Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 87-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
30.08.2024
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.08.2024
Дата вступления в силу
31.08.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 87-Ա

 

«ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ուսումնասիրելով 2024 թվականի օգոստոսի 15-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 36 վարչական վարույթի նյութերը, պարզեց.

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս համաձայն Հանձնաժողովի նախագահի 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ 41-Ա հրամանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ին ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ ցանցային օպերատոր) գործունեության մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու նպատակով իր աշխատակցին գործուղել է ցանցային օպերատորի գործունեության կայան, որը 2024 թվականի օգոստոսի 12-ին ժամը 14։00 փակ է եղել։ Հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն առ այն, որ ցանցային օպերատորի փաստացի գործունեության գրասենյակը փակ է եղել, սակայն Հանձնաժողովի աշխատակիցը հեռախոսազանգով կապ է հաստատել ցանցային օպերատորի ներկայացուցչի հետ, ով հավաստիացրել է, որ գրեթե 2 ամիս իրենց կողմից տեսալսողական հաղորդումների վերահաղորդում չի իրականացվում, ենթակառուցվածքը գտնվում է հոսանքազրկված և անաշխատ վիճակում։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ դիտարկման պահին ցանցային օպերատորի փաստացի գործունեության տարածքը հոսանքազրկված է եղել։ Ցանցային օպերատորի ներկայացուցիչ (աշխատակից) Անուշ Գևորգյանը արձանագրությունում նշել է, որ ցանցային օպերատորի կողմից գրեթե երկու ամիս՝ 2024 թվականի հունիսի 1-ից վերահաղորդում չի իրականացվել։

Արձանագրությունը կազմելու պահին ցանցային օպերատորի ղեկավարը կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձը տեղում դիտարկման վայրում չի եղել։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 42-րդ հոդվածի 11-րդ մասը սահմանում է․

«Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:»։

Համաձայն Օրենքի 42-րդ հոդվածի 15-րդ մասի՝ եթե օպերատորի ղեկավարը կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է փոստով:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Ե/03/03․1/609-23 գրությամբ ցանցային օպերատորին է ուղարկվել արձանագրության մեկ օրինակը։ Նշված գրությամբ ցանցային օպերատորին տեղեկացվել է նաև, որ Օրենքի համաձայն մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող են դրանք ներկայացնել Հանձնաժողով։

 Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի օգոստոսի 15-ին հարուցել է վարչական վարույթ։

Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2024 թվականի օգոստոսի 15-ին ծանուցել է ցանցային օպերատորին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում՝ 2024 թվականի օգոստոսի 20-ին, Հանձնաժողով մուտքագրված դիմումով ցանցային օպերատորը հայտնել է, որ արդեն իսկ վերսկսել է իր գործունեությունը և փաստացի իրականացնում է իրեն տրամադրված լիցենզիայով նախատեսված գործունեությունը։

Ցանցային օպերատորը խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը.

 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

 «Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեսալսողական մեդիայի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը»:

 Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի՝ Հանձնաժողովն իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում:

Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 7-րդ, 11-րդ, 15-րդ և 18-րդ մասերը սահմանում են.

«1. Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին։

3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում օպերատորի գործունեության տեղում դիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա։

7․ Օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում վերջինս տեղում դիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:

11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:

15․Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է փոստով:

18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց»:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Հանձնաժողովն արձանագրում է, որ քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական հաղորդումների վերահաղորդումը, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է։

Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Իսկ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

 Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է․

«Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են։»։

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:»։

Փաստենք նաև, որ ցանցային օպերատորը 2022 թվականի դեկտեմբերի 29-ից (սփռման տարածքը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ) հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ Օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն Օրենքով սահմանված կարգով, ուստի Օրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության:

Ցանցային օպերատորը պետք է հաշվի առնի, որ օրենքներով հստակ սահմանվում են իրավական նորմեր, որոնց չպահպանելն առաջացնում են իրավական հետևանքներ և ցանցային օպերատորը պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովման համար և տվյալ դեպքում ցանցային օպերատորը պարտավոր էր պահպանել Օրենքի պահանջը։

Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորի ներկայացուցիչը Հանձնաժողովի աշխատակցին հավաստիացրել է, որ գրեթե երկու ամիս իրենց կողմից տեսալսողական հաղորդումների վերահաղորդում չի իրականացվում, ենթակառուցվածքը գտնվում է հոսանքազրկված և անաշխատ վիճակում, ինչի մասին նաև նշել է արձանագրության մեջ․

 «Հայտնում ենք, որ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊԸ-ի կողմից գրեթե երկու ամիս հեռարձակում չենք իրականացրել (հունիսի 01-ից «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» չի հեռարձակվել)»։

 Վերլուծելով ցանցային օպերատորի կողմից ներկայացված բացատրությունները, Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների վերահաղորդում, Հանձնաժողովին չի տեղեկացրել տեսալսողական հաղորդումների վերահաղորդում չիրականացնելու, ենթակառուցվածքի հոսանքազրկման և անաշխատ վիճակում լինելու մասին։ Ավելին, Հանձնաժողովն այդ մասին իմացել է, 2024 թվականի օգոստոսի 12-ին ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու նպատակով իր աշխատակցին ցանցային օպերատորի գործունեության կայան գործուղելու ժամանակ։

Հանձնաժողովն ամրագրում է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք, քանի որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների վերահաղորդում։

Ինչ վերաբերում է ցանցային օպերատորի կողմից բերված պատճառաբանությանն այն մասին, որ արդեն իսկ վերսկսել է իր գործունեությունը և փաստացի իրականացնում է իրեն տրամադրված լիցենզիայով նախատեսված գործունեությունը, հիմնավոր և բավարար չէ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթով սահմանված իրավախախտումը չարձանագրելու և պատասխանատվությունը չկիրառելու համար:

 Այսպիսով, ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հատկանիշներին։

Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետով, 42-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 6-րդ մասով, 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

 

1. Կիրառել վարչական տույժ, կասեցնել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 10 օր ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

2024 թ. օգոստոսի 30

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան