ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 11.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված նաև այն դեպքերում, երբ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
Սույն օրենքի, հարկային հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և այլ իրավական ակտերի իմաստով իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ, հինգերորդ պարբերություններով, 3-րդ մասի առաջին պարբերությամբ, 4-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված դեպքերում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Սույն հոդվածով սահմանված հիմքերով ընդունված հարկային մարմնի ղեկավարի որոշումը չեղյալ կարող է համարվել միայն դատարանի վճռով:»:
Հոդված 2. Օրենքի 22.1-ին հոդվածի «Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ)» բառերը փոխարինել «Հարկ վճարողների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 28 ՀՕ-207-Ն |