ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «համապատասխան`» բառից հետո լրացնել «նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական» բառերով, իսկ «առանձնահատկությունները» բառից հետո` «, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
2) 4-րդ մասը «Պետական միջին և» բառերից հետո լրացնել «պետական և ոչ պետական» բառերով և նույն մասի երկրորդ պարբերությունից հանել «Պետական» բառը.
3) 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «Պետական և հավատարմագրված ոչ պետական» բառերը:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի արտոնություններից:».
2) 10-րդ մասի «տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի» բառերը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 8-րդ մասից հանել «առկա բաժինների» բառերը, իսկ «մասնագիտություն» բառից հետո լրացնել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով».
2) 10-րդ մասի «2005-2006» թվերը փոխարինել «2012-2013» թվերով, «2003 թվականի փետրվարի 1-ը» բառերը` «2011 թվականի փետրվարի 1-ը» բառերով, «պետական քննություններ» բառերը` «ամփոփիչ ատեստավորման քննություններ», իսկ «պետական լիազորված մարմնի» բառերը` «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-153-Ն |