600.0224.03.07.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
03 հուլիսի 2024 թվականի |
N 224-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողը (այսուհետ` Օպերատոր) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում է վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը, իսկ Օպերատորի գործառնական գրասենյակում կամ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով Պայմանագրի կնքման դեպքում՝ Պայմանագրի էլեկտրոնային բնօրինակը։».
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ կետերով.
«1.2. Օպերատորը, նախքան սույն որոշման 1-ին կետում նշված կայքի կամ հավելվածի գործարկումը, տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը), իսկ հետագայում նաև դրանում կատարվելիք փոփոխությունները նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Սույն կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) պետք է առնվազն նախատեսի Օպերատորի կողմից բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրման ընթացակարգ։
1.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) կամ դրանում կատարվելիք փոփոխությունները Օպերատորից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնին։
1.4. Հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
3) Որոշման տեքստում «Օպերատորների» բառը փոխարինել «Օպերատորի» բառով,
4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Պայմանագրի կնքման վայրի (սպասարկման կետի հասցեն), իսկ Պայմանագիրն Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով կնքման դեպքում՝ դրա կնքման եղանակի մասին նշումը, կնքման ամսաթիվը.»․
5) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Օպերատորի կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ հաշվառման (բնակության վայրի) հասցեի, իսկ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով Պայմանագրի կնքման դեպքում՝ նաև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների:».
6) Որոշման 6-րդ կետից հանել «Ընդունել ի գիտություն, որ» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 03 հուլիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: