ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 4-Ա |
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2025 թվականի հունվարի 21-ի նիստում քննարկեց լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև` Հեռարձակող) լիցենզիայի գործողության դադարեցման հարցը:
Հանձնաժողովն արձանագրեց հետևյալը.
Հանձնաժողովը «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը տրամադրել է լսողական մեդիա ծառայություն մատուցողի գործունեության լիցենզիա 06/10/2017 թվականից առ 06/10/2027 թվականը (սփռման տարածքը՝ քաղաք Երևան):
Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ամրագրված պահանջը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2025 թվականի հունվարի 07-ին Հեռարձակողի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում նաև լիցենզիայի դադարեցման հիմք է։
Հանձնաժողովը 2025 թվականի հունվարի 17-ի ««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ Հեռարձակողի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ կասեցնելով վերջինիս լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով:
2025 թվականի հունվարի 17-ի թիվ 1-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն Հեռարձակողին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցվել է որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2025 թվականի հունվարի 18-ից: Այսպիսով, կասեցման ժամկետն է 18․01․2025թ․-20․01․2025թ–ը։
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2025 թվականի հունվարի 21-ից։
Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի նիստում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանը բանավոր ներկայացրեց իր պարզաբանումները՝ 24 ժամ շարունակ լսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու վերաբերյալ։
Մասնավորապես ներկայացնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ներկայիս ֆինանսական վիճակը՝ հայտնեց, որ հիմնադրի՝ «ՔԱՌՅԱԿ ՄԵԴԻԱ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված է սնանկության գործ, և Հեռարձակողի հետ համագործակցող ընկերությունները մտահոգություն և մտավախություն ունեն և այլևս չեն ցանկանում շարունակել համագործակցությունը։ Իսկ ռադիոկայանի մուտքերն այնպիսին չեն, որ թույլ տան միայնակ իրականացնել իր գործունեությունը։
Հանձնաժողովը «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից բերված փաստերի ուսումնասիրության արդյունքում հաստատված է համարում այն փաստը, որ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության հիմնադիր հանդիսացող «ՔԱՌՅԱԿ ՄԵԴԻԱ» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2024 թվականի օգոստոսի 09-ի վճիռով սնանկ է ճանաչվել1, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի որոշմամբ սկսվել է «ՔԱՌՅԱԿ ՄԵԴԻԱ» ՓԲ ընկերության լուծարման վարույթ։
Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 1-Ա որոշմամբ Հեռարձակողի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը, կիրառվել է երեք օր ժամկետով, որը լրացել է 2025 թվականի հունվարի 20-ին։
Քննարկվող գործի նյութերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության հիմնադիր «ՔԱՌՅԱԿ ՄԵԴԻԱ» ՓԲ ընկերությունը սնանկ է ճանաչվել։
Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության հունվարի 20-ի զեկուցագրի՝ 2025 թվականի հունվարի 5-ից առ 2025 թվականի հունվարի 20-ը «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունը «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակում չի իրականացրել։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է․
«3. Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.»։
Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 1-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է երեք օր ժամկետով, սակայն Հեռարձակողի կողմից չի վերացվել արձանագրված իրավախախտումը, ինչը հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման:
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության 2025 թվականի հունվարի 20-ի զեկուցագիրը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով և 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դադարեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 06-ի N 245 Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն 2025 թվականի հունվարի 21-ից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
_______________________
1 Տե՛ս, Սնանկության գործ № ՍնԴ/2070/04/24
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2025թ. հունվարի 21 ք. Երևան |
|