ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. |
N 190-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԽՃՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դրույթները և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N.47-Ա որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով,
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման 2025 թվականի բնապահպանական ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. 2025 թվականի բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը և դրա գծով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից բնապահպանական վճարներից համայնքին հատկացված մասհանումների գումարը ստանալու հայտը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 190-Ա որոշման |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԽՃՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման բնապահպանական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կազմվել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի հիման վրա (բնակավայրերի կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ), Շրջակա միջավայրի նախարարի 04.09.2023թ. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 310-Ն հրամանի Հավելվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումները (Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ հաստատված), որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացմանը, անտառների և կանաչ տարածքների վերականգնմանն, աղբահանությանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Երևան քաղաքն ունի խիստ ցամաքային կլիմա և բնակչության թվաքանակով (1095 հազ. մարդ-2023 թ․) կարելի է դասել խիտ բնակեցված խոշոր քաղաքների թվին, որոնց բնորոշ է ծանրաբեռնված տրանսպորտային երթևեկությունը, քաղաքային բաց աղբավայրը, արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը (ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը գտնվում են Երևանում), քաղաքի տարածքում շահագործվող թվով 15 հանքերի առկայությունը, ակտիվ շինարարական աշխատանքները և այլն (https://www.yerevan.am/am/nature-protection/): Մայրաքաղաքի կանաչ տնկարկների վիճակն ընդհանուր առմամբ չի բավարարում տարածքների էկոլոգիական զարգացման ներկայիս պահանջներին (1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է 8,3 քառ.մ: Թվարկված գործոններով է պայմանավորված քաղաքի շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում հայտնաբերված փոշու, գազային աղտոտիչների, ծանր մետաղների սահմանաթույլատրելի պարունակությունների գերազանցումները, որոնք անմիջականորեն զուգորդվում են մարդկանց մոտ առողջական ռիսկերի ավելացմամբ:
Վերջին տվյալներով Երևանի կանաչ տարածքները պաշտոնապես կազմում են շուրջ 6760 հա (2023թ.), ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Այս ցուցանիշը համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, պետք է լինի առնվազն 40%: Սրա մեջ մտնում են ընդհանուր և սահմանափակ օգտագործման և հատուկ նշանակության կանաչ տարածքները: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը կազմում է շուրջ 906.8 հա: Այն կազմում է կանաչ տարածքի 12,8 %-ը, սակայն պետք է լինի առնվազն 25 %: Այն շատ չնչին, սակայն ավելացել է վերջին 9 տարիների ընթացքում (Աղ. 1): Հարկ է նշել, որ Երևանում առկա կանաչ տարածքները ոչ միշտ են լավ փոխկապակցված, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ ստեղծել կենսաբազմազանության պահպանման համար:
Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է շուրջ 8,3 ք.մ., ինչը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված նվազագույն արժեքից՝ 9 ք.մ.-ից, իսկ ցանկալի ցուցանիշը կազմում է 50 ք․մ։ Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերում ամրագրված է կանաչ տարածքների ավելացման հանձնառությունը՝ հասնելու և գերազանցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված նվազագույն արժեքը։
Աղյուսակ 1. Երևան քաղաքի կանաչ տարածքի ավելացումը սկսած 2015 թ-ից
հհ |
Տարի |
Կանաչ տարածքներ |
Ընդհանուր օգտագործման կանաչ | ||
1 |
2015 |
861.0 |
2 |
2016 |
863.0 |
3 |
2017 |
864.5 |
4 |
2018 |
867.3 |
5 |
2019 |
867.5 |
6 |
2020 |
871.3 |
7 |
2021 |
873.8 |
8 |
2022 |
887.7 |
9 |
2023 |
906.8 |
Ծրագրի նպատակն է Նուբարաշենի խճուղու հարակից 8,5 հա տարածքում անտառաճման բավականին բարդ պայմաններ ունեցող տեղանքում ստեղծել անտառային գոտի՝ ավելացնելով Երևան քաղաքի կանաչ տարածքները, բարելավելու տարածքի միկրոկլիման, նվազեցնելու Նուբարաշենի աղբավայրի բացասական ազդեցություններն Էրեբունու և Նուբարաշենի բնակելի զանգվածների վրա։
Այդ նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից կազմվել են «Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման աշխատանքների» նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որը ներկայումս ունի լրամշակման կարիք և Երևանի քաղաքապետարանի կողմից նախապատրաստվում են դրանց լրամշակման աշխատանքները՝ գնումների ընթացակարգով։ Այդ աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է տարածքի փաստացի վիճակը, կատարվել է տարածքի տեղագրական հանույթ, կատարվել է հողագիտական ուսումնասիրություն։ Ըստ նախահաշվային փաստաթղթերի, աշխատանքների արժեքը կազմում է 178,8 մլն դրամ (արժեքը կփոփոխվի նախագծի լրամշակման արդյունքում)։ Ֆինանսավորման բացը կհամաֆինանսավորվի Երևանի քաղաքապետարանի կողմից։
Նկ․1 Նուբարաշենի անտառաշերտի տեղադիրքը
3. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագիրն ուղղված է բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծմանը: Ծրագրի տարածքի անմիջական հարևանությամբ է գտնվում Նուբարաշենի աղբավայրը, որտեղ հաճախակի հրդեհների արդյունքում ծխի, տարբեր գազերի արտանետման արդյունքում առաջանում են բնապահպանական և առողջապահական խնդիրներ հատկապես հարակից բնակելի շրջանների համար։ Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կմեղմվեն այդ խնդիրները: Բուֆերային անտառաշերտը կնպաստի տարածքի միկրոկլիմայի բարելավմանը, կօժանդակի քամու, փոշու և ծանր մետաղներով ազդեցության նվազմանը։ Կտնկվեն այնպիսի ծառատեսակներ, որոնք գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ ավելի կայուն են:
4. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աղյուսակ 2.
2025թ. բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները
N |
Միջոցառման անվանումը |
Գումարը |
Համամասնությունը |
1 |
Բնապահպանություն |
||
1.1 |
«Նուբարաշենի խճուղու |
101060.33 |
100.0 |
2 |
Առողջապահություն |
0 |
0 |
Ընդամենը |
101060.33 |
100.0 |
5. ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ (ԸՍՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ)
Համայնքին հատկացվելիք բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով 2025թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
1. Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակում
2. Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման աշխատանքներ
Արդյունքում ակնկալվում է 2023թ-ին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՀ օրենքի՝ Երևան համայնքում գործող արտադրական ձեռնարկությունների հետևանքով շրջակա այդ թվում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական վճարներից համայնքին հատկացված մասհանումների միջոցներով իրականացնել 101060.33 հազար դրամ գումարի չափով աշխատանքներ:
Աղյուսակ 3․ Ծրագրի արժեքը (ըստ միջոցառումների)
Հ/Հ |
Աշխատանքի անվանումը |
Չ/մ |
Քանակ |
Միավ. գինը հազ. դր. |
Ընդամենը հազ. դր |
1 |
Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման |
հատ |
1 |
1,000.0 |
1000.0 |
2 |
Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման աշխատանքներ |
Մակերես, հա |
8,5 |
11,771.8 |
100,060.33 |
6. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Երևան քաղաքի խիստ ցամաքային կլիման, բնակչության կենտրոնացումը, ծանրաբեռնված տրանսպորտային երթևեկությունը, քաղաքային բաց աղբավայրը, արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը, քաղաքի տարածքում շահագործվող թվով 15 հանքերի առկայությունը, ակտիվ շինարարական աշխատանքները ստեղծել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների աղտոտվածության առումով: Այդ հիմնախնդիրների լուծման, բացասական ազդեցությունների չեզոքացման գործում կարևոր նշանակություն ունեն կանաչ տարածքների ընդլայնումը և դրանց վիճակի բարելավումը։
Երևանի կանաչապատման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ դարի 50-60-ական թվ.-ից արդյունաբերական կենտրոնների զարգացմանը զուգընթաց՝ հիմնելով զանազան տիպի կանաչ տնկարկներ: Օգտագործվել է շուրջ 250 տեսակի գեղազարդ ծառեր ու թփեր: Հետագայում, սակայն, էներգետիկ ճգնաժամի և հանրապետության տնտեսական շրջափակման տարիներին (1990-1995թթ.), հատվեցին աննախադեպ քանակությամբ ծառեր ու թփեր (միայն Երևանում շուրջ 170 հազար հատ):
Երևան քաղաքի կանաչ տարածքների բաշխվածությունը խիստ անհամաչափ է, նույնիսկ որոշ շրջաններում բացակայում է, իսկ որոշ էկոլոգիական տեսակետից թիրախային վարչական շրջաններում դրանց քանակը բավականին ցածր է և կարիք ունի ավելացման: Ամենամեծ տարածք ունեցող վարչական շրջաններում /Էրեբունի, Շենգավիթ/ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները ավելի քիչ են, ինչի արդյունքում ցածր է նաև 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը, որը խիստ կարևոր ցուցանիշ է բնակչության առողջության պահպանման տեսակետից: Ավելին, սակավ կանաչ տարածք ունեցող վարչական շրջաններից որոշները՝ Էրեբունի, Շենգավիթ, նաև արդյունաբերական շրջաններ են և բնապահպանական տեսակետից առավել խոցելի թիրախային են դառնում կանաչ տարածքների ավելացման գործընթացում:
Ներկայումս քաղաքային իշխանությունների կողմից աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացման համար։ Հատկապես կարևորվում է մայրաքաղաքը գոտևորող անտառպաշտպանիչ բուֆերային գոտիների ստեղծմանը և վերականգմանը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի միկրոկլիմայի բարելավմանը, կօժանդակի քամու, փոշու և ծանր մետաղներով ազդեցության նվազմանը։ Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով ներկայումս իրականացնում է կանաչապատման լայնածավալ աշխատանքներ, առաջնահերթությունը տալով առավել խոցելի տարածքների կանաչապատմանը: Հաշվի առնելով Երևան քաղաքի բնակլիմայական պայմանները` կանաչապատվող տարածքներում տնկվում են կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակներ, որոնք գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ ավելի կայուն են:
Ընդլայնվում և բարելավվում են քաղաքի բուֆերային կանաչ տարածքները (Ծիծեռնակաբերդի 8,5 հա համայնքային տարածքը, Սարալանջի շուրջ 12 հա տարածքը, Եռաբլրի տարածքում մոտ 13 հա, Փարոսի բլուրը)։ Ընդհանուր առմամբ, կանաչ տարածքները 2022-2023 թթ. ընթացքում Երևան քաղաքում ավելացել են 35 հա-ով։ Երևան քաղաքը սկսել է Դալմայի այգիների տարածքում 230հա մակերեսով համայնքային զբոսայգու ստեղծման աշխատանքները։
Նախատեսվում է Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղու հյուսիս-արևելյան հատվածում (Էրեբունի վարչական շրջան) ստեղծել անտառաշերտ, որը ոչ միայն կավելացնի 8.5 հեկտարով Երևան քաղաքի կանաչ տարածքները, այլև կօժանդակի տարածքի հողակլիմայական և սանիտարահիգիենիկ խիստ անբարենպաստ պայմանների բարելավմանը:
7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևան քաղաքի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացման և բնակչության բարեկեցության ապահովման համար:
Երևան քաղաքում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝ հողային ռեսուրսների, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն իրագործելու մակարդակով:
Հիմնախնդիրներ
1. Մայրաքաղաքի հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ ինվազիվ ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
2. Ներհամայնքային ոռոգման ցանցի ընդլայնում և բարեկարգում,
3. Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բուֆերային անտառաշերտի ստեղծում, կանաչ տարածքների ավելացում,
4. Կլիմայի փոփոխության դեմ կանխարգելիչ և հարմարվողական միջոցառումների իրականացում,
5. Օդի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ, մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդնում,
6. Ջրային համակարգերի էկոլոգիական վիճակի բարելավման միջոցառումներ,
7. Հողի բարելավման միջոցառումներ, պայքար հողի էրոզիայի դեմ,
8. Կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում:
8. ԿԱՊԸ ՏՎՅԱԼ ՄԱՐԶԻ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ինչպես նշվել է Ծրագրի ներածական մասում, Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումները (Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ հաստատված), որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացմանը, անտառների և կանաչ տարածքների վերականգնմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի միամյա և 2024-28թթ․ հնգամյա ծրագրերում (Երևան քաղաքի ավագանու 26.12.2023թ. հ.46-Ա և հ․ 47-Ա որոշումներով հաստատված) Երևան քաղաքի բնապահպանական առաջնահերթությունների թվում նշվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում բուֆերային անտառաշերտի ստեղծումը և կանաչ տարածքների ավելացումը։ Միջոցառումների թվում ընդգրկված են Սիլիկյանի, Նուբարաշենի, Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառպաշտպանիչ բուֆերային գոտիների ստեղծման աշխատանքները։ Դրանց վերաբերյալ համապատասխան ֆինանսավորման հայտերը ներկայացվել են Երևան քաղաքի բյուջեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառելու համար։
Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման և բարելավման կարևորությունը արտացոլվում է նաև այլ ռազմավարական փաստաթղթերում (Երևան քաղաքի հարմարվողականության պլան, ՄԱԶԾ) և հետազոտություններում (Համաշխարհային Բանկ, Երևան քաղաքի կանաչ տարածքների բարելավում)։
9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծրագիրը իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ծրագրի նախագծի լրամշակման և Ծրագրի իրականացման համար հայտարարվելու է մրցույթ և կազմակերպությունն ընտրվելու է մրցութային կարգով։ Ստեղծվող անտառաշերտի հետագա խնամքի աշխատանքները իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից։
10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծրագրի շահառուներ են համարվում Երևան համայնքի բնակիչները (հատկապես Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչները), ինչպես նաև մայրաքաղաք այցելած հյուրերը, զբոսաշրջիկները և այլն: Հաշվի առնելով, որ նախատեսվող անտառաշերտը գտնվում է Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ, այն կհանդիսանա նաև աղբավայրի վնասակար ազդեցությունները չեզոքացնող գործոն հատկապես Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների համար։
11. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից կազմվել են «Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ տարածքի անտառպաշտպանիչ գոտու ստեղծման աշխատանքների» նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որը ներկայումս ունի լրամշակման կարիք և Երևանի քաղաքապետարանի կողմից նախապատրաստվում են դրանց լրամշակման աշխատանքները՝ գնումների ընթացակարգով։ Ըստ նախահաշվային փաստաթղթերի, աշխատանքների արժեքը կազմում է 178,8 մլն դրամ (արժեքը կփոփոխվի նախագծի լրամշակման արդյունքում)։ Ֆինանսավորման բացը կհամաֆինանսավորվի Երևանի քաղաքապետարանի կողմից։ Համապատասխան ֆինանսավորման հայտը ներկայացվել է Երևան քաղաքի բյուջեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառելու համար։
12. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ)
2024 թվականին նախատեսվում է իրականացնել «Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման աշխատանքների» նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակումն, իսկ 2025 թվականին 8,5 հա տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։
13. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ)
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն երկարաժամկետ կտրվածքով։ Արդյունքները կապված են տարածքի միկրոկլիմայական, հողային և սանիտարահիգիենիկ խիստ անբարենպաստ պայմանների բարելավման, քամու, փոշու և ծանր մետաղներով ազդեցության նվազեցման հետ։ Նոր կանաչ տարածքի (անտառ) ստեղծման արդյունքում ածխաթթու գազ կլանման, ածխածնի պահեստավորման էկոհամակարգային ծառայություն կմատուցվի։ Ծրագրի իրականացման արդյունքում, հաշվի առնելով լանդշաֆտների վերականգնումը, CO2 արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 21.2 տ:
Հաշվարկները իրականացվել են հետևյալ բանաձևերով՝
C = G•k + (G•k)•c = 0.552 + 0.552 • 0.23 = 0.679 տոննա/հեկտար կամ 2.49 տ/հա ածխածնի երկօքսիդի համարժեք, եթե փոխակերպենք սա ածխածնի երկօքսիդի (CO 2 = C • 44/12), որտեղ
G – տարեկան ընթացիկ աճն է, խմ,
k - ԿՓՓՄԽ (IPCC) փոխարկման գործակիցը (0.46),
c – արմատ/ընձյուղ հարաբերակցությունը (0.23),
C – կուտակվող ածխածնի քանակը, տ,
CO 2 – կլանվող ածխաթթու գազի քանակը, տ:
14. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծրագրի նախագծային փուլում «Երևան» ՋՕ ընկերությունից ստացվել է ոռոգման ջրամատակարարման տեխնիկական պայման, որը թարմացվի նախագծի լրամշակման ընթացքում։ Ծրագրի իրականացման համար այլ թույլատվական փաստաթղթեր չեն պահանջվում։ Ծրագրի իրականացման տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն։