ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, նախագահող դատավոր` Մ․Հարությունյան |
ԵԴ/0008/09/22 |
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ
Ա. Պողոսյանի |
28 նոյեմբերի 2024 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2019 թվականի ապրիլի 1-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 17184419 քրեական գործը։
2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 17184419 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերի, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քննված գործն անջատվել է, որին շնորհվել է 11116420 հերթական համարը։
2․ 2022 թվականի փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գ.Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) թիվ 11116420 քրեական գործով մեկ ամիս ժամանակով՝ 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2022 թվականի մարտի 21-ը ներառյալ ժամանակահատվածում, Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունների լսում և ձայնագրառում կատարելու թույլտվություն ստանալու համար։
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է։
3․ Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 16-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
5․ Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն օրինական և հիմնավորված չէ, այն ենթակա է բեկանման, քանի որ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, անդրադարձել է նախաքննության որոշակի ժամանակահատվածում կոնկրետ քննչական գործողության կատարման անհրաժեշտությանն ու նպատակահարմարությանը՝ դրանով դուրս գալով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ նախնական դատական վերահսկողության սահմաններից։ Բացի այդ, բողոք բերած անձի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն սահմանափակել է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրների իրագործման՝ քրեական հետապնդման մարմնի պարտականության կատարումը, խոչընդոտել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը։
5.1. Բողոքի հեղինակը փաստել է, որ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, միջնորդություն է ներկայացրել դատարան հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանափակման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Ընդ որում, միջնորդության մեջ նշվել և դրան կից ներկայացվել են քրեադատավարական օրենսգրքով պահանջվող բոլոր տեղեկությունները:
5.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ դատարան են ներկայացվել նաև փաստական տվյալներ առ այն, որ Սարգիս Հարությունյանին և Արթուր Գրիգորյանին սույն գործով մեղադրանքներ են առաջադրվել 2022 թվականի փետրվարի 1-ին և 2022 թվականի փետրվարի 15-ին, որով պայմանավորված անհրաժեշտ է նաև վերջինների մասնակցությամբ կատարել համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ։ Այդ հանգամանքը ևս հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել:
5.3. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները, քրեական հետապնդման մարմնից ակնկալելով լրացուցիչ փաստական տվյալների տրամադրում դեպքից տևական ժամանակ անց կոնկրետ անձանց հեռախոսային խոսակցություններում գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակելու վերաբերյալ, չեն պատճառաբանել, թե բացի օրենքով պարտադիր համարվող և վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված փաստական տվյալներից, հատկապես ինչպիսի այլ փաստական տվյալներով կարելի էր ենթադրել, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ «Հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» նախաքննության մարմնի որոշման համաձայն՝ «(…) 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Արման Ռոլանդի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ գործով չպարզված անձանց հետ՝ 2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան, Ծարավ Աղբյուր փողոցի 55/5-րդ շենքի բակում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք գործադրվող առարկա հանդիսացող մահակներով ծեծի են ենթարկել նախապես նշված հասցե հրավիրված Գագիկ Ռեմիկի Խանոյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո Գագիկ Խանոյանի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս իր կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավտոմոբիլը՝ բացահայտ առևանգել են նրան և տեղափոխել Էրեբունի վարչական շրջան։
2022 թվականի փետրվարի 1-ին Սարգիս Գարրիի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Արման Վարդանյանի, Արթուր Գրիգորյանի և գործով չպարզված անձանց հետ, Գագիկ Խանոյանի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավտոմոբիլը՝ բացահայտ առևանգել են նրան և տեղափոխել Էրեբունի վարչական շրջան։
2022 թվականի փետրվարի 1-ին Արթուր Մամիկոնի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Արման Վարդանյանի, Սարգիս Հարությունյանի և գործով չպարզված անձանց հետ, Գագիկ Խանոյանի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավտոմոբիլը՝ բացահայտ առևանգել են նրան և տեղափոխել Էրեբունի վարչական շրջան։
(…)
Տուժող Գագիկ Խանոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չգիտի, թե ովքեր են իրեն ծեծի ենթարկել։
Վկա Ռուդոլֆ Մելոյանը հայտարարել է, որ չունի բջջային հեռախոսահամար, (…) քանի որ ցուցմունքը իր վերաբերյալ է, վերաբերելու է ուրիշ քրեական գործի, որով տուժող է, հարցաքննվել է և քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, ուստի տվյալ իրավիճակում ողջամիտ է, որ իրավունք ունի նմանատիպ հանգամանքների համադրության պայմաններում օգտվել իրավունքից և ցուցմունք չտալ։
Դեռևս վկայի կարգավիճակով Սարգիս Գարրիի Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 31․03․2019 թվականին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ընկերոջ՝ Արթուրի հետ իրեն պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենայով և ընկերոջ Օպել մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատյան Մասիվում գտնվող Արմենիա Դե Լյուքս հյուրանոցային համալիրի մոտ և որպես տաքսի սպասել են հաճախորդի։ 00։00-ից 02։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց են մոտեցել երկու տղաներ և հարցրել են իրեն, թե կարո՞ղ է 7 հոգու տեղափոխել Սևան քաղաք, իսկ ինքը պատասխանել է, որ իր ավտոմեքենայի մեջ այդքան մարդ չի տեղավորվի, ընկերը ևս վարում է տաքսի և առաջարկել է երկու ավտոմեքենա վերցնել։ Նրանք համաձայնել են, ինչից հետո ինքն ու ընկերը ավտոմեքենաները վարել ու հասել են Չարենցի փողոց, որտեղ կանգնել են 5 հոգի, որոնցից 4-ը նստել են ընկերոջ ավտոմեքենան, իսկ մեկը՝ իր ավտոմեքենան։ Հասել են Աճառյան փողոց, իրեն հրահանգել են թեքվել և գնացել են Ծարավ Աղբյուր փողոցի բարձրահարկերի մոտ, որտեղ իջել են ավտոմեքենայից, լսել է վիճաբանության ձայներ, սակայն այդ մասին այլ տեղեկություններ չունի։ Այնուհետև, իր ավտոմեքենան նստել են նույն անձինք, իսկ նրանց մեջտեղում՝ մեկ նոր անձ, այդ անձը ավտոմեքենան նստել է իր կամքով։ Ճանապարհին բարձր խոսել են, սակայն չեն գոռացել, եղել է լարված մթնոլորտ, իրեն ասել են, որ տանի Էրեբունի, որտեղ վճարել են 40․000 ՀՀ դրամ՝ ասելով, որ 20․000 ՀՀ դրամը տա ընկերոջը։
Կատարվել է տեսագրությունների զննություն, որոնցում ֆիքսվել է, որ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենայի անմիջապես կողքին է տեղի ունեցել ծեծկռտուքը, և տվյալ անձին պարտադրանքով են նստեցրել Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան։
Լրացուցիչ հարցաքննվել է Սարգիս Հարությունյանը, և վերջինս ի պատասխան տեսագրության վերաբերյալ հարցին, հայտնել է, որ ուշադիր չի եղել և չի նկատել։
Արթուր Գրիգորյանը տվել է Սարգիս Հարությունյանի ցուցմունքին նույնաբնույթ ցուցմունք, ինչպես նաև հայտնել է, որ ինքը վարել է Օպել մակնիշի (…) ավտոմեքենան։
(…)
Քննարկվող իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվել, այդ բջջային հեռախոսահամարներից կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու դեպքում՝ հնարավոր է պարզել դեպքի իրական հանգամանքները, մանրամասն դետալները, որոնք հնարավորություն կտան վարույթն իրականացնող մարմնի համար հասանելի դարձնել կատարվածի ամբողջական պատկերը և տալ ճիշտ իրավական գնահատական յուրաքանչյուր անձի արարքին, պարզել դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, վերջիններիս մասնակցության աստիճանը և գործողությունների բնույթը, որն ինչպես արդեն նշվեց կնպաստի սույն քրեական գործով դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին ի հայտ բերելուն, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ, ինչը առկա իրավիճակում՝ ստեղծված դատավարական բարդ իրավիճակում, հանդիսանում է սույն քրեական գործի ընթացքի համար առաջնահերթ անհրաժեշտություն, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը»2։
8․ Առաջին ատյանի դատարանը 2022 փետրվարի 16-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Շարադրված իրավանորմերի համատեքստում, քննարկելով քննիչի միջնորդությունը, դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում ենթադրյալ դեպքերից և համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ ստանալուց և նրանց մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից հետո անցել է երկարատև ժամանակ և վարույթն իրականացնող մարմնի հետևությունը, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է, և այդ մասով ինչպես քննիչի միջնորդությամբ, այնպես դրան կից Դատարան ներկայացված նյութերով առկա չեն բավարար փաստական տվյալներ: Այսինքն, նշված ժամանակահատվածը ինքնին նվազեցնում է վարույթն իրականացնող մարմնի ենթադրությամբ նշված հետևությունները, այն է` Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվելու հավանականությունը:
(…) Բացի այդ, հարկ է նշել նաև այն, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալներում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ ենթադրելու, որ համապատասխան բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններով տվյալ պահին՝ այսինքն քրեական գործի հարուցումից երկարատև ժամանակ անց հնարավոր է ստանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ:
Այսինքն, վարույթն իրականացնող մարմնի կողմից Դատարան չեն ներկայացվել բավարար տվյալներ, որոնք ողջամտորեն կարող էին հանգեցնել նրան, որ համապատասխան բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններով, հնարավոր է ստանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ և հեռախոսային խոսակցությունները լսելու հասարակական շահը գերակա է անձանց` հեռախոսային խոսակցությունների ազատության ու գաղտնիության օրենքով երաշխավորված իրավունքից, այն արդարացված է, հետապնդում է օրինական նպատակներ և այդ նպատակներին հասնելը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Տվյալ դեպքում, Դատարանը հարկ է համարում որպես հնթացս արված դատողություն արձանագրել, որ Դատարանի վերը նշված հետևությունները պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ քննիչի միջնորդությունը ժամանակավրեպ է, կամ Դատարանը արձանագրում է ոչ թե այն, թե ինչ քննչական գործողություններ պետք է կատարվեն և երբ պետք է կատարվեն, այլ Դատարանը արձանագրում է, որ առկա փաստական տվյալների պայմաններում, (ենթադրյալ դեպքերից, իրադարձություններից համապատասխան ժամանակ անցած լինելը և արդեն իսկ կատարված քննչական գործողությունները) քննիչի միջնորդությամբ և կից ներկայացված փաստական տվյալներով չի հիմնավորվում անձանց` հեռախոսային խոսակցությունների ազատության ու գաղտնիության օրենքով երաշխավորված իրավունքի սահմանափակումը, որպիսի իրավունքի սահմանափակումը առկա պայմաններում կհանգեցնի կամայականության (…)»3:
9․ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ «տվյալ դեպքում ենթադրյալ դեպքերից և համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ ստանալուց և նրանց մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից հետո անցել է երկարատև ժամանակ և վարույթն իրականացնող մարմնի հետևությունը, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է և այդ մասով ինչպես քննիչի միջնորդությամբ, այնպես դրան կից Դատարան ներկայացված նյութերով առկա չէ բավարար փաստական տվյալներ»։
Անդրադառնալով վերը նշվածի կապակցությամբ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 31-ին, քրեական գործը հարուցվել է դեռևս 2019 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, համապատասխան անձանց մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ, և տվյալ դեպքում քննիչի կողմից չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը կվկայեր այն մասին, որ ենթադրյալ դեպքից տևական ժամանակ անց նշված հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվել։ Այսինքն քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաստական տվյալներ, որով հնարավոր լինի ենթադրել, թե այդքան ժամանակ հետո նշված անձինք կարող են հաջորդող մեկ ամսվա ընթացքում խոսել նշված դեպքի հանգամանքների մասին։ Եվ միջնորդությամբ պահանջված և ըստ էության անհետաձգելի քննչական գործողություն համարվող հեռախոսային խոսակցություններ լսելն այն պայմաններում, երբ նոր տեղեկություններ չեն ստացվել, չի կարող համարվել հիմնավորված։
(…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում բացակայում է անձանց` սույն որոշման նախորդ կետում նշված իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքերը և պայմանները, հետևաբար վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են, իսկ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և բխում են ներկայացված փաստական տվյալներից (…)»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11․ ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:
2. Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան (…)»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
12․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Կլասսը և այլոք ընդդեմ Գերմանիայի գործով վճռում նշել է, որ չնայած հեռախոսային խոսակցություններն ուղղակիորեն հիշատակված չեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասում, այդպիսիք ներառվում են «անձնական կյանք» և «նամակագրություն» հասկացություններում5։
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ պետական մարմինների միջամտությունն անձնական կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ «նախատեսված է օրենքով»։ Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ այս ձևակերպումը ոչ միայն պահանջում է համապատասխանություն ներպետական օրենքին, այլև վերաբերում է օրենքի որակին՝ պահանջելով դրա համապատասխանությունն իրավական պետությանը։ Հասարակական հսկողության բացակայության և իշխանությունը չարաշահելու վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողության և գաղտնալսման գաղտնի միջոցառումների համատեքստում ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին կամայական միջամտությունից անձի պաշտպանությունը։ Հետևաբար, ներպետական օրենսդրությունը պետք է հստակ լուսաբանի պետական իրավասու մարմինների կողմից նման գաղտնի միջոցառումների կիրառման հանգամանքներն ու պայմանները6։ Ընդ որում, Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և վերահսկման այլ ձևերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի և հաղորդակցության նկատմամբ և համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ «օրենքի» վրա։ Կարևոր է խնդրի վերաբերյալ ունենալ հստակ և մանրամասն կանոններ, հատկապես, երբ կիրառման համար առկա տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են7։
12.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանությանը, իսկ ավելի կոնկրետ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանն առնչվող՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությանը, արձանագրել է`
ա) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հեռախոսային խոսակցությունները ներառվում են «անձնական կյանք» և «նամակագրություն» հասկացություններում,
բ) միջամտությունը հեռախոսային խոսակցություններին պետք է լինի օրենքին համապատասխան, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և հետապնդի իրավաչափ նպատակ,
գ) միջամտություն նախատեսող օրենսդրությունը պետք է պարունակի՝
- վերահսկման համար հիմք հանդիսացող հանցագործությունների բնույթը,
- վերահսկվող անձանց շրջանակը,
- գաղտնալսման ժամանակահատվածը,
- ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման ընթացակարգը,
- նշված տվյալներն այլոց հաղորդելու դեպքում կանխարգելիչ միջոցները,
-ձայնագրությունները ջնջելու կամ ժապավենները ոչնչացնելու հանգամանքները,
դ) պետությունը պետք է ապահովի իրավական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կերաշխավորեն անձի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցառումները բողոքարկելու հնարավորությունը8։
13. Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքի շրջանակներում անդրադառնալով այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։
Բնակարանում խուզարկություն կատարելու քննչական գործողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեոնարկելը, այդ թվում՝ համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների կատարման մարտավարությունը դուրս են քննչական գործողության կատարումը թույլատրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ՝ դատական վերահսկողության առարկայի շրջանակներից9։
13.1. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք վերաբերելի մասով կիրառելի են նաև հեռախոսային խոսակցությունները լսելու քննչական գործողության նկատմամբ` իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր գործի հանգամանքների առանձնահատկությունները և գործում առկա փաստական տվյալները։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ առ այն, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել։
Այսպես՝ օրենսդիրը, հեռախոսային խոսակցությունների լսումը դասելով դատական վերահսկողության օբյեկտների շարքին, սահմանել է վերոնշյալ քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու համար դատարան միջնորդություն ներկայացնելու հստակ պահանջներ։ Ընդ որում, հաշվի առնելով, որ վերոնշյալ քննչական գործողությունն անմիջականորեն կապված է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակման հետ, դրա կատարման փաստական հիմքին պետք է ներկայացվեն խիստ պահանջներ, քանի որ հակառակ մոտեցումը կհանգեցնի կամայականությունների։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշյալ քննչական գործողության կատարման փաստական հիմքը բավարար տվյալների առկայությունն է հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվելու վերաբերյալ։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու համար10։
- Առաջին ատյանի դատարանը վերոնշյալ միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ ենթադրյալ դեպքերից և համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ ստանալուց և նրանց մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից հետո անցել է երկարատև ժամանակ, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի այն հետևությունը, որ վերոնշյալ անձանց բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ ենթադրելու, որ համապատասխան բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններով տվյալ պահին՝ այսինքն քրեական գործի հարուցումից երկարատև ժամանակ անց, հնարավոր է ստանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարևորագույն տեղեկություններ11։
- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաստական տվյալներ, որով հնարավոր լինի ենթադրել, թե այդքան ժամանակ հետո նշված անձինք կարող են հաջորդող մեկ ամսվա ընթացքում խոսել նշված դեպքի հանգամանքների մասին։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ միջնորդությամբ պահանջված և ըստ էության անհետաձգելի քննչական գործողություն համարվող հեռախոսային խոսակցություններ լսելն այն պայմաններում, երբ նոր տեղեկություններ չեն ստացվել, չի կարող համարվել հիմնավորված12։
15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13․1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Մելոյանի, Ս.Հարությունյանի, Ա.Գրիգորյանի և Ա.Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս ստորադաս դատարանները եկել են իրավաչափ եզրահանգման։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ ենթադրյալ դեպքից ու համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ ստանալուց և նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելուց հետո անցել է երկարատև ժամանակ, իսկ քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաստական տվյալներ, որ վերոնշյալ անձանց բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում հաջորդող մեկ ամսվա ընթացքում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել։
Այսպես՝ սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 31-ին, քրեական գործը հարուցվել է 2019 թվականի ապրիլի 1-ին, իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, իսկ հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել 2022 թվականի փետրվարի 16-ին13։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեև նախաքննության մարմնի կողմից քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեոնարկելը, այդ թվում՝ համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար, այնուամենայնիվ, վերոնշյալ հանգամանքները յուրաքանչյուր դեպքում ենթակա են գնահատման՝ կոնկրետ գործի փաստական տվյալների առանձնահատկությունները հաշվի առնելով։
Սույն գործով ենթադրյալ դեպքից և քրեական գործի հարուցումից հետո անցել է շուրջ երեք տարի, որպիսի տևական ժամանակահատվածն արդեն իսկ նվազեցնում է հավանականությունը, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են սույն գործի հանգամանքների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, իսկ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար գալու ողջամիտ ենթադրության, որ դեպքից շուրջ երեք տարի անց նշված անձինք իրենց կողմից տարվող հեռախոսային խոսակցություններում հայցվող ժամանակահատվածում հնարավոր է անդրադառնային դեպքի հանգամանքներին և հայտնեին գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ։ Մասնավորապես, քննիչի միջնորդությամբ ներկայացվել են մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը կատարված հարցաքննություններով ստացված տեղեկությունները և կից ներկայացվել են համապատասխան արձանագրությունները14, իսկ տեսագրության զննության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված նյութերում առկա չէ։ Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը նման հիմնավորում չի պարունակում, և այն չի կարող լրացվել դատական ակտի բողոքարկման շրջանակներում։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ հայցվող քննչական գործողության կատարման փաստական հիմքը բացակայում է, մասնավորապես՝ առկա չեն բավարար տվյալներ առ այն, որ Ռ.Մելոյանի, Ս.Հարությունյանի, Ա.Գրիգորյանի և Ա.Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններում գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ կարող են պարունակվել։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա այն դատողությանը, որ դատարանը ոչ թե քննիչի միջնորդությունը դիտարկում է ժամանակավրեպ կամ անդրադառնում նախաքննության մարմնի կողմից այս կամ այն քննչական գործողություն կատարելու անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը, այլ փաստում է, որ ենթադրյալ դեպքից համապատասխան ժամանակ անցած լինելու և արդեն իսկ կատարված քննչական գործողությունների պայմաններում, քննիչի միջնորդությամբ չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը հիմք կլիներ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը սահմնափակելու համար։
16․ Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի և Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
17․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-8։
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-89։
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 29-35։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Klass and others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 41։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Halford v. the UK գործով 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 20605/92, կետ 49։
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kopp v. Switzerland գործով 1998 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13/1997/797/1000, կետ 72։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշման 13․3-րդ կետը։
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19, Հովհաննես Շահինյանի գործով 2023 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԴ/0364/07/20 և Դավիթ Առաքելյանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԿԴ1/0143/07/21 որոշումները։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-8։
14 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 16-18, 21-34։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ. Գրիգորյան Ա. Պողոսյան
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
