Գլխավոր տեղեկություն
Номер
N 1065-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2024-19.12.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
10.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 1065-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

2) 11-րդ կետը «բոլոր դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 11.2-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով.

3) 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.2-րդ կետով.

«11.2. Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 21 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 366 հազ․ դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 16․626 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 266 հազ․ դրամ, լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3,25% չափով՝ վարկի տրամադրման պահին, հանրագումարային մինչև 22 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 337 հազ․ դրամ, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։».

4) 12.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ և 12.3-րդ կետերով.

«12.2. Անչափահաս երեխա (երեխաներ) ունեցող ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխան (երեխաները) ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։

12.3. Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։».

5) 16-րդ կետը «գումարը» բառից հետո լրացնել «շահառուի կողմից» բառերով.

6) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 2000 շահառուի։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

2) N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կետով» բառը փոխարինել «և 11.2-րդ կետերով» բառերով.

3) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխաների)» բառերով, իսկ «(ամուսնության վկայականի պատճենը կցվում է)» բառերից հետո լրացնել «, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան վկայականը (մահվան վկայականի պատճենը կցվում է)» բառերով.

4) N 1 հավելվածի 4-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով.

5) N 1 հավելվածի 5-րդ կետը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «, երեխաների առկայության դեպքում՝ երեխա-ծնող կապի, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան» բառերով և «5» թիվը փոխարինել «10» թվով.

6) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 10-րդ կետը.

7) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

8) N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «կետով» բառը փոխարինել «և 11.2-րդ կետերով» բառերով.

9) N 2 հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.

10) N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում «8» թիվը փոխարինել «12» թվով.

11) N 1 ձևի 2-րդ կետը «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխայի/ների)» բառերով.

12) N 1 ձևի 2.6-րդ կետը «Ամուսնության» բառից հետո լրացնել «(միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան)» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 4-րդ ենթակետով լրացվող 12.2-րդ կետի, 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի օգոստոսի 1-ից։

4. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի գործողությունը տարածվում է նաև սույն որոշման հրապարակման օրվա դրությամբ տրամադրված հիփոթեքային վարկերի վրա, որոնց դեպքում պետական աջակցության գումարի մնացորդն ուղղվում է ծրագրի շրջանակներում կառուցված տան վերանորոգմանը՝ վերանորոգման վարկի ստացման միջոցով։ Այս դեպքում հաշվի չի առնվում ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանը։

5. Սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ