ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21 | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
ռ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30․11․2023 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ՝ Նախարարությանը թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Ավագյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30․11․2023 թվականի որոշմամբ Նախարարության և երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 14.06.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Արսեն Թավադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ՝ Արթուր Բարսեղյան) և Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Լուսինե Դանոյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով թիվ ՎԴ/7404/05/20 գործով դատական ակտերին, եզրահանգել է, որ հայցվորին տրվելու է ոչ իրավաչափ իրավունք, քանի որ Նախարարության 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը ոչ թե առ ոչինչ է ճանաչվել, այլ վերացվել է որպես անվավեր վարչական ակտ, մինչդեռ Նախարարության և երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքներում այդպիսի հիմք առկա չէր: Ավելին, Վերաքննիչ դատարանը ցույց չի տվել իր պատճառաբանությունների և հիմնավորումների պատճառահետևանքային կապը սույն գործով կատարած եզրահանգման հետ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30․11․2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
2․1․ Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Հայցվորի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/9652/05/16 և թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործերով կայացրած որոշումներին, սակայն բողոքում որևէ կերպ չի հիմնավորվել այդ հակասության առկայությունը։ Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայել է թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17․04․2009 թվականին կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ՝ պայմանավորված ՀՀ Ազգային ժողովի կողմից 25․10․2017 թվականի ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193-Ն օրենքի ընդունմամբ։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացրել է այն իրավաչափ հիմնավորմամբ, որ առկա է հայցվող վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի հակասում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով տրված մեկնաբանությանը։
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման չհիմնավորված և չպատճառաբանված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը ևս անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում հստակ ցույց է տվել հայցը բավարարող դատական ակտի ուժի մեջ մնալու դեպքում հայցվորին տրամադրված իրավունքի ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափությունը, այլև իրավունքի կարգավորման շրջանակներից դուրս հայտնվելը։
2․2․ Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանի ուժով սույն գործով հայցվորը չի հանդիսացել ընդերքօգտագործող, 06․11․2012 թվականի թիվ ՇԱԹՎ-29/174 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը հանդիսացել է ուժը կորցրած վարչական ակտ, իսկ նշված հրամանի վիճարկումը վարչական դատավարության կարգով չի կասեցրել դրա կատարումը։ Այսինքն՝ մինչև թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այն է՝ 20․09․2023 թվականը, սույն գործով հայցվոր Ընկերությունը չի հանդիսացել ընդերքօգտագործող։
Հայցվորը պահանջում է ընդունված համարել վարչական ակտ, որը տրամադրվելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերից մեկում՝ ընդերքօգտագործման թույլտվության մեջ, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը կսահմանվի 12 տարի ժամկետով այն պայմաններում, երբ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող մյուս փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ հայցվորին տրվում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք 9 տարի 2 ամիս ժամկետով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությամբ Ընկերությունն ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրից պղնձի և մոլիբդենի արդյունահանման թույլտվություն (հատոր 1, գ․թ․ 12):
2) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից 28.07.2020 թվականին ընդունվել է ««Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին» թիվ 1008-Ա հրամանը, որով որոշվել է Ընկերության Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնել, ուժը կորցրած ճանաչել 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/174 թույլտվությունը, լեռնահատկացման թիվ Լ-174 ակտը և լուծել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ Պ-174 պայմանագիրը (հիմք՝ «DataLex» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործ)։
3) Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը, առ ոչինչ չճանաչելու դեպքում վերացնել (անվավեր ճանաչել) նշված հրամանը (վարչական գործ թիվ ՎԴ/7404/05/20)։ Թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 02․06․2021 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանն անվավեր է ճանաչվել, մնացած մասով հայցը մերժվել է (հիմք՝ «DataLex» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործ)։
4) Ընկերության ներկայացուցիչը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղված 23.09.2021 թվականի դիմումով խնդրել է կատարել 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության մեջ առկա տեխնիկական վրիպակի ուղղում և օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության գործողության ժամկետը սահմանել 12 տարի (հատոր 1, գ․թ․ 15-16):
5) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 30.09.2021 թվականի թիվ ՔԴ/261/25215-2021 պատասխան գրությամբ հայտնվել է, որ Ընկերությանը Նախարարության կողմից 2019 թվականին տրվել էր գրավոր զգուշացում՝ ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու վերաբերյալ: Ընկերությունը սահմանված ժամկետում չի վերացրել զգուշացմամբ տրված խախտումները, ինչի արդյունքում նախարարի 28.07.2020 թվականի Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: Ներկայումս ընթանում է դատական գործընթաց, որի վերջնական ավարտից հետո Նախարարությունը կանդրադառնա վերոգրյալ գրությամբ բարձրացված հարցին (հատոր 1, գ․թ․ 17-18):
6) Ընկերության ներկայացուցչի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղված դիմումով խնդրվել է տեղեկացնել՝ արդյոք Նախարարությունն Ընկերության կողմից 24.09.2021 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ, և արդյոք այդ վարույթը կասեցվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա (հատոր 1, գ․թ․ 19-20):
7) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16.12.2021 թվականի թիվ ՀՀ/261/32172-2021 գրության համաձայն՝ ի պատասխան Ընկերության ներկայացուցչի գրության, ի թիվս այլնի, հայտնվել է, որ 24.09.2021 թվականի դիմումի հիման վրա Նախարարությունում վարչական վարույթ հարուցված լինելու և կասեցնելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ (հատոր 1, գ․թ․ 21-22):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանները։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 2-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված՝ վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախևառաջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը։ Այդ նպատակով օրենսդիրը նաև «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ․ Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ։
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները։
Այսպես, 13․12․2004 թվականին ընդունված և 29․01․2005 թվականին ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն սկզբնապես գործել է հետևյալ խմբագրությամբ․ «Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում`
ա) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.
բ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար»։
Օրենքի՝ վերը նշված խմբագրությամբ 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը մեկնաբանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից առանձին որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը» (տե՛ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Օրենքի 48-րդ հոդվածն էական բովանդակային փոփոխության է ենթարկվել 25․10․2017 թվականին ընդունված և 02․02․2018 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193 ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 48-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ (մինչև օրս գործում է այս խմբագրությամբ)․ «1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է (․․․)»։
Նշված օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու, իրավունքի զարգացմանը նպաստելու իրեն վերապահված գործառույթները, վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված և հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումները՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Օրենքի՝ ներկայումս գործող խմբագրությամբ 48-րդ հոդվածը մեկնաբանվել է հետևյալ կերպ․ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում։ Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն։ Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․04․2021 թվականի որոշումը)։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, պայմանավորված Օրենքի 48-րդ հոդվածի բովանդակային էական փոփոխությամբ, վերանայել է նշված հոդվածի մեկնաբանության առնչությամբ իր իրավական դիրքորոշումները, որոնք ևս էապես տարբերվում են նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներից։
Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ ժամանակի ընթացքում գործողության խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը ենթադրում է ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության հարցում միասնական դիրքորոշման ձևավորում՝ մասնավորապես, իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում, որն իրավաչափորեն կարող է հանգեցնել Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ մեկնաբանված նորմի նոր մեկնաբանման: Նման իրավիճակներում կարևորվում է Վճռաբեկ դատարանի որոշման՝ որպես իրավական ակտի, ժամանակի ընթացքում գործողության, ինչպես նաև նախորդ որոշումներում արտահայտած դիրքորոշումների կիրառելիության հարցերի հստակեցումը:
Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթի նպատակից և բովանդակությունից տրամաբանորեն բխում է, որ իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար: Այլապես կիմաստազրկվի իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը» (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը)։
Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ ժամանակի ընթացքում գործողության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վերն արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև նկատի ունենալով, որ Օրենքի 48-րդ հոդվածը 25․10․2017 թվականին ընդունված և 02․02․2018 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193 ՀՀ օրենքով ենթարկվել է էական բովանդակային փոփոխության՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված և հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումներն այլևս կիրառելի չեն, և իրավակիրառ պրակտիկայում հիմք պետք է ընդունվեն թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․04․2021 թվականի որոշմամբ արտահայտված և հետագայում վերահաստատված ու զարգացված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված։ Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանության կանոններին համապատասխան մեկնաբանելով գործող խմբագրությամբ Օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված է համարվում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
1) բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). այս պայմանի օրենսդրական ամրագրումը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում։ Նշված պայմանի սահմանումը նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որից պարզ չէ, թե որոշակիորեն ում է հասցեագրված և (կամ) ինչ հարց է կարգավորում,
2) անձի դիմումը հասցեագրված է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված վարչական մարմնին․ այս պայմանը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը։ Նշված պայմանի սահմանումը ևս նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որն ընդունել է ոչ իրավասու մարմինը,
3) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում դրսևորում է անգործություն՝ չընդունելով դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում,
4) բացակայում է վարչական ակտի՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է օրենքի ուժով ընդունված վարչական ակտի գոյությունը։
Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն» և «ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» եզրույթների բովանդակությունը հարկ է ընկալել և բացահայտել նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն կարգավորումների համատեքստում, որոնք թույլ են տալիս չկատարել առ ոչինչ վարչական ակտը, իսկ կատարելու կամ կիրառելու համար նախատեսում են համապատասխան իրավական հետևանքներ՝ օրենքով սահմանված պատասխանատվության տեսքով։
Առ ոչինչ վարչական ակտին բնորոշ հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանը։ Մասնավորապես, ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը։ Ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը և դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04․02․2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առ ոչինչ վարչական ակտի պարագայում վերջինիս ոչ իրավաչափությունն անվիճելի է այն աստիճանի, որ նման ոչ իրավաչափությունը տեսանելի և ընկալելի է յուրաքանչյուրի ու ցանկացած վարչական մարմնի համար, և վերջիններս պարտավոր են ձեռնպահ մնալ այն կիրառելուց կամ կատարելուց։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»:
Հիմք ընդունելով օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ վերը թվարկված պայմանների համակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք․
- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ,
- հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող վարչական ակտով անձին տրամադրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ, եթե նման ոչ իրավաչափությունն անվիճելի է՝ առանց տվյալ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիությունը պարզելու, այդ նպատակով ապացույցների հետազոտման ու գնահատման, կիրառված նորմերի կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման անհրաժեշտության։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու և դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման։
Դատարանը 14․06․2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ գտնելով, որ․ «(․․․) տվյալ դեպքում հայցվոր Ընկերության դիմումով հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, քանի որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու համար հիմք հանդիսացող պայմանները, որպիսի պայմաններում դիմող Ընկերությունը կարող էր ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Մասնավորապես, Ընկերությունը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտ, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որպիսի դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին. բացակայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը. Նախարարությունն օժտված է եղել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու իրավասությամբ. Նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշում»:
Վերաքննիչ դատարանը, 30․11․2023 թվականի որոշմամբ վկայակոչելով թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է․ «(․․․) հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը»։
Վկայակոչելով սույն վարչական գործով «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 14․12․2022 թվականին կայացված որոշումը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ․ «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվել է «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» փակ բաժնետիրական ընկերության՝ սույն վարչական գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՇԱԹՎ-29/174 թույլտվությունը «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊ ընկերությանը 06.11.2012 թվականին տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով (․․․), որն օրենքի ուժով ավարտվել է 06.01.2022 թվականին»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «հայցվորի կողմից հայցվող վարչական ակտով շոշափվում, ինչպես նաև խախտվում են երրորդ անձի իրավունքները, քանի որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է թիվ Պ-342 ընդերքօգտագործման պայմանագիրը»։
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է․ «(․․․) օգտակար հանածոյի արդյունահանման 06.11.2012 թվականի թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությունը հայցվորին տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով, որի գործողության սկիզբն այն տրամադրելու օրն է, իսկ ավարտը՝ 06.01.2022 թվականը: Այսինքն, 06.11.2012 թվականի ՇԱԹ-29/174 թույլտվության մեջ առկա չէ վրիպակ, քանի որ 06.11.2012 թվականի ՇԱԹ-29/174 թույլտվության գործողության ժամկետը տվյալ թույլտվության էական պայմաններից է և տվյալ դեպքում ժամկետը վերցվել է աշխատանքային նախագծից, կիրառվել է ընդերքօգտագործման իրավունքը հավաստող բոլոր փաստաթղթերում՝ ընդերքօգտագործման պայմանագիր, լեռնահատկացման ակտ, արդյունահանման թույլտվություն: (․․․) նման փաստական տվյալների առկայության պայմաններում որևէ դեպքում չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման 06.11.2012 թվականի թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության ժամկետը որակել որպես վրիպակ, որովհետև բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք նման եզրահանգման գալու համար։
Ստացվում է, որ Վարչական դատարանի վճռով հայցվորին տրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, քանի որ Դատարանը հաշվի չի առել վերը նշված հանգամանքները»։
Այսպիսով, վերը նշված փաստարկներով Վերաքննիչ դատարանը Ընկերության հայցն ամբողջությամբ մերժել է՝ գտնելով, որ հայցվող բարենպաստ վարչական ակտով Ընկերությանը տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 23․09․2021 թվականին Նախարարություն է ներկայացրել դիմում հետևյալ բովանդակությամբ․ «Համաձայն Ընկերության Դաստակերտի ԼՀԿ նախագծի հատոր 1-ի էջ 17-ի՝ հանքի մշակման ժամանակահատվածը կազմում է 12 տարի, իսկ բացհանքի շահագործման ժամկետը՝ 9․2 տարի։ Տվյալ դեպքում հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 12 տարի, որից միայն 9․2 տարին է բացհանքի շահագործման ժամկետը։ Սակայն մինչև բացհանքի շահագործումն ընդերքօգտագործողը պետք է կատարի որոշակի նախապատրաստական գործողություններ, այդ թվում՝ ապարների հեռացում, տեխնիկական կառույցների օգտագործում և այլն։ Ակնհայտ է, որ տեխնիկական վրիպակի պատճառով է Թույլտվությունը տրվել ոչ թե հանքավայրի շահագործման ժամկետի, այլ միայն բացհանքի շահագործման ժամկետի համար։ Ուստի խնդրում եմ կատարել Թույլտվության մեջ առկա տեխնիկական վրիպակի ուղղում և օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության գործողության ժամկետը սահմանել 12 տարի» (հատոր 1, գ․թ․ 15-16)։
Ընկերության դիմումի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը պարունակում է դիմողի լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), կից փաստաթղթերի ցանկը։
Նշված դիմումի հասցեատեր Նախարարության կողմից տրվել են հետևյալ պատասխանները․
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 30.09.2021 թվականի թիվ ՔԴ/261/25215-2021 պատասխան գրությամբ հայտնվել է, որ Ընկերությանը Նախարարության կողմից 2019 թվականին տրվել էր գրավոր զգուշացում՝ ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու վերաբերյալ: Ընկերությունը սահմանված ժամկետում չի վերացրել զգուշացմամբ տրված խախտումները, ինչի արդյունքում նախարարի 28.07.2020 թվականի Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: Ներկայումս ընթանում է դատական գործընթաց, որի վերջնական ավարտից հետո Նախարարությունը կանդրադառնա վերոգրյալ գրությամբ բարձրացված հարցին (հատոր 1, գ․թ․ 17-18):
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16.12.2021 թվականի թիվ ՀՀ/261/32172-2021 պատասխան գրությամբ, ի թիվս այլնի, հայտնվել է, որ 24.09.2021 թվականի դիմումի հիման վրա Նախարարությունում վարչական վարույթ հարուցված լինելու և կասեցնելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ (հատոր 1, գ․թ․ 21-22):
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «1․ Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ ա) անձի դիմումը, բողոքը․ բ) վարչական մարմնի նախաձեռնությունը։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված՝ համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից (․․․)»։
Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից»:
Վերը նշված իրավակարգավորումներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության դիմումի հիման վրա վարչական վարույթը հարուցված է համարվել 23․09․2021 թվականին՝ Ընկերության ներկայացուցչի կողմից դիմումը Նախարարություն ներկայացնելու օրը, և դիմումը ներկայացնելու փաստի ուժով հարուցված վարչական վարույթի ժամկետի հաշվարկի համար ելակետ է հանդիսանում 23․09․2021 թվականը։ Հաշվի առնելով, որ խնդրո առարկա վարչական վարույթի համար օրենքով ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետ սահմանված չէ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը պետք է եզրափակվեր դիմումը բավարարող կամ մերժող վարչական ակտի ընդունմամբ 30-օրյա ժամկետում՝ 25․10․2021 թվականին։ Մինչդեռ, Նախարարության վերը նշված պատասխան գրությունները գնահատելով իրենց համակցության մեջ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության կողմից Ընկերության դիմումի առնչությամբ դրսևորվել է անգործություն, և նշված ժամկետում դիմումի ըստ էության քննության արդյունքում որևէ որոշում՝ դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ չի ընդունվել։
Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի 01․06․2019 թվականի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրության համաձայն՝ Նախարարության գործառույթները, ի թիվս այլնի, ներառում են ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը (կանոնադրության 11-րդ կետի 65-րդ ենթակետ)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության դիմումը հասցեագրվել է իրավասու մարմին։
Ինչ վերաբերում է Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտով վերջինիս ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չտրամադրելու պայմանին, ապա Վճռաբեկ դատարանը նախևառաջ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառման արդյունքում ըստ էության քննարկման առարկա է դարձրել Ընկերության կողմից հայցված բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հարցը, այլ ոչ թե դրանով տրամադրված իրավունքի ակնհայտ ոչ իրավաչափ լինելու (չլինելու) հարցը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն հիմք է ընդունել այլևս ոչ կիրառելի՝ թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և հակառակ թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․04․2021 թվականի որոշմամբ արտահայտված կիրառելի իրավական դիրքորոշումների՝ քննարկման առարկա է դարձրել հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հարցը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «հայցվորի կողմից հայցվող վարչական ակտով շոշափվում, ինչպես նաև խախտվում են երրորդ անձի իրավունքները, քանի որ 07․10․2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ Պ-342 ընդերքօգտագործման պայմանագիրը», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձի իրավունքի խախտման փաստի առկայությունը պայմանավորում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափությունը, բայց ոչ ակնհայտ ոչ իրավաչափությունը՝ այդ ակտի հասցեատիրոջն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու հիմքով։ Ըստ այդմ՝ թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան՝ երրորդ անձի իրավունքի ենթադրյալ խախտման հարցը քննարկման ենթակա չէր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունը (բացակայությունը) պարզելու նպատակի համար։
Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումները փաստարկել է նաև նրանով, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 14․12․2022 թվականի որոշմամբ անհրաժեշտ է համարել «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ին դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ և փաստել է, որ ՇԱԹՎ-29/174 թույլտվությունն Ընկերությանը տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ին երրորդ անձի կարգավիճակով սույն գործով դատավարության մեջ ներգրավելու անհրաժեշտության փաստի արձանագրումը դեռևս չի ենթադրում վերջինիս իրավունքների խախտման փաստի ճանաչում։ Ավելին, երրորդ անձի իրավունքի ենթադրյալ խախտումն ինքնին հայցվող բարենպաստ վարչական ակտի առոչնչության հիմք չէ․ երրորդ անձի իրավունքի խախտումը կարող է հանգեցնել վարչական ակտի անվավերության, սակայն չի կարող վկայել վերջինիս առ ոչինչ լինելու մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 14․12․2022 թվականի որոշմամբ արձանագրված այն փաստական հանգամանքին, որ Ընկերությանը թույլտվությունը տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով, ապա հարկ է նկատել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ փաստական հանգամանքն արձանագրել է մինչև վեճի ըստ էության լուծումը և վեճի ըստ էության քննության շրջանակից դուրս։ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նման փաստի արձանագրումը «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշման բողոքարկման շրջանակներում որևէ կերպ չի կարող ազդել սույն գործով վեճի ելքի վրա և վկայել հայցվող բարենպաստ վարչական ակտով ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու մասին։
Ինչ վերաբերում է վրիպակի առկայության կամ բացակայության հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում վրիպակի առկայության կամ բացակայության փաստի պարզումն օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի իրավաչափության գնահատման տիրույթում է՝ հաշվի առնելով, որ նշված փաստը պարզելու համար պահանջվում է առնվազն հետազոտել և գնահատել մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, աշխատանքային նախագիծը, ընդերքօգտագործման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը, արդյունահանման թույլտվությունը։ Հարկ է նկատել, որ գործում առկա՝ ՀՀ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի աշխատանքային նախագծում «Հանքաքարի հանույթի և մակաբացման ապարների հեռացման ծավալների վերաբերյալ» 3-րդ աղյուսակում «Մշակման տարիներ» վերտառությամբ սյունակում տարիների հանրագումարը կազմում է 12 տարի։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու հնարավոր չէ եզրահանգել վրիպակի առկայության կամ բացակայության փաստի մասին։
Վճռաբեկ բողոքի պատասխանում պատասխանողը որպես հայցվող վարչական ակտով Ընկերությանն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու վերաբերյալ փաստարկ վկայակոչել է այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանով Ընկերությանը տրված 06․11․2012 թվականի թիվ ՇԱԹՎ-29/174 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը հանդիսացել է ուժը կորցրած վարչական ակտ, իսկ նշված հրամանի վիճարկումը վարչական դատավարության կարգով չի կասեցրել դրա կատարումը։
Պատասխանողի նշված փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտով վերջինիս տրամադրված իրավունքի ակնհայտ ոչ իրավաչափությունը գնահատելու նպատակի համար կարևորվում է ոչ թե այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանի վիճարկումը չի կասեցրել դրա կատարումը, այլ այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը, օրենքով սահմանված երկամսյա ժամկետում Ընկերության կողմից վիճարկվելու պայմաններում, ձեռք չի բերել անբողոքարկելի վարչական ակտի կարգավիճակ (հրամանն ընդունվել է 28․07․2020 թվականին, Դատարան վիճարկման հայցը ներկայացվել է 30․09․2020 թվականին)։ Այլ կերպ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանով Ընկերության 06․11․2012 թվականի թիվ ՇԱԹՎ-29/174 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու փաստը չի կարող վկայել Ընկերության կողմից հայցված բարենպաստ վարչական ակտով վերջինիս տրամադրված իրավունքի առ ոչինչ լինելու մասին՝ հաշվի առնելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28․07․2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը ձեռք չի բերել անբողոքարկելի վարչական ակտի կարգավիճակ, և ըստ այդմ՝ վերջինիս հիմքով ծագող իրավական հետևանքները չէին կարող վրա հասնել։
Ինչ վերաբերում է սույն գործով երրորդ անձի՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 27-րդ և 54-րդ հոդվածների վկայակոչմամբ ներկայացված այն փաստարկին, որ «եթե հայցի առարկա թույլտվության ժամկետը երկարացնելու մասին վարչական ակտն ընդունված համարվի, ապա երկարացված ժամկետի մասով կստացվի, որ Հայցվորին բացահանքի շահագործման մասով թույլատրվել է իրականացնել չփորձաքննված նախագիծ, հայցվորին պոչամբարի և այլ ենթակառուցվածքների մասով թույլատրվել է իրականացնել գործունեություն վերջինիս նախագիծը գոյություն չունենալու պայմաններում», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Ընկերության պահանջը վերաբերել է ոչ թե թույլտվության ժամկետը երկարացնելուն, այլ արդեն իսկ տրամադրված թույլտվության մեջ տեղ գտած վրիպակն ուղղելուն։
Այսպիսով, վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստարկներից որևէ մեկով չի հաստատվում Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտով վերջինիս ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հանգամանքը։
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված ֆիկցիայի գործողության անհրաժեշտ պայմանները, այն է՝ ներկայացված է նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմում, իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում այդ դիմումի առնչությամբ որոշում չի ընդունվել, և հայցվող բարենպաստ վարչական ակտով Ընկերությանը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել վեճի լուծման առնչությամբ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի նորմերը կիրառելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով նույն նորմերին տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30․11․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14.06.2023 թվականի վճռին։
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հօգուտ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան ա. Թովմասյան ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: