ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԱՎԴ/0103/01/19 | ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ |
20 դեկտեմբերի 2024 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Մուրադի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 26153219 քրեական գործը, որի նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:
2019 թվականի փետրվարի 15-ին Հայկ Մուրադի Մուրադյանը ձերբակալվել է, իսկ 2019 թվականի փետրվարի 18-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Հայկ Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2019 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 30-ի դատավճռով Հայկ Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Մուրադյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը և թողնվել է ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ դատախազի և պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Հայկ Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել:
Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նաև այն, որ Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում չի կարող ապահովվել պատժի նպատակների իրականացումը:
Բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Հայկ Մուրադյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 15-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` անթույլատրելի ճանաչելով Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Պաշտպաններ Վ.Հովհաննիսյանը և Վ.Գևորգյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական սխալ, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա։
Պաշտպանները գտել են, որ վեճի նախաձեռնությունն ամբողջապես եղել է ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տուժողինը, իսկ ամբաստանյալը ոչ միայն չի ցանկացել մասնակցել վեճին, այլ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է կանխել այն։
Բացի այդ, ըստ պաշտպանների՝ տուժողի կենսական կարևոր օրգաններին չհարվածելն ու չվնասելն այն օբյեկտիվ իրողությունն է, որը փաստում է արարքի հանրային վտանգավորության աստիճանի նվազ լինելու մասին։
8. Վերոշարադրյալի հիման վրա՝ պաշտպանները խնդրել են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Հայկ Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա դիտավորությամբ համագյուղացի Արտյոմ Իշխանի Մկրտչյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Այսպես՝
2019թ. փետրվարի 8-ին՝ երեկոյան, Հայկ Մուրադյանը տեղեկանալով, որ նույն օրն իրենց գյուղում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ համագյուղացի՝ անչափահաս Իշխան Արտյոմի Մկրտչյանը ծաղկեպսակ բռնելու հարցի հետ կապված խոսակցություն է ունեցել հարևանությամբ գտնվող Նոր Ուղի գյուղի բնակիչների հետ, որոշել է հետագա հնարավոր վեճը կանխելու համար անձամբ զրուցել նրանց հետ: Այդ նպատակով Հայկ Մուրադյանը 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Իշխան Մկրտչյանին ավտոմեքենայով տարել է Նոր Ուղի գյուղ, որտեղ վերջինիս փոխարեն զրուցելով Նոր Ուղի գյուղի բնակիչների հետ, հարթել է միջադեպը:
Նույն օրը՝ երեկոյան, Իշխան Մկրտչյանի հայր Արտյոմ Մկրտչյանը, Երևան քաղաքից վերադառնալով տուն և տեղեկանալով այդ մասին, բարկացել է այն մտքից, որ Հայկ Մուրադյանն ինքնագլուխ՝ առանց իր իմացության, որդուն՝ Իշխան Մկրտչյանին տարել է Նոր Ուղի և լուծել նրա խնդիրները, ինչից հետո՝ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Արտյոմ Մկրտչյանը Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կոմիտասի անվան փողոցում հանդիպել է Հայկ Մուրադյանին և նշված հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հայկ Մուրադյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ 4 անգամ հարվածներ է հասցրել Արտյոմ Մկրտչյանին, մասնավորապես՝ մեկ անգամ որովայնին, երեք անգամ ազդրերին և պատճառել որովայնի առաջային պատի ծակած֊կտրած թափանցող վերքի, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, ձախ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի, աջ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի մեկական ծակած֊կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, որոնցից որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքն առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մնացած վերքերը, ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին վերցված, առաջացրել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով»1։
10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Դատարանը (...) հանգում է այն հետևության, որ Հայկ Մուրադի Մուրադյանը կատարել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (...) նախատեսված արարք, միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ մեղսագրված արարքն ամբաստանյալը կատարել է մեղավորությամբ, այն որակված է ճիշտ, վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (...):
(...)
Դատարանը արձանագրում է, որ Դատարանում տուժող Արտյոմ Մկրտչյանը հայտարարեց, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք և պահանջ չունի, իրենք ընկերներ են: (...):
Ամբաստանյալ Հայկ Մուրադյանի նկատմամբ պատիժ սահմանելիս, Դատարանը (...) հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև գործի ողջ տվյալները:
Դատարանը, որպես ամբաստանյալ Հայկ Մուրադյանի անձը բնութագրող տվյալ դիտում է այն, որ վերջինս` համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 17.02.2019թ. տրված «Ձև 8» տեղեկանքի (...) համարվում է դատվածություն չունեցող, Արարատի մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ.Սանթոյանի կողմից տրված բնութագրի համաձայն Հայկ Մուրադի Մուրադյանը բնութագրվում է դրական (...):
Դատարանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի հիմքով ամբաստանյալ Հայկ Մուրադյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, որոնցից երկուսը մինչև 14 տարեկան (...), նկատի ունենալով, որ նշված հանգամանքը էականորեն նվազեցնում է ինչպես ամբաստանյալ Հայկ Մուրադյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Միևնույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
(...)
Հաշվի առնելով ամբաստանյալ Հայկ Մուրադյանի կողմից կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման եղանակը, քրեական օրենսդրությամբ պահպանվող նշված հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա անձը բնութագրող տվյալները, կատարած հանցագործության բնույթն ու աստիճանը, և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հայկ Մուրադյանին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, պետք է դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով:
(...)
Դատարանի համոզմամբ, ամբաստանյալ Հայկ Մուրադյանի անձը բնութագրող տվյալները՝ այն, որ վերջինս նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա ունենալը, միևնույն ժամանակ նաև՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, ինչպես նաև տուժողի կողմից ամբաստանյալի նկատմամբ բողոք կամ պահանջ չունենալու հանգամանքը, էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալի անձի, այնպես էլ նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, և նշված հանգամանքներն իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս ամբաստանյալին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարողի, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձի՝ իր անհատական հատկանիշներով:
Նշված հիմնավորումներով, միևնույն ժամանակ նաև ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից՝ Դատարանը հանգում է այն համոզվածության, որ սոցիալական արդարության վերականգնումը, Հայկ Մուրադյանի ուղղվելը և նոր հանցագործությունները կանխելը հնարավոր է նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու և միաժամանակ ողջամիտ, տվյալ դեպքում՝ 4 (չորս) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում, ինչի արդյունքում հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների իրականացումը՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)»2:
11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Հ.Մուրադյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները (...):
Ինչ վերաբերում է (...) այն պնդմանը, որ ամբաստանյալ Հ.Մուրադյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատարանը հանգել է սխալ հետևության, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ այս առումով հետևություններն իրավաչափ են, հիմնված են ամբաստանյալ Հայկ Մուրադյանի անձի, նրա կատարած արարքի համակողմանի և օբյեկտիվ գնահատման վրա: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են պատասխանատվության և պատժի անհատականացման ու նշանակված պատժի կրման հարցի լուծման համար գործի նյութերից բխող փաստական տվյալներից (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Հ․Մուրադյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Հայկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
14. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում4:
15. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն5:
16. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Հայկ Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2019 թվականի փետրվարի 11-ին, իր և համագյուղացի Արտյոմ Մկրտչյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածներ է հասցրել Արտյոմ Մկրտչյանին: Ընդ որում, մեկ հարվածը հասցրել է վերջինիս որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, իսկ երեքը՝ ազդրերին՝ տուժողի առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով6,
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Հայկ Մուրադյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, որոնցից երկուսը՝ մինչև 14 տարեկան, ինչպես նաև՝ տուժողի կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունենալու հանգամանքը` Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Հ.Մուրադյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել7,
- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատիժը կրելու մասով բեկանելու և Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան8։
18. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,
դ) հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Հ.Մուրադյանը դանակով չորս անգամ հարվածել է տուժողին, ընդ որում՝ մեկ անգամ որովայնին և երեք անգամ ազդրերին՝ պատճառելով որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, ձախ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի, աջ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի մեկական ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, որոնցից որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքն առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մնացած վերքերը առաջացրել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
20. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված` մեղադրյալ Հ.Մուրադյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Հ.Մուրադյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
21. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրության չեն արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, դանակի գործադրման փաստը և հասցված հարվածների քանակը, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթը և մարմնական վնասվածքների տեղակայումը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Հ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի, անհրաժեշտ է Հ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հայկ Մուրադի Մուրադյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի օգոստոսի 30-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 15-ի որոշումը փոփոխել։ Հայկ Մուրադի Մուրադյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ու նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Հայկ Մուրադի Մուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 196-197:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 1-42:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 51-63:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
