ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2024 թվականի N 618-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 5-րդ մասով և 65-րդ հոդվածով, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02511) վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի կինոյի հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
5. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Դավիթ Բանուչյանին (նույնականացման քարտի համար` 014644371, տրված՝ 001-ի կողմից, 2022 թվականի հունիսի 7-ին, հանրային ծառայությունների համարանիշ՝ 1707880573):
6. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
7. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնել հիմնադրամին՝ փոխանցման ակտի հիման վրա:
8. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել հիմնադրամին:
9. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը,
գ. ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.
2) սույն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել փոխանցման ակտի համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, այլ գույքային իրավունքները հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը.
3) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
10. Սահմանել, որ հիմնադրամը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ ք. Երևան, Տերյան 3 ա շենք, 38 տարածք և ք. Երևան, Դավթաշեն, Գևորգ Չաուշի փողոց 50 հասցեներում գտնվող անշարժ գույքի համար 2008 թվականի ապրիլի 22-ին կնքված N 8/008 և 2023 թվականի հունիսի 1-ին կնքված N 32/0023 անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման 4-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի կինոյի հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:
2. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման համաձայն՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ձեռնարկության (գրանցված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից՝ 1995 թվականի սեպտեմբերի 8-ի, գրանցման համարը՝ 271.140.00633, վկայական N 01Ա017080) վերակազմավորման ճանապարհով, վերակազմակերպման արդյունքում և «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ձեռնարկության իրավահաջորդն է:
3. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1110-Ն որոշմամբ վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
4. ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1072-Ա որոշման համաձայն՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02487) վերակազմակերպվել է միացման ձևով՝ միացվելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
5. Հայաստանի կինոյի հիմնադրամը ստեղծվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման համարը՝ 271.210.02511) վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան։
6. Հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» օրենքով, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
7. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված պետական մարմինը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
8. Հիմնադրամն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր՝ հայերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, տիտղոսաթերթ, դրոշմներ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:
9. Հիմնադրամի անվանումն է՝
- հայերեն լրիվ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
հայերեն կրճատ՝ ՀԿՀ
- ռուսերեն լրիվ` Фонд кино Армении
ռուսերեն կրճատ՝ ФКА
- անգլերեն լրիվ` Cinema Foundation of Armenia
անգլերեն կրճատ՝ CFA:
10. Հիմնադրամի գտնվելու վայրն Է՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Տերյան 3 ա շենք:
11. Հիմնադրամի շահառուները կինեմատոգրաֆիայի բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
12. Հիմնադրամը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
13. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը՝ հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
15. Հիմնադրամի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
16. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է, որը հասանելի է շահագրգիռ անձանց համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
17. Հիմնադրամի գործունեության առարկան են՝
1) մշակութային գործունեության իրականացումը.
2) ազգային ֆիլմերի (այդ թվում՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր՝ ներառյալ մանկապատանեկան ֆիլմեր, դեբյուտներ, կինոտարեգրության փաստավավերագրում) արտադրության աջակցությունը.
3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը.
4) կինոշուկաների և կինոարտադրանքի տարածման հարթակների վերլուծությունը.
5) կինոարվեստի ոլորտում բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի իրականացումը:
18. Հիմնադրամի գործունեության նպատակներն են՝
1) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը.
2) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը.
3) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.
4) ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման ու պահպանման աջակցությունը.
5) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը.
6) համատեղ կինոարտադրության խթանումը.
7) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը.
8) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը.
9) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը.
10) կինոարտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տեղական և միջազգային շուկաներին ինտեգրման աջակցության իրականացումը.
11) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը.
12) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
19. Հիմնադրամն իր գործունեության նպատակներին համապատասխան՝
1) ինքնուրույն է ծրագրում իր հիմնական գործունեությունը, մշակում է կինոոլորտի զարգացման հեռանկարային ծրագրեր և հիմնադրամի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացնում այդ ծրագրերը.
2) ազգային ֆիլմերին պետական ֆինանսավորման հատկացման նպատակով կազմակերպում է մրցույթներ՝ հանձնաժողովի ներգրավմամբ.
3) կազմակերպում է հայկական կինոժառանգության ֆիլմերի պահպանման, թվայնացման, վերականգնման ու տարածման գործընթացը՝ հանձնաժողովի ներգրավմամբ.
4) մասնակցում է հայաստանյան և միջազգային կինոփառատոններին, արտերկրում կազմակերպում է հայկական կինոյի շաբաթներ, կինոհարթակներում ներկայացնում է հայկական կինոարտադրանքը (այդ թվում՝ ոչ պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերը).
5) աջակցում է ֆիլմարտադրողներին՝ արտերկրում հայկական ֆիլմերի առաջխաղացման նպատակով միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքում.
6) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ սահմանում և շնորհում է մասնագիտական խրախուսական մրցանակներ և կրթաթոշակներ, տրամադրում նպաստներ, դրամաշնորհներ և ոլորտի զարգացմանն ուղղված այլ աջակցություններ.
7) իրականացնում է տեղական և տարածաշրջանային շուկայի ուսումնասիրություն, վարում է վիճակագրություն և խթանում է միջազգային կինոշուկային ինտեգրման գործընթացները.
8) օտարերկրյա ներդրումների ներգրավման և միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կինոոլորտի տնտեսավարման աճի ապահովման նպատակով կազմակերպում է տեղեկատվական նյութերի հավաքագրում և տարածում՝ նպաստելով Հայաստանում կինոարտադրության զարգացմանը:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
20. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
21. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) դրամական մուտքերը պետական բյուջեից.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր մասնակցությամբ ստեղծած տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
22. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների, և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Սույն կանոնադրության նպատակներին համապատասխան՝ հիմնադրամն իրավունք ունի՝
1) ինքնուրույն որոշելու իր գործունեության ռազմավարական ծրագրերը.
2) օգտագործելու իր ձևաթղթերը, անվանումն ու խորհրդանիշը գովազդի նպատակով, ինչպես նաև թույլատրելու դրանց օգտագործումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պայմանագրային հիմունքներով.
3) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի հետ կնքելու պայմանագրեր.
7) անդամակցելու միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.
8) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
24. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) հրատարակչական գործունեություն.
2) տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ.
3) ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
4) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի (այդ թվում՝ հայկական կինոժառանգության և օտարերկրյա արտադրության ֆիլմերի, արխիվային նյութերի) վերականգնման, թվայնացման և տարածման ծառայությունների մատուցում.
5) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի օգտագործման թույլտվությունների տրամադրում և ձեռքբերում.
6) հետազոտական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում:
25. Հիմնադրամը պարտավոր է՝
1) ապահովել շահերի բախման կառավարելիությունը.
2) ապահովել կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը.
3) ապահովել պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը.
4) ապահովել պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.
5) աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը.
6) աջակցել համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը.
7) աջակցել կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.
8) աջակցել կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը.
9) ուսումնասիրել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալ եզրակացություն.
10) ուսումնասիրել համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնել կարգավիճակը.
11) ուսումնասիրել վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրել վարձութային վկայական և դադարեցնել դրա գործողությունը.
12) ուսումնասիրել ներդրումների մասնակի վերադարձի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալ եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար.
13) իրականացնել օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
14) ապահովել հիմնադրամին ամրացված շենքերի ու շինությունների պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը (ռեժիմը), իրականացնել տեխնիկայի հակահրդեհային անվտանգության միջոցառումներ.
15) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
26. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը.
2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:
27. Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
28. Պետական բյուջեով հիմնադրամի համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում հիմնադրամի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմնադրամի կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:
6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
29. Հիմնադրամի մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:
7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
30. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
31. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները:
32. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 7 (յոթ) անդամից, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
4) չորս մասնագետ (այդ թվում՝ օտարերկրյա)՝ մրցութային կարգով։
33. Երեք տարի ժամկետով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը՝
1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.
2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված թեկնածուների ցանկի համաձայն:
34. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները հոգաբարձուների խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
35. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
36. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.
7) նրա մահվան դեպքում.
8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:
38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:
8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
40. Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
41. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
9. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝
1) հաստատում է հիմնադրամի ռազմավարական ծրագիրը (ծրագրերը).
2) հաստատում է հիմնադրամի բյուջեն և դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները.
3) հաստատում է հիմնադրամի գույքի տնօրինման կարգը.
4) ընդունում է հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշում.
5) ընդունում է հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշում.
6) նշանակում է հիմնադրամի լուծարման հանձնաժողով (լուծարող), սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները, հաստատում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռը, հաստատում է լուծարման հաշվեկշիռը.
7) ընդունում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումներ.
8) ընդունում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումներ.
9) ձևավորում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ.
10) ընդունում է հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումներ.
11) ընդունում է տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումներ.
12) իրականացնում է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում.
13) տարեկան առնվազն երկու անգամ լսում է տնօրենի հաշվետվությունները.
14) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
15) իրականացնում է հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրություն.
16) հաստատում է հիմնադրամի կառուցվածքը.
17) հաստատում է հիմնադրամի հաստիքացուցակը.
18) հաստատում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը.
19) հաստատում է դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման իրականացման տարեկան ծրագիրը.
20) իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
43. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
44. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
10. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ «Հիմնադրամների մասին» օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
46. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
47. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:
48. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
49. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
50. Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
51. Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
11. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
52. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է մրցութային կարգով ընտրված տնօրենը։
53. Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները։
54. Երեք տարի ժամկետով տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է հոգաբարձուների խորհրդի հավանությանը։
55. Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում։
56. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի: Հիմնադրամի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով։
12. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
57. Հիմնադրամի տնօրենը՝
1) առանց լիազորագրի հանդես է գալիս հիմնադրամի անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում է գործարքներ.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
4) տալիս է հիմնադրամի անունից հանդես գալու լիազորագրեր.
5) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև և սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի տարեկան ծախսերի և ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվները.
10) կազմակերպում է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ.
11) որոշում է կայացնում հիմնադրամի տրանսպորտային միջոցների օգտագործման վերաբերյալ.
12) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.
13) հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցնելով՝ իրականացնում է կինոֆիլմերի միջազգային փառատոններին, կինոշուկաներին մասնակցության կազմակերպման գործընթաց.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող՝ ամրացված գույքն իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության հանձնելու հարցերը.
15) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
16) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված, հիմնադրամի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում հոգաբարձուների խորհրդին.
17) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
18) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և հիմնադրամի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
13. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
58. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
59. Արձանագրության մեջ նշվում են՝
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.
3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.
4) նիստի օրակարգը:
60. Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
61. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները կազմվում են հայերեն: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
62. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
14. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
63. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
64. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
65. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
66. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
67. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
68. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
15. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
69. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
70. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
71. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:
72. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
73. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
74. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
75. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
76. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
77. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
78. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
79. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
80. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
81. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:
82. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
83. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
84. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
85. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
86. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |