ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1667-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.04.24 N 516-Ն)
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 28.04.22 N 582-Ն)
1. Սահմանել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.04.24 N 516-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
(վերնագիրը խմբ. 12.04.24 N 516-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցիչների վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) հետ կապված իրավահարաբերությունները:
2. Վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման (այսուհետ՝ կարիքի գնահատում) արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ ուսուցչի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է:
3. Մասնագիտական զարգացման կարիքն ուսուցչի փաստացի մասնագիտական գիտելիքների և ունակությունների ու նրա կողմից իր պաշտոնային պարտականությունների իրականացման համար նախարարության կողմից սահմանված անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ու հմտությունների միջև գնահատման արդյունքում բացահայտված տարբերությունն է.
1) կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԴԿՏՀ) հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը.
2) ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:
4. Ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների.
1) տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի համար ուսուցիչը մասնակցում է վերապատրաստմանը: Առարկայի իմացության կարիքի բացահայտման դեպքում ուսուցիչը սույն կարգի 24-րդ կետով սահմանված հաստատությունում մասնակցում է վերապատրաստմանը, որից հետո մասնակցում է առարկայի իմացության ստուգման քննությանը: Առարկայի իմացության ստուգումից անհրաժեշտ արդյունք ցուցաբերած ուսուցիչը համարվում է նաև ատեստավորման տվյալ շրջափուլում հերթական ատեստավորումն անցած: Վերապատրաստման հաջորդ շրջափուլում ուսուցչի մասնագիտական կարիքը գնահատվում է վերապատրաստման մյուս բաղադրիչներով.
2) երկրորդ (ձեռնահասության) մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչը մասնակցում է երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստմանը.
3) երրորդ (տիրապետման) և չորրորդ (փորձագիտական) մակարդակների կարողունակություն ունեցող ուսուցիչները մասնակցում են չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստմանը.
4) առաջին շրջափուլի արդյունքում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցիչը հաջորդ շրջափուլում չի վերապատրաստվում, մասնագիտական զարգացումն ապահովվում է կրթական ծրագրի բովանդակությանը համապատասխան միջազգային գիտաժողովներին մասնակցության, զեկույցներով հանդես գալու կամ այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու եղանակով՝ պետական միջոցներով կամ համաֆինանսավորմամբ: Միջազգային գիտաժողովներին մասնակցելու կամ զեկույցներով հանդես գալու, ինչպես նաև այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու դեպքերում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցչի նկատմամբ սահմանվում է անհատական վերահսկողություն, և իրականացվում է վերապատրաստված ուսուցչի աշխատանքի մշտադիտարկում՝ գնահատելու վերջինիս ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումն ուսումնական գործընթացում և պետական բյուջեի միջոցներով կամ համաֆինանսավորմամբ կատարված ծախսերի արդյունավետությունը:
5. Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման: Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:
6. Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Կրեդիտները սահմանվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով:
7. Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը՝
1) 1 տարի է՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար, և իրականացվում է առաջին տարվա ընթացքում.
2) 1 տարի է՝ վերապատրաստման առաջին մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, եթե ուսուցիչը վերապատրաստվելու է բարդության տարբեր մակարդակի ծրագրերով, և իրականացվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում, իսկ մյուս մակարդակների համար՝ սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամանակահատվածում.
3) 3 տարի է՝ վերապատրաստման երկրորդ մակարդակի համար իրականացվող դասընթացների համար՝ յուրաքանչյուր տարի ապահովելով կրեդիտներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված վերապատրաստման ծրագրի առնվազն 3 բաժնից.
4) 5 տարի է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի համար իրականացվող դասընթացների համար՝ յուրաքանչյուր տարի ապահովելով կրեդիտներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված վերապատրաստման ծրագրի առնվազն 2 բաժնից:
8. Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց։ Վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակված բարդության վերապատրաստման երեք մակարդակի դասընթացները կարող են իրականացվել առկա, էլեկտրոնային, հեռավար և համակցված եղանակներով:
9. Վերապատրաստման դասընթացները ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպատակաուղղված, վերապատրաստումների ծրագրին և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքներին համապատասխան՝ ուսումնական պարապմունքների ձևով իրականացվող՝ վերապատրաստման ծրագրի բաժինների համապատասխան դասընթացների խումբն է (այսուհետ՝ վերապատրաստման դասընթաց): Վերապատրաստումն իրականացվում է նաև վերապատրաստման ծրագրի մեկ բաժնին համապատասխան վերապատրաստման դասընթացի միջոցով: Դասընթացը տեղական կամ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ համակցված կամ հեռավար կամ էլեկտրոնային եղանակով, վճարովի կամ անվճար ձևով:
10. Վերապատրաստումը կարող է իրականացվել վերապատրաստման դասընթացը(ները) նախարարության կողմից երաշխավորվելու դեպքում։
11. Վերապատրաստման դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության կողմից, և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, հեռավար, էլեկտրոնային կամ համակցված եղանակով՝ ուսումնական հաստատության միջոցների հաշվին։ Վերապատրաստող կազմակերպությունն ընտրում է ուսուցիչը:
12. Առկա եղանակով վերապատրաստումն իրականացվում է կազմակերպության կողմից ընտրված, վերապատրաստման համար կահավորված տարածքում՝ կազմակերպության սահմանած վերապատրաստման ժամանակացույցին և նախարարության կողմից սահմանված վերջնաժամկետին համապատասխան։
13. Հեռավար և էլեկտրոնային եղանակով վերապատրաստումն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված ուսուցման կառավարման համակարգերից (LMS) մեկում` ուսուցման համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդների համադրմամբ, վերապատրաստման ժամանակացույցին համապատասխան։
14. Համակցված եղանակով վերապատրաստումն իրականացվում է առկա, հեռավար և էլեկտրոնային եղանակների համադրմամբ։
15. Առկա, համակցված և հեռավար եղանակներով վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի ավարտին իրականացվում է վերապատրաստվողների գիտելիքների և հմտությունների գնահատում։ Գնահատում չի կարող իրականացնել այն կազմակերպությունը, որն իրականացրել է վերապատրաստումը։ Գնահատումն իրականացվում է այդ նպատակով նախարարության կողմից ընտրված կազմակերպության կողմից, մարզկենտրոններում և Երևանում՝ կենտրոնացված եղանակով՝ թեստի միջոցով։
16. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
17. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին.
1) վերապատրաստող կազմակերպությունը մինչև վերապատրաստումն սկսելը թեստավորման միջոցով ստուգում է ուսուցիչների մոտ գնահատված կարիքի համապատասխանությունը.
2) անհամապատասխանության դեպքում բացահայտված կարիքին համապատասխան վերապատրաստման մոդուլով երաշխավորված չլինելու դեպքում կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է տնօրենին՝ համապատասխան մոդուլով երաշխավորված կազմակերպությունում ուսուցչի վերապատրաստման գործընթացն ապահովելու նպատակով:
18. Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից (այդ թվում՝ այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)՝ վարձատրության պահպանմամբ:
2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
19. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ տվյալ տարվա ընթացքում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը կատարում է «ենթակա է ատեստավորման» նշումը։
20. Յուրաքանչյուր տարի փետրվարի 1-ից սկսած՝ իրականացվում է այդ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների գնահատման գործընթացը:
21. Ուսուցչի՝ առարկայական գիտելիքի իմացության կարիքը կարող է բացահայտվել նաև կամավոր ատեստավորման արդյունքներով:
22. Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է արձանագրվել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) կամ մենթոր դպրոցների կողմից իրականացվող դասալսումների միջոցով, որոնք համարվում են արտաքին դիտարկում (այսուհետ՝ արտաքին դիտարկում): Եթե արտաքին դիտարկման ժամանակ արձանագրվել է ուսուցչի մասնագիտական զարգացման կարիք, ապա տվյալ ուսուցչի վերապատրաստումն առաջնահերթ իրականացվում է այդ ուղղությամբ:
23. Ուսուցիչը կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների՝ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված ցանկից, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հաստատված ծրագրի բաժինների և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքի, ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը կամ դասընթացը:
24. Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Վերապատրաստման համար կրեդիտ չի տրվում:
25. Ուսուցիչն իր հիմնական աշխատավայրը որպես վերապատրաստող կազմակերպություն կարող է ընտրել միայն այն դեպքում, երբ վերջինս տվյալ առարկայի և տվյալ մասնագիտական զարգացման կարիքի ուղղությամբ վերապատրաստող միակ (այդ թվում՝ տարածաշրջանում) կազմակերպությունն է:
26. Հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատության տնօրենը վերապատրաստվող ուսուցչի դիմումի հիման վրա կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ համաձայն N 2 ձևի։ Պայմանագրում նշվում են վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագրի այն բաժինները և մակարդակը, որոնց մասնակցելու է ուսուցիչը, և որոնց համար վճարելու է ուսումնական հաստատությունը:
27. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ ուսուցչին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի (հեռավարի դեպքում՝ հարթակի) և վայրի մասին:
28. Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացը սկսում է կազմակերպության վերապատրաստման մոդուլը նախարարության կողմից հաստատվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան 10 աշխատանքային օր հետո:
29. Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց՝ կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
30. Անհաղթահարելի ուժի առկայության իրավիճակներում վերապատրաստումները կարող են իրականացվել սույն կարգի 13-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
31. Կազմակերպությունը վերապատրաստվող ուսուցիչներից կազմավորում է վերապատրաստման խմբեր՝ առավելագույնը 30 հոգուց բաղկացած։ Խմբերը ձևավորվում են կազմակերպության ղեկավարի հրամանով։
32. Վերապատրաստվողների խմբի համար կազմակերպությունը վարում է առանձին թղթային մատյան։
33. Եթե ուսուցիչը, մինչև իր մոտ բացահայտված կարիքի գնահատումը, սեփական նախաձեռնությամբ, իր միջոցների հաշվին մասնակցել և ավարտել է նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստման որևէ դասընթաց (որը կհամապատասխանի իր մասնագիտական կարիքի գնահատված մակարդակին), վճարել է դրա համար և հավաքել անհրաժեշտ կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաժնի համար սահմանել է պետությունը:
34. Մասնակցելով դասընթացին՝ ուսուցիչը կարող է կուտակել օրենսդրությամբ հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել ուսումնական հաստատության տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաժնին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով տվյալ բաժնի համար սահմանված պահանջներին և ուսուցչի համար բացահայտված մասնագիտական զարգացման կարիքներին:
35. Վերապատրաստման ավարտից հետո կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները ձևավորվում են ԴԿՏՀ-ում՝ ինքնաշխատ եղանակով, և դրանք շնորհվում են նախարարի հրամանով։
36. Տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30 տոկոսի չատեստավորվելու դեպքում նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից:
37. Սույն կարգի 35-րդ կետում նշված կրեդիտները հավաստող ավարտական փաստաթղթի հիման վրա պետական լիազորված մարմիններն ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում նախարարության կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։
38. Սույն կարգի 26-րդ և 34-րդ կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա։
39. ԿԶՆԱԿ-ը կազմակերպության կողմից վերապատրաստումների մեկնարկի օրվանից սկսած՝ իր կողմից հաստատված ժամանակացույցով վերապատրաստող կազմակերպություններում իրականացնում է գործընթացի մշտադիտարկում, որի արդյունքներով կարող է դիմել նախարարություն՝ երաշխավորված ցանկից կազմակերպությունը հանելու նպատակահարմարության հարցով:
40. Ուսուցչի վերապատրաստումների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունը կազմակերպում է անհատական վերահսկողություն վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում գնահատելու համար:
41. Ուսուցչի կողմից վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառության բացակայության, ուսուցչի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկածների կամ կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստման որակի վերաբերյալ խնդիրներ արձանագրելու դեպքում տնօրենը պարտավոր է նշված հանգամանքը բացահայտելուց հետո եռօրյա ժամկետում դիմել ԿԶՆԱԿ:
42. ԿԶՆԱԿ-ը սույն կարգի 41-րդ կետով սահմանված դեպքում և (կամ) իր կողմից հաստատված ժամանակացույցով վերապատրաստված ուսուցիչներին վերապատրաստման վկայականների շնորհումից հետո իրականացնում է վերապատրաստված ուսուցիչների աշխատանքի մշտադիտարկում՝ հետևյալ նպատակներով՝
1) գնահատել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների կիրառումն ուսումնական գործընթացում.
2) գնահատել վերապատրաստող կազմակերպության իրականացրած վերապատրաստման արդյունավետությունը.
3) մշակել արձանագրված խնդիրների հիման վրա վերապատրաստումների ծրագրում փոփոխությունների առաջարկություն և ներկայացնել նախարարություն։
43. Մշտադիտարկումների ընթացքում արդյունքները վերլուծելու և եզրակացությունների մասին հիմքերն ապահովելու նպատակով ԿԶՆԱԿ-ը կարող է իրականացնել վերապատրաստումների, ուսուցիչների կողմից իրականացվող դասերի, վերապատրաստող կազմակերպության ներկայացուցիչների, վերապատրաստողների, ուսուցիչների, ուսումնական հաստատության տնօրենի և տնօրենի տեղակալի հետ հարցազրույցների տեսագրություն, ձայնագրություն (կողմերի համաձայնությամբ), վերապատրաստող կազմակերպությունից պահանջել վերապատրաստման գործընթացի կազմակերպման և իրականացման համար նախարարության սահմանած փաստաթղթերը։
Ձև N 1
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԱՑԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ________
Տրվում է ________________________________________-ին, որ նա 20________ թ.
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________-ից մինչև ______________________ ը մասնակցել է
_______________________________________________________________ կողմից
(ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության անվանումը)
հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների
համար իրականացված վերապատրաստման դասընթացին
__________________________________________ -ից և ստացել ______ (___________ ) կրեդիտ, ըստ
(առարկայի անվանումը)
հետևյալ բաժինների՝
-առարկայական գիտելիքի զարգացում___________ (_____________ ) կրեդիտ,
-դասընթացների և դասերի պլանավորում_____________ (___________ ) կրեդիտ,
-դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր
_______________(_____________ ) կրեդիտ,
-ռեսուրսների կառավարում _____________(__________ ) կրեդիտ,
-ՏՀՏ կիրառումը ուսումնական գործընթացում ____________ (___________ ) կրեդիտ,
-21-րդ դարի հմտությունների խթանում _________ (______________ ) կրեդիտ,
-սովորողների կրթական կարիքների բացահայտում ___________(_________ ) կրեդիտ,
- ուսումնառության գնահատում _____________(_______________ ) կրեդիտ,
-ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող
կարողություններ ___________(_______ ) կրեդիտ,
- մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում
___________________(___________) կրեդիտ,
- կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն _________(_________ ) կրեդիտ,
- մասնագիտական բարեվարքություն___________(___________) կրեդիտ,
- ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն____________(__________ ) կրեդիտ:
Վերապատրաստող երաշխավորված կազմակերպության ղեկավար |
____________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Կ.Տ.
Վկայականը տրվել է _____ ________________ 20____ թ.
Պայմանագրի ձև1
Ձև N 2
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N____
քաղ. ________ |
_______ _______________20 __թ. |
« _____________________» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն --------------------------------------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ՝ Պատվիրատու կամ Կողմ 1),
«______________________»-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն --------------------------------------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ՝ Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր, կնքեցին սույն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն Պայմանագրի համաձայն՝ Պատվիրատուի առաջադրանքով Կատարողն ստանձնում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար՝ սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:
1.2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածի (Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի (այսուհետ՝ Կարգ 1) 2-րդ կետի ու սույն Պայմանագրի համաձայն՝ ուսուցչի վերապատրաստումը (այսուհետ՝ վերապատրաստում) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման (այսուհետ՝ կարիքի գնահատում) արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ ուսուցչի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է:
1.3. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կողմից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պահանջներից են, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից մշակված լինելը և նախարարության սահմանված ժամկետում իրականացման ենթակա լինելը՝ առկա կամ հեռավար եղանակով՝ Պատվիրատու ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի կողմից ընտրվելը (իր ընտրությամբ իրականացվելը)։
1.4. Սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետին համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն։
1.5. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչը (բաղադրիչները)2 , որին (որոնց) մասնակցելու է ուսուցիչը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստատությունը, հետևյալն է՝ :
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ ստուգելու Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2. եթե մատուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա՝
ա. չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ, և պահանջել Կատարողից վճարել Պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը,
բ. հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը.
2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծելու Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա. մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածով սահմանված պահանջներին,
բ. խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը,
գ. Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1-ին կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
2.2. Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում դրա մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.
2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.
2.2.3. ապահովել իր՝ որպես ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.
2.2.4. ապահովել կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից Վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) Դասընթացը՝ ուսուցիչների (ներառյալ Կողմ 1-ի) կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների ընտրված լինելը.
2.2.5. ի դեմս տնօրենի՝ վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին.
2.2.6. ի դեմս տնօրենի՝ ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում.
2.2.7. վերապատրաստման ընթացքում ուսուցչին ազատել իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.
2.2.8. մինչև վերապատրաստումն սկսելը վերապատրաստող կազմակերպության կողմից թեստավորման միջոցով ուսուցիչների մոտ գնահատված կարիքի ստուգման անհամապատասխանության դեպքում բացահայտված կարիքին համապատասխան վերապատրաստման մոդուլով երաշխավորված չլինելու դեպքում գրավոր տեղեկացում ստանալու արդյունքում ապահովել համապատասխան մոդուլով երաշխավորված կազմակերպությունում ուսուցչի վերապատրաստման գործընթացը:
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1. Պատվիրատուից պահանջելու վճարել իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7-րդ կետով նախատեսված կետանցի տույժը.
2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնելու լրամշակված դասընթացների միջոցով:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն՝ վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համապատասխանել նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի (այսուհետ՝ Կարգ 2) պահանջներին: Ընդ որում՝ սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ՝ Ցանկ) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և (կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված՝ Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.
2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան՝ ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.
2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տույժը և տուգանքը.
2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ ներառյալ ապահովել ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի՝ համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.
2.4.7. ապահովել ուսուցիչների վերապատրաստման մոդուլների՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր՝ որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում նախարարի կողմից հաստատված լինելը.
2.4.8. ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանն ուսուցչի մասնակցության առանձնահատկությունները՝ ներառյալ հերթականությունը, նախապես համաձայնեցնել Կողմ 1-ի հետ.
2.4.9. վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը.
2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով սահմանված N 7 ձևի.
2.4.11. իր գործունեությունն իրականացնել նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.
2.4.12. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն՝ իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումն ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.
2.4.13. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը.
2.4.14. մշտադիտարկման նպատակով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրել վերապատրաստման գործընթացի կազմակերպման և իրականացման համար նախարարության սահմանած փաստաթղթերը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)՝ նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:
3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ՝ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):
3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`
ա. հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և (կամ)
բ. Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
3.3. Եթե Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը:
3.3.1. անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը)։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է __________________________(տառերով) դրամ:
Վերապատրաստման արժեքը սահմանված է նախարարի 2021 թվականի հուլիսի 2-ի N 46-Ն հրամանով:
4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն:
4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է, և Կատարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել այն, իսկ Պատվիրատուն՝ նվազեցնելու այդ գինը, բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2-րդ կետով սահմանված դեպքերի:
4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն՝ միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով՝ չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:
4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------(-------------------) դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Ընդ որում՝ մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:
4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է դրամով՝ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով3 սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո, և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:
4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար։
5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված գումարի _____________(տառերով) տոկոսի չափով:4 Ընդ որում՝ տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:
5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի ______________(տառերով) տոկոսի չափով։
5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը՝ սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար՝ սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:
5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։
5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _________________(տառերով) տոկոսի չափով։ Ընդ որում՝ կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:
5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացասական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները՝ ներառյալ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը։
7.2. Պայմանագրից ծագած՝ Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։
7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում՝ Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները՝ այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է։
7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով՝ արտադատական կարգով` առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
7.5. Պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։
Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման։ Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց։
7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում՝ սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:
7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։
7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում՝ պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
7.9. Կատարողի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:
7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ |
------------------------------------------- (ստորագրությունը) |
--------------------------------------- (ստորագրությունը) |
Կ. Տ. | Կ. Տ. |
_____________________________
1 Սույն Պայմանագրի հղումներում ներկայացված ուղեցույցի համաձայն՝ Պայմանագրի համապատասխան դրույթներում անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները՝ փոխարինելով նշված ձևակերպումներով, բաց թողնված տեղերն անհրաժեշտ է լրացնել: Պայմանագրի համաձայն՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ուսուցչի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:
2 Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչը (բաղադրիչները): Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մատուցման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատրաստման ծրագիրը՝ այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը հանել: Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 07.09.2020 թ. N 1162-Ա/2 հրամանի, Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրն ամրագրող հավելվածի՝ Վերապատրաստման ծրագիրը կազմված է 8 բաժնից: Պայմանագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվելու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչը (բաղադրիչները):
3 Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:
4 Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում՝ կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:
(հավելվածը խմբ. 01.04.21 N 466-Ն, խմբ., լրաց. 22.07.21 N 1187-Ն, խմբ. 28.04.22 N 582-Ն, 26.01.23 N 98-Ն, 12.04.24 N 516-Ն)