ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԴ/0110/11/21
Մ. Պապոյան
նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ | ||
|
Ս. Օհանյանի |
5 ապրիլի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի և շահագրգիռ անձ Ավետիք Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15895318 քրեական գործը:
2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանը որոշում է կայացրել թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նույն որոշմամբ Ա.Նազարեթյանի, Տ.Չաքարյանի, Գ.Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, իսկ անհայտ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
1.1. Դատախազի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ քննիչի վերոնշյալ որոշումը վերացվել է:
1.2. 2020 թվականի դեկտեմբերի 24-ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը քննիչի` 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
2021 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը բողոքի կապակցությամբ Ա.Գրիգորյանին պատասխանել է գրությամբ:
2. Վերոնշյալ գրության դեմ 2021 թվականի փետրվարի 15-ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի բողոքը մերժվել է:
3. Դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունվարի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել և Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել է՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) վերացնելու որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը և շահագրգիռ անձ Ա.Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1:
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 16-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ուստի ենթակա է բեկանման:
Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի հստակեցրել, թե անձանց որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, դատախազին պարտավորեցնելով վերացնել արձանագրված իրավունքների խախտումը, անտեսել է, որ մինչ վարույթն իրականացնող քննիչի վիճարկվող որոշման դեմ բողոքն ստանալը, դատախազն արդեն իսկ իր լիազորությունների շրջանակում՝ իր նախաձեռնությամբ, վերացրել էր նշված որոշումը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի կապակցությամբ պատճառաբանված որոշում կայացնելու պարտականություն սահմանելը որևէ իրավական նշանակություն ունենալ չի կարող:
5.2. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը:
6. Շահագրգիռ անձ Ա.Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանը գտել է, որ վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը տուժողի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից բողոքարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ նման որոշում գոյություն չի ունեցել, հետևաբար՝ գոյություն չունեցող որոշումը որևէ կերպ բողոքաբերի իրավունքների ու ազատությունների խախտում առաջացնել չէր կարող: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտելով դատախազի անգործությունը, հակասել է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0149/11/19 գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին։
6.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրվել է՝ (…) Քրեական գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախաքննությունը կատարվել է թերի, քրեադատավարական խախտումներով, չեն կատարվել համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքում կայացվել է չհիմնավորված և չպատճառաբանված որոշում (…):
Վերը նշված բացթողումների առկայության պայմաններում կարելի է փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ հետազոտման ուղղությամբ, որի արդյունքում կայացվել է չհիմնավորած և չպատճառաբանված որոշում:
Վերոգրյալի հիման վրա, սույն քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ենթակա է վերացման (…)»2:
7.1. Դատախազ Տ.Պողոսյանի՝ 2021 թվականի հունվարի 8-ի գրության համաձայն՝ քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի ներկայացրած բողոքը չի քննարկվում՝ հաշվի առնելով, որ բողոքն ստանալու պահին վերը նշված որոշումն արդեն իսկ վերացված է եղել3:
8. Բողոքաբերների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանն Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում նշել է, որ դատախազի կողմից ցուցաբերվել է ոչ իրավաչափ անգործություն, որի հետևանքով խախտվել են տուժողների մի շարք հիմնարար իրավունքներ։ Մասնավորապես, դատախազի կողմից տուժողների ներկայացուցչի բողոքն ըստ էության քննության չառնելու հետևանքով տուժող կողմը բողոքում բերված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության կարգով գնահատական չի ստացել, իսկ այդ գործառույթը քննիչի հայեցողությանը վերապահելը հակառակ է իրենց խախտված իրավունքների իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու՝ տուժողների իրավունքն ապահովելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությանը:
Բողոքաբերն Առաջին ատյանի դատարանին խնդրել է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողների իրավունքների խախտումը, այն է՝ ներկայացված բողոքը քննարկել ըստ էության և կայացնել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 263-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը4:
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից 14.12.2020թ. քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումն, որով սույն դեպքում հնարավոր է խախտվեր տուժողների իրավունքները, դատախազի կողմից արդեն իսկ վերացվել է: Ավելին՝ այս առումով հարկ է նկատել, որ տուժող կողմը քննիչի այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին, սակայն մինչ այդ արդեն իսկ դատախազի կողմից այդ որոշումը վերացված է եղել: Այլ կերպ՝ Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից կայացված վերը նշված որոշումը տուժող կողմի կողմից դատախազին բողոքարկելիս արդեն իսկ որևէ իրավական ուժ կամ դրանից բխող հետևանքները չի ունեցել: Հետևաբար, այս պայմաններում Դատարանը գտնում է, որ թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի 14.12.2020թ. որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին ՀՀ դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Տ.Պողոսյանի կողմից 08.01.2021թ. գրությամբ պատասխանելը իրավաչափ է և դրա արդյունքում չեն խախտվել կամ սահմանափակվել բողոքաբերների իրավունքները և ազատությունները:
Ինչ վերաբերում է բողոքաբեր կողմի այն դիրքորոշմանը, որ դատախազը, իրենց բողոքի կապակցությամբ որոշում չկայացնելով, գնահատականի չի արժանացրել դրանում բարձրացված բոլոր հարցերին, ապա պետք է նախ նկատել, որ բողոքն ուղարկվել է վարույթ իրականացնող քննիչին, ինչը ենթադրում է, որ վերջինս պետք է նաև ի թիվս այլնի, քննության առարկա դարձնի բողոքաբերի կողմից դատախազին հասցեագրված բողոքում բարձրացված հարցերը: Բացի դա էլ, այս առումով Դատարանի համար ընդունելի են դատական նիստում դատախազի կողմից հայտնած այն դիրքորոշումները, որ տուժող կողմը զրկված չէ նաև իր կողմից վիճարկվող հարցերը միջնորդության տեսքով քննիչին ներկայացնելու, ինչպես նաև քննիչի կողմից կայացվող որոշումները բողոքարկելու իրավունքից:
Վերոգրյալի ամփոփմամբ՝ Դատարանի գնահատմամբ սույն դեպքում դատախազի կողմից բողոքին գրությամբ պատասխանելը և նույն հարցի կապակցությամբ երկրորդ անգամ որոշում չկայացնելը չի հանգեցրել որևէ անձի (անձանց) իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, որը հիմք կտար Դատարանին արձանագրելու իրավունքի խախտում և վարույթ իրականացնող մարմնի համար այն վերացնելու պարտականություն սահմանելու: Ուստի Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման: (…)»5:
10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է դատախազի կողմից բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշման կայացում՝ բողոքը մերժելու կամ բավարարելու մասին:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 24-ին քրեական գործով վերադաս դատախազին ներկայացված քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը պատասխանել է գրությամբ, այսինքն՝ դատախազի կողմից չի կայացվել համապատասխան որոշում, այլ դիմողների ներկայացուցչին տրվել է գրավոր պատասխան, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ: Նշվածից հետևում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի կողմից դրսևորվել է անգործություն, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելով խախտվել են դիմողների իրավունքները: (…)»6:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատախազական հսկողության շրջանակներում դատախազ Տ.Պողոսյանի գրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ա.Գրիգորյանի բողոքը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
(…) 5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:
13. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կապակցությամբ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները7, փաստում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման անմիջական առարկան քրեական հետապնդման մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունն են, եթե դրանց դեմ բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից8՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն9: Այլ խոսքով՝ այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի՝ որոշումը, գործողությունը կամ անգործությունն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորած անգործությունը10:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նույն որոշմամբ Ա.Նազարեթյանի, Տ.Չաքարյանի, Գ.Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, իսկ անհայտ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով11,
- Դատախազի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերոնշյալ որոշումը վերացվել է12,
- 2020 թվականի դեկտեմբերի 24-ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը քննիչի` 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին,
- 2021 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին պատասխանել է գրությամբ13,
- Վերոնշյալ գրության դեմ դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքը Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սույն դեպքում քննիչի որոշումը, որով հնարավոր է խախտվեր տուժողների իրավունքները, մինչև դատախազին բողոքարկելը, արդեն իսկ վերացված է եղել, հետևաբար քննիչի որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին դատախազի կողմից գրությամբ պատասխանելն իրավաչափ է և չի խախտում բողոքաբերների իրավունքները14,
- Վերաքննիչ դատարանը, դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարելով և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով, արձանագրել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքին գրությամբ պատասխանելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելու հետևանքով խախտվել են դիմողների իրավունքները:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) պետք է պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը15:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում դատական վերահսկողության առարկա կարող էր լինել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը, այլ ոչ թե դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության արդյունքում 2021 թվականի հունվարի 8-ին կազմված գրությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա է դիտարկել դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության արդյունքում կազմված գրությունը և արձանագրելով, որ վերջինս չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը՝ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազական հսկողության շրջանակներում դատախազ Տ.Պողոսյանի գրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ա.Գրիգորյանի բողոքը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն:
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ թեև Առաջին ատյանի դատարանը նույնպես անտեսել է այն հանգամանքը, որ դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված գրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա ինքնին դիտարկվել չէր կարող, սակայն փաստելով, որ տվյալ դեպքում դատախազի կողմից որոշում չկայացնելն ու բողոքին գրությամբ պատասխանելը չէր կարող հանգեցնել անձի (անձանց) իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ դիմողների իրավունքներին անմիջականորեն առնչվող՝ քննիչի կողմից կայացված որոշումը տուժողների ներկայացուցչի կողմից դատախազին բողոքարկելիս արդեն իսկ վերացված է եղել, հանգել է հիմնավոր հետևության:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունվարի 21-ի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 83-86:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 20:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 2-7:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 93-99 :
6 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 50-55:
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17, Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշումները:
8 Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քրեական հետապնդման մարմնի անգործությունը բողոքարկելու դեպքում դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը ոչ պարտադիր լինելու վերաբերյալ մանրամասն տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշումը:
9 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասը:
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
12 Տե՛ս սույն որոշման 1.1-ին և 7-րդ կետերը:
13 Տե՛ս սույն որոշման 1.2-րդ և 7.1-րդ կետերը:
14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15 Տե΄ս սույն որոշման 10-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: