ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 1. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 2. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ |
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք և բենզին ներմուծող իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք (այսուհետ` վճարողներ):
(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 3. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ |
1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.
բ) բենզինի համար` 39.2 տոկոս:
(3-րդ հոդվածը փոփ. 19.04.00 ՀՕ-51, խմբ. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 4. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ |
Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` հայկական դրամով և (կամ) արտարժույթով:
Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
Հոդված 5. | ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`
ա) դիզելային վառելիքի և բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելիքի և բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:
(5-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 6. | ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 7. | ԳԱՆՁՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-278)
Հոդված 8. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|