Գլխավոր տեղեկություն
Номер
N 389
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.1999-06.06.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.06/20
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.08.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.08.1997
Дата вступления в силу
16.09.1997

041.0389.14.08.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1997 թվականի N 389
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունն ու կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 9 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման հավելվածում «Արտակարգ իրավիճակների վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն  65

3 1»:  

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության աշխատողների վրա տարածել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 604 որոշման N 1 հավելվածի «Նախարարությունների և վարչությունների կենտրոնական ապարատներ» բաժնով սահմանված պաշտոնային դրույքաչափերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 22 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
օգոստոսի
14-ի N 389 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո  Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետև` վարչություն, ԱԻՎ) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության կոորդինացումը բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման բնագավառում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումն ու վերահսկողությունը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը պատասխանատվություն է կրում արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում տիրող վիճակի ու դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության ապահովման համար:

2. Սույն կանոնադրությունում «արտակարգ իրավիճակ» հասկացության տակ նկատի է առնվում այն իրավիճակը, որն ստեղծվում է որոշակի օբյեկտներում կամ տարածքներում խոշոր վթարների, տեխնոլոգիական, բնական կամ այլ աղետների, հնարավոր հակառակորդի կողմից հարվածի ժամանակակից միջոցների կիրառման հետևանքով և հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցված զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության պայմանների խախտման:

«Արտակարգ իրավիճակների վերացում» հասկացության տակ նկատի է առնվում վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ անհետաձգելի միջոցառումների իրականացումը` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգների վերացմանն ու բնակչության կենսաապահովման վերականգնմանը: Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածքների և օբյեկտների վերականգնումը չի մտնում նշված հասկացության մեջ:

3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) արտակարգ իրավիճակներում երկրի պատրաստվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխատեսմանը և վերացմանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության ու կենսագործունեության ապահովման (նյութական արժեքների և ռեսուրսների պահպանման) կազմակերպումը.

գ) քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումն ու վերահսկողությունը.

դ) (ենթակետը հանվել է 26.02.99 N 122)

դ) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման, իր իրավասության սահմաններում` ընդերքի արդյունավետ օգտագործման հարցերով պետական հսկողության իրականացումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման միասնական համակարգի (այսուհետև` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների միասնական համակարգ, ԱԻՄՀ) ստեղծումն ու դրա գործունեության կառավարումը.

զ) արտակարգ իրավիճակների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների կանխագուշակմանն ու վերացմանը, բնակչության պաշտպանությանը, երկրի պատրաստվածության բարձրացմանն ուղղված հանրապետական ծրագրերի մշակման և իրագործման կազմակերպումը.

է) արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ հանրապետական և տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության վերահսկողությունը.

ը) արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական, ինչպես նաև տեղեկացման աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը.

թ) արտակարգ իրավիճակները դիմակայելու, այդ իրավիճակներում գործելու, ճգնաժամային կառավարման հմտություններ ձեռք բերելու համար պետական կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բնակչության պատրաստման և ուսուցման կազմակերպումն ու իրագործումը.

ժ) արտակարգ իրավիճակներում փրկարարական և վթարային-վերականգնողական աշխատանքների կոորդինացումը, մասնակցությունը բնակչության կենսաապահովման ու նրա տարահանման միջոցառումներին.

ժա) արտակարգ իրավիճակների հիմնահարցերին վերաբերող օրենքների, իրավական այլ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

ժբ) բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխատեսմանը և վերացմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

ժգ) Հայկական ատոմային էլեկտրակայանում ընդհանուր ճառագայթային հնարավոր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը.

ժդ) արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության կազմակերպումը:

(4-րդ կետը փոփ. 26.02.99 N 122)

5. Ամենօրյա գործունեության ընթացքում վարչությունը`

ա) կազմակերպում և կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման պլանների մշակումը.

բ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում և կոորդինացնում է հնարավոր արտակարգ իրավիճակների ու դրանց հետևանքների կանխագուշակման, այդ իրավիճակների մոդելավորման, արտակարգ իրավիճակների ռիսկի և սպասվելիք վնասի գնահատման աշխատանքները.

գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների միասնական համակարգի գործունեության, միջազգային համապատասխան համակարգերի մեջ դրա ինտեգրացման ընդհանուր կոորդինացումը.

դ) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլանի նախագիծը.

ե) կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեությունը, իրականացնում քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի ու դրա կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, ապահովում դրանց մոբիլիզացիոն պատրաստականությունը և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի զարգացումը.

զ) կոորդինացնում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության համակարգի ուժերի ու ծառայությունների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, կամավոր փրկարարական կազմավորումների միջև փոխգործողության պլանների մշակումը և դրանցով նախատեսված գործողությունների իրականացումը.

է) մշակում է արտակարգ իրավիճակների և դրանց սպառնալիքների դեպքում, պատերազմի ժամանակ հանրապետության պետական կառավարման քաղաքացիական մարմինների պատրաստության բերելու կարգն ու սահմանված աստիճանները (ռեժիմները).

ը) կազմակերպում է վթարային և փրկարար ուժերի ստեղծումն ու դրանց օգտագործումն արտակարգ իրավիճակների պայմաններում, իրականացնում պետական փրկարար ծառայությունների կոորդինացումը.

թ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ազդարարման համակարգի ստեղծումը, բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությամբ ապահովումը, վերահսկում ազդարարման տարածքային ու տեղայնացված (լոկալ) համակարգերի աշխատանքը.

ժ) մասնակցում է հանրապետության տնտեսությունում հավանական վթարների և աղետների կանխատեսմանը, դրանց վտանգի նվազեցմանն ու հետևանքների մեղմացմանը նպաստող պայմանների ստեղծմանը` ուղղված համապատասխան տնտեսական, իրավական, կազմակերպական, սոցիալական և գիտամեթոդական բնույթի միջոցառումների մշակմանը.

ժա) բնակչության պաշտպանության հիմնահարցերով կազմակերպում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ.

ժբ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ որոշում է արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, բնակչության պաշտպանության բնագավառների աշխատանքների գերադասելի ուղղությունները, այդ հարցերով կազմակերպում է հանրապետական ու կոորդինացիոն տարածաշրջանային նպատակային ծրագրերի մշակումը, իրականացնում դրանց ներդրման կոորդինացումը, ստանձնում համապատասխան հանրապետական ծրագրերի պետական պատվիրատուի պարտականությունները.

ժգ) իր իրավասության սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում հանրապետության տնտեսության գործունեության, կայունության մակարդակի բարձրացման հայեցակարգի ու ծրագրերի մշակմանը.

ժդ) մասնակցում է արտակարգ իրավիճակների համար նախատեսվող նյութական ու ֆինանսական ռեզերվների պլանավորման, ստեղծման և օգտագործման ուղղությունների մշակմանը.

ժե) սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում վարչության և դրա համակարգի կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱԻՄՀ-ի փրկարար, վթարային ու այլ կազմավորումների անձնակազմերի իրավական և սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու համար.

ժզ) մասնակցում է արտակարգ իրավիճակներում առաջացող նյութական վնասի որոշման մեթոդիկաների, ապահովագրության և հատուցման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև ապահովագրության ու վնասների հատուցման գործընթացին.

ժէ) մշակում, հաստատում կամ համաձայնեցնում է արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության, պաշտոնատար անձանց, մասնագետների և ԱԻՄՀ-ի կազմավորումների անձնակազմերի ուսուցման ու նախապատրաստման ծրագրերը, կազմակերպում և իրականացնում է փրկարար կազմավորումների անձնակազմերի ուսուցումը, որակավորման բարձրացումն ու ատեստավորումը.

ժը) իր ոլորտի հարցերով մշտական կապ է իրականացնում հասարակության և զանգվածային տեղեկատվության մարմինների հետ.

ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ անդամ պետությունների, եվրոպական և այլ միջազգային համապատասխան կառույցներում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, երկրի պատրաստվածության բարձրացման, ճգնաժամային պլանավորման և կառավարման հարցերով, կազմակերպում է նշված հարցերի վերաբերյալ միջազգային ծրագրերի, համաձայնագրերի, պայմանագրերի, նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը:

6. Պատերազմի և արտակարգ իրավիճակների անմիջական սպառնալիքի դեպքում, դրանց առաջացման ու վերացման ընթացքում վարչությունը`

ա) կազմակերպում է արտակարգ իրավիճակների միասնական համակարգի ծավալումն ու գործունեությունը.

բ) կազմակերպում է կառավարման համապատասխան մարմինների և բնակչությանն ազդարարումն ու տեղեկատվությամբ ապահովումն արտակարգ իրավիճակների փաստի, բնույթի և ծավալների, դրանց վերացման ընթացքի ու պաշտպանության միջոցների մասին, անհրաժեշտության դեպքում կոորդինացնում է աղետի գոտուց բնակչության տարահանման աշխատանքները.

գ) հանրապետական և տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում ապահովում է վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական աշխատանքների կենտրոնացված ղեկավարումը, այդ աշխատանքների հիմնահարցերի գծով կազմում ու վարում է տվյալների բանկ.

դ) կենտրոնական կառավարման մարմինների և աղետի գոտում ղեկավարում (կառավարում) իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում է կառավարման կետ, սահմանում արտակարգ իրավիճակների վերացմանն ուղղված կարևորագույն միջոցառումները, որոշում անհրաժեշտ ուժերն ու միջոցները և կոորդինացնում նշված միջոցառումների իրականացումը.

ե) մասնակցում է տուժած բնակչությանն անհրաժեշտ սոցիալական օգնություն ցույց տալու և նրա կենսաապահովմանն ուղղված աշխատանքների իրագործմանը, անհրաժեշտության դեպքում կոորդինացնում աղետի գոտուց բնակչության տարահանման աշխատանքները.

զ) կազմակերպում ու կոորդինացնում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆինանսական և նյութատեխնիկական ռեզերվների ու պաշարների արդյունավետ օգտագործումը, վերահսկում կազմակերպություններից և քաղաքացիներից (այդ թվում` արտասահմանից) օգնության կարգով աղետի գոտի ուղղվող նյութական ու ֆինանսական միջոցների հաշվառման և բաշխման աշխատանքների օպերատիվ կազմակերպումն ու իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նույն հարցերով գործելու են հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովներ.

է) խոշոր վթարների և աղետների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման ընթացքում կազմակերպում և կոորդինացնում է միջազգային համապատասխան ուժերի ու միջոցների օգտագործման գործընթացը:

7. Վարչությունը`

ա) բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխատեսմանը և վերացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման ու կոորդինացման նպատակով վարչության իրավասության սահմաններում ընդունում է արտակարգ իրավիճակներում և դրանց առաջացման անմիջական սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կատարման համար պարտադիր օպերատիվ որոշումներ, սահմանված կարգով հաստատում, պատրաստում և հրատարակում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման հարցերի վերաբերյալ հրահանգներ և նորմատիվային ու մեթոդական փաստաթղթեր.

բ) արտակարգ իրավիճակների, ինչպես նաև դրանց առաջացման անմիջական սպառնալիքի ժամանակ իր խորհրդի նիստերում լսում է դրանց կանխատեսման և վերացման վերաբերյալ նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատողների կարծիքները.

գ) բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, կազմակերպություններից, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ.

դ) արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավում է հանրապետության նյութական և այլ ռեսուրսներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ու կազմավորումները, տեղական ուժերը ու միջոցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխգործողությունների պլաններով նախատեսված ուժերն ու միջոցները.

ե) սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրագործում է վտանգավոր գոտուց բնակչության տարահանումը.

զ) փրկարարական և անհետաձգելի վթարային աշխատանքների կազմակերպման ու անցկացման ժամանակ առաջնահերթ կարգով օգտագործում է կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերը.

է) քննարկում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման ուղղությամբ ուսումնական հաստատությունների ծրագրերը.

ը) ունենում է սահմանված կարգով հաստատված տարբերանշաններով, ազդանշաններով և կապի միջոցներով սարքավորված հատուկ տրանսպորտային միջոցներ.

թ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության ոլորտին (այդ թվում` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում փոխադարձ լրատվության և փոխադարձ օգնության) առնչվող միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

8. Վարչության հայտերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով ապահովում է նրա ստորաբաժանումների համալրումը համապատասխան կադրերով:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական կառավարման մյուս մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

10. Վարչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը: Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն:

11. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

12. Վարչությունը`

ա) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ոլորտում ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերով միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները:

13. Վարչությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

14. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը միաժամանակ, ի պաշտոնե, հանդիսանում է վարչության պետի տեղակալ

(14-րդ կետը խմբ. 26.02.99 N 122)

15. Վարչության պետը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

գ) սահմանում է վարչության պետի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության համակարգի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) հավանություն է տալիս իր ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.

է) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների` (վարչությունների, բաժինների) վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի մեջ մտնող ձեռնարկությունների, բացառությամբ հատուկ նշանակության հիմնարկների և կազմակերպությունների, ղեկավարների հետ.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության համակարգի սպայական կազմին շնորհում է զինվորական կոչումներ.

ժբ) քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետի տեղակալներին ու բաժինների պետերին, տարածքային շտաբների և Երևանի քաղաքային շտաբի պետերին, քաղաքացիական պաշտպանության ուսումնական կենտրոնի պետին, նրա տեղակալին ու սպայական պաշտոններ զբաղեցնող այլ անձնակազմի.

ժգ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԱԻՎ-ի կադրերի վերապատրաստման ինստիտուտի տնօրենին ու նրա ներկայացմամբ` տեղակալներին:

16. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է պետի առաջին տեղակալը:

17. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

18. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության ստորաբաժանումների (վարչությունների և բաժինների), վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում վարչության պետն իրագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

19. Վարչությունն իր ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:

20. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված, միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական հանձնախումբ` բաղկացած մասնագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա) ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական հանձնախմբի կազմը և հանձնախմբի կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

21. Վարչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:

22. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում ու լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

23. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

24. Վարչությունը համաձայնություն է տալիս համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

25. Վարչությունը թույլտվություն է տալիս իր համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

26. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար:

27. Վարչությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության` ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի, նրանց կնքած պայմանագրերի օրինականության վերահսկողությունը:

28. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

29. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

(կանոնադրությունը փոփ., խմբ. 26.02.99 N 122)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
օգոստոսի
14-ի N 389 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀՀ ԱԻՎ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

1. ՀՀ ԱԻՎ-ի պետի աշխատակազմ

2. Օպերատիվ կառավարման բաժին

3. Արտաքին կապերի բաժին

4. Տարերային աղետների բաժին

5. Տեխնոլոգիական աղետների բաժին

6. Հասարակական կապերի և լրատվության բաժին

7. Տեղեկատվական-վերլուծական բաժին

8. Ֆինանսատնտեսական բաժին

9. Կադրերի բաժին

10. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին

11. Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.06.1999, N 341 21.06.1999, N 389
17.05.1999, N 300 06.06.1999, N 389
26.02.1999, N 122 25.03.1999, N 389
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան