Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-202-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2010-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.02/60(726) Հոդ.1312
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.10.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.11.2009
Дата вступления в силу
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 29-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ապրանքախմբերի ծածկագրերին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ և 7.2-րդ հոդվածներով`

 

«Հոդված 7.1.

«Ակցիզային պահեստ» ռեժիմը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչև այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման և գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի վրա, որն ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների պահպանման, առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կազմակերպման համար նախատեսված տարածքները:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից մինչև գնորդին ապրանքի առաքումը, տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:

4. Որևէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում «ակցիզային պահեստ» ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից ապրանքները գնորդներին առաքելու, տրամադրելու կամ տեղափոխելու (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) պահը:

5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ կամ նրա բացակայության պայմաններում, եթե սույն մասով այլ բան նախատեսված չէ:

«Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել միայն հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ, եթե հարկ վճարողը հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողին չի ներկայացրել սույն օրենքի 7.2 հոդվածի 5-րդ մասով սահմանված աշխատանքային ռեժիմը:

6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված ապրանքների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը, առաքմանը, տրամադրմանը, տեղափոխմանը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կամ վաճառքի համար նախապատրաստմանը:

7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի և արտադրողի կամ ներմուծողի միջև համաձայնությամբ:

 

Հոդված 7.2.

Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը

 

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների, ինչպես նաև մինչև դրոշմավորումը ստացված ակցիզային դրոշմանիշերի քանակությունները և դրանց շարժը գրանցվում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի մատյաններում: «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և շարժի մատյանի (այսուհետ` մատյան) էջերը համարակալվում, կազմվում և կնքվում են հարկային մարմնի կողմից: Մատյանը հարկային մարմնի կողմից կնքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին մատյանների առկայությունը պարտադիր է ակցիզային պահեստի որևէ ձևով առանձնացված փակ տարածք հանդիսացող տեղամասերում (բացառությամբ այն տեղամասի, որտեղից իրականացվում է ապրանքների առաքումը): Մատյանի ձևը, դրանց լրացման և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների առաքման, տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ակցիզային պահեստից ապրանքների առաքումն իրականացվում է միայն հարկային հաշվի դուրսգրմամբ:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերով:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը տրամադրում է հարկային մարմինը, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը:

4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում հսկողություն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի նշանակած` «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը (այսուհետ` հարկային ծառայող), որն օգտվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքների այն մասից, որոնք չեն հակասում սույն օրենքի 7.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հսկողության, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված մատյանների վարման և փաստաթղթերի դուրսգրման նկատմամբ հսկողության իրականացմանը:

Սույն մասում նշված հարկային ծառայողը կարող է անարգել մուտք գործել ակցիզային պահեստի ցանկացած տեղամաս, ներկա գտնվել ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) համար նախապատրաստման և բացթողնման գործընթացներին:

5. Հարկ վճարողը պարտավոր է հարկային ծառայողին գրավոր տեղեկացնել իր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` դրանում ներառելով նաև տեղեկություններ ակցիզային պահեստից ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) նախապատրաստման, դրանց ժամանակի և վայրի (տեղամասի) մասին:

6. Ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված, տրամադրված կամ տեղափոխված (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), եթե առաքվել, տրամադրվել կամ տեղափոխվել է`

1) ոչ ակցիզային պահեստի տարածքից.

2) ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում, տրամադրում կամ տեղափոխում (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել:»:

 

Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«7) որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի «հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի» բառերը փոխարինել «առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

 

«4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 7.1 հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ նշանակված հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով` այդ ապրանքների առաքման, տրամադրման, կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) դեպքերում` ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման կամ ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:

Սույն մասում նշված պատասխանատվությունը կիրառվում է խախտման փաստն օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու դեպքում:»:

 

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
 Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 24

 Երևան

 ՀՕ-202-Ն