս հանգամանքները, Դատարանը հիմք չի տեսնում եզրակացնելու, որ քաղաքացիական գործերով ներպետական դատարանների կողմից դիմումատուի հայցը օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով մերժելու որոշումը անհամաչափ է եղել:
22. Դրանից հետևում է, որ գանգատը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Ճանաչում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մարտի 6-ին։
Մարտինա Կելլեր՝ |
Անդրեաս Զունդ՝ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
