ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2322/05/24 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/2322/05/24 | |||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ա. Թովմասյան | ||
Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
2024 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վաղանուշ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վաղանուշ Ամիրխանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, և որպես հետևանք՝ «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վաղանուշ Ամիրխանյանը պահանջել է ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք՝ ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը։ Միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2024 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2024 թվականի որոշմամբ Վաղանուշ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2024 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաղանուշ Ամիրխանյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Ստեփանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 25-27-րդ հոդվածները, 42-րդ հոդվածը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածի 1-ին մասը, 145-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ դատարանի հայեցողությամբ պետական տուրքի վճարումից ազատելու օրենսդրական հնարավորությունն ինքնանպատակ չէ: Նշվածի արդյունքում դատական պաշտպանությունը և արդարադատության իրականացումը հասանելի են դառնում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող և պետական տուրքի վճարումն անհնարին դարձնող գույքային դրություն ունեցող անձանց համար: Դատարանի հայեցողությամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար պարտադիր պայման է հանդիսանում միջնորդություն ներկայացրած անձի անվճարունակությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթի պատճեն, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցադիմումը Դատարան մուտքագրվելու պահին հայցվորը 73 տարեկան էր, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին։
Միևնույն ժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է պատասխանողի թիվ 11639867 «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 15.01.2024 թվականի որոշման պատճենը, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի պետի 14.02.2024 թվականի թիվ Ե-13694-2024 գրության պատճենը, որոնց բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ հայցվորին պատկանող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները արգելանքի տակ են, և որ պատասխանողը հրաժարվել է վերացնել արգելանքը։
Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ հայցվորը Դատարանին ներկայացրել է թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ տվյալ պահին տեխնիկապես հնարավորություն չունի վճարելու պետական տուրքի գումարը։ Ընդ որում, հայցվորը Դատարանին ներկայացրել է ստեղծված իրավիճակում իր անբարենպաստ գույքային դրության մասին վկայող ոչ միայն անուղղակի ապացույցներ, այլև պետական տուրքի վճարման պարտականությունը տվյալ պահին կատարելու անհնարինության մասին ուղղակիորեն վկայող ապացույցներ, որոնք պատշաճ գնահատման չեն արժանացել դատարանների կողմից։
Բացի այդ, հայցվորն իր միջնորդությամբ ոչ թե պնդել է, որ որպես այդպիսին չունի բավարար գումար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու համար, այլ պնդել է, որ տվյալ պահին օբյեկտիվ պատճառով՝ պատասխանողի կողմից կայացված որոշման ուժով զրկված է իր գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները) օգտագործելու (այդ թվում՝ պետական տուրքի գումարը վճարելու) իրավական և տեխնիկական հնարավորությունից։
Ինչ վերաբերում է Տիգրան Ստեփանյան ԱՁ-ի և հայցվորի միջև 23.01.2024 թվականին կնքված իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրին, ապա, առաջին հերթին դա ինքնին չի կարող վկայել hայցվորի բարենպաստ գույքային դրության մասին, և առավել ևս՝ չի կարող վկայել այն մասին, որ hայցվորը հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին, գույքն արգելանքի տակ գտնվելու պայմաններում, հնարավորություն ունի վճարել պետական տուրքի գումարը։ Գույքի վրա արգելանք դրված լինելը չի խոչընդոտում իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուն, մինչդեռ հանդիսանում է ուղղակի և անհաղթահարելի խոչընդոտ վճարում կատարելու համար։
Այլ կերպ ասած՝ այն հանգամանքը, որ հայցվորը պայմանագիր է կնքել և պարտավորվել է իրավաբանական ծառայությունների դիմաց վճարել, դեռևս չի նշանակում, որ վերջինս հնարավորություն է ունեցել այդ գումարը վճարել նախապես, իսկ պետական տուրքը վճարելուց խուսափում է։
Հարկ է նշել նաև, որ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրով հայցվորը պարտավորվել է վճարել 100.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարի վճարման օրվա վերաբերյալ որևէ նշում պայմանագրում առկա չէ, ինչպես նաև ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հայցվորի կողմից վճարվել է պայմանագրով նախատեսված գումարը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով դատարանի հայեցողությամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, օրինակ, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (8225/78) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] (36760/06) գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշումը, § 229, ինչպես նաև «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը (21638/03), կետ 44):
Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, § 49):
Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (4451/70) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշումը, § 36):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի (23805/94) գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշումը, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, նույն որոշումը, § 36, ինչպես նաև Նունեշ Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (69829/01, 2672/03) գործով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշումը): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (55782/00) գործով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Միրագալ Էսկոլանոն ընդդեմ Իսպանիայի (38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98) գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշումը, Զվոլսկին և Զվոլսկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (46129/99) գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշումը, § 51):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին։
Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. « (…) Հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (…)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների պատշաճ իրացվելիության համար երաշխիք է հանդիսանում նաև իրավասու դատարանների կողմից գործն ըստ էության քննելու համար ձևական խոչընդոտների ստեղծման բացառումը։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսել է հայցադիմումին ներկայացվող բովանդակային պահանջներ, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ, որպիսի պահանջների պահպանվածությունը դատարանի կողմից քննության առարկա է դառնում հայցադիմումի ընդունելիության փուլում։
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին։
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե` չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական տուրքը, հանդիսանալով արդարադատության իրականացման համար գանձվող վճար, ունի գործառութային մի քանի նշանակություն, մասնավորապես՝ այն փոխհատուցում է պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, դատական համակարգը զերծ է պահում անհիմն հայցադիմումներից և բողոքներից, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում դատական համակարգի ծանրաբեռնվածության կրճատման և արդարադատության իրականացման արդյունավետության վրա։
Պետական տուրքի վճարման գործառութային նշանակության կարևորությունը չնվազեցնելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատարան դիմող անձի կողմից պետական տուրքի վճարման անհնարինությունը չի կարող հանդիսանալ սահմանափակող գործոն՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացվելիության համար։ Այսինքն, սույն պարագայում անձի՝ սահմանադրորեն ամրագրված դատական պաշտպանության դիմելու, դատարանի մատչելիության իրավունքները գերակայում են պետական տուրքի վճարման գործառութային նշանակությանը։
Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե՝ ոչ (տե՛ս, Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60):
ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում, արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ։ Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
Այսպես. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները.
ա) պետական տուրքի վճարումից ազատում.
բ) պետական տուրքի նվազեցում.
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` դատարանները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սպառիչ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռված է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, հաշվի առնելով ինչպես դատարան դիմելու իրավունքի ձևական հիմքերով չսահմանափակման կարևորությունը, այնպես էլ դատական պաշտպանության իրավունքն իրացնելու չարաշահման բացառման նշանակությունը, դատարան դիմող անձանց համար սահմանել է հնարավորություն՝ ներկայացնելու պետական տուրքի արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ համապատասխանաբար սահմանելով դատարանի հայեցողական լիազորություն՝ բավարարելու կամ մերժելու միջնորդությունը, իսկ միջնորդության քննարկման արդյունքում որոշման կայացման համար վերջինս ուղղորդող և պարտադիր պայման է դիտարկել կողմերի գույքային դրությունը։
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ դատարանի հայեցողական լիազորության իրականացման համար անհրաժեշտ է երկու պայմանների, այն է՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության և գույքային դրությունը հավաստող ապացույցի միաժամանակյա առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, դատավարության մասնակցի կողմից ներկայացված ապացույցների համակցության գնահատման արդյունքում գալիս է համապատասխան եզրահանգման առ այն, թե արդյո՞ք կողմի գույքային դրությունն առաջացնում է անհաղթահարելի խոչընդոտ պետական տուրքը վճարելու համար, թե՝ ոչ։ Այսինքն, սույն պարագայում միջնորդության ներկայացումից բացի անհրաժեշտ են դատավարության մասնակցի ակտիվ գործողությունները՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու՝ հավաստելու համար գույքային դրությամբ պայմանավորված պետական տուրքի վճարումը կատարելու անկարողությունը։
Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Եվրոպական դատարանը՝ նշելով, որ դատական տուրքերի վճարումից ազատվել պահանջող կողմը պետք է գործի անհրաժեշտ ջանասիրությամբ՝ դատարաններին իր ֆինանսական վիճակի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս և պարտավոր է այդ հարցում հավատարմորեն համագործակցել դատարանների հետ (Laci v. Albania, Application no. 28142/17, 19.10.2021, FINAL 19.01.2022, § 55)։
Վերոնշյալ ամբողջի վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված լինելու ցանկացած դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն պետական տուրք վճարելու անձի ունակությունը՝ այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցների և գործի հանգամանքների հիման վրա, և դրա արդյունքում հանգեն հետևության: Ասվածից հետևում է, որ դատարանի հայեցողությամբ պետական տուրքի վճարման արտոնության կիրառումն ինքնանպատակ չէ, և նշվածի արդյունքում դատական պաշտպանությունը հասանելի է դառնում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող և պետական տուրքի վճարումը անհնարին դարձնող գույքային դրություն ունեցող անձանց համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Վաղանուշ Ամիրխանյանը, դիմելով դատարան, պահանջել է ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք՝ ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը։
Միաժամանակ, Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացուցիչ Տիգրան Ստեփանյանի կողմից ներկայացվել է միջնորդություն պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ` հետևյալ բովանդակությամբ. «(...) Սույն դեպքում Պատասխանողն իր թիվ 11639867 «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 15.01.2024թ. որոշմամբ արգելանք է դրել Հայցվորի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա /պետական տուրքի վճարման պարտականությունը տվյալ պահին կատարելու անհնարինության մասին ուղղակիորեն վկայող ապացույց/, ինչի արդյունքում Հայցվորը, որը, ի դեպ, թոշակառու է, ներկա պահին փաստացի զրկված է իր դրամական միջոցներն օգտագործելու /այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու/ հնարավորությունից: (…)» (գ.թ. 8)։
Դատարանը 13.03.2024 թվականին կայացրել է «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում՝ հետևյալ հիմնավորմամբ. «(...) Դատարանը փաստում է, որ հայցվորի միջնորդությունը հիմնավոր չէ, և այն չի կարող հիմք հանդիսանալ պետական տուրքի գծով որևէ արտոնության կիրառման համար, քանի որ օրենքը հստակ սահմանում է պետական տուրքի գծով արտոնության կիրառման հիմքը, այն է` անձի գույքային դրությունը, սակայն, հայցվորը, ի կատարումն վերը նշված պահանջի, չի ներկայացրել իր գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց:
Այսինքն` Դատարանն արձանագրում է, որ հայցվորի գույքային դրության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկի և հստակ ապացույցի բացակայության դեպքում Դատարանը չի կարող բավարարել հայցվորի միջնորդությունը՝ խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված պետական տուրքի գծով արտոնության կիրառման հիմքերի առկայության կամ բացակայության պարզման պահանջը:
Միաժամանակ Դատարանը հարկ է համարում նկատել, որ հայցվորը վիճարկվող ակտի համար ներկայացնելով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու, այն է` դրա վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, միևնույն ժամանակ նույն ակտի վիճարկման համար դիմել է փաստաբանի օգնությանը:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու պայմաններում Վաղանուշ Վաղինակի Ամիրխանյանի հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է վերադարձման»։
Վերաքննիչ դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) 15.01.2024 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվոր Վաղանուշ Ամիրխանյանին պատկանող ոչ թե ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա, այլ միայն 200.000 ՀՀ դրամի և կատարողական գործողությունների կատարման ծախսի չափով /գ.թ. 11/։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ հայցվորը թոշակառու է, ապա այս առումով ՀՀ վարչական դատարան չի ներկայացվել որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց: Փաստորեն, միջնորդությունը հիմնավորող որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց բողոքաբերը չի ներկայացրել։ Որպիսի պարագայում միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման:
Վերաքննիչ դատարանը նույնպես նկատում է, որ սույն գործով հայց հարուցելու համար հայցվորը դիմել է փաստաբանի օգնությանը։ Ըստ 15.02.2024 թվականին կնքված իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրից քաղվածքի՝ պայմանագրի գինը կազմել է 100.000 ՀՀ դրամ /գ.թ. 21/։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, «(…) պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու պայմաններում Վաղանուշ Վաղինակի Ամիրխանյանի հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է վերադարձման»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական տուրքի վճարման անհնարինության փաստի հաստատման ապացուցման համար գործում են առավել մեղմ չափանիշներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը պետական տուրքի վճարման պարտականություն կրում է հայցադիմումի ներկայացման պահին, այսինքն` հայցադիմումի ընդունելիությունը դատարանի կողմից պայմանավորված է ի թիվս այլ հայցադիմումին ներկայացվող պահանջների պահպանվածության, նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման հանգամանքով, հետևաբար ներկայացված ուղղակի կամ անուղղակի ապացույցների հիման վրա դատարանի եզրահանգմամբ դատարան դիմող անձը հնարավորություն է ստանում իրացնելու իր՝ դատարան դիմելու իրավունքը, իսկ ապացույցների՝ դատարանի կողմից անբավարար դիտարկվելու պարագայում սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի պարագայում դատարանների կողմից քննարկման առարկա է դառնում դատական պաշտպանության դիմելու պահին պետական տուրքի վճարման անհնարինությունը, ինչի կապակցությամբ էլ հարկ է անդրադառնալ ներկայացված ապացույցներին և դրանց բավարարությանը՝ պետական տուրքի վճարման անհնարինության փաստը հաստատված համարելու համար։
Միաժամանակ, հարկ է նկատել, որ 15.01.2024 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ 200.000 ՀՀ դրամի և կատարողական գործողությունների կատարման ծախսի չափով թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվոր Վաղանուշ Ամիրխանյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (գ.թ. 11):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն (1) վիճելի իրավահարաբերության բնույթը, (2) վճարման ենթակա պետական տուրքի չափը, (3) գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, (4) կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը։ (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ` բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը (տե՛ս, Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա) (տե՛ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաղանուշ Ամիրխանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը, այսինքն՝ սույն պարագայում վիճելի իրավահարաբերության բնույթն արդեն իսկ հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել անձի հնարավոր վատ գույքային դրության վերաբերյալ։
Վերոգրյալից բացի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ հայցվորը հանդիսանում է թոշակառու, որպիսի փաստի հաստատման համար անուղղակի ապացույց է հանդիսանում վերաքննիչ բողոքին կից ներկայացված անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ըստ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալների՝ Վաղանուշ Ամիրխանյանը ծնվել է 27.08.1951 թվականին)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության մասին (տե՛ս Միշա և Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ «(...) նման եզրահանգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներով, որոնցից է նաև՝ սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը: Նշված սկզբունքը, ըստ էության, ուղղված է յուրաքանչյուրի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքի իրացման ապահովմանը: ՀՀ սահմանադրական դատարանը 22.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է (...) նաև անձի տարիքով, ինչի հետևանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով (...)»:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, ըստ որի՝ 15.01.2024 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվորին պատկանող ոչ թե ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա, այլ միայն 200.000 ՀՀ դրամի և կատարողական գործողությունների կատարման ծախսի չափով , իսկ հայցվորը իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Տիգրան Ստեփանյանի հետ (պայմանագրի գինը կազմել է 100․000 ՀՀ դրամ), ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սոցիալական պետության՝ անձի տարիքով պայմանավորված ինքնուրույն աշխատանքով ապահովման անկարողության հիմքով կենսաթոշակի նշանակման քաղաքականությունը սույն պարագայում նվազեցնում է գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի նշանակությունը պետական տուրքի վճարման անհնարինության հարցի քննարկման համար:
Միաժամանակ, անդրադառնալով նաև Վաղանուշ Ամիրխանյանի և Տիգրան Ստեփանյանի միջև կնքված իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված պայմանագրով անձը չի պարտավորվել անմիջապես վճարել փաստաբանական ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը, հետևաբար միայն փաստաբանական ծառայության դիմելը չի կարող հիմք հանդիսանալ գույքային անբավարար դրության փաստը բացառելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վաղանուշ Ամիրխանյանի՝ այլ եկամուտների առկայությունը հավաստող ապացույցների բացակայության, վերջինիս գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրված լինելու և կենսաթոշակառու հանդիսանալու փաստերն ինքնին վկայում են նրա կողմից պետական տուրքի գումարի վճարման անհնարինության մասին, հետևաբար, Դատարանը, հայցվորի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրված լինելու փաստը հաշվի չառնելով, իսկ Վերաքննիչ դատարանը նշված ապացույցի հետ մեկտեղ անձը հաստատող փաստաթղթի պատճենի առկայությունը անտեսելով ոչ իրավաչափ եզրահանգման են եկել առ այն, որ պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը 13.03.2024 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու» որոշմամբ եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.03.2024 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և Զեկուցող |
Հ. Բեդևյան |
Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
![loading...](/static/img/loader.gif)