ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքահարկի և հողի հարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը «իրականացնում է հարկային տեսչությունը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
- շահութահարկ,
- եկամտահարկ,
- ակցիզային հարկ,
- ավելացված արժեքի հարկ:
Oրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
- գույքահարկ,
- հողի հարկ,
- հյուրանոցային հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով`
«Գ լ ու խ II.1. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ
Հոդված 13.1. Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են:
Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի և գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է:
Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը և դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
Հոդված 13.3. Տեղական հարկատեսակների մասին (բացառությամբ հողի հարկի և գույքահարկի) օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:
Հոդված 13.4. Տեղական հարկատեսակների և դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են:
Հոդված 13.5. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են օրենքով սահմանված կարգով գնահատել և վերագնահատել անշարժ գույք հանդիսացող հարկվող օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում և վերագնահատում իրականացնող լիազոր մարմին կամ վիճարկել դատական կարգով:
Հոդված 13.6. Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց առանձնահատկությունները` յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն oրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը «հարկային տեսչություն» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային տեսչությունն» բառից հետո, իսկ 2-րդ մասի և առաջին և երկրորդ նախադասությունները «հարկային մարմինը» բառերից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ հոդվածով`
«Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կիրարկել տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո` հաջորդ տարվա սկզբից:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-51-Ն |
|