ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1996 թվականի N 193
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կանոնադրությունը, ապարատի և համակարգի կառուցվածքը (կցվում են):
(1-ին կետը ապարատի կառուցվածքը հաստատելու մասով ուժը կորցրել է 20.11.97 N 544)
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը` 9 մարդ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության մասին» N 267 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(կանոնադրությունը ապարատի կառուցվածքը հաստատելու մասով ուժը կորցրել է 20.11.97 N 544)
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունն իր իրավասության շրջանակներում իրականացնում է կառավարումն կապի բնագավառում, պատասխանատու է ճյուղի զարգացման, կառուցվածքային քաղաքականության և շուկայական հարաբերությունների նախադրյալների ստեղծման, ճյուղում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
4. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) էլեկտրական և փոստային կապի գործունեության կարգավորումը` ուղղված քաղաքացիների, պետական մարմինների պաշտպանությանը, անվտանգությանը, իրավակարգի պաշտպանությանը, տնտեսավարող սուբյեկտների և այլ իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կապի ծառայությունների մատուցման կարիքների բավարարմանը.
բ) կապի բոլոր ցանցերի զարգացման համակարգումը, կապի ցանցերի կառուցման և վերակառուցման նախագծային փաստաթղթերի պետական փորձաքննության իրականացումը, բացառությամբ ներարտադրական և տեխնոլոգիական կապի ցանցերի.
գ) կապի բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը, ինչպես նաև կապի բնագավառում գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակումը.
դ) կապի բնագավառում տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
ե) ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
գ) Հայաստանի Հանրապետության կապի փոխկապված ցանցի կապի միջոցների և ծառայությունների սերտիֆիկացման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը.
է) կապի միջոցների և ցանցերի նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը, բացառությամբ ներարտադրական և տեխնոլոգիական կապի ցանցերի.
ը) կապի բնագավառում մոբիլիզացիոն ծրագրի մշակումը և արտակարգ իրավիճակներում միջոցառումների իրականացումը.
թ) կապի բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.
ժ) կապի բնագավառի աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
ի) Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնելը և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովումը:
5. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կապի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի նախագիծը.
բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության էլեկտրական և փոստային կապի ցանցերի զարգացման և դրանց կառավարման սխեմաները.
գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հատկացրած ռադիոհաճախության տիրույթի բաշխումը և օգտագործման վերահսկումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կապի ձեռնարկությունների և այլ օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերին համապատասխան ապահովում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը նախարարության համակարգի ձեռնարկություններում.
զ) իրականացնում է մենաշնորհային գործունեության սահմանափակմանն ուղղված քաղաքականություն, օժանդակում կապի բնագավառում նոր տնտեսական կառույցներին.
է) կապի բնագավառում իրականացնում է ներդրումների քաղաքականություն.
ը) իրականացնում է իր տված լիցենզիաների հաշվառումը և դրանց պայմանների կատարման վերահսկումը.
թ) հաստատում է փոստային վճարումների, փոստային ծրարների և բացիկների նմուշները, սահմանում անվանագները և տպաքանակները, կազմակերպում դրանց հրատարակումն ու տարածումը.
ժ) սահմանում է կապի ծառայությունների հիմնական տեսակների սակագները.
ի) կազմակերպում է հաշվապահական հաշվառման և հաշվետվության կատարելագործման աշխատանքները, քննարկում պետական ձեռնարկությունների հաշվապահական հաշվետվությունները և դրանց հիման վրա կազմում ընդհանրացված հաշվապահական հաշվետվություն.
լ) կազմակերպում է կապի բնագավառում մասնագետների պատրաստման աշխատանքները.
խ) միջազգային կազմակերպություններում հանդես է գալիս որպես կապի գործադիր իշխանության պետական մարմին (ադմինիստրացիա), իր լիազորությունների սահմաններում ներկայացնում և պաշտպանում է էլեկտրական ու փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության շահերը, կապի միջազգային կազմակերպություններում համակարգում է նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
8. Նախարարությունը մյուս նախարարությունների հետ համատեղ իրականացնում է գործնական կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
9. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ճյուղի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները: Նախարարության համակարգի ձեռնարկություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
1) Նախարարությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ճյուղում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների կողմից ընդունված հրամաններն ու հրահանգները:
11. Նախարարությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
12. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
13. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
14. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի ձեռնարկությունների գործունեության համար.
գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների կանոնադրությունները.
զ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ը) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների ղեկավարների հետ, բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների:
15. Նախարարի բացակայության ժամանակ, նրա համաձայնությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:
16. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում է նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության ղեկավար աշխատողներ:
17. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների հաշվետվությունները:
18. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև առկա տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի հանրապետության վարչապետին:
19. Նախարարությունը ճյուղում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:
20. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսական-շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև այլ ներկայացուցիչներից: Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:
21. Նախարարությունը մասնակցում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:
22. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները:
23. Նախարարությունը համակարգի ձեռնարկություններին թույլտվություն է տալիս պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ հիմնադրելու, տեղաբաշխելու և լուծարելու, ինչպես նաև ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
24. Նախարարությունը համակարգի ձեռնարկություններին թույլտվություն է տալիս իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
25. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
26. Նախարարությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
27. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների և գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
28. Նախարարության ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(կառուցվածքը ապարատի կառուցվածքը հաստատելու մասով ուժը կորցրել է 20.11.97 N 544)