Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.06.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
25.06.2024
Дата вступления в силу
25.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29192/02/21
2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29192/02/21

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

Դատավորներ`

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. հակոբյան 

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Մոսէսքո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և երրորդ անձ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել առաջին չափաբաժնի մասով իր ներկայացրած հայտը մերժելու վերաբերյալ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության 1.1 կետով կայացրած որոշումը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.01.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.09.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.01.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ և 167-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Ընկերությունը հայտով ներկայացրել է Ընթացակարգի հրավերում նշված ստանդարտից տարբերվող ստանդարտով ապրանքի առաջարկ, սակայն չի ներկայացրել դրա համարժեքի ՏՊ կրկնօրինակը, ինչի հետևանքով գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը և ծանուցել Ընկերությանն անհամապատասխանությունների շտկման վերաբերյալ։ Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը, որի և Հավելված 11-ով՝ 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև առկա են եղել անհամապատասխանություններ: Հետևաբար ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու պարտավորությունը կհամարվեր կատարված, եթե դրանում արտացոլված ապրանքի հատկանիշները նույնական լինեին Ընկերության ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված հատկանիշներին, այնինչ դրանք տարբերվել են:

Դատարանն անտեսել է, որ ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու պահանջը սահմանված է եղել Ընթացակարգի հրավերում ներառված պայմանագրի նախագծի Հավելված 11-ով՝ տեխնիկական բնութագրով, և որ պայմանագրի նախագիծը հանդիսանում է հրավերի անբաժանելի մաս, ուստի Ընկերության կողմից ներկայացված գնման գործընթացին մասնակցության հայտը գնահատվում է Ընթացակարգի հրավերին ամբողջապես համապատասխանելու տեսանկյունից։ Հետևաբար, Ընկերության կողմից առաջարկվելիք ապրանքի համապատասխանությունը հրավերի պահանջներին պետք է գնահատվեր՝ հիմք ընդունելով նաև ապրանքի ՏՊ կրկնօրինակը, իսկ 27.05.2021 թվականի թիվ 27/0521-01 գրությունն Ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթուղթ չէ և չէր կարող Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից քննության առնվել:

Վերաքննիչ դատարանն առաջարկվող ապրանքի` հրավերի պահանջներին համապատասխանությունը որոշելու համար ՏՊ կրկնօրինակը դիտել է որպես պարտադիր փաստաթուղթ, սակայն առանց այդ փաստաթղթի բովանդակությունը հաշվի առնելու, արձանագրել է, որ ապրանքի հատկանիշների մասով Ընկերության առաջարկը նույնական է հրավերի պահանջներին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողը չի հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված փաստարկը, այն է` չի ներկայացրել արձանագրության հիմքում դրված փաստաթուղթը, որի հետազոտմամբ և գնահատմամբ միայն հնարավոր կլիներ հանգել վերջնական հետևության արձանագրության իրավաչափ լինելու վերաբերյալ, ինչն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ Դատարանի մյուս պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարել:

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ անուղղակի արձանագրելով, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը ճիշտ չի որոշել, ապացուցման բեռի բաշխումը ճիշտ չի իրականացրել, ինչի հետևանքով ինքը զրկվել է առարկությունները հիմնավորելու հնարավորությունից, մերժել է վերաքննիչ բողոքը, այնինչ պետք է կիրառեր վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նախարարությունը 08.04.2021 թվականին հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթ՝ ընթացակարգի ընտրված մասնակցին առաջարկելով կնքել շարժիչի յուղերի, հատուկ հեղուկների մատակարարման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 21).

2) Ընկերությունը ներկայացրել Է «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթին մասնակցելու հայտ (հատոր 1-ին, գ.թ. 74).

3) Ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրով (Հավելված թիվ 1) շարժիչի յուղերի համար սահմանվել են հետևյալ պարամետրերը՝ «USO 84035624-081-2012 Միջազգ.ստանդ. SAE-15W40 API-SL/CI-4 կամ համարժեք (...)»: Տեխնիկական բնութագրով սահմանվել է նաև, որ եթե մրցույթի ժամանակ ներկայացվում է հրավերում նշված ստանդարտից (ԳՈՍՏ, ՏՊ, ՕՍՏ, ՍՏՕ և այլն) տարբերվող ստանդարտով ապրանք, ապա պետք է ներկայացվի նաև նշված ստանդարտի կրկնօրինակը (հատոր 1-ին, գ.թ. 22).

4) «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի շրջանակում Ընկերությունը ներկայացրել է իր կողմից առաջարկվող ապրանքի առաջին չափաբաժնի (շարժիչի յուղեր) մասով հետևյալ ամբողջական նկարագիրը (տեխնիկական բնութագիրը, Հավելված թիվ 1.1)՝ «անվանումը՝ շարժիչի յուղեր /15W40/, տեխնիկական բնութագիրը՝ ՏՊ 19.20.29-001-13488701-2018 Միջազգ.ստանդ. SAE-15W40 API-SL/CI-4՝ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 23).

5) «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 27.05.2021 թվականի նիստի թիվ 3 արձանագրության 3.3 կետով արձանագրվել է, որ Ընկերության կողմից հայտով ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ Ընկերության կողմից հայտով ներկայացված Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացվել է հրավերում նշված ստանդարտից տարբերվող ստանդարտով ապրանք (ՏՊ), սակայն չի ներկայացվել նշված ստանդարտի (ՏՊ) կրկնօրինակը: Հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 41-րդ կետը՝ Ընկերությանը տրամադրվել է մեկ աշխատանքային օր անհամապատասխանությունը շտկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6) «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության համաձայն՝ Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը: Ընկերության կողմից ներկայացված ՏՊ կրկնօրինակի և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև կան անհամապատասխանություններ: Հավելված 1.1-ով ներկայացվել է՝ «կինեմատիկ մածուցիկությունը 100C դեպքում՝ 15.3-16,3մմ²/վ, սուլֆատային մոխրայնություն ոչ ավել՝ 1,5%», սակայն ՏՊ կրկնօրինակով ներկայացվել է՝ «կինեմատիկ մածուցիկությունը 100C դեպքում՝ 14.5-16,0մմ²/վ, սուլֆատային մոխրայնություն ոչ ավել՝ 1,8%», բացի այդ, ՏՊ կրկնօրինակով չի ներկայացվել «խտությունը ոչ ավել՝ 910կգ/մ³» դրույթը:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի (հետայսու նաև՝ Կարգ) 42-րդ կետը, առաջին չափաբաժնի մասով մերժել է Ընկերության հայտը (հատոր 1-ին, գ.թ. 26, 27).

7) Ընկերությունը, ի հիմնավորումն հայցի փաստական հիմքի այն մասին, որ արտադրող ընկերությունը պարտավորվել է արտադրել ապրանքն այն տեխնիկական պարամետրերով, որոնք նախատեսված են Ընթացակարգի հրավերով, Դատարան է ներկայացրել օտարալեզու գրավոր փաստաթուղթ (հատոր 1-ին, գ.թ. 3-8, 29).

8) Դատարանը 06.09.2022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով Ընկերության կողմից ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝ 1) այն, որ հայցվորի կողմից վիճարկվող գործողությունները նախ իրենց կողմից եղել են իրավաչափ, այսինքն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան են կատարվել, 2) այն փաստերը, որոնց հետևանքը պատասխանողի կողմից ընդունված որոշման անվավերությունն է: Նախարարության համար ապացուցման պարտականություն չի սահմանվել (հատոր 1-ին, գ.թ. 106).

9) Գործում բացակայում է ՏՊ 19.20.29-001-13488701-2018 կրկնօրինակը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ, 74-րդ ու 167-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ապացույցների թույլատրելիության իրավական խնդրին և ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին, այդ համատեքստում օտարալեզու գրավոր ապացույցն օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ չներկայացնելու իրավաբանական հետևանքներին՝ վերահաստատելով նշված հարցերի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, օրինակ, Արամ Միրզոյանը և Աշոտ Պողոսյանն ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ու «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/28636/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):

Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Տիգրան Վարդանյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ԵԴ/36396/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը):

Անդրադառնալով ապացույցների թույլատրելիությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերահաստատել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի դատավարական և նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով.

3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի, Արթուր Դանիելյանի և Հայկ Նազարյանն ընդդեմ Ամրբեկ Չոգունյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Նյութաիրավական օրենսդրության նորմերի առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

«Գնումների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել են նաև հիմնական հասկացությունները, այդ թվում՝

4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

16) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

17) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը:

Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի գնման առարկայի բնութագրերը:

Նույն հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած` 3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է. 4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: (...):

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները:

Կառավարության՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 04.05.2017 թվականի թիվ 526 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգ):

Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է՝ ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր)։

Կարգի 40-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված գնման գինը։ Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.

Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին։

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ` այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նաև կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնման գործընթացին մասնակցող անձանց կողմից իրականացվող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն է:

Գնման գործընթացի վերջնանպատակը գնում կատարելու համար գործարք կնքելն է: Ընդ որում, պայմանագիրը կնքվում է այն մասնակցի հետ, ում հայտը, այսինքն՝ առաջարկը, համապատասխանում է պատվիրատուի հրավերին, այսինքն՝ առաջարկվող պայմաններին: Առաջարկվող պայմաններն ի թիվ այլնի վերաբերում են նաև գնվող ապրանքին (գնման առարկա), ինչպես նաև դրա հատկանիշներին (գնման առարկայի բնութագիր), որը ներառում է նաև ապրանքի տեխնիկական տվյալները (ստանդարտ): Հետևաբար մասնակիցը հայտով պետք է ներկայացնի նաև ապրանքի տեխնիկական բնութագրերը:

Արդյունքում՝ մասնակցի հայտը պետք է համապատասխանի հրավերով սահմանված պահանջներին: Հայտի՝ հրավերով սահմանված պայմաններին համապատասխանության հարցը քննարկում և գնահատում է գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում:

Գործադիրը, սահմանելով գնումների գործընթացի կազմակերպման կարգը, դրա շրջանակներում կարգավորել է նաև գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման և գնահատման գործընթացը։ Մասնավորապես, եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում է մասնակցի հայտի անհամապատասխանություն հրավերի պահանջներին, ապա գնահատող հանձնաժողովին վերապահված է նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու և անհամապատասխանությունը շտկելու վերաբերյալ մասնակցին ծանուցելու հնարավորություն (բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայում է հայտի ապահովումը կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան):

Այլ կերպ ասած՝ գնահատման հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, իսկ գնային առաջարկից և (կամ) հայտի ապահովումից բացի այլ անհամապատասխանությունների արձանագրման դեպքում մասնակիցներին տրվում են դրանք շտկելու հնարավորություն և ժամկետ: Միաժամանակ սահմանված ժամկետում խախտումը չշտկելու կամ թերի շտկելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։

Հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու ինքնուրույն հետևանք, ինչը կարող է դիտվել որպես անհամապատասխանության չվերացում։ Այսինքն՝ արձանագրված անհամապատասխանությունները վերացված չլինելու մասին կարող է վկայել ինչպես այն իրավիճակը, երբ մասնակիցը սահմանված ժամկետում դրսևորում է անգործություն (չի ներկայացնում նոր կամ շտկված որևէ փաստաթուղթ), այնպես էլ այն իրավիճակը, երբ թեև ձևական առումով դրսևորվում է համապատասխան վարքագիծ (օրինակ՝ ներկայացվում է պահանջվող փաստաթուղթը), սակայն, օրինակ, բովանդակային անհամապատասխանությամբ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին։

 

Դատավարական օրենսդրության նորմերը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավարության լեզվի առումով ապացույցի թույլատրելիության հարցին` արձանագրելով, որ վերաքննիչ դատարանը, ընդունելով, գնահատման արժանացնելով և ապա դատական ակտի բեկանման հիմքում դնելով ռուսերենով ներկայացված տեղեկանքը, շրջանցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը` այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը (տե՛ս Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին թիվ ԵՄԴ/0006/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 54-րդ և 55.1-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ գրավոր ապացույցները քաղաքացիական դատավարությունում մեծ ապացուցողական նշանակություն ունեցող և տարածված ապացուցման միջոցներ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածում ամրագրված ձևակերպումից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ: Ընդ որում, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի այն տեղեկությունը (միտքը), որը տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների միջոցով արտացոլված է որոշակի նյութական կրիչի վրա և ընկալվում է դրա բովանդակության (տեքստի) ընթերցման միջոցով: Օրենսդիրն ուղղակիորեն չի կարգավորում օտար լեզվով կազմված փաստաթղթերը և դրանց թարգմանությունները դատարան ներկայացնելու կարգն ու չթարգմանված ապացույցները դատարան ներկայացնելու դատավարական հետևանքները՝ սահմանափակվելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 55.1-րդ հոդվածի այն իրավակարգավորմամբ, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը: Հիմք ընդունելով 06.12.2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 12-րդ հոդվածով ամրագրված այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված դատավարության լեզվի սկզբունքը, ինչպես նաև քննարկվող հարցի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակիցների կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը (տե՛ս ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տե՛ս «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև, թույլատրելիության և վերաբերելիության կանոններից ելնելով, կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ և ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, միևնույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարևորագույն խնդիրներից մեկը: Հետևաբար նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս դատարանը պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի և առարկությունների փաստական և իրավական հիմքերի, վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը պարզելը՝ չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու, ինչպես նաև ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցերը քննարկելու և լուծելու դատավարական գործողությունները կատարելուց հետո միայն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու իրավակարգավորման նպատակն այն է, որ ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նաև այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին և վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը:

Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետևանքը ևս վերջինիս վրա դրվել չի կարող (տե՛ս «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Ամփոփելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ, ըստ օրենսդրության, գործի հանգամանքները պարզելու համար պետք է օգտագործվեն միայն որոշակի ապացույցներ, այլ ապացույցների օգտագործումն անթույլատրելի է։ Թույլատրելի ապացույցի բացակայության դեպքում դրա բացասական հետևանքները կրում է տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։ Միաժամանակ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու դեպքում դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած՝ կողմի համար անբարենպաստ հետևանքներ կարող են ծագել միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և դրա վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու դեպքում:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել առաջին չափաբաժնի մասով իր ներկայացրած հայտը մերժելու վերաբերյալ գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության 1.1 կետով կայացրած որոշումը։

Ներկայացված գրավոր դիրքորոշումներով Ընկերությունը հայտնել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է անհամապատասխանություն իր կողմից ներկայացված Հավելված 1.1-ի և ՏՊ կրկնօրինակում առկա տեխնիկական պարամետրերի միջև: Նշվածի վերաբերյալ Ընկերությունը հայտնել է, որ արտադրող ընկերությունն իր պատվերով պարտավորվել է ապրանքն արտադրել այն տեխնիկական պարամետրերով, որոնք նախատեսված են Ընթացակարգի հրավերով: Հայտնել է նաև, որ նախ ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը, իսկ այնուհետև տրամադրվել է արտադրող ընկերության կողմից տրամադրված ТУ19.20.29-001-13488701-2018: Ի տարբերություն ГОСТ-ի՝ TY (ՏՊ)-ն մշակվում է հենց արտադրող ընկերության կողմից և սահմանում է արտադրանքի տեխնիկական պարամետրերը, որոնք պատվիրատուի ցանկությամբ կարող են նաև փոփոխվել ու համապատասխանեցվել վերջինիս պատվերին: Նշվածն ապացուցվում է նաև արտադրող ընկերության 27.05.2021 թվականի թիվ 27/0521-01 գրությամբ (ներկայացվել է գնահատող հանձնաժողովին): Արդյունքում ՏՊ մշակած արտադրող ընկերությունը պարտավորվել էր ապրանքն արտադրել այն տեխնիկական պարամետրերով, որոնք նախատեսված էին Ընթացակարգի հրավերով:

Նախարարությունը հայտնել է, որ Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը, որի և Հավելված 1.1-ով առաջին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև առկա են եղել անհամապատասխանություններ, այսինքն՝ Ընկերության ներկայացրած փաստաթուղթը ստանդարտի ՏՊ կրկնօրինակը չի եղել, ինչը հանգեցրել է հայտի մերժման: Անդրադառնալով արտադրող ընկերության 27.05.2021 թվականի թիվ 27/0521-01 գրությանը՝ Նախարարությունը հայտնել է, որ երրորդ անձանց հետ Ընկերության ունեցած պայմանագրային պարտավորությունները դուրս են գնման գործընթացի կարգավորման շրջանակից: Բացի այդ, Ընթացակարգի հրավերով նախատեսված դրույթը՝ ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու վերաբերյալ, ինքնանպատակ չէ, քանի որ հայտերի գնահատումն իրականացվում է նաև նշված փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում:

Դատարանը, նշելով, որ «ուսումնասիրելով ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագիրը և «Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ապրանքի տեխնիկական բնութագիրը», արձանագրել է, որ ««Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացվել է այնպիսի ապրանք, որի տեխնիկական բնութագիրը, տեխնիկական պարամետրերը ամբողջությամբ համապատասխանում են «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի պահանջներին և հայտի նշված հավելվածով ՍՊԸ-ն պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի 1-ին չափաբաժնով նախատեսված ապրանքի բոլոր տեխնիկական պարամետրերին համապատասխանող ապրանք»:

Անդրադառնալով շտկման փուլում Ընկերության ներկայացրած ՏՊ կրկնօրինակին՝ Դատարանը, արձանագրելով, որ

- «ըստ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի 4.3-րդ կետի՝ ՏՊ կրկնօրինակը չի սահմանվել որպես մասնակցի հայտի բաղկացուցիչ մաս: Որպես մասնակցի հայտի բաղկացուցիչ մաս ՏՊ կրկնօրինակը չի դիտարկվել նաև «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի 2-րդ մասով՝ «Հայտը պատրաստելու հրահանգով»: Հրավերի վերոշարադրված մասերով հստակ սահմանված են, թե մասնակիցը հայտով ինչպիսի փաստաթղթեր է ներկայացնում, և ՏՊ կրկնօրինակը ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում մատնանշված չէ, և համապատասխանաբար չի կարող դիտարկվել որպես հայտի բաղկացուցիչ մաս»,

- «մրցույթի գնահատող հանձնաժողովը իրավասու էր գնահատել բացառապես «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի 4.3-րդ կետով և հրավերի 2-րդ մասով՝ «Հայտը պատրաստելու հրահանգով» նախատեսված հայտի փաստաթղթերը, որոնց շարքում ՏՊ կրկնօրինակը որպես հայտի փաստաթուղթ նախատեսված չէ: Դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ «Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով առաջարկվել է բաց մրցույթի հրավերի 1-ին չափաբաժնով նախատեսված ապրանքի բոլոր տեխնիկական պարամետրերին համապատասխանող ապրանք, ապա «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովը գործել է ոչ իրավաչափ՝ մերժելով «Մոսէսքո» ՍՊԸ-ի հայտը, հաշվի առնելով բացառապես վերջինիս կողմից ներկայացված՝ ՏՊ կրկնօրինակի բովանդակությունը», եզրահանգել է, որ «գնահատող հանձնաժողովը, մերժելով «Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ բաց մրցույթի 1-ին չափաբաժնի մասով, խախտել է թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և թե ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 մայիսի 2019 թվականի N 516-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 41-րդ կետի պահանջները»:

Դատարանը հիմնավոր է գնահատել նաև Ընկերության այն պնդումը, որ «ի տարբերություն ГОСТ-ի՝ ТУ (ՏՊ) մշակվում է հենց արտարդրող ընկերության կողմից և սահմանում արտադրանքի տեխնիկական պարամետրերը, որոնք պատվիրատուի ցանկությամբ կարող են նաև փոփոխվել և համապատասխանեցվել վերջինիս պատվերին: Վերոհիշյալը Հայցվորի կողմից հիմնավորվել է նաև OOO СоюзАвиаХим ընկերության 27.05.2021թ.-ի թիվ 27/0521-01 գրությամբ («Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է OOO СоюзАвиаХим ընկերության կողմից տրամադրված ՏՊ՝ ТУ 19.20.29-001-13488701-2018), որով OOO СоюзАвиаХим ընկերությունը հավաստել է, որ ՏՊ 19.20.29-001-13488701-2018 հիման վրա արտադրվելու է «Շարժիչի յուղ /15W40/», որը համապատասխանելու է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար շարժիչի յուղերի, հատուկ հեղուկների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավերի պահանջներին»:

Վերոգրյալ պատճառաբանություններով, ինչպես նաև այն հիմնավորմամբ, որ «գնահատող հանձնաժողովի կողմից խախտվել են հայտերի բացման և գնահատման նիստերի արձանագրությունները www.gnumner.am համացանցային կայքում հրապարակելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի և 34-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջները, բացի այդ, հայտերի բացման նիստի արձանագրությունը 2021թ. մայիսի 24-ի փոխարեն, հրավիրվել է 2021թ. մայիսի 27-ին, ինչը հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին», Դատարանը վճռել է հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության 1.1 կետով կայացրած որոշումը:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ

- «Մասնակիցը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը, որը գնահատող հանձնաժողովի կողմից իրավամբ բովանդակային գնահատման է արժանացել: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը այս առումով չի կիսում ինչպես Դատարանի, այնպես էլ հայցվորի դիրքորոշումն առ այն, որ ՏՊ կրկնօրինակը չի հանդիսացել հայտի բաղկացուցիչ մաս, ուստի դրա՝ բովանդակությունը չէր կարող գնահատվել հրավերում առաջադրվող տեխնիկական բնութագրի հետ համապատասխանության մասով»,

- «հայցվորի կողմից առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը նույնական է Ընթացակարգի հրավերի պահանջներին: Թերևս, միակ տարբերությունը կայանում է ապրանքի միջազգային ստանդարտի մեջ, տվյալ դեպքում Ընթացակարգով առաջադրվել է USO 84035624-081-2012 պայման, հրավերով՝ ՏՊ 19.20.29-001-13488701-2018, ինչով էլ պայմանավորված մասնակցին տրամադրվել է համապատասխան ժամկետ ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու համար, որն էլ հենց ներկայացվել է մասնակցի կողմից, այսպես, վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 10-րդ փաստից հետևում է, որ OOO СоюзАвиаХим ընկերությունը 27.05.2021թ. թիվ 27/0521-01 գրությամբ հավաստել է, որ ՏՊ 19.20.29-001-13488701-2018 հիման վրա արտադրվելու է «Շարժիչի յուղ /15W40/», որը համապատասխանելու է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար շարժիչի յուղերի, հատուկ հեղուկների ձեռքբերման նպատակով հայտարարված «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի հրավերի պահանջներին: Մասնավորապես՝ կինեմատիկ մածուցիկությունը 100°C դեպքում՝ 15.3-16,3մմ/վ, սուլֆատային մոխրայնություն ոչ ավել՝ 1,5%, խտությունը ոչ ավել՝ 910կգ/մ3: Պատասխանողն էլ առարկելով հայցի դեմ և նշելով, որ Հանձնաժողովը գործել է իրավաչափ, քանի որ «Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՏՊ-ի կրկնօրինակի և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև առկա է եղել անհամապատասխանություններ (...), այդուհանդերձ չի հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված փաստարկը (չի ներկայացրել արձանագրության հիմքում դրված փաստաթուղթը, որի հետազոտմամբ և գնահատմամբ միայն հնարավոր կլիներ հանգել վերջնական հետևության արձանագրության իրավաչափ լինելու վերաբերյալ)», եզրահանգել է, որ

«Դատարանը, թեև թերի պատճառաբանությամբ, այդուհանդերձ իրավաչափ հետևությամբ եզրահանգել է, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովը, մերժելով հայտը՝ բաց մրցույթի 1-ին չափաբաժնի մասով, խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 մայիսի 2019 թվականի N 516-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 41-րդ կետի պահանջները», «նշված խախտումն արդեն իսկ բավարար էր վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար, ուստի հայցի փաստական հիմքում դրված մյուս հիմքը՝ հայտերի բացման և գնահատման նիստերի արձանագրությունները www.gnumner.am համացանցային կայքում հրապարակելու պահանջները խախտված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող գործի ելքի վրա, ուստի Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում այդ մասով բողոքաբերի փաստարկներին»:

Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ՝

- ստորադաս դատարանները հաստատված են համարել Ընկերության կողմից ՏՊ կրկնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացված լինելու փաստը,

- ստորադաս դատարաններն արձանագրել են, որ գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է որպես ՏՊ կրկնօրինակ ներկայացված փաստաթղթի բովանդակությունը,

- Դատարանն արձանագրել է, որ Ընկերությունը հայտով ներկայացրել է Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրի հետ նույնական տեխնիկական բնութագրով ապրանքի առաջարկ՝ միաժամանակ նշելով, որ ՏՊ կրկնօրինակը չի սահմանվել որպես մասնակցի հայտի բաղկացուցիչ մաս,

- Դատարանն արտադրող ընկերության օտարալեզու գրավոր փաստաթուղթը դիտել է որպես Ընկերության կողմից ներկայացված ՏՊ՝ ТУ 19.20.29-001-13488701-2018, որով արտադրող ընկերությունը հավաստել է, որ ՏՊ 19.20.29-001-13488701-2018 հիման վրա արտադրվելու է «Շարժիչի յուղ /15W40/», որը համապատասխանելու է մրցույթի հրավերի պահանջներին,

- Վերաքննիչ դատարանը նույնպես արձանագրել է, որ Ընկերության կողմից առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը նույնական է հրավերի պահանջներին, և միակ տարբերությունն ապրանքի միջազգային ստանդարտն է, այն է՝ ընթացակարգով առաջադրվել է USO 84035624-081-2012 պայման, հրավերով՝ ՏՊ 19.20.29-001-13488701-2018,

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Նախարարությունը, վկայակոչելով Ընկերության կողմից ներկայացված ՏՊ կրկնօրինակի և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև անհամապատասխանության փաստը, չի ներկայացրել այն հիմնավորող և արձանագրության հիմքում դրված փաստաթուղթը,

- Վերաքննիչ դատարանն օտարալեզու գրավոր փաստաթուղթը գնահատել է որպես ՏՊ կրկնօրինակ, որով հավաստվել է ՏՊ կրկնօրինակի և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի համապատասխանությունը, իսկ ՏՊ կրկնօրինակի և Ընկերության հայտով (Հավելված 1.1) նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրի միջև արձանագրված անհամապատասխանությունը՝ չապացուցված՝ դրա բացասական հետևանքները թողնելով Նախարարության վրա:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Պատվիրատուի կողմից սահմանված գնման առարկայի տեխնիկական բնութագրով նախատեսվել է գնման առարկայի, տվյալ դեպքում՝ շարժիչի յուղի (առաջին չափաբաժին) միջազգային ստանդարտ, և մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու նաև դրա համարժեքը: Միաժամանակ հրավերի մաս կազմող գնման առարկայի տեխնիկական բնութագրով ուղղակիորեն ամրագրվել է, որ ստանդարտի փոխարեն համարժեքը ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի ապրանքի տեխնիկական պայմանների կրկնօրինակը: Ուստի այն դեպքում, երբ գնման գործընթացի շրջանակներում մասնակցից պահանջվում է հրավերով նախատեսված փաստաթուղթը (համապատասխան բովանդակությամբ, տվյալ դեպքում՝ ՏՊ կրկնօրինակը), ապա այն պետք է ներկայացվի, և դրա բովանդակությունը պետք է համապատասխանի հայտի պահանջներին:

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ և 4-րդ փաստերի համադրումից հետևում է, որ հրավերի տեխնիկական բնութագրով (Հավելված 1) շարժիչի յուղերի համար սահմանվել է USO 84035624-081-2012 ստանդարտը, մինչդեռ Ընկերության հայտով (Հավելված 11) ներկայացվել է ՏՊ 19.20.29-001-13488701-2018 ստանդարտը: Տարբերվող ստանդարտ ներկայացնելու պայմաններում Ընկերությունը պարտավոր էր Հանձնաժողովին ներկայացնել նաև ՏՊ 19.20.29-001-13488701-2018 ստանդարտի կրկնօրինակը: Միևնույն ժամանակ Հավելված 11-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրով սահմանված պարամետրերը պետք է նույնական լինեին ՏՊ 19.20.29-001-13488701-2018 ստանդարտի կրկնօրինակով սահմանված ապրանքի պարամետրերին:

Միաժամանակ ՏՊ կրկնօրինակի և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև համապատասխանության հարցը պարզելու համար այն՝ որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, պետք է ներառվեր ապացուցման առարկայի մեջ, և որոշակիացվեր այդպիսի փաստն ապացուցելու պարտականություն կրող կողմը՝ նկատի ունենալով, որ ՏՊ կրկնօրինակի և հայտով ներկայացված պարամետրերի միջև համապատասխանությունը կարող էր հաստատվել բացառապես համապատասխան բովանդակություն ունեցող փաստաթղթով, տվյալ դեպքում՝ ՏՊ կրկնօրինակով:

Դատարանը 06.09.2022 թվականի որոշմամբ որպես Ընկերության կողմից ապացուցման ենթակա փաստեր սահմանել է հետևյալը՝

1) այն, որ հայցվորի կողմից վիճարկվող գործողությունները նախ իրենց կողմից եղել են իրավաչափ, այսինքն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան են կատարվել,

2) այն փաստերը, որոնց հետևանքը պատասխանողի կողմից ընդունված որոշման անվավերությունն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից իրականացված ապացուցման բեռի բաշխումից հնարավոր չէ հետևություն անել գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի մասին, առավել ևս՝ որոշել անհրաժեշտ ապացույցը՝ ՏՊ կրկնօրինակը, նեկայացնելու պարտականություն ունեցող կողմին և վերջինիս վրա դնել ապացույց չներկայացնելու բացասական հետևանքները:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ օտարալեզու գրավոր փաստաթուղթը հանդիսացել է ՏՊ կրկնօրինակ, որի բովանդակությունը համապատասխանել է հրավերով և հայտով ներկայացված պահանջներին (գնման առարկայի բնութագիր), եզրահանգել է, որ անհամապատասխանությունների առկայության և այդ հիմքով Ընկերության հայտը մերժելու վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումը եղել է ոչ իրավաչափ, քանի որ Նախարարությունը չի ներկայացրել անհամապատասխանությունները բովանդակող և որոշման հիմքում վկայակոչված փաստաթուղթը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող ՏՊ կրկնօրինակը չներկայացնելու, ինչպես նաև դրա և Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջև անհամապատասխանության ապացուցման պարտականությունը չկատարելու բացասական հետևանքը դնել Նախարարության վրա, քանի որ սույն գործի քննության ընթացքում նշված հանգամանքը չի ներառվել ապացուցման շրջանակում և այդ մասով ապացուցման բեռի բաշխում չի իրականացվել:

Բացի այդ, ստորադաս դատարանները, անտեսելով դատավարական արգելքը, իրենց եզրահանգումները կառուցելիս հիմք են ընդունել գործում առկա օտարալեզու փաստաթուղթը: Ստորադաս դատարանների կողմից գործում առկա օտարալեզու փաստաթուղթը մի դեպքում (վճռում) գնահատվել է որպես Ընկերության կողմից ներկայացված ՏՊ՝ ТУ 19.20.29-001-13488701-2018, մյուս դեպքում՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ որպես ՏՊ կրկնօրինակ, որի բովանդակությունը համապատասխանում է հրավերով և հայտով սահմանված պահանջներին՝ առանց պարզելու ու բացահայտելու գնման գործընթացում օտարալեզու փաստաթղթի իրավական նշանակությունը (մասնավորապես այն համատեքստում, թե, արդյո՞ք, ի հիմնավորումն ստանդարտի կրկնօրինակի կարող են ներկայացվել այլ ապացույցներ):

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ, ի հավաստումն բովանդակության համապատասխանության, օտար լեզվով կազմված փաստաթուղթ ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի հայերեն պատշաճ թարգմանությունը: Հակառակ դեպքում դատարանը համապատասխան ապացույցը պետք է հանի հետազոտման ենթակա ապացույցների շարքից1, ինչը սույն գործով չի իրականացվել՝ այդպիսով խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարության լեզվի սկզբունքը:

 

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ Դատարանի, ո՛չ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հնարավոր չէ հետևություն անել այն մասին, թե ի վերջո ինչ փաստական տվյալներ է բովանդակել, ինչ նպատակով և ինչ կարգավիճակով է ներկայացվել ու ինչ փաստական տվյալի գնահատման նպատակով է հետազոտվել Ընկերության կողմից Դատարան ներկայացված օտարալեզու գրավոր փաստաթուղթը: Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշված չլինելու, համապատասխանաբար ապացուցման պարտականության պատշաճ բաշխում իրականացված չլինելու և թույլատրելի ապացույցների բացակայության պայմաններում ստորադաս դատարանները ՏՊ կրկնօրինակի, դրա դերի ու նշանակության, բովանդակության, ինչպես նաև այն առհասարակ ներկայացված և օտարալեզու փաստաթղթի հետ նույնական լինելու վերաբերյալ հանգել են իրարամերժ, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և դրանք հիմնավորող ապացույցների վերաբերյալ հակասական եզրահանգումների, մինչդեռ վերաքննության արդյունքում Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Նման պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն: Միաժամանակ գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով սույն որոշման իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է պարզի գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, դրան համապատասխան բաշխի ապացուցման պարտականությունը (որոշելով նաև թույլատրելի միակ ապացույցը ներկայացնելու պարտականություն կրող կողմին), քննարկի և լուծի ապացույցների թույլատրելիության ու վերաբերելիության հարցերը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08.09.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 08.09.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________________

1 Ի տարբերություն նախկին կարգավորումների, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասն ուղղակիորեն ամրագրել է օտարալեզու փաստաթղթի հայերեն պատշաճ թարգմանությունը չներկայացնելու դատավարական հետևանքը։

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան