ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԿԴ1/0059/01/16 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Լ. Թ ադևոսյանիՍ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
14 հունիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր
ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հայրապետ Գագիկի Սեփոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ պաշտպաններ Ա․Ղազարյանի, Կ․Տոնոյանի և Լ․Սահակյանի վճռաբեկ բողոքները,Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49117215 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Հայրապետ Սեփոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Հ.Սեփոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2016 թվականի օգոստոսի 19-ին Հ.Սեփոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որին շնորհվել է 49108816 համարը:
2016 թվականի սեպտեմբերի 7-ին թիվ 49117215 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի փետրվարի 16-ի դատավճռով Հ.Սեփոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակել ցմահ ազատազրկում:
Առաջին ատյանի դատարանի՝ նույն օրվա որոշմամբ, Հ․Սեփոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
3. Ամբաստանյալ Հ․Սեփոյանի և պաշտպան Գ.Սաղոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 30-ի որոշմամբ ներկայացված բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 16-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ա․Ղազարյանը, Կ․Տոնոյանը և Լ․Սահակյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ վարույթ են ընդունվել1:
Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
I. Պաշտպաններ Ա․Ղազարյանի և Կ․Տոնոյանի բողոքի փաստարկները.
5. Բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոքի հեղինակները նշել են, որ գործի դատական քննության փուլում ստորադաս դատարաններն ամբաստանյալին զրկել են արդար դատական քննության իրավունքից, քանի որ անհամաչափորեն սահմանափակվել է մեղադրանքի հիմքում ընկած առանցքային ապացույցը՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, մրցակցային դատավարության կարգով վիճարկելու մեղադրյալի դատավարական իրավունքը։
Մասնավորապես, բողոք բերած անձինք փաստարկել են, որ պաշտպանական կողմի համար մեծ անհրաժեշտություն ու առանցքային նշանակություն ունեցող կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված էր դատաքննության փուլում փոփոխված պաշտպանական ռազմավարությամբ։ Վերոնշյալի արդյունքում, ըստ բողոքաբերների, խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, պաշտպանական կողմը հայտնվել է էապես անբարենպաստ վիճակում՝ իր դատավարական հակառակորդի՝ հանրային մեղադրողի համեմատ: Բողոքաբերները փաստարկել են, որ եթե անգամ առկա է չնչին հավանականություն, որ Հ.Սեփոյանը կարող էր գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա դատարանները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար, մինչդեռ սույն դեպքում նշանակվել է ցմահ ազատազրկում՝ այն պայմաններում, երբ կասկած է մնացել Հ.Սեփոյանի՝ արարքը կատարելու պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու վերաբերյալ։
5.1. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Առաջին ատյանի դատարանը հաստատել է Վարդան Գալստյանի վարքագծի հակաօրինականությունը, սակայն գտել է, որ այն Հ.Սեփոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկվել չի կարող։ Միևնույն ժամանակ ընդգծել են, որ դատարանները գործում առկա ապացույցները սխալ են գնահատել նաև Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի կողմից հակաօրինական վարքագիծ դրսևորելու մասով։
5.2. Անդրադառնալով մեղայականով ներկայանալը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք չդիտարկելու վերաբերյալ դատարանների դիրքորոշմանը՝ բողոքաբերները փաստարկել են, որ ոստիկանների կողմից փնտրվելու վերաբերյալ Հ.Սեփոյանի տեղյակ լինելու մասով ակնհայտորեն խեղաթյուրվել են վկաներ Մխիթար Հարությունյանի և Դավիթ Քոչարյանի ցուցմունքները, իսկ Հ.Սեփոյանի ինքնակամ ներկայանալը համապատասխանում է Վճռաբեկ դատարանի՝ Էդվարդ Ադամյանի գործով արտահայտած՝ մեղայականով ներկայանալը՝ որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելու վերաբերյալ իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներին։
5.3. Միևնույն ժամանակ, բողոք բերած անձինք նշել են, որ Հ.Սեփոյանը նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրվել և նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու համար, մինչդեռ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 155-րդ հոդվածում սահմանված չէ երկու կամ ավելի անձանց սպանությունը որպես որակյալ հատկանիշ, ինչից բխում է, որ Հ.Սեփոյանին մեղսագրված արարքը ներկայում համապատասխանում է նույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին, որը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։
Այլ կերպ՝ ընդունվել է պատիժը մասնակի մեղմացնող օրենք, այն է՝ մասնակի վերացվել է Հ.Սեփոյանի արարքի հանցավորությունը, քանի որ երկու կամ ավելի անձանց սպանությունն այլևս չի համարվում հանցագործության որակյալ հատկանիշ, հետևաբար, այն ունի հետադարձ ուժ։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ Հ․Սեփոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում և նշանակել պատիժ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում, կամ Հ․Սեփոյանի նկատմամբ նշանակել որոշակի ժամկետով ազատազրկում։
II. Պաշտպան Լ․Սահակյանի բողոքի փաստարկները.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ վիճարկվող դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Բողոքաբերը փաստարկել է, որ նոր քրեական օրենսգրքով Հ․Սեփոյանին մեղսագրված արարքների համար որպես պատիժ սահմանված չէ ցմահ ազատազրկումը, ուստի սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում, Հ․Սեփոյանի նկատմամբ որպես պատիժ չի կարող նշանակվել ցմահ ազատազրկում։
Միաժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասը պահանջում է պատշաճ գնահատման ենթարկել հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, որպիսի կարգավորումը, սակայն, ստորադաս դատարանները չէին կարող կիրառել, քանի որ այն չէր գործել դատական ակտ կայացնելու պահին: Այլ կերպ՝ Հ.Սեփոյանը չի ունեցել իրավական հնարավորություն հավասարության և մրցակցության հիման վրա արդյունավետ պաշտպանվել նաև այն առումով, որպեսզի հիմնավորի դատարանին, որ հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանն այնպիսին են, որ հիմք չեն տալիս դատարանին կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասը:
Միաժամանակ, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ դրույթը խստացնող և անձի վիճակը վատթարացնող կարգավորում է, հետևաբար հետադարձ ուժ չի կարող ունենալ և կիրառվել Հ.Սեփոյանի նկատմամբ:
7.1. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ հանցանք կատարելը համարվում է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ անկախ հանցանքի ծանրության աստիճանից, ուստի այն ունի հետադարձ ուժ, քանի որ դատական ակտը կայացնելու պահին պատիժն ու պատասխանատվությունն անհատականացնելիս՝ դատարանների կողմից հաշվի չի առնվել այն փաստը, որ հանցանքը կատարվել է առաջին անգամ՝ հանգամանքների պատահական զուգորդմամբ:
7.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը որոշելիս բավարար ուշադրության չեն արժանացրել արարքի շարժառիթը, հանցագործության եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը։
Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Հ․Սեփոյանի վարքագիծը պայմանավորված է եղել բացառապես տուժողների կողմից իր հորը ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքով և նույնիսկ, եթե տուժողներից ոմանք չեն ծեծել ամբաստանյալի հորը, ապա այդ հանգամանքը որևէ կերպ չի փոխում արարքի շարժառիթը, քանի որ Հ․Սեփոյանը, ելնելով իր լարված հոգեվիճակից, ունեցել է համոզմունք, որ բոլոր տուժողները ծեծել են իր հորը։ Այլ կերպ՝ տուժողները Հ․Սեփոյանի հոր՝ Գագիկ Սեփոյանի նկատմամբ դրսևորել են հակաօրինական և հակաբարոյական վարքագիծ, ինչն էապես ազդել է արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա։
Բացի այդ, գործով վկաներ Էդգար Խաչատրյանի և Խորեն Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն՝ արձակված կրակոցները տևել են առավելագույնը 20 վայրկյան, և Հ.Սեփոյանը չի շարունակել կրակել ու լքել է դեպքի վայրն այն ժամանակ, երբ տուժողները դեռևս չէին մահացել և դեռևս անհայտ էր՝ նրանք կմահանան, թե ոչ։ Վերոնշյալը հաստատվում է նաև շտապօգնության աշխատակիցների, վկա Սերյոժա Սողոմոնյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով։
7.3. Բողոքի հեղինակը նշել է, որ պատասխանատվությունն անհատականացնելիս, դատարանը պետք է հաշվի առներ նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ ծավալված պատերազմական գործողությունների պայմաններում վերջինի կողմից ռազմաճակատ մեկնելու և դրանցում մասնակցություն ունենալու ձգտումը, փորձագետի համապատասխան եզրակացությունը, որով հաստատվել է, որ Հ․Սեփոյանին բնորոշ է կարեկցանքը և ագրեսիայի ցածր մակարդակը, բացի այդ՝ պետք է հաշվի առնվեին նաև նրա առողջական խնդիրները, որոնց պատճառով մի քանի անգամ հետաձգվել են սույն գործով նշանակված դատական նիստերը:
Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և դրան համապատասխանող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մեկնաբանման առումով առկա է իրավունքի զարգացման խնդիր առ այն՝ արդյո՞ք մեղմացնող հանգամանքի կիրառման համար պարտադիր նախապայման է գործով բոլոր տուժողների կողմից հակաիրավական վարքագիծ դրսևորելու հանգամանքը, ինչպես նաև, եթե հանցանքը պայմանավորված է եղել տուժողի իրական կամ ենթադրյալ հակաիրավական վարքագծով, ապա հիշյալ նորմը ո՞ր դեպքերում պետք է կիրառվի։
Բողոքաբերի պնդմամբ, իրավունքի զարգացման խնդիր է առկա նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի և դրան համապատասխանող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանման առումով, այնքանով որքանով Վճռաբեկ դատարանը կարող է զարգացնել Պարույր Բայրամյանի գործով կայացված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և նշել, թե փորձագետի եզրակացությամբ հաստատված՝ անձի կողմից՝ իր գիտակցության վրա ազդող և սեփական վարքի կամայական կառավարման ունակությունը նվազեցնող լարված հոգեվիճակում հանցանք կատարելու փաստը, տվյալ նորմի իմաստով՝ ստորադաս դատարանների կողմից կարո՞ղ է դիտարկվել արդյոք որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:
7.4. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ապացույցները, որոնց վրա հիմնված է եղել ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձագիտական հանձնաժողովի՝ 2016 թվականի մարտի 24-ի թիվ 168/16 եզրակացությունը, հերքվել են այլ ապացույցներով և արժանահավատ համարվել չեն կարող՝ այն մասով, որ Հ.Սեփոյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, կամ առնվազն կասկած է հարուցում դրա հիմնավորված լինելու հանգամանքը:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել այն ելակետային տվյալները, որոնք ուղղակիորեն հիմք էին կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն իրականացնելու համար` այդկերպ թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա։
8. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Հայրապետ Սեփոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «[Նա] 2015 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:46-ի սահմաններում (…) իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով` նույն օրը իր կողմից վարած ՎԱԶ 2121 մակնիշի 80 DD 004 հ/հ ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք և ժամը 19:05-ի սահմաններում հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ` ապօրինի կերպով իր մոտ պահվող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի «1370244» համարի մարտական ակոսափող ինքնաձիգով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ` Վարդան Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող որովայնի առաջային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող ձախ նախաբազկի, աջ հետույքի շրջանի, ձախ ծնկահոդի շրջանի թափանցող երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որի հետևանքով վերջիններս մահացել են»2։
10. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Հայրապետ Գագիկի Սեփոյանի արարքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:
(...)
Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկներին, որ դատաքննության ժամանակ ստացված նոր փաստական տվյալների լույսի ներքո ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձագիտական հանձնաժողովի թիվ 168/16 եզրակացությունը կորցրել է իր արժանահավատությունը և դեպքի պահին Հայրապետ Սեփոյանի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում լինելու հանգամանքը մնացել է չպարզված, հետևաբար, կամ այդ հանգամանքը պետք է հաստատված համարվի կամ նշանակվի նոր փորձաքննություն, ապա Դատարանն արձանագրում է հետևյալը․
(...)
Սույն քրեական գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների գնահատմամբ՝ Դատարանը գտնում է, որ Վարդան Գալստյանի հակաօրինական վարքագծի արդյունքում Հայրապետ Սեփոյանի մոտ առաջացած հուզական լարված վիճակը չի եղել այն աստիճան, որ վերջինի մոտ սահմանափակեր գիտակցված կամային հսկողությունը։ Դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ոչ միայն սույն գործով իրականացված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետևությունները, այլև կատարված արարքի առանձնահատկությունները, դրա կատարման եղանակը, փուլերը, արարքի կատարումից առաջ և հետո Հայրապետ Սեփոյանի դրսևորած վարքագիծը։
Մասնավորապես, հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ Հայրապետ Սեփոյանը նախքան բուն սպանությունը և դրանից անմիջապես հետո կատարել է հստակ գիտակցված և կամային գործողություններ, որոնք բացառում են դեպքի պահին նրա մոտ հոգեկան խիստ հուզմունքի առկայության հնարավորությունը։
(...)
Դատարանը գտնում է, որ Հայրապետ Գագիկի Սեփոյանի արարքը նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակվել է ճիշտ և վերջինն իր կատարած արարքի համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
(…)
(…) Հայրապետ Սեփոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, դրա տեսակն ու չափն ընտրելիս՝ Դատարանը ղեկավարվում է պատիժ նշանակելու վերը շարադրված և վերլուծված ընդհանուր սկզբունքներով, որպիսիք են` օրինականությունը, արդարությունը, պատժի անհատականացումը և մարդասիրությունը: Դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
(…)
Քննարկելով այն հասարակական հարաբերության բնույթը և սոցիալական նշանակությունը, որի դեմ ոտնձգել է Հայրապետ Սեփոյանն իր արարքով՝ Դատարանն արձանագրում է, որ սպանությունն ինքնին քրեական օրենքով նախատեսված ամենածանր հանցագործություններից է, հաշվի առնելով, որ դրա արդյունքում մարդուն պատճառվում է անդառնալի վնաս և նա ապօրինաբար, դիտավորությամբ զրվում է օրենքով պաշտպանվող կարևորագույն արժեքներից մեկից՝ կյանքից: Տվյալ դեպքում, Հայրապետ Սեփոյանը կատարել է քննարկվող հանցակազմի որակյալ հատկանիշներով նախատեսված ամենավտանգավոր արարքը, այն է՝ ոտնձգել է երկու և ավելի, տվյալ դեպքում՝ երեք անձի կյանքի անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։
Արարքի հանրային վտանգավորության բնույթի գնահատման առումով առանցքային նշանակություն ունի նաև այն, որ Հայրապետ Սեփոյանը Վահե Գալստյանին, Վարդան Գալստյանին և Արմեն Հովհաննիսյանին ապօրինաբար կյանքից զրկել է ուղղակի դիտավորությամբ, այն է՝ գիտակցելով, որ տվյալ դեպքում երեք անձի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսելով նրանց կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանալով տուժողներին մահ պատճառել: Ընդ որում, արարքը կատարվել է նախքան դեպքը Վարդան Գալստյանի կողմից Գագիկ Սեփոյանին հարվածելու արդյունքում առաջացած վրեժի շարժառիթով, հաշվի չառնելով այն, որ մյուս երկու տուժողները՝ Վահե Գալստյանը և Արմեն Հովհաննիսյանը որևէ բռնություն ամբաստանյալի հոր նկատմամբ չեն գործադրել։
Անդրադառնալով կատարված հանցագործության վտանգավորության աստիճանին՝ Դատարանն արձանագրում է, որ Հայրապետ Սեփոյանն իրեն վերագրվող արարքը կատարել է հանրության համար վտանգավոր եղանակով և ամբողջությամբ ավարտին է հասցրել հանցավոր մտադրության մեջ ընդգրկված նպատակը։ Մասնավորապես, հասնելով դեպքի վայր, Հայրապետ Սեփոյանն իր մոտ գտնվող ինքնաձիգով առանց հապաղելու տասից ավելի կրակոց է արձակել տուժողների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, հաշվի չառնելով տարածքում այլ անձանց հնարավոր առկայությունը, նրանց վնաս պատճառելու իրական հնարավորությունը, ինչի արդյունքում արձակված կրակոցներից մեկը դիպել է դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա գտնվող Էդգար Խաչատրյանի և Խորեն Հովհաննիսյանի ավտոմեքենային։
Ինչ վերաբերում է կատարված հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքներին, ապա Դատարանն արձանագրում է, որ դրանք առանձնահատուկ ծանր են։ Մասնավորապես, Հայրապետ Սեփոյանի արարքի արդյունքում կյանքից ապօրինաբար և դիտավորությամբ զրկվել են երեք երիտասարդ՝ 1980 թվականին ծնված Վահե Գալստյանը, 1988 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Վարդան Գալստյանը։
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Հայրապետ Սեփոյանի կողմից կատարվել է առանձնահատուկ բարձր հանրային վտանգավորության աստիճանով ու բնույթով օժտված հանցագործություն։
Որպես ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի անձը բնութագրող տվյալներ Դատարանն արձանագրում է այն, որ վերջինը բնակության վայրից բնութագրվել է դրականորեն, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել:
Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան:
(…)։
Տվյալ դեպքում, վկայակոչված չափանիշների լույսի ներքո գնահատելով այն հարցը, թե արդյոք պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտվի տուժողների վարքագծի հակաօրինականությունը և հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն իրական չէ, դրա առկայությունը չի հաստատվում ձեռք բերված ապացույցներով։
Մասնավորապես, գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցները թույլ են տալիս եզրահանգել, որ Հայրապետ Սեփոյանի հորը՝ Գագիկ Սեփոյանին վիճաբանության ժամանակ հարվածել է միայն տուժողներից Վարդան Գալստյանը։ Մյուս տուժողները՝ Վահե Գալստյանը և Արմեն Հայրապետյանը որևէ բռնություն ամբաստանյալի հոր նկատմամբ չեն գործադրել, դեպքին անմիջականորեն առնչվող այլ հակաօրինական կամ հակաբարոյական արարք չեն կատարել, որպիսի պայմաններում Հայրապետ Սեփոյանն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է նաև նրանց:
Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ տուժող Վարդան Գալստյանի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, որևէ կերպ չի նվազեցնում ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի անձի կամ նրա կատարած արարքի հնարային վտանգավորությունը, հետևաբար որպես վերջինի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող դիտարկվել չի կարող։
Դատարանն արձանագրում է, որ որպես Հայրապետ Սեփոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող չի կարող դիտարկվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված՝ մեղայականով ներկայանալը՝ հետևյալ պատճառաբանությամբ:
(…)
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցավորի կողմից իրավապահ մարմին ներկայանալը և իր կամ իր մասնակցությամբ կատարված հանցագործության մասին հայտնելը չի կարող դիտվել որպես մեղայականով ներկայանալ և, հետևաբար, հանդիսանալ պատասխանատվության ու պատժի պարտադիր մեղմացման պայման, եթե հանցավորը նախապես իմացել է իր մերկացման մասին: Այսինքն` եթե հանցանք կատարած անձը ներկայանում է իրավապահ մարմին` նախապես իմանալով, որ հայտնի է հանցանքն իր կողմից կատարելու փաստը, և գիտակցելով քննությունից երկար թաքնվելու հնարավորության բացակայությունը, ապա խոսք չի կարող լինել ներկայանալու կամովին բնույթի և կատարվածի համար անկեղծորեն զղջալու մասին:
(…)
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով հանցագործության դեպքից հետո Հայրապետ Սեփոյանի ինքնակամ ներկայանալը ոստիկանություն՝ Դատարանն արձանագրում է, որ այն չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք գնահատվել։ Դատարանի սույն եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ մինչև ամբաստանյալի ոստիկանություն ներկայանալը իրավապահ մարմիններին արդեն իսկ հայտնի է եղել հանցագործության դեպքը, իսկ Հայրապետ Սեփոյանը որոնվել է որպես հանցագործությունը կատարած անձ: Մասնավորապես, վկաներ Մխիթար Հարությունյանը և Դավիթ Քոչարյանն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ տեղյակ են եղել, որ ոստիկանությունը դեպքի հետ կապված փնտրում է Հայրապետ Սեփոյանին, այդ մասին տեղեկացրել են նրան և բացատրել, որ ճիշտ կլինի ոստիկանություն հանձնվելը։
Ինչ վերաբերվում է ներկայանալուց հետո խոստովանական ցուցմունքներ տալուն՝ Դատարանն արձանագրում է, որ Հայրապետ Սեփոյանը ցուցմունք տալով հայտնել է ոչ թե հանցագործության իրական հանգամանքները, այլ փորձել է դեպքերի ընթացքը հնարավորինս ի օգուտ իրեն ներկայացնել՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով կատարված արարքի համար առավել մեղմ պատասխանատվության և պատժի հասնելու համար։
Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ մեղայականով ներկայանալու հանգամանքը սույն գործով նույնպես իրական չէ և որևէ կերպ չի նվազեցնում ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, հետևաբար որպես վերջինի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող դիտարկվել չի կարող։
Վերոգրյալի հաշվառմամբ, գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված հանցագործության առանձնահատուկ բարձր հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը՝ Դատարանը գտնում է, որ Հայրապետ Սեփոյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը, այն է՝ ցմահ ազատազրկում, ինչն անհրաժեշտ է պատժի նպատակների իրագործման՝ սոցիալական արդարության վերականգնման, նոր հանցագործությունների կանխման և պատժի ենթարկված անձի ուղղման համար: (…)»3։
10․1․ Առաջին ատյանի դատարանը կայացված մեղադրական դատավճռի հիմքում դրել է հետևյալ փաստական տվյալները. ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի, վկաներ Էդգար Խաչատրյանի, Խորեն Հովհաննիսյանի, Սերյոժա Սողոմոնյանի, Մերուժան Հայրապետյանի, Աշխեն Հակոբյանի, Տաթևիկ Ղարիբյանի, Արմեն Խաչատրյանի, Գագիկ Սեփոյանի, Սասուն Սեփոյանի, Լեռնիկ Սեփոյանի, Լաուրա Հարությունյանի, Աշոտ Սեփոյանի, Արթուր Մինասյանի, Ատոմ Հարությունյանի, Մխիթար Հարությունյանի, Դավիթ Քոչարյանի, Մոնիկա Ավետիսյանի, Հովհաննես Սահակյանի ցուցմունքները, դեպքի վայրը, ավտոմեքենան զննելու մասին արձանագրությունները, դեպքի վայրը լրացուցիչ զննելու մասին արձանագրությունները, քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, «Արմենտել» ՓԲ, «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերություններից ստացված վերծանումները զննելու մասին արձանագրությունները, դատաբժիշկ փորձագետների թիվ 67, թիվ 68, թիվ 69, թիվ 161, թիվ 324 ա, թիվ 15, թիվ 3399-15, թիվ 80, թիվ 81 եզրակացությունները, համալիր դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական և դատամանրաթելային փորձաքննության թիվ 09531603 եզրակացությունը, ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 168/16 եզրակացությունը, դատաապրանքագետ փորձագետի թիվ 153-ԱՊ-19 եզրակացությունը, արտագնա դատական նիստում, մասնագետի ներգրավմամբ, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում պահվող «Նիսան Տիանա 2․3» մակնիշի 21 VA 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի զննությունը, դատաձգաբան փորձագետի թիվ 1770-19 եզրակացությունը4։
11․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել այն մասին, որ ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն մեղսագրվող հանցանքը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված` քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
(…)
Անդրադառնալով կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ պաշտպանության կողմի Վերաքննիչ դատարանում ներկայացված միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա չէ բավարարման: Ներկայացված միջնորդությունը պաշտպանության կողմը հիմնավորել է նրանով, որ դատաքննության ընթացքում պարզվել են նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել փորձագետներին դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կատարելու ժամանակ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն անձանց դատաքննական ցուցմունքները, որոնցով պաշտպանության կողմը հիմնավորում է նոր ելակետային տվյալների առկայությունը, Առաջին ատյանի դատարանի կողմից իրավացիորեն ճանաչվել են անարժանահավատ: Հետևաբար՝ առկա չեն այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կատարելու ժամանակ:
Վերաքննիչ դատարանի նախաձեռնությամբ դատական նիստին կանչված փորձագետ Ա.Վարդանյանը ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 168/16 եզրակացության վերաբերյալ հայտնեց, որ քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքում հետազոտվել են աֆեկտի բոլոր երեք փուլերը, ցուցմունքները, վարքը։ Դեպքի ժամանակ ամբաստանյալի կողմից առկա են եղել գործողությունների շարք, որտեղ հիմնականում էմոցիոնալ գերակշռման փաստը հիմնավորելի չեն, այսինքն կան նպատակաուղղված գործողությունների շարք։ Եզրակացության մեջ օգտագործված «ամենայն հավանականությամբ» տերմինը լրացրել է լարված հոգեվիճակին, այսինքն Հ.Սեփոյանը չի գտնվել աֆեկտիվ վիճակում, այլ, ամենայն հավանականությամբ, գտնվել է լարված հոգեվիճակում։ Ռետրոսպեկտիվ ախտորոշման իրականացումը հնարավորություն կտար ավելի ճշգրիտ տվյալներ տալ հոգեկան լարվածության վերաբերյալ, որը սակայն հնարավոր չի եղել իրականացնել։ Ռետրոսպեկտիվ ախտորոշման չիրականացմամբ և ավելի ճշգրիտ տվյալների բացակայությամբ պայմանավորված՝ եզրակացության մեջ նշվել է «ամենայն հավանականությամբ» տերմինը։ Հ.Սեփոյանի մոտ աֆեկտիվ վիճակը գնահատելիս և դրա բացակայության հարցը որոշելիս նշանակություն չէր կարող ունենալ ռետրոսպեկտիվ ախտորոշման իրականացումը, քանի որ աֆեկտիվ վիճակի բացակայությունն արդեն իսկ եղել է պարզված։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի փաստական հանգամանքների համակցության մեջ իրավաչափ հիմքեր չկան կասկածի տակ դնելու նշված եզրակացության լրիվությունը և պարզությունը, որպիսի պայմաններում բացակայում է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:
(…)
Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի ստուգման է ենթարկել ու օբյեկտիվ գնահատել ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի կատարած արարքի առանձնահատկությունները և դրանց նշանակությունը հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս, պաշտպանվող հասարակական հարաբերությունների տեսակը, ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի նկատմամբ միայն ամենախիստ պատժատեսակի՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ` հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան»5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով բողոքները վարույթ են ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման նկատառումներով։ Այս առումով, հարկ է նշել, որ ընդունվել և ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որում տեղի են ունեցել բազմաթիվ բովանդակային փոփոխություններ, որպիսի պայմաններում նշված ոլորտում իրավունքի զարգացման միտումը հրամայական է դարձնում նոր իրավակարգավորումների, դրանք հետադարձությամբ կիրառելու հնարավորության մեկնաբանումը։ Մասնավորապես, երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակի վերացման պայմաններում կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու և դրանց դեպքում ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք բողոքաբերների փաստարկն առ այն, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում, ամբաստանյալ Հ․Սեփոյանի նկատմամբ ցմահ ազատազրկում պատժատեսակը չի կարող նշանակվել:
13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ (…)»:
Մեջբերված նորմից հետևում է, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենքը բոլոր դեպքերում հետադարձ ուժ ունի՝ անկախ այն հանգամանքից՝ առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ։ Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքի շրջանակում անդրադառնալով հանցավորությունը վերացնող օրենքի մեկնաբանմանը, արձանագրել է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում)6:
13.1. Անդրադառնալով ապաքրեականացման հիմնախնդրին՝ հարկ է նկատել, որ քրեականացումն ու ապաքրեականացումը պետության քրեական քաղաքականության առանցքային մեթոդներից են, որոնք կանխորոշվում են առկա սոցիալ-տնտեսական, քաղաքական հարաբերություններով, գիտատեխնիկական առաջընթացով, կրիմինալոգիական տարբեր գործոններով (հանցավոր արարքների տարածվածություն, քրեաիրավական նորմերի գործողության անարդյունավետություն և այլն), ինչպես նաև այլ հանգամանքներով։ Ապաքրեականացման պատճառները կարող են տարբեր լինել՝ պայմանավորված ժամանակակից հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության աննպատակահարմարությամբ, դրա հանրային վտանգավորության անկմամբ կամ նվազմամբ և այլ հանգամանքներով։
Ապաքրեականացումը կարող է վերաբերել ինչպես ամբողջական հանցանքին՝ բացառելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվությունը՝ լրիվ ապաքրեականացում (այն կարող է տեղի ունենալ միայն քրեական օրենսգրքի հատուկ մասում), այնպես էլ դրա մի մասին՝ նեղացնելով հանցավոր համարվող արարքի շրջանակը՝ մասնակի ապաքրեականացում (կարող է տեղի ունենալ քրեական օրենսգրքի ինչպես հատուկ, այնպես էլ ընդհանուր մասի դրույթների փոփոխության միջոցով)։ Ընդ որում, լրիվ կամ մասնակի ապաքրեականացման մասին կարող է խոսք գնալ միայն այն դեպքում, երբ արարքի հանցավորությունն ընդհանրապես վերացվում է (ամբողջությամբ կամ մի մասով), և դրա համար քրեական պատասխանատվությունը բացառվում։ Ուստի, քրեական օրենսգրքում կոնկրետ հոդվածի, դրա որևէ հատկանիշի, ծանրացնող հանգամանքի վերացումն ինքնին մեխանիկորեն չի ենթադրում, որ տեղի է ունեցել լրիվ կամ մասնակի ապաքրեականացում, քանի որ օրենսդրական տեխնիկայի առանձնահատկությունից ելնելով, օրենսդիրը կարող է նպատակահարմար գտնել որոշ հանցակազմեր միավորել կամ, ընդհակառակը, առանձնացնել, փոխել դրանց անվանումը կամ հոդվածի համարը և այլն։ Այլ կերպ՝ փոփոխությունը կարող է ձևական (կամ տեխնիկական) բնույթ կրել, իսկ բովանդակային առումով՝ հանցակազմը, դրա մասը կամ ծանրացնող հանգամանքը շարունակեն լինել քրեորեն պատժելի։
Նշված խնդիրը հատկապես արդիական է 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, երբ մի շարք հանցակազմեր, դրանց ծանրացնող հանգամանքներ վերաձևակերպվել են, միավորվել կամ առանձնացվել, ուստի ապաքրեականացման համատեքստում քրեական օրենսդրության հետադարձության հնարավորությունը որոշելիս կարևոր է պարզել՝ արդյո՞ք արարքի կամ դրա մասի համար քրեական պատասխանատվությունն ընդհանրապես վերացվել է, թե կատարված փոփոխությունը ձևական (կամ տեխնիկական) բնույթ է կրում, և արարքը շարունակում է հանցավոր ու պատժելի լինել նաև նոր փոփոխված քրեական օրենսդրության պայմաններում։
14. Վերոնշյալ հարցի վերաբերյալ հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) ձևավորած այն դիրքորոշումը, որ Դատարանի համար հետաքրքրություն չեն ներկայացնում ներպետական իրավունքում հանցագործություններին տրված անվանումները կամ [դրանց] ձևական դասակարգումները7։ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում արձանագրել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 7-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով Դատարանը նախևառաջ քննության առարկա է դարձնում այն հարցը, թե արդյո՞ք վիճելի արարքները դրանց կատարման պահի դրությամբ համարվել են հանցավոր և բավարար կանխատեսելիությամբ սահմանված են եղել ներպետական քրեական օրենսդրությամբ, թե ոչ և արդյո՞ք նշանակված պատիժը գերազանցել է հանցանքը կատարելու պահին գործող դրույթներով նախատեսված պատժի սահմանները, թե ոչ8։
Այսպես՝ Ուլդ Դան ընդդեմ Ֆրանսիայի գործով դիմումատուին մեղադրանք էր առաջադրվել խոշտանգման և բարբարոսական արարքներ կատարելու համար, որոնք, այդ արարքները կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով համարվում էին այլ հանցագործությունների ծանրացնող հանգամանքներ, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հարձակման դեպքում։ Քրեական օրենսգրքի նոր տարբերակում, որը կիրառության մեջ էր դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու ժամանակ, խոշտանգումները դասակարգվել էին որպես առանձին հանցատեսակ։ Նշված գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական օրենսդրությունը հետադարձությամբ կիրառելու որևէ խնդիր չի եղել, քանի որ դրանց կատարման ժամանակ ևս դիմումատուի գործողությունները համարվել են հանցավոր, որոնք նկարագրված են եղել բավականաչափ մատչելի և կանխատեսելի օրենքով9։
Մեկ այլ՝ Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի դատապարտմանը ըստ նոր փոփոխված քրեական օրենսգրքի դրույթների, որոնք ուժի մեջ էին մտել հանցավոր արարքները կատարելուց հետո, եզրահանգել է, որ վիճելի արարքները ընդգրկվում էին քրեական օրենսգրքի ինչպես նախկին, այնպես էլ նոր փոփոխված համապատասխան դրույթների շրջանակներում` արդյունքում արձանագրելով, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել10։
14.1. Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես որոշել՝ արարքն արդյո՞ք պատժելի էր կատարման պահին գործող և փոփոխված քրեական օրենսդրության պայմաններում՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ Դատարանի նախադեպային իրավունքը չի առաջարկում հանցանքը կատարելու պահին գործող քրեական օրենքի և փոփոխված քրեական օրենքի համեմատության համապարփակ չափանիշներ: Այդուհանդերձ, կարելի է եզրահանգել, որ երբ Դատարանը գնահատում է այն փաստը՝ արդյոք արարքները պատժելի էին դրանք կատարելու պահին գործող դրույթներով, ելնում է գործի առանձնահատուկ հանգամանքներից, այն է՝ ներպետական դատարանների կողմից հաստատված՝ գործի կոնկրետ փաստերից։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի և փոփոխված քրեական օրենքի համեմատությունն իրավասու դատարանի կողմից պետք է իրականացվի ոչ թե in abstracto համեմատելով հանցանքի սահմանումները, այլ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները՝ օգտագործելով in concreto համեմատության մեթոդը11։ Այլ կերպ՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը պահանջում է կոնկրետ գործի առանձնահատուկ փաստերի in concreto գնահատում (կոնկրետացման սկզբունք), ինչի արդյունքում իրավասու ներպետական դատարանները պետք է որոշեն՝ արդյոք հանցակազմի բոլոր տարրերը և քրեականացման այլ պայմանները նախատեսված են եղել արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումներով, թե ոչ12։
Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական ցանկացած համակարգում ներպետական դատարանների գործառույթների տիրույթում են նյութական քրեական իրավունքի դրույթների մեկնաբանման հարցերը՝ որոշելու՝ արդյոք առկա են արարքը հանցավոր դիտարկելու համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Կոնվենցիան չպետք է խոչընդոտի դատական մեկնաբանմանը՝ պայմանով, որ ներպետական դատարանների եզրահանգումները՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմաստով, ողջամտորեն կանխատեսելի են եղել13։
15. Ընդհանրացնելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որոշելու համար՝ նոր ընդունված օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, թե ոչ, դատարանը գործի փաստական հանգամանքների ամողջական գնահատման արդյունքում պետք է պարզի՝ արդյո՞ք արարքը հանցավոր էր այն կատարելու պահի դրությամբ և արդյո՞ք այն շարունակում է հանցավոր լինել նաև փոփոխված օրենքի պայմաններում։ Եթե պատասխանը դրական է, ապա ապաքրեականացման մասին խոսք լինել չի կարող։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նման դեպքերում կիրառելի քրեական օրենսդրության հարցը որոշելիս անհրաժեշտ է ելնել այն սկզբունքից, որ անձի վիճակը, ի համեմատ հանցանքի կատարման պահին գործող իրավակարգավորումների, չի կարող վատթարանալ։ Մասնավորապես, եթե նոր օրենքի պայմաններում անձի նկատմամբ ակնկալվող պատիժը խստանում է և անձի վիճակը վատթարանում, ապա այն չի կարող կիրառելի լինել, և ընդհակառակը, պատժի մեղմացման դեպքում նոր ընդունված քրեական օրենսդրությանը պետք է հետադարձ ուժ տրվի՝ հաշվի առնելով, բնականաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված՝ քրեական օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելու առանձնահատկությունները։
16. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: (…)»
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը, եթե նույնիսկ կատարված հանցանքներից ոչ մեկի համար սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ»:
16.1. Մեջբերված կարգավորումների համակարգված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքով հրաժարվել է երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակից։ Կատարված փոփոխության հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր մարդու կյանք առանձին արժեք է, և խմբով կյանքից զրկելու համար պատասխանատվություն նախատեսելը նսեմացնում է մարդու կյանքը որպես արժեք: Ուստի, նոր օրենսգրքի պայմաններում, անկախ նրանից, թե կյանքից զրկելու դիտավորությունը միասնական է, թե յուրաքանչյուր սպանության դիտավորություն առանձին է ծագել, արարքը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ, եթե սպանվել է մեկից ավելի անձ14:
Այլ կերպ՝ փոփոխությունը կատարվել է՝ ելնելով այն հիմնական գաղափարից, որ մարդկային յուրաքանչյուր կյանք ինքնուրույն արժեք է, հետևաբար մեկից ավելի մարդու սպանության դեպքերը պետք է ինքնուրույն քրեաիրավական գնահատական ստանան։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը, ի հակակշիռ վերոնշյալ փոփոխության, հաշվի առնելով երկու կամ ավելի անձանց սպանության բարձր վտանգավորությունը, իրավիճակը հավասարակշռել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի Ընդհանուր մասում՝ հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգը սահմանող 74-րդ հոդվածով նախատեսված հատուկ իրավակարգավորմամբ, որը թույլ է տալիս որպես վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը նույնիսկ այն դեպքում, երբ կոնկրետ հանցակազմի սանկցիայում այն նախատեսված չէ։
16.2. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ պետք է ընդգծել, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքում երկու կամ ավելի անձանց սպանությունը դիտարկվում էր որպես հանցակազմի որակյալ տեսակ՝ նախատեսված 104-րդ հոդվածի 2-րդ մասով, որի դեպքում անձի նկատմամբ որպես պատիժ կարող էր նշանակվել ցմահ ազատազրկում, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունների պայմաններում, երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակը վերացվել է, և կատարվածը որակվում է հանցագործությունների համակցության կանոններով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (եթե, իհարկե, երկրորդ մասով նախատեսված ծանրացնող որևէ հանգամանք առկա չէ), որի դեպքում նույնպես անձի նկատմամբ կարող է նշանակվել ցմահ ազատազրկում պատժատեսակը։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է որպես վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։
Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության վերոնշյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենսդրի կողմից նշված երևույթին տրված նոր արժեքային գնահատմամբ։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, մասնակի ապաքրեականացման մասին խոսք չի կարող լինել նաև այն պատճառաբանությամբ, որ երկու կամ ավելի անձանց սպանությունը շարունակում է համարվել նույնչափ բարձր վտանգավորություն ներկայացնող արարք, ինչն էլ հաշվի առնելով՝ նախատեսվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումը՝ ի վկայություն այն բանի, որ երկու կամ ավելի անձանց սպանության նկատմամբ օրենսդիրն իր պատժողական քաղաքականությունը չի փոխել, առավել ևս՝ մեղմացման առումով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հնարավոր այն մեկնաբանությունը, որ սույն դեպքում կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը՝ այն պատճառաբանությամբ, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, իսկ հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելու կանոնում նախատեսված նոր կարգավորումը՝ մասնակիորեն խստացնող, ուստիև նոր քրեական օրենքը հետադարձ ուժ ունի միայն պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնելու մասով, անընդունելի է։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսգրքերը թույլ են տալիս երկու կամ ավելի անձանց սպանության դեպքում նշանակել ցմահ ազատազրկում պատժատեսակը, ուստի պատասխանատվության մասնակի մեղմացման և մասնակի խստացման մասին խոսք լինել չի կարող, այլ կերպ՝ կատարված փոփոխությունները՝ ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորության առումով, որևէ կերպ չեն բարելավել կամ վատթարացրել անձի վիճակը։
17․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ Վճռաբեկ դատարանն Արսեն Արծրունու15 վերաբերյալ որոշման շրջանակներում մեկնաբանել է երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքը և արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք Եվրոպական դատարանն ընդունելի է համարել Կոնվեցիայի 7-րդ հոդվածի տեսանկյունից։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը, կրկնելով իր նախորդ դիրքորոշումներն առ այն, որ ներպետական օրենսդրության մեկնաբանման հետ կապված խնդիրները լուծելը հիմնականում ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների իրավասության շրջանակում է, իսկ Եվրոպական դատարանի դերը սահմանափակվում է պարզելով, թե արդյո՞ք այդպիսի մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ, չի տեսել կամայականության կամ ակնհայտ չհիմնավորվածության որևէ տարր ներպետական դատարանների եզրակացություններում՝ 2011 թվականի փոփոխություններով նոր քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների լույսի ներքո նույն օրենսգրքի 13-րդ հոդվածը և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը մեկնաբանելիս16։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Հ.Սեփոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով մենահատ կրակոցներ է արձակել Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ և նրանց զրկել կյանքից17։
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հ.Սեփոյանի արարքը նախաքննության մարմնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակվել է ճիշտ և վերջինն իր կատարած արարքի համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի: Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին՝ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, արձանագրել է, որ պատժի նպատակների իրագործման՝ սոցիալական արդարության վերականգնման, նոր հանցագործությունների կանխման և պատժի ենթարկված անձի ուղղման տեսանկյունից, Հ.Սեփոյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը, այն է՝ ցմահ ազատազրկումը18։
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված բողոքները, փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան19։
18.1. Ներկայացված վճռաբեկ բողոքներում պաշտպանները, ի թիվս այլնի, փաստարկել են, որ ամբաստանյալ Հ.Սեփոյանի նկատմամբ ցմահ ազատազրկումը որպես պատիժ չի կարող նշանակվել, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածում երկու կամ ավելի անձանց սպանությունը որպես որակյալ հատկանիշ չի նախատեսվել, ինչից բխում է, որ Հ.Սեփոյանին մեղսագրված արարքը համապատասխանում է նույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին, որը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Այլ կերպ՝ ընդունվել է պատիժը մասնակի մեղմացնող օրենք, այն է՝ Հ.Սեփոյանի արարքի հանցավորությունը մասնակի վերացվել է, հետևաբար, կատարված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի։ Միաժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասը պարունակում է անձի վիճակը վատթարացնող կարգավորում, ուստի այն չի կարող հետադարձ ուժ ունենալ և կիրառվել Հ.Սեփոյանի նկատմամբ20:
19. Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 18-18.1-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում կատարված վերլուծության և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում, արձանագրում է, որ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսգրքերը թույլ են տալիս երկու կամ ավելի անձանց սպանության դեպքում նշանակել ցմահ ազատազրկում պատժատեսակը, ուստի պատասխանատվության մասնակի մեղմացման և մասնակի խստացման մասին խոսք լինել չի կարող, այլ կերպ՝ կատարված փոփոխությունները ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորության առումով որևէ կերպ չեն բարելավել կամ վատթարացրել Հ․Սեփոյանի վիճակը։ Այս առումով հարկ է կրկին ընդգծել, որ երկու կամ ավելի անձանց սպանությունը շարունակում է համարվել նույնչափ բարձր վտանգավորություն ներկայացնող արարք, ինչն էլ հաշվի առնելով՝ նախատեսվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումը՝ ի վկայություն այն բանի, որ երկու կամ ավելի անձանց սպանության նկատմամբ օրենսդիրն իր պատժողական քաղաքականությունը չի փոխել, առավել ևս՝ մեղմացման առումով։
Հետևաբար, բողոքաբերների փաստարկն առ այն, որ սպանության՝ երկու կամ ավելի անձի նկատմամբ կատարված լինելու ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում ամբաստանյալ Հ․Սեփոյանի նկատմամբ ցմահ ազատազրկում պատժատեսակը չի կարող նշանակվել, հիմնավոր չէ։
19.1. Անդրադառնալով բողոքաբերների՝ սույն որոշման 5-րդ և 7.4-րդ կետերում մեջբերված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված են համարել Հ.Սեփոյանի մեղավորությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ21՝ միևնույն ժամանակ վերջինիս արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ հանգելով իրավաչափ հետևության։ Մասնավորապես, արձանագրելով ամբաստանյալի մոտ հոգեկան խիստ հուզմունքի վիճակի բացակայությունը՝ ստորադաս դատարանները հիմնվել են ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 168/16 եզրակացության, ինչպես նաև գործում առկա փաստական տվյալների համակցության վրա, որոնց ամբողջությունը վկայում է ամբաստանյալի մոտ ֆիզիոլոգիական աֆեկտի բացակայության մասին։ Ուստի, Վերաքննիչ դատարանը հիմնավորված կերպով փաստել է, որ պաշտպանական կողմի ներկայացրած՝ կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ այն անձանց դատաքննական ցուցմունքները, որոնցով պաշտպանության կողմը հիմնավորում է նոր ելակետային տվյալների առկայությունը, Առաջին ատյանի դատարանի կողմից իրավացիորեն ճանաչվել են անարժանահավատ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ հիմքեր չկան կասկածի տակ դնելու նշված եզրակացության լրիվությունը և պարզությունը, որպիսի պայմաններում բացակայում է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն նշանակալու անհրաժեշտությունը22:
20. Միևնույն ժամանակ, անդրադառնալով Հ.Սեփոյանին մեղսագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Հ.Սեփոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված ծանրացնող հանգամանքը՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, փաստացի վերացվել է և իր արտահայտությունը չի գտել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան՝ որոշակի ժամկետով ազատազրկման մասով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատությամբ, ավելի մեղմ է, հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալի նկատմամբ կայացված դատական ակտերը դեռևս չեն մտել օրինական ուժի մեջ ու առկա չէ եզրափակիչ դատավարական ակտ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սեփոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին՝ երեք դրվագով։
Անդրադառնալով Հ.Սեփոյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի պայմաններում ամբաստանյալ Հ.Սեփոյանի արարքը դիտարկվում էր որպես մեկ հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում, կատարված յուրաքանչյուր սպանությունը դիտարկվում է որպես ինքնուրույն հանցագործություն՝ երեք դրվագով, որոնցից յուրաքանչյուրին տրվում է ինքնուրույն քրեաիրավական գնահատական։ Հետևաբար, նկատի ունենալով, որ հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելու հարցերը ստորադաս դատարաններում քննարկման առարկա չեն դարձվել, քանի որ դատական ակտերի կայացման պահին 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը դեռևս ուժի մեջ մտած չի եղել, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները Հ.Սեփոյանին մեղսագրվող արարքները հանցագործությունների համակցության կանոններով որակելու դեպքում յուրաքանչյուր դրվագով պատիժ նշանակելու, ինչպես նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով ցմահ ազատազրկում նշանակելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը չեն արտահայտել։
Ուստի, կատարված արարքները երեք դրվագով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով որակելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը զրկված է ամբաստանյալ Հ.Սեփոյանի նկատմամբ պատժի մասով դիրքորոշում արտահայտելու, հետևաբար նաև բողոքաբերների՝ սույն որոշման 5.1-5.2-րդ և 7.1-7.3-րդ կետերում բարձրացված փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից։ Վերոնշյալը բխում է նաև ամբաստանյալի իրավաչափ շահերն ապահովելու անհրաժեշտությունից, որպեսզի վերջինս չզրկվի իր նկատմամբ նշանակված պատիժը հետագայում վիճարկելու հնարավորությունից։
21. Ընդհանրացնելով սույն որոշման 20-րդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սեփոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին՝ երեք դրվագով, ուստի այդ մասով անհրաժեշտ է ամբաստանյալ Հ.Սեփոյանի վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել։ Միևնույն ժամանակ, ամբաստանյալ Հ.Սեփոյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, պատիժ նշանակելու մասով անհրաժեշտ է գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Գործի նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրաքանչյուր դրվագով, Հ.Սեփոյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակի՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և Հ.Սեփոյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելու հարցում, այդ թվում նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառմամբ՝ ցմահ ազատազրկում նշանակելու վերաբերյալ, հանգի համապատասխան հետևության։
22․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հայրապետ Գագիկի Սեփոյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 16-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:
2. Հայրապետ Գագիկի Սեփոյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, պատիժ նշանակելու մասով գործն ուղարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 102-104։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 18-րդ, թերթեր 1-78։
4 Տե՛ս նույն տեղում։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 22-րդ, թերթեր 1-41։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վաղարշակ Էդիկի Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 գործով որոշման 19-րդ կետը։
7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափանիշերի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 29-ի խորհրդատվական կարծիքը, §87։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ ROHLENA v. THE CZECH REPUBLIC գործով 2015 թվականի հունվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 59552/08, §56, ինչպես նաև BERARDI AND MULARONI V. SAN MARINO գործով 2019 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 24705/16 և 24818/16, §41։
9 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ OULD DAH v. FRANCE գործով 2009 թվականի մարտի 17-ի որոշումը, գանգատ թիվ 13113/03։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ G. v. FRANCE գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 15312/89, §§25-27։
11 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափանիշերի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 29-ի խորհրդատվական կարծիքը, §§ 86, 88-89։
12 Տե՛ս նույն տեղում, §§ 91-92։
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ ROHLENA v. THE CZECH REPUBLIC գործով 2015 թվականի հունվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 59552/08, §58։
14 Տե՛ս ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույցը, 2022 թվական։
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արսեն Արծրունու գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0126/13/11 որոշումը:
16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ARTSRUNI v. ARMENIA գործով 2021 թվականի նոյեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 41126/13, §60։
17 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ և 7-րդ կետերը։
21 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: