ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա.».
2) 6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված և (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական և համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ և (կամ) ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 4-րդ մասը «հաշվառմամբ» բառից հետո լրացնել «` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի» բառերով.
3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կրթությունը ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:».
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի առաջին նախադասությունը «կնքվում է» բառից հետո լրացնել «մինչև» բառով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.
8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.».
2) 2-րդ մասի 8-րդ կետի «հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի)» բառերը հանել.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.
«9) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության և գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը.
10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հաստատումը.
11) բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության և մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգերի հաստատումը:»:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում 3-րդ մասի «2010» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-154-Ն |