ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Հ. Ավագյան |
ԵԴ1/1777/01/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
Լ. Թադևոսյանի |
6 դեկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հարություն Մանվելի Իսկանդարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 15179923 քրեական վարույթը:
2023 թվականի օգոստոսի 5-ին Հարություն Մանվելի Իսկանդարյանը ձերբակալվել է։
2023 թվականի օգոստոսի 7-ին Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի նոյեմբերի 1-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով մեղադրյալ Հարություն Իսկանդարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ը նրա փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվել է Հարություն Իսկանդարյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Հ.Իսկանդարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը՝ մասնակի բեկանվել և փոփոխվել է, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Վերաքննիչ դատարանի կազմի դատավորներից Ռ.Պապոյանը ներկայացրել է հատուկ կարծիք։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չի գնահատել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ մեղադրյալը չի ընդունել մեղադրանքը, չի զղջացել կատարածի համար, ավելին, պատասխանատվությունից խուսափելու նպատակով տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք այն մասին, որ իրեն ձերբակալել են ատրճանակն ինքնակամ հանձնելու ժամանակ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, ըստ այդմ էլ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն կիրառելու հարցին անդրադառնալիս, հաշվի չի առել հանցավորի կողմից հանցանքի կատարման համգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետևանքները։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել՝ օրինական ուժ տալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հարություն Իսկանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ «(…) նա, չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու, պահելու կամ կրելու իրավունք, ինչպես նաև հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված ժամանակ և հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել և 2023 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում, իր մոտ առկա «GUESS» գրառմամբ կաշվե պայուսակի մեջ ապօրինի կերպով կրել է ակոսափող հրազեն հանդիսացող, «Մակարով (ПМ)» մոդելի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող տարբեր նշանառության ատրճանակների դետալների միջոցով ինքնաշեն եղանակով պատրաստված ատրճանակ, որի վրա տեղադրված է եղել ակոսավոր փող՝ հարմարեցված 9մմ (9x18) տրամաչափի փամփուշտներով կրակելու համար, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի, գործարանային արտադրության 4 հատ 9մմ (9x18) տրամաչափի, համապատասխան տրամաչափի ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված փամփուշտներով, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00- ին, Հարություն Իսկանդարյանի՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկությամբ»1։
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս Դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը։
(...)
[Ք]ննարկելով Հարություն Իսկանդարյանի արարքը, հաշվի առնելով քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերությունների` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հայտնաբերված հրազենի տեսակը, դրանում փամփուշտների առկայությունը, հասարակական վայրում այն կրելու հանգամանքը և այլ վերաբերելի տվյալներ՝ Դատարանը փաստում է, որ Հարություն Իսկանդարյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունն օժտված է հանրության համար վտանգավորության բարձր աստիճանով և բնույթով։
Որպես Հարություն Իսկանդարյանի անձը բնութագրող տվյալ Դատարանը հաշվի է առնում այն, որ մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել:
Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում Հարություն Իսկանդարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակների նշանակումը չի կարող ծառայել իր նպատակին, հետևաբար՝ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նրա կատարած արարքի համար պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ինչն անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակների իրագործումն ապահովելու համար:
(...)
Տվյալ դեպքում, հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման և նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ Հարություն Իսկանդարյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են և միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպատակները2»։
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և ծանրացնող հանգամանքների բացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի հետհանցավոր դրական վարքագիծը: Մասնավորապես՝ վերջինը քրեական վարույթի քննության հենց սկզբից որոշակիորեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Ընդ որում, քրեական վարույթի քննության ողջ ընթացքում չի խուսափել, ինչպես նաև որևէ խոչընդոտ չի հարուցել վարույթի բնականոն քննության համար:
Ավելին՝ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանն աջակցել է նաև վարույթն իրականացնող մարմնին՝ տրամադրելով իր հեռախոսի գաղտնաբառը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանը որևէ դիմադրություն չի ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին և նրանց ներկայացրած առաջին իսկ պահանջի առկայության պայմաններում ինքնակամ ներկայացրել է իր պայուսակի պարունակությունը, ինչպես նաև նախկինում որևէ կերպ արատավորված՝ դատապարտված չի եղել:
Հետևապես, ապա հաշվի առնելով մեղսագրված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև վերը նշված հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը»3:
10. Վերաքննիչ դատարանի կազմի դատավորներից Ռ.Պապոյանը ներկայացրել է հատուկ կարծիք և վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիքորոշումները գտել է, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի պաշտպան Զ.Դադայանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման՝ Հ.Իսկանդարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ. «(...) [Կ]ոնկրետ դեպքում Մեղադրյալը չի ընդունել մեղադրանքը, չի զղջացել կատարածի համար, ավելին, պատասխանատվությունից խուսափելու նպատակով տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք այն մասին, որ իրեն ձերբակալել են ատրճանակն ինքնակամ հանձնելու ժամանակ։
(...)
[Մ]եղադրյալի անձը բնութագրող տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12․1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Հարություն Իսկանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և 2023 թվականի օգոստոսի 5-ին իր մոտ առկա կաշվե պայուսակի մեջ ապօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող՝ «Մակարով» մոդելի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող ինքնաշեն եղանակով պատրաստված ատրճանակ, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի, գործարանային արտադրության 4 հատ փամփուշտներով8:
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է այն հետևության, որ Հ.Իսկանդարյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են և միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպատակները9։
- Վերաքննիչ դատարան իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և ծանրացնող հանգամանքների բացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, և որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը10։
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ նրա հետհանցավոր վարքագիծը բնութագրող հանգամանքները, մասնավորապես քրեական վարույթի քննության հենց սկզբից «որոշակիորեն խոստովանական» ցուցմունքներ տալը, քննությունից չխուսափելը, վարույթի բնականոն քննության համար որևէ խոչընդոտ չհարուցելը, ոստիկանության աշխատակիցներին որևէ դիմադրություն չցուցաբերելը, վարույթն իրականացնող մարմնին իր հեռախոսի գաղտնաբառը տրամադրելը, ինչպես նաև Հ.Իսկանդարյանի անձը բնութագրող տվյալը՝ նախկինում դատապարտված չլինելը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ուսին գցված պայուսակում ապօրինի կերպով հանրային վայրում կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի փամփուշտներով։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Հ.Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։
17․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։
Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է հիմնավոր հետևության և թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հարություն Մանվելի Իսկանդարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 67, 68։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 69-71։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 57-58։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 67-68։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ
Հ. Ասատրյան
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
