ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 208-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ և 211-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հինգ հարյուրից մինչև հազար» բառերը փոխարինել «հիսունից մինչև հինգ հարյուր» բառերով.
2) 2-րդ մասի «հազար» բառը փոխարինել «հինգ հարյուր» բառերով.
3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, և նույն մասը «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «դրոշմանիշներով դրոշմավորված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված» բառերով, և նույն մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-11-Ն |