ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:»:
Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:».
2) 3-րդ կետից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին» բառերը.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:
Հոդված 5. Օրենքի 47.1-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «ամսվա» և «ամսական» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակի» և «եռամսյակային» բառերով.
2) 3-րդ կետի «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով:
Հոդված 6. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի «հայտարարագրի» բառը փոխարինել «տարեկան եկամուտների մասին հաշվարկի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. |
Տարեկան եկամուտների մասին հաշվարկը |
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:
2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. |
Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը |
1. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն oրենքի դրույթները և հիմնվելով 33-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:
3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 63. |
Վերջնահաշվարկը |
Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 |