ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Հ․ Ավագյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԿԴ/0053/13/23 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Դ. խաչատուրյանի Ա. պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
23 փետրվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Հակոբ Արմենի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի դատավճռով Հակոբ Արմենի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243․1-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է։
2․ Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը։
5. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը նման իրավական ընթացակարգ չի սահմանել։
Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Հ․Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Հակոբ Հովհաննիսյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքի բռնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել։ Արարքի կատարումից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Հակոբ Հովհաննիսյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել և դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է (…)»:1
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե նախկին իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխատանքներով, ապա նոր իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալից բռնագանձվում է նշանակված տուգանքի չափին համարժեք գույք կամ տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ (…):
Հարկ է նկատել նաև, որ թեև նշանակված տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու ինստիտուտի կիրառումն ինքնին հետապնդում է իրավաչափ նպատակ, սակայն պահանջում է տարբերակված մոտեցում այն բոլոր դեպքերում, երբ վերոհիշյալ համատեքստում քննության առարկա է դարձվում արարքի պատժելիության և/կամ քրեաիրավական այլ հետևանքների վերաբերյալ նոր իրավակարգավորումների հետադարձության կարգով կիրառելիության հարցը։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի՝ անկախ հետապնդվող նպատակի իրավաչափ լինելու հանգամանքից։
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ թեև ՀՀ քրեական գործող և նախկին օրենսգրքերի կարգավորման պայմաններում տուգանքն այլ քրեաիրավական ներգործության միջոցով փոխարինելուց հետո վերջինը կարող է փոխարինվել ազատազրկմամբ, սակայն նշվածը դեռևս բավարար չէ փաստելու, որ նոր կարգավորումներն անձի վիճակում որևէ փոփոխություն չեն կատարում կամ բարելավում են անձի վիճակը։ Այս առումով հարկ է ընդգծել, որ թեև ՀՀ քրեական գործող օրենսգրքի համաձայն՝ գույքի բռնագանձումը, ի տարբերություն նախկին օրենսգրքի, չի հանդիսանում պատժի համակարգում ներառված առանձին պատժատեսակ, այնուամենայնիվ հատկանշական է, որ նախկին օրենսգրքում ներառված էր պատժի համակարգում, ավելին՝ հանդիսանում էր հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակ։ Հետևաբար, նշվածը նույնպես վկայում է այն մասին, որ գույքի բռնագրավումը, որն առանձին հանցատեսակների համար փոխակերպվել էր գույքի բռնագանձման, թեև ինքնուրույն պատժատեսակ չէ, այնուամենայնիվ իր բնույթով քրեաիրավական ներգործության ավելի խիստ միջոց է (…)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունը։
10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
11․ Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։
11.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Հովհաննիսյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող5։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ գույքի բռնագանձումը և ազատազրկումն առավել խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ են, քան նախկին իրավակարգավորումներով նախատեսված հանրային աշխատանքներ պատժատեսակը6:
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
14․ Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի և Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանելու և վարույթը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության փոխանցելու համար7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Հակոբ Արմենի Հովհաննիսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանել և վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
___________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-40։
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-89։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. խաչատուրյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: