ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ռ. Առաքելյան
|
ՍԴ1/0006/12/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Կ․ Մարդանյան |
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի |
31 հուլիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գրիշա Լազրի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 6-ի դատավճռով Գրիշա Լազրի Օհանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիսն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս ժամկետով` սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։
2․ Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գրիշա Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ու նույն թվականի հունիսի 30-ին միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ դատապարտյալ Գրիշա Օհանյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 14 (տասնչորս) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու և պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Այսպես, բողոքաբերը նշել է, որ Գ․Օհանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով, որոնց համաձայն՝ վերջինս հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել նշանակված պատժի կեսը կրելուց հետո։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Գ․Օհանյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայման առկա չէ։ Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն արձանագրել է, որ Գ․Օհանյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ ազատազրկման կեսը։
Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտին առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է քրեական, այլ ոչ թե քրեակատարողական օրենսդրության տիրույթում։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Գ․Օհանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Դատապարտյալ Գ․Օհանյանի պաշտպան Դ.Գասպարյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության դադարեցված լինելու փաստով մերժվում է դրա դրույթների կիրառման հնարավորությունն այն իրավահարաբերության նկատմամբ, որը ծագել է դրանից հետո և դրա կիրառումը բարենպաստ հետևանքներ չի կարող առաջացնել հանցանք կատարած անձի համար։ Տվյալ դեպքում, Գ․Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավահարաբերությունն առաջացել է ՀՀ գործող քրեական օրենսդրության գործողության ընթացքում, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսդրությունը բարենպաստ հետևանքներ չի առաջանցում Գ․Օհանյանի համար, ուստի ստորադաս դատարանները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու հնարավորության հարցում հանգել են ճիշտ հետևության։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Դ.Գասպարյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ․Օհանյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։
10․ Առաջին ատյանի դատարանը, Գ․Օհանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Գրիշա Օհանյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։
Միջնորդագիրը քննարկելու օրվա` 2023 թվականի հուլիսի 14-ի դրությամբ Գրիշա Օհանյանը փաստացի կրել է իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս քան մեկ երրորդը, և նրան մնացել է կրելու՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 14 (տասնչորս) օր:
Անդրադառնալով դատախազ Գ.Մանուչարյանի այն փաստարկին, որ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենքով Գ.Օհանյանի կատարած արարքը համարվել է ծանր հանցագործություն, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝ ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում դատապարտյալ Գրիշա Օհանյանի նկատմամբ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 6-ի դատավճռով նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, իսկ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝ 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը: (․․․)»2:
11․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Դ]ատապարտյալ Գրիշա Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելու ժամկետների հաշվարկման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ է և բխում է վերաբերելի իրավակարգավորումներից։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեակատարողական օրենսդրությամբ սահման[ված] է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։ Նկատի ունենալով այն, որ Գրիշա Օհանյանի պատժի կրման սկզբին՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին արդեն իսկ գործել է 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերջինիս նկատմամբ նշանակված պատժի կատարման հետ կապված հարցերը կարգավորվում են գործող քրեակատարողական օրենսդրությամբ՝ անկախ նրանից, թե դատապարտյալը երբ է կատարել հանցանքը։ (․․․)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ Գ․Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։
13․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Գ․Օհանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիսն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս ժամկետով5,
- ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ․Օհանյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին6,
- 2023 թվականի հունիսի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Գ․Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7,
- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Գ․Օհանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է՝ իր դիրքորոշումը, ի թիվս այլնի, հիմնավորելով նրանով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգի պայմաններում, դատապարտյալը հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել նշանակված պատժի մեկ երրորդը կրելուց հետո։ Տվյալ դեպքում, միջնորդագիրը քննարկելու օրվա` 2023 թվականի հուլիսի 14-ի դրությամբ, դատապարտյալ Գ․Օհանյանը փաստացի կրել է իր նկատմամբ սահմանված ազատազրկման մեկ երրորդը8,
- անդրադարձ կատարելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները հետադարձության կարգով կիրառելու հնարավորությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նախկին և գործող քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված է, որ պատժի կատարումն ու դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում է դրա կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։ Սույն պարագայում, Գ․Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման սկզբին արդեն իսկ գործել է 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, ուստի պատժի կատարման հետ կապված հարցերը կարգավորվում են գործող քրեակատարողական օրենսդրությամբ՝ անկախ հանցանքի կատարման պահից։ Արդյունքում արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենքով, հանգել է ճիշտ հետևության9։
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Գ․Օհանյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։
Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Գ․Օհանյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Գ․Օհանյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ․Օհանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 4 (չորս) ամիս ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Գ․Օհանյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի հուլիսի 14-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Գ․Օհանյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 16 (տասնվեց) օրը, որից 4 (չորս) ամիսը կրել է նախնական կալանքի տեսքով, իսկ 8 (ութ) ամիս 16 (տասնվեց) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում10։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Գ․Օհանյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի հուլիսի 14-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից կրել է 1 (մեկ) տարի 16 (տասնվեց) օրը, հետևաբար, Գ․Օհանյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման կեսը։
15․1․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը որոշվում է կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ՝ անկախ հանցանքի կատարման պահից, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտպանի՝ սույն որոշման 7-րդ կետում ներկայացրած հակափաստարկին և ընդգծում, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով քրեաիրավական այլ հետևանքների որոշումը ևս պայմանավորվում է արարքի կատարման պահով։ Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս որպես ելակետ ընդունել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող՝ պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը, նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ11։
16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի և այն անփոփող թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի դատական ակտերը բեկանելու և դատապարտյալ Գ․Օհանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Գրիշա Լազրի Օհանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի և այն անփոփող թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումները բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 61-65:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 47-53:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշման 15-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: