ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի նախագահող դատավոր Ա. Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, ՏԴ/0020/15/22 նախագահող դատավոր՝ դատավորներ` Վ. Ռշտունի Ա. Վարդանյան Ա. Նիկողոսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի
8 դեկտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հուլիսի 29-ի դատավճռով Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանը դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետ:
2. 2022 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված՝ 300.000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա․Սիմոնյանի միջնորդությունը մերժվել է:
3. Դատախազ Գ.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ։ Նման պայմաններում բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։
Բացի այդ, բողոքի հեղինակը, Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում, նշել է նաև, որ Վ.Ենգիբարյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Վ.Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես տուգանքը չվճարելու դեպքում, այն բռնագանձելու ինստիտուտը, չի կարող կիրառվել դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվել է հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը որևէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող՝ անձի աշխատանքային իրավունքի սահմանափակման համեմատ:
Դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանը 2022 թվականի հուլիսի 29-ի դատավճռով դատապարտվելով 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքի, ունեցել է արդարացված ակնկալիք, այն չվճարելու դեպքում հանրային աշխատանքներով տուգանքը փոխարինվելու ասպեկտով, քանի որ հանցանք կատարելու և դատապարտվելու ժամանակ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները եղել են այդպիսին և գույքի բռնագանձման ինստիտուտ նախատեսված չի եղել:
Դատարանը նաև ցանկանում է հավելյալ ընդգծել այն հանգամանքը, որ գույքի բռնագրավումը, որպես պատժի տեսակ, 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ավելի խիստ պատժատեսակ է հանդիսացել, քան հանրային աշխատանքները, ելնելով այն սկզբունքից, որ պատժի համակարգը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր հաջորդող պատժատեսակ առավել խիստ է, քան նախորդողը, իսկ նշված հոդվածով բռնագրավումը հաջորդել է հանրային աշխատանքներին:
Ներկա պահին դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ (…) դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի նկատմամբ նշանակված 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ (…) »(1)1։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…)[Դ]ատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի նկատմամբ նշանակված տուգանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (…) Վիգեն Ենգիբարյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքի բռնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել։ Արարքի կատարումից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե նախկին իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխատանքներով, ապա նոր իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալից բռնագանձվում է նշանակված տուգանքի չափին համարժեք գույք կամ տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ։ Այսինքն՝ նոր իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում կարող են սահմանափակվել դատապարտյալի սահմանադրական այնպիսի կարևոր իրավունքներ, ինչպիսին են ազատության և սեփականության իրավունքները։
Հարկ է նկատել նաև, որ թեև նշանակված տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու ինստիտուտի կիրառումն ինքնին հետապնդում է իրավաչափ նպատակ, սակայն պահանջում է տարբերակված մոտեցում այն բոլոր դեպքերում, երբ վերոհիշյալի համատեքստում քննության առարկա է դարձվում արարքի պատժելիության և/կամ քրեաիրավական այլ հետևանքների վերաբերյալ նոր իրավակարգավորումների հետադարձության կարգով կիրառելիության հարցը։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի՝ անկախ հետապնդվող նպատակի իրավաչափ լինելու հանգամանքից։
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ թեև ՀՀ քրեական գործող և նախկին օրենսգրքերի կարգավորման պայմաններում տուգանքն այլ քրեաիրավական ներգործության միջոցով փոխարինելուց հետո վերջինը կարող է փոխարինվել ազատազրկմամբ, սակայն նշվածը դեռևս բավարար չէ փաստելու, որ նոր կարգավորումներն անձի վիճակում որևէ փոփոխություն չեն կատարում կամ բարելավում են անձի վիճակը։ Այս առումով հարկ է ընդգծել, որ թեև ՀՀ քրեական գործող օրենսգրքի համաձայն՝ գույքի բռնագանձումը, ի տարբերություն նախկին օրենսգրքի, չի հանդիսանում պատժի համակարգում ներառված առանձին պատժատեսակ, այնուամենայնիվ հատկանշական է, որ նախկին օրենսգրքում ներառված էր պատժի համակարգում, ավելին՝ հանդիսանում էր հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակ։ Հետևաբար, նշվածը նույնպես վկայում է այն մասին, որ գույքի բռնագրավումը, որն առանձին հանցատեսակների համար փոխակերպվել էր գույքի բռնագանձման, թեև ինքնուրույն պատժատեսակ չէ, այնուամենայնիվ իր բնույթով քրեաիրավական ներգործության ավելի խիստ միջոց է։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նոր իրավակարգավորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլև վատթարացնում են այն, քանի որ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու առումով դատապարտյալի համար ստեղծվում են ոչ նպաստավոր պայմաններ, հետևաբար նոր իրավակարգավորումները դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ ենթակա չեն կիրառման։ Ուստի այս առումով ընդունելի չեն դատախազի փաստարկները։ (...)»(2)2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
11. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենա(3)լ3։
11.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստն օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով(4)4։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Վ․Ենգիբարյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված գույքի բռնագրավումը հանդիսացել է ավելի խիստ պատժատեսակ, քան հանրային աշխատանքները, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքով դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը(5)5:
- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի իրավակարգավորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլև վատթարացնում են այն, քանի որ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու առումով դատապարտյալի համար ստեղծվում են ոչ նպաստավոր պայմաններ, հետևաբար նոր իրավակարգավորումները դատապարտյալ Վիգեն Ենգիբարյանի նկատմամբ ենթակա չեն կիրառման(6)6։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11․1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
14․ Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 21-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար(7)7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազ Գ.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վիգեն Սարիբեկի Ենգիբարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 28-33։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 59-65։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: