ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը «(փայի)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 47.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.
«Հոդված 47.2. |
Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը |
Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-68-Ն |